ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման գործիքները առողջապահական համակարգում. փաստերի վրա հիմնված իրազեկում և խորհրդատվություն

17.05.2016

Պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ պետական քաղաքականության և իրավական կարգավորման շրջանակներում երեխայի սեռի ընտրության և հղիության արհեստական ընդհատման սահմանափակումների կիրառման արդյունավետությունը ցածր է։ Ավելին, նման սահմանափակումները սովորաբար թիրախավորում են առաջին հերթին և առավելապես կանանց ու բուժաշխատողներին, որի արդյունքում այս խնդրի պատասխանատվության բեռը, մեծ հաշվով, դրվում է նրանց ուսերին, մինչդեռ հիմնախնդրի պատճառների կրողը և լուծման պատասխանատուն ողջ հասարակությունն է, նրա մշակույթը և կարծրատիպերը։ Ուստի զարմանալի չէ, որ առավել արդյունավետ են այն միջոցները և գործիքները, որոնց թիրախը հասարակությունն է ու նրա արժեքները։ Նման միջոցները, առաջին հերթին, ենթադրում են հասարակության լայն շերտերի, այդ թվում՝ հղիների, նրանց ամուսինների և ընտանիքի մյուս անդամների, ազգականների, տարբեր խմբերի իրազեկում՝ պտղի սեռի խտրական ընտրության երևույթի, դրա պատճառների և հասարակության, ընտանիքի ու անհատների համար դրա վտանգավոր հետևանքների, վերարտադրողական իրավունքների և տեխնոլոգիաների կիրառման էթիկայի հարցրերի վերաբերյալ։ Առողջապահական համակարգի շրջանակներում նման գործիքաշարը պահանջում է համապատասխան փաստերի և տվյալների, ինչպես նաև դրանց վերլուծության հետևողական կիրառում իրազեկման աշխատանքներում։ Այդուհանդերձ, որքան էլ նման գործիքները արդյունավետ լինեն տեսականորեն, առողջապահության ոլորտում դրանց հաջող կիրառումն անհնար է առանց բժշկական ծառայություններ մատուցողների ու սպասարկում իրականացնող բուժաշխատողների, առողջապահության կազմակերպիչների շրջանում իրազեկման և խորհրդատվության համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների։ Կարևորվում է նաև պտղի սեռի ընտրությանը վերաբերվող վերարտադրողական առողջության ծառայությունների, այդ թվում՝ վերարտադրողական օժանդական ծառայությունների մատուցման էթիկայի հարցերի շուրջ մասնագիտական համայնքի կարծիքի ամբողջականացումը։

Հավասարապատիվ արժևորում, իրազեկում և խորհրդատվություն. նոր մարտահրավերին՝ նոր զինանոց Անհրաժեշտ է մի շարք օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում ամրագրել դրույթներ պետական ծրագրերի շրջանակներում աղջիկ և տղա երեխաների հավասար արժևորումն ապահովելու վերաբերյալ։ Այսպես, հարկավոր է համապատասխան դրույթներ ամրագրել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում (Հոդված 34), գենդերային պետական քաղաքականության և գենդերային բռնության դեմ պայքարի, ինչպես նաև երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման 2016-2020թթ. ռազմավարություններում և դրանց իրականացման պետական միջնաժամկետ և տարեկան գործողությունների ծրագրերում և միջոցառումներում։

Անհրաժեշտ է նաև տղա երեխային հավասար՝ աղջիկ երեխայի արժևորման վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացման վերաբերյալ դրույթներ ամրագրել «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման չափորոշիչում», մասնավորապես, կանանց կոնսուլտացիաներում (կաբինետներում), առողջության կենտրոններում, գյուղական բժշկական տեղամասերում, գյուղական բժշկական ամբուլատորիաներում, բուժակ-մանկաբարձական կետերում մանկաբարձ-գինեկոլոգի, մանկաբարձուհու (կամ բուժքրոջ), ինչպես նաև ընտանեկան բժշկի՝ հղիի նախածննդյան խնամքի կազմակերպման, սոցիալ-հոգեբանական աջակցության ծավալներում, ինչպես նաև անցանկալի հղիությունների, սեռավարակների, վերարտադրողական օրգանների նախաքաղցկեղային և քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման աշխատանքների ցանկում։

