ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Առանց բժշկական ցուցման երեխայի սեռի ընտրության էթիկայի հարցեր

18.05.2016

Երեխայի սեռի ընտրության իրավական կարգավորման արգելքներն ու սահմանափակումները խնդրահարույց են նաև էթիկայի և խոհափիլիսոփայության հարթության մեջ։ Սակայն, եթե անգամ սեռի ընտրությունը և սեռով պայմանավորված աբորտները էթիկայի առումով անընդունելի են, հարց է՝ արդյո՞ք էթիկայի առումով ընդունելի են հիմնախնդրի իրավական կարգավորման միջոցներն ու անձնական կյանքին ու իրավունքներին հասարակության ու պետության կոշտ միջամտությունը։

Երկակի չափանիշնե՞ր, թե նույնական լուծումներ՝ նույն իրավիճակներում

Արևմտյան մի շարք երկրներում շատերը կասկածի տակ են առնում թե՛ էթիկայի առումով սեռի ընտրության անընդունելիությունը, թե՛ սեռի ընտրության պրակտիկան սահմանափակելու հարցում պետության իրավասությունը։ Ստեղծարար ինքնուրույնությունը կամ նախաստեղծ ազատությունը հաճախ են մեջբերվում որպես սեփական երեխաների սեռն ընտրելու գործում ծնողների իրավունքը հիմնավորող և իրավական սահմանափակումներին հակադրվող փաստարկներ։

Հատկանշական է, որ արևմտյան բազմաթիվ մասնագետներ հարկադրված ընդունում են այս խնդրի շուրջ էթիկական երկակի չափանիշների անխուսափելիությունը։ Այսպես, եթե շատերի համար երեխայի սեռի ընտրությունը որոշակիորեն ընկալելի և ընդունելի է Արևմուտքում կամ այն երկրներում, ուր նման պրակտիկայի բացասական ազդեցությունը կանանց վրա աննշան է, ապա այն երկրներում, ուր սեռի ընտրությունը հանգեցնում է նորածինների սեռի նշանակալի անհամամասնության, երևույթը մերժելի է և անընդունելի։ Հարց է բարձրանում, ո՞ր հետևանքն է ավելի վտանգավոր տվյալ հասարակության մեջ՝ վերարտադրողական կամ քաղաքացիական այլ ազատությունների խաթարումը, թե՞ կանանց ու աղջիկների հարաբերական թվաքանակի նվազումը։ Մասնագետները եզրակացնում են. այնտեղ, ուր տղա երեխայի նախապատվությունն աղետալի տարածում չունի, իսկ կանայք անձնական և տնտեսական զգալի անկախություն ունեն, առաջին վտանգը, թերևս, ավելի մեծ է, քանի որ վերարտադրողական ազատությունների համար սահմանափակումների վտանգներն ավելի նկատելի են և իրական, իսկ նորածինների սեռերի անհամամասնությունը փոքր է, դրանց հետևանքները՝ անորոշ ու, թերևս, աննշան։ Ուստի, սեռով պայմանավորված աբորտների քրեականացման դեմ փաստարկները չպետք է տարածել այնպիսի երկրների վրա, ուր սեռերի անհամամասնությունը շատ հստակ է ու ահագնացող։ Ի վերջո, նույնական մոտեցում պահանջում են միայն նույնական դեպքերը, ուստի սեռով պայմանավորված աբորտները, որոնք ընդունելի են օրինակ՝ Կանադայում, անընդունելի են Հնդկաստանում ու Չինաստանում, ուր կանանց հանդեպ խտրականությունը խիստ տարածված է ու զգալի։

Էթիկայի տեսանկյունից օրակարգային է նաև անցանկալի սեռի երեխայի դաստիարակության ընթացքում առաջ եկող «մարդկային տառապանքի» խնդիրը. ի վերջո, ընտանիքում նախածննդյան խտրականությունը կարող է փոխակերպվել հետծննդյան խտրականության դրսևորումների։ Մեկ այլ հարցադրում հիմնվում է սեռերի հետագա անհամամասնությունների՝ կանանց ընդհանուր բարեկեցության վատթարացման վրա էական ազդեցության ծանրակշիռ ապացույցների բացակայության վրա։

Առանց բժշկական ցուցման երեխայի սեռի ընտրության խնդիրների կարգավորման շուրջ բանավեճը շարունակվում է հարափոփոխ դաշտում, ուր էթիկայի սկզբունքները և տարբեր իրավական նախադեպերը մասնագետներին ո՛չ պարտադրում, ո՛չ արգելում են ծառայություններ մատուցել պացիենտներին։ Միաժամանակ, բուժհաստատությունները շարունակաբար հետաքրքրված են այս հակասական խնդրի շուրջ որոշակի հստակություն մտցնելու հարցում։

