ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Պետական քաղաքականության տարրերի ներդաշնակեցումը

16.05.2016

Ինչպես վկայում է վերջին երեք տասնամյակների միջազգային փորձը, առանց բժշկական ցուցման երեխայի սեռի խտրական ընտրության արդյունավետ կանխարգելման քաղաքականության գործիքաշարը պիտի ներառի ոչ միայն օրենսդրական տարբեր սահմանափակումներ, արգելքներ և դրանք շրջանցելու համար պատասխանատվություն, այլև երևույթը, դրա պատճառներն ու հետևանքների վտանգավորությունը ներկայացնող հանրային իրազեկման լայն քարոզարշավ, ինչպես նաև աղջիկ երեխայի արժևորմանն ու, ընդհանուր առմամբ, հասարակության մեջ կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները խթանող ծրագրեր և միջոցառումներ։ Ընդ որում, կարևոր է ոչ միայն այս գործիքների առկայությունը պետական քաղաքականության զինանոցում, այլև տարբեր գործիքների ներդաշնակ և հավասարակշռված ներդրումն ու կիրառումը։ Ավելին, վարվող պետական քաղաքականության մեջ հարկավոր է հնարավորինս խուսափել հակասություններից, երբ մի ոլորտում կամ մի գերակա ուղղությամբ վարվող քաղաքականությունը թուլացնում է մյուս ոլորտում կամ ուղղությամբ վարվող քաղաքականության ազդեցությունը։

Իհարկե, տարբեր ոլորտներում վարվող քաղաքականությունները հաճախ մրացակցում են և միշտ չէ, որ «խփում են նույն մեխին», սակայն դրանց փոխհամաձայնեցման սկզբունքներն ու մոտեցումները կրկին հայտնագործելու կարիք չկա, դրանք լավ հայտնի են. մրցելով հանդերձ՝ քաղաքականությունները պիտի ապահովեն երկարաժամկետ կայուն զարգացում, նպաստեն մարդու հիմնարար իրավունքների իրականացմանն ու հնարավորությունների ընդլայնմանը։ Այս առումով, առավել նախընտրելի են քաղաքականության այն գործիքները, որոնք ունակ են միաժամանակ սպասարկելու մի քանի գերակայություններ և նպաստելու հասարակության մեջ ոչ-խտրականության մշակույթի ձևավորմանն ու արժեքների արմատավորմանը։

Խտրականությունը բացառող տարրերը առանձին ոլորտներում

Հասարակության մեջ ոչ խտրական մշակույթի ձևավորումը անհրաժեշտ է սկսել մարդու և քաղաքացու ձևավորման ամենավաղ փուլից։ Այս առումով կարևորվում է խտրականության դեմ պայքարի գերակայության ամրագրումը երեխայի իրավունքների պաշտպանության օրենսդրական երաշխիքների ապահովմանն ուղղված պետական ծրագրերում։ Ուստի, անհրաժեշտ է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում ամրագրել պետական տարեկան ծրագրի բովանդակության և դրա մշակման սկզբունքներում աղջիկ և տղա երեխաների հավասար արժևորումն ապահովող դրույթ (Հոդված 34)։

Պետական քաղաքականության մեկ այլ կարևոր գործիքում՝ վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագրում նույնպես անհրաժեշտ է ներառել խտրականության բացառման սկզբունքը, ճանաչել երեխայի սեռի խտրական ընտրությունը որպես մարտահրավեր, սահմանել դրան արձագանքելու նպատակներ, ռազմավարության դրույթներ, գործողություններ և միջոցառումներումներ, այդ թվում՝ անվտանգ մայրություն, բեղմնականխման և անվտանգ աբորտների ու հղիության արհեստական ընդհատման ռազմավարական ուղղություններում։

Մեր երկրում խտրականության բացառմանը և սեռերի հավասարության ապահովմանն ուղղված պետական քաղաքականության մեկ այլ գործիք են գենդերային քաղաքականության պետական միջնաժամկետ և տարեկան ծրագրերը։ Քաղաքականության այս գործիքներում ևս անհրաժեշտ է ամրագրել երեխայի սեռի խտրական ընտրությունը բացառելու, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները կանխարգելելու վերաբերյալ դրույթներ՝ սկզբունքներ, նպատակներ, խնդիրներ, գերակայություններ և միջոցառումներ։

Գենդերային բռնության դեմ պայքարի ազգային ծրագրում, միջնաժամկետ ռազմավարության մեջ և միջոցառումների տարեկան ծրագրերում անհրաժեշտ է ամրագրել դրույթներ՝ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները որպես գենդերային բռնության վատթար դրսևորում ճանաչելու, երեխայի սեռի խտրական ընտրությունը բացառելու, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման պետական ծրագրերի շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների աղբյուրների ու երաշխիքների վերաբերյալ։

Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարության և դրա իրականացման գործողությունների միջնաժամկետ ծրագրում անհրաժեշտ է ամրագրել խտրականության բացառման սկզբունքը, ինչպես նաև աշխատող մայրերի՝ աշխատանքն ու երեխայի խնամքը համատեղելու հնարավորություններն ընդլայնելուն ուղղված՝ երեխայի խնամքին և դաստիարակությանը պետական աջակցության մեխանիզմներ և միջոցառումներ։

Կենսաթոշակային ապահովության անբավարար երաշխիքները, կենսաթոշակային ապահովության համընդհանուր պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման խնդիրները վերջին երկուսուկես տասնամյակում Հայաստանում դարձել են տղա երեխայի նախապատվությունը խթանող ևս մեկ գործոն, քանի որ տարեց ծնողների խնամքն ու հոգածությունն ավանդականորեն համարվել է արու զավակի պարտականությունն ու դերը։ Այս առումով, կարևորվում է կենսաթոշակային բարեփոխումների հետևողական իրականացումը Հայաստանում։

Խտրականության կանխարգելումը՝ որպես ուղենիշ

Խտրականության բացառման, կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման պետական քաղաքականությունը պիտի ներթափանցի երկրի և հասարակության բոլոր ոլորտները։ Ավանդականորեն մասնագիտական զարգացման և կայանալու հնարավորությունները գերազանցապես տղամարդկանց առաջարկող անվտանգության ոլորտը և պաշտպանության համակարգը մասնավորապես, նույնպես պիտի հետևողականորեն հետամուտ լինեն խտրականությունը բացառելու և երկու սեռերին հավասար հնարավորություններ ընձեռելու քաղաքականության ներդրմանը։ Այսպես, անհրաժեշտ է անդրադառնալ նախազորակոչային ու զորակոչային տարիքի իգական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման խնդիրների իրավական կարգավորմանը՝ կարևորելով ՀՀ զինված ուժերում աղջիկների և տղաների ներգրավման և երկրի անվտանգության ու պաշտպանության գործում նրանց հավասար արժևորման հարցերը։

Անհրաժեշտ է նաև ընդլայնել սոցիալական փաթեթի շահառու զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարարների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման շրջանակները՝ փաթեթի բժշկական ծառայությունների ցանկում ներառելով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը։ Հարկավոր է պետության կողմից երաշխավորել նաև վերը նշված շահառուների սեռաբջիջների, մասնավորապես սպերմայի կրիոկոնսերվացումն ու պահպանումը՝ հաշվի առնելով ծառայության հետ կապված վտանգները:

Վերահսկողության մեխանիզմներ

Խտրականության դեմ պայքարի, մասնավորապես, առանց բժշկական ցուցման երեխայի սեռի խտրական ընտրության արդյունավետ կանխարգելման քաղաքականության համար կարևոր է ոչ միայն քաղաքականության նոր գործիքների մշակումն ու ներդրումը, այլև դրանց հետևողական կիրարկումն ու օրենսդրության պահանջների կատարման հանդեպ վերահսկողությունը։

Այսպես, պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում ներառել ՀՀ-ում գրանցված միֆեպրիստոն պարունակող առանձին դեղերի և միզոպրոստոլ պարունակող դեղերի շրջանառության հանդեպ վերահսկողության խստացումը, դրանց՝ համընդհանուր տեխնիկական փաստաթղթով բժշկական կիրառման (դեղի ընդհանուր բնութագիրը) և օգտագործման հրահանգների (ներդիր-թերթիկը)՝ հայերենով առկայության պահանջի կատարման վերահսկողությունը և հրապարակայնության ապահովումը։ Կարևորվում է նաև դեղորայքային աբորտ առաջացնող չգրանցված և ժամկետանց դեղերի նկատմամբ հսկողության խստացումը։

Գործելակարգեր և ուղեցույցներ

Առողջապահության ոլորտում խտրականության բացառման ծրագրերի իրականացման համար իրավական երաշխիքները, ծրագրային միջոցառումներն ու դրանց իրականացման հանդեպ վերահսկողությունը ի զորու չեն ցանկալի արդյունք ապահովել, եթե բացակայում են համապատասխան ընթացակարգերն ու գործելակարգերը։ Այս առումով կարևորվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման հայեցակարգային փաստաթղթերում, համապատասխան ուղեցույցներում, ստանդարտներում պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելման խնդիրների ներառումը։


Համառոտագիրը մշակվել է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում 2015-2016 թթ. ընթացքում տեղի ունեցած աշխատանքային հանդիպումներին և կլոր սեղան-քննարկումներին մասնակցող անկախ վերլուծաբանների, պետական պաշտոնյաների, միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից արտահայտված կարծիքների, ինչպես նաև միջազգային և հայաստանյան փորձի վերլուծության հիման վրա: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։