Աղջիկ երեխայի արժևորումը անհրաժեշտ է ներառել «Մինչ հղիության խնամքի կազմակերպման, հղիության նախապատրաստման վարման և առողջության պահպանման ազգային չափորոշիչով» նախատեսվող բուժաշխատողների կանխարգելիչ և խորհրդատվական այցերի օրակարգում։ Անհրաժեշտ է նաև մինչ հղիության խնամքի ծառայությունների գործողություններում ներառել կնոջ և զույգի կողմից երեխայի սեռի նախապատվության առկայության բացահայտումը, և նման նախապատվություն ունեցող կանանց/զույգերի հետ քննարկել երկու սեռերի երեխաների հավասար արժևորման խնդիրները։

Անհրաժեշտ է մի շարք օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում ամրագրել պտղի սեռի խտրական ընտրության, դրա հետևանքների և երևույթի կանխարգելման մասին տեղեկություններ և խորհրդատվություն տրամադրելու վերաբերյալ դրույթներ։ Այսպես, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում (Հոդված 9) հարկավոր է ամրագրել դրույթ անչափահասների համար տեղեկություններ ստանալու իրավունքը ընդլայնելու նպատակով, իսկ ցուցաբերվող բժշկական սպասարկման քանակական ու որակական չափանիշներում ներառել նաև տեղեկություններ և խորհրդատվություն տրամադրելու ծավալները։ Անհրաժեշտ է նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին պարտավորեցնել՝ պարզելու հղիության արհեստական ընդհատման պատճառները, կնոջ, ամուսնու, ընտանքի անդամների հետ տանելու բացատրական աշխատանք և իրականացնելու «սպասման ժամանակահատվածում» հղիության արհեստական ընդհատման որոշման հնարավոր փոփոխությանն ուղղված խորհրդատվություն (Հոդված 19)։ Անհրաժեշտ է նաև «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում ամրագրել բարյացակամ և մեկուսի պայմաններում դեռահասների՝ պտղի սեռի խտրական ընտրության, դրա հետևանքների և երևույթի կանխարգելման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը (Հոդված 5)։ ՀՀ ազգային անվտանգության ապահովմանն ուղղված` ՀՀ առողջապահության նախարարության գործունեության ծրագրում, մասնավորապես, վերարտադրողական (մոր և մանկան) առողջության պահպանման միջոցառումների շարքում անհրաժեշտ է ներառել վերը նշված խնդիրների շուրջ բնակչության իրազեկության բարձրացմանն ուղղված գործողություններ։

Մոր և մանկան առողջության պահպանման պետական քաղաքականությունը սահմանող փաստաթղթերում/ռազմավարություններում նույնպես անհրաժեշտ է ապահովել պտղի սեռի խտրական ընտրության հետևանքների և դրա կանխարգելման մասին տեղեկատվության տրամադրումն ու մատչելիությունը, այդ թվում՝ երեխաների և դեռահասների առողջության բարելավման, երեխաների նկատմամբ բռնությունների կանխարգելման, դեռահասների միջավայրում առողջ ապրելակերպի խրախուսման, նրանց սեռական դաստիարակության և առողջապահական կրթության ծրագրերի շրջանակներում, մայրական և վերարտադրողական առողջության բարելավման, անվտանգ մայրության հիմնախնդիրների հաղթահարման, կանանց վերարտադրողական առողջության բարելավման, անցանկալի հղիությունների, երկրորդային անպտղության կանխարգելման ու նվազեցման նպատակային ծրագրերի շրջանակներում, հղիների սոցիալ-հոգեբանական և ֆիզիկական նախապատրաստման համակարգի ներդրման, ինչպես նաև կանանց նկատմամբ խտրականության, բռնությունների կանխարգելման առողջապահական ծրագրերի շրջանակներում։ Հարկավոր է երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային նոր միջնաժամկետ ռազմավարության ծրագրում սահմանել կանանց և տղամարդկանց, աղջիկների և տղաների հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին գիտելիքների բարձրացման թիրախներ և գործողություններ։ Առողջապահական պետական նպատակային տարեկան ծրագրերում, մասնավորապես, «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագրում» անհրաժեշտ է ներառել պտղի սեռի խտրական ընտրության, դրա հետևանքների և երևույթի կանխարգելման վերաբերյալ դեռահասների իրազեկության և գիտելիքների բարձրացմանն ուղղված գործողություններ։ Ծրագրում հարկավոր է ներառել նաև պտղի սեռով պայմանավորված աբորտները՝ որպես բռնության տեսակ քննարկելու, ազգաբնակչության տեղեկացվածությունն ու կրթության մակարդակը բարձրացնելուն ուղղված միջոցառումներ։ Իրազեկման աշխատանքներ է հարկավոր նախատեսել նաև «Հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման» («Մայրական դպրոց») ծրագրի շրջանակներում մատուցվող ծառայությունների և անցանկալի հղիությունների կանխարգելման և հղիության արհեստական ընդհատումների կրճատման միջոցառումների շարքում։

Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է պտղի սեռի խտրական ընտրության հետևանքների և դրա կանխարգելման ուղղությամբ խորհրդատվություն և քարոզչական աշխատանքներ նախատեսել վերը նշված «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման չափորոշիչի» շրջանակներում, այդ թվում՝ առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններում մանկաբարձագինեկոլոգիական բժշկակական օգնության ու սպասարկման ցանկում, հղիի նախածննդյան խնամքի կազմակերպման ծավալներում, անցանկալի հղիությունների, սեռավարակների, վերարտադրողական օրգանների նախաքաղցկեղային և քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման աշխատանքների ցանկում, ընտանեկան բժշկի աշխատանքի ծավալում, մանկաբարձ-գինեկոլոգի աշխատանքի ծավալում, ինչպես նաև բնակչության բժշկահիգիենիկ գիտելիքների բարձրացմանն ուղղված քարոզչական աշխատանքների շարքում։ Խորհրդատվության մասին համանման դրույթներ անհրաժեշտ է նախատեսել նաև «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչում», այդ թվում՝ պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձա-գինեկոլոգիական հիվանդանոցային օգնության ծավալներում։ Չափորոշիչներում այս դրույթների իրականացման ֆինանսավորումն ապահովելու նպատակով հարկավոր է «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման հայեցակարգում և դրանցի բխող միջոցառումների ժամանակացույցում» ամրագրել մշակվող ուղեցույցների նախագծերում հղի կնոջը հուզահոգեբանական խորհրդատվաւթյան տրամադրման խնդիրների ներառման վերաբերյալ դրույթներ (կետ 23)։ Ընդ որում, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման գներում անհրաժեշտ է արտացոլել պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելման նպատակով հղի կնոջը տրամադրվող հոգեբանական խորհրդատվաւթյան ծախսերի հաշվարկման և ներառման հարցերը։ «Հղիության արհեստական ընդհատման դեպքում բուժ օգնության կազմակերպման և տրամադրման կլինիկական չափորոշիչների» շրջանակներում հարկավոր է հանրային իրազեկման համար հիմնական ուղերձների շարքում ներառել նաև այն հանգամանքները, որոնց պարագայում աբորտը չի խրախուսվում կամ թույլատրված չէ, մասնավորապես՝ պտղի սեռի հատկանիշով։ Ուղերձներն անհրաժեշտ է մշակել՝ օգտագործելով առկա հետազոտությունների և վերլուծությունների տվյալները:

«Մինչ հղիության խնամքի կազմակերպման, հղիության նախապատրաստման վարման և առողջության պահպանման ազգային չափորոշիչում» անհրաժեշտ է ներառել պտղի սեռի խտրական ընտրությունը որպես ռիսկ քննարկելու և համապատասխան կանխարգելիչ միջամտություն ներառելու վերաբերյալ դրույթ։ Հարկավոր է նաև բուժաշխատողի կանխարգելիչ և խորհրդատվական այցերի օրակարգում նախատեսել զույգի հետ պտղի սեռի խտրական ընտրության թեմայով պարտադիր քննարկում։