“Lavo manus meas”

Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան քոլեջը, Վերարտադրողական առողջության ամերիկյան ընկերակցությունը (ՎԱԱԸ), Գինեկոլոգների և մանկաբարձների միջազգային ֆեդերացիան չեն պաշտպանում առանց բժշկական ցուցման սեռի ընտրության նպատակով բուժհաստատություն դիմած անձանց՝ պահանջված ծառայությունների մատուցումը, քանի որ համարում են, որ նման պահանջը կարող է ի վերջո նպաստել սեքսիստական գործելակերպին և էլ ավելի վատթարացնել կանանց արժևորումը։ Վերը նշված առաջին երեք կազմակերպությունները առաջարկում են պացիենտներին երեխայի սեռի ընտրության ծառայություններ տրամադրել բացառապես սեռով պայմանավորված ժառանգական հիվանդություններից խուսափելու նպատակով։ Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան քոլեջը հանդես է գալիս առանց բժշկական ցուցման երեխայի սեռի ընտրության դեմ՝ մտահոգություն արտահայտելով առ այն, որ դա խորացնում է աղջիկ երեխաների հանդեպ կանխակալ վերաբերմունքը։ Վերապահում է արվում սակայն այն դեպքերի համար, երբ երեխայի սեռի ընտրության հիմքում նման կանխակալ վերաբերմունք չկա։

ՎԱԱԸ էթիկայի հանձնաժողովը նշում է, որ առանց բժշկական ցուցման երեխայի սեռի ընտրության նպատակով վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառումը էթիկայի հարցերի վերաբերյալ բազմաթիվ հակասություններ է պարունակում, և խուսափում է այս կամ այն կողմը բռնել՝ տալով հստակ հանձնարարականներ։ ՎԱԱԸ էթիկայի հանձնաժողովը ընդունում է նման պրակտիկայի թույլատրելիությունը պաշտպանող կամ մերժող կարծիքների միջև պատճառաբանված տարբերությունները և եզրակացնում, որ չի կարող լինել փոխհամաձայնեցված դիրքորոշում այս հարցում։ Փոխարենը, հղվելով այս հակասականությանը, ՎԱԱԸ-ն կոչ է անում բուժհաստատություններին մշակել և հրապարակային դարձնել առանց բժշկական ցուցման երեխայի սեռի ընտրության ծառայությունների վերաբերյալ իրենց հաստատությունների քաղաքականությունը, ինչպես նաև ապահովել նման ծառայություններ մատուցելու կապակցությամբ բուժաշխատողների որոշումների և գործունեության համապատասխանությունը բուժհաստատության ընդունած պաշտոնական քաղաքականությանը։ Միաժամանակ, օժանդակ վերարտադրողական ծառայություններ առաջարկող բուժաշխատողները որևէ էթիկական պարտավորություն չունեն առանց բժշկական ցուցման երեխայի սեռի ընտրության ծառայություններ մատուցելու կամ մերժելու առումով։

Նոր փաստարկներ, շարունակական բանավեճ

Առանց բժշկական ցուցման երեխայի սեռի ընտրության էթիկայի շուրջ բանավեճը չի ավարտվել։ Այս բանավեճում նորանոր փաստարկները հաջորդում են մեկը մյուսին։ Նոր փաստարկներ են առաջ քաշում թե՛ ընտրության իրավունքի պաշտպանները, թե՛ դրա հակառակորդները։ Երկու կողմերն էլ հավասարապես համառ են, նրանց փաստարկներն էլ՝ ավելի ու ավելի տրամաբանական ու համոզիչ։ Այս բանավեճը շարունակվելու է առնվազն այնքան, քանի դեռ խորն ու անհարթելի տարաձայնություններ կան անձի և հասարակության համար վնասի ու վտանգավորության հարցերի շուրջ։ Բանավեճը շարունակվելու է, քանի դեռ չկա համաձայնություն նաև այն հարցի շուրջ, թե որ վնասներ են բարոյական առումով ավելի նշանակալի։

Ու թեև խնդրի իրավական կարգավորումը, որը ձևավորվում է ոչ միայն էթիկայի, այլև խնդրի շուրջ քաղաքական բանավեճի, մասնագիտական ու հանրային կարծիքի, ակադեմիական հայացքների ու փաստական տվյալների, Հայաստանի պարագայում՝ նաև միջազգային կառույցների ազդեցության ներքո, ներկայում հակված է սահմանափակումների միջոցով պայքարել երևույթի վնասների ու վտանգների դեմ, ապագայում կարող է և վերանայվել։ Տեխնոլոգիաների սրընթաց ու անկասելի զարգացումը, դրանց տնտեսական կենսունակությունն ու մատչելիությունը կարող են ուղղումներ մտցնել ներկա հայացքներում։ Ինչպես նախկինում ամնիոցենտեզին փոխարինելու եկավ ռադիոլոգիական հետազոտությունը, այնպես էլ ավելի ու ավելի ճշգրիտ, հասանելի և մատչելի է դառնալու, ասենք, մատից վերցվող պերիֆերիկ արյան հետազոտությունը, որի արդյունքում հնարավոր է լինելու 6-7 շաբաթական հղիի մոտ մեծ հավանականությամբ որոշել պտղի սեռը՝ արյան մեջ առկա պտղային բջիջների ԴՆԹ հատվածների հիման վրա։ Նման հետազոտության համար պահանջվող արյունը կարելի է վերցնել անգամ տանը և ուղարկել լաբորատորիա։ Ներկայում թանկարժեք այս հետազոտության զարգացման և հասանելիության խնդիրը բացառապես ժամանակի խնդիր է, և պահանջարկն ու ձեռներեցները այս և նման այլ հետազոտություններ աստիճանաբար ավելի մատչելի կդարձնեն։ Ժամանակի ընթացքում գրեթե անհնար կլինի լիարժեքորեն հսկել նման հետազոտությունները՝ որքան էլ խիստ լինեն ընդունվող օրենքները։ Ասվածը հավասարապես վերաբերում է նախաիմպլանտացիոն և նախաբեղմնավորման հետազոտություններին, որոնց հուսալիությունն ու մատչելիությունը Հայաստանում ոչ հեռու ապագայում վստահաբար կբարելավվի։

Կարգավորման ավելի ճկուն մեխանիզմներ ոչ հեռու ապագայի համար

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքը ներկայում չի թույլատրում պլանավորել ապագա երեխայի սեռը վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման դեպքում՝ բացառությամբ բժշկական ցուցման առկայության։ Այդուհանդերձ, վերը նշված տեխնոլոգիական զարգացումների, էթիկայի հարցերի վերաբերյալ փաստարկների ծանրության ներքո կամ Հայաստանը վերարտադրողական առողջության ծառայությունների տարածաշրջանային կենտրոնի վերածելու հեռանկարում, օտարերկրյա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու տրամաբանությամբ օրենսդրական ներկա սահմանափակումը ապագայում կարող է վերանայվել կամ հանվել։ Իրավական խիստ կարգավորման բացակայության պայմաններում մեծապես կարևորվելու է խնդրի էթիկական կարգավորումը։ Ընդ որում, մասնագիտական էթիկայի շուրջ քննարկումները Հայաստանում ցանկալի է սկսել նախքան նման անհրաժեշտությանը բախվելը՝ օր առաջ։

Ուստի, բժշկական էթիկայի հարցերով պատասխանատու մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարին կից էթիկայի կոմիտեն՝ վերարտադրողական տեխնոլոգիաների առաջատար մասնագետների, բժշկագիտության ոլորտում հանրապետության հեղինակավոր գիտահետազոտական հաստատությունների և մասնագիտական ասոցիացիաների, այդ թվում՝ Պետական բժշկական համալսարանի, Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի, Մանկաբարձ–գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, ՀՀ ԱՆ ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի ներգրավմամբ, պիտի եզրակացություն, հանձնարարականներ տա և ուղղորդի ոլորտի մասնագետներին և բուժհաստատություններին՝ առանց բժշկական ցուցման վերարտադրողական օժանդակ ծառայություններ մատուցելու հարցերի վերաբերյալ։

Հայաստանում օտարերկրացիներին մատուցվող վերարտադրողական առողջության բժշկական ծառայությունների շրջանակը աստիճանականորեն ընդլայնելու նպատակով անհրաժեշտ է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում հստակեցնել շահառուների շրջանակը` ներառելով նաև ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին՝ անկախ կացության կարգավիճակից: Անհրաժեշտ է ՀՀ-ում գտնվող և կացության կարգավիճակ չունեցող ամուսնության մեջ գտնվող անձանց հնարավորություն ընձեռել օգտվելու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից, ինչպես նաև սահմանել այդ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ծնված երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության իրավական երաշխիքներ:


Համառոտագիրը մշակվել է »Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում 2015-2016 թթ. ընթացքում տեղի ունեցած աշխատանքային հանդիպումներին և կլոր սեղան-քննարկումներին մասնակցող անկախ վերլուծաբանների, պետական պաշտոնյաների, միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից արտահայտված կարծիքների, ինչպես նաև միջազգային և հայաստանյան փորձի վերլուծության հիման վրա: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։