Հղիների, նրանց ամուսինների, նրանց ընտանիքի անդամների և ազգականների իրազեկման և նրանց խորհրդատվություն տրամադրելու վերաբերյալ համապատասխան դրույթներ հարկավոր է ամրագրել նաև մի շարք գործնական ուղեցույցերում, այդ թվում՝ «Ծննդաբերության դրդում և խթանում» և «Հղիության դեղորայքային ընդհատում» ցուցումներում և իրականացման կարգում, ինչպես նաև «Նախաբեղմնավորման խնամքի և հղիների նախածննդյան հսկողության բարելավման, պտղի զարգացման արատների վաղ հայտնաբերման գործելակարգերում»: Մասնավորապես, հարկավոր է զույգին տրամադրվող խորհրդատվության, հղիությունը պլանավորող անձանց խորհրդատվության դեպքում նախաբեղմնավորման խնամքի թեմաների ցանկում ընդգրկել նաև պտղի սեռի խտրական ընտրության հետևանքների և դրա կանխարգելման հարցերը։ Անհրաժեշտ է նաև կնոջ վերարտադրողական մտադրությունների վերաբերյալ ռիսկերի պարզաբանման, հղիության կանխարգելման հարցերի շրջանակներում ներառել պտղի սեռի խտրական ընտրության հետևանքների և դրա կանխարգելման հարցերը և համապատասխան փոփոխություններ կատարել մի շարք ձևաթղթերում (օրինակ՝ «Համաձայնության ձևաթղթում, «Մինչ հղիության խնամքի ծառայությունների գործողությունների» ցանկում, կնոջ համար «Հղիության նախապատրաստման անհատական ստուգաթերթիկում» և այլն)։ Անհրաժեշտության դեպքում կնոջ համաձայնությամբ պետք է նաև ամուսնու և այլ ազգականների հետ զրույցի հնարավորություն նախատեսել։

Փաստերի և տվյալների մի շարք նոր աղբյուրներ առողջապահական համակարգում

Պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման քաղաքականությունը և տարբեր թիրախ խմբերին իրազեկելու քարոզարշավները արդյունավետ կերպով մշակելու համար կարևորագույն դեր ունեն երևույթը, դրա պատճառներն ու հետևանքները նկարագրող փաստերն ու տվյալները։ Դրանք ձևավորելու նպատակով անհրաժեշտ է, ամրագրել նման վիճակագրության և տվյալների հավաքագրման պահանջը, ինչպես նաև անհրաժեշտ է պետական քաղաքականության ռազմավարությունների և դրանց իրականացման ծրագրերի մոնիտորինգային ցուցանիշները տարանջատել՝ ըստ սեռի։ Այսպես, «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման» ազգային նոր ռազմավարության մեջ հարկավոր է ներառել վերլուծական և վիճակագրական տվյալներ դեռահասների շրջանում պտղի սեռով պայմանավորված աբորտների, դրանց հետևանքների մասին տեղեկացվածության, սելեկտիվ աբորտների վերաբերյալ տեղեկությունների տարածման մասին, իսկ մոնիտորինգային մի շարք ցուցանիշներ ներկայացնել աղջիկների և տղաների համար առանձին։ «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագրի» շրջանակներում ներընտանեկան բռնության ուղղությամբ ազգային նախատեսվող հետազոտություններում հարկավոր է ներառել նաև պտղի սեռի խտրական ընտրության հետ կապված խնդիրները։ «Հղիության արհեստական ընդհատման կարգի և պայմանների» շրջանակներում անհրաժեշտ է ամրագրել վիճակագրական տվյալների պարտադիր վերլուծությունը, ինչը հնարավորությունը կընձեռի նաև պարզաբանել բժշկական և սոցիալական ցուցումներով իրականացվող հղիության արհեստական ընդհատման դեպքերը և ըստ անհրաժեշտության վերանայել ցուցումները:

Կազմակերպա-մեթոդական աջակցություն. նոր գիտելիք և հմտություններ

Կազմակերպա-մեթոդական գործունեության գծով բուժօգնության որակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է, մասնավորապես, առողջապահական պետական նպատակային տարեկան ծրագրերի շրջանակներում նախատեսվող ուղեցույցների ցանկում ներառել նաև պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման ուղղությամբ բուժաշխատողների կողմից խորհրդատվության տրամադրման ուղեցույցի մշակումը և ներդնումը։ Մոր և մանկան առողջության պահպանման ազգային նոր ռազմավարության շրջանակներում բուժօգնություն իրականացնող բժշկական կադրերի վերապատրաստման, գիտելիքների գնահատման համակարգի կատարելագործման, ուսումնական ծրագրերի վերանայման խնդիրների մեջ հարկավոր է ներառել նաև պտղի սեռի խտրական ընտրության հետևանքների և կանխարգելման հարցերը։ «Մինչ հղիության խնամքի կազմակերպման, հղիության նախապատրաստման վարման և առողջության պահպանման ազգային չափորոշիչում» անհրաժեշտ է մինչհղիության խնամքի տրամադրման ծառայություններում ընդգրկված բոլոր բուժաշխատողների (մանկաբարձ-գինեկոլոգներ, ընտանեկան բժիշկներ, մանկաբարձուհիներ) համար նախատեսված վերապատրաստման դասընթացում ներառել պտղի սեռի խտրական ընտր ությունը կանխարգելելու ուղղված համապատասխան ուսուցողական մոդուլ։

«Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագրի» շրջանակներում հարկավոր է վերանայել բժշկական մասնագիտությամբ ուսանողների, կլինիկական օրդինատորների, նախածննդյան հսկողություն և խնամք իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգների, մանկաբարձուհիների, սոնոգրաֆիստների, ընտանեկան բժիշկների/բուժքույրերի նախա- և հետդիպլոմային ուսուցման ծրագերը և դրանցում ներառել ուսումնական մոդուլներ՝ ուղղված արդյունավետ խորհրդատվական հմտությունների զարգացմանը, աբորտների կանխմանը, մերժմանը, բարդություններին և առողջական հետևանքներին: Անհրաժեշտ է նաև մշակել հուզահոգեբանական խորհրդատվության մեթոդաբանության ուսուցման մոդուլներ՝ ուղղված հղիության արհեստական ընդհատմանը և, մասնավորապես, պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանը: Ընդհանուր առմամբ, «Առողջապահության ոլորտի մարդկային ներուժի զարգացման ռազմավարության» մեջ անհրաժեշտ է նախատեսել բժշկական գործունեության հսկող-թույլատրող ընթացակարգերում պտղի սեռի խտրական ընտրությունը բացառելու մեխանիզմների մշակում և ներդրում։ Անհրաժեշտ է նաև առողջապահության մարդկային ռեսուրսների պլանավորման, զարգացման և կառավարման գործում մասնագիտական ասոցիացիաների գործառույթներում ներառել պտղի սեռի խտրական ընտրության վերաբերյալ իրազեկմանը և դասընթացների կազմակերպմանը վերաբերվող հարցեր։

ՀՀ առողջապահության նախարարին կից գործող էթիկայի կոմիտեի անդամների մասնակցությամբ անհրաժեշտ է կազմակերպել սեմինարներ՝ պտղի սեռի խտրական ընտրության և սելեկտիվ աբորտների թեմայով, ինչպես նաև այս հիմնախնդրով պայմանավորված բժշկական էթիկայի խնդիրների վերաբերյալ։ Հարկավոր է նաև հասարակությանն ու պացիենտներին իրազեկել կոմիտեի գործունեության և լիազորությունների վերաբերյալ՝ հասարակության և բուժծառայություն մատուցողների ուշադրությունը հրավիրելով պտղի սեռի խտրական ընտրությանն առընչվող բժշկական էթիկայի կանոնների պահպանման անհրաժեշտությանը։


Համառոտագիրը մշակվել է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում 2015-2016 թթ. ընթացքում տեղի ունեցած աշխատանքային հանդիպումներին և կլոր սեղան-քննարկումներին մասնակցող անկախ վերլուծաբանների, պետական պաշտոնյաների, միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից արտահայտված կարծիքների, ինչպես նաև միջազգային և հայաստանյան փորձի վերլուծության հիման վրա: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։