ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Ուշադրության ավելի բարձր մակարդակի անհրաժեշտություն կենսաթոշակային համակարգի կայացման ներկա փուլում

23.10.2018

Ամենաթանկ ապրանքը՝ վստահություն

Բիզնեսը լավ գիտի վստահության գինը. մարդիկ պատրաստ են ավելի թանկ վճարել հանրահայտ ապրանքանիշի համար, քանի որ այն տարիներով ձևավորված վստահություն է պարունակում։ Գրագետ ֆիրմաներն այսօր վաճառում են վստահություն. նրանք լավ գիտեն, մեկ անգամ հաճախորդը խաբվեց՝ կկորցնեն նրան և ոչ միայն նրան։ Խանութում կամ շուկայում ապրանքը թերակշռեցին, այդտեղ արդեն հաճախորդը չի ցանկանում մտնել։ Տանը ջուր չկա կամ էլ. հոսանքն են կտրել, անմիջապես զանգահարում ենք թեժ գիծ՝ ճշտելու, թե ինչ է պատահել, երբ կվերականգնվի կոմունալ ծառայությունը։

Հանրային ոլորտում վստահությունն ավելի թանկ է, ավելի կարևոր է։ Ամեն օր խոսում ենք պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին, խոսում ենք պետության հանդեպ վստահության, ապագայի հանդեպ հավատի ու հույսի մասին։ Քաղաքական գործչի կամ պետական պաշտոնյայի խոսքը պետք է հավաստի լինի, որպեսզի մարդիկ կարողանան ճիշտ կողմնորոշվել, իրենց այո-ն կամ ոչ-ը, համաձայնությունն ու անհամաձայնությունը հստակ արտահայտեն։ Օրենքն էլ պետք է վստահելի լինի. մարդիկ պետք է վստահ լինեն, որ եթե որոշում է կայացվել, օրենք է ընդունվել, այն հետևողականորեն կիրագործվի։ Մինչդեռ, այսօր ոչ միայն պաշտոնյայի խոսքի, այլև օրենքի ու նույնիսկ Սահմանադրության հանդեպ չկա վստահություն։ Մարդիկ հավասար են օրենքի առաջ։ Հավասա՞ր են։ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է։ Սոցիալակա՞ն է։ Վստահությունը ձևավորվում է կաթիլ առ կաթիլ, լցվում ու ամբարվում է՝ դառնալով պետության կարևորագույն կապիտալը, մինչդեռ կացնի մի թեթև հարվածով կարող է դուրս կորել ու անհետանալ։ Առավել ևս այսօր, երբ քաղաքական իրավիճակ է փոխվել, վստահությունը պետք է կաթիլ առ կաթիլ կրկին վերականգնել։

Լավ ինստիտուտների բարեբախտությունը

Հեղափոխության օրերին հրապարակային տարբեր կոչեր էին հնչում։ Օրինակ՝ չմուծե՛լ ուսման վարձերը, չվճարե՛լ կոմունալ ծառայությունների դիմաց, չվճարե՛լ հարկերն ու չմարե՛լ վարկերը ։ Պարզ մարդկանց արձագանքն ուշագրավ էր. «ինչ ուզում եք արեք, բայց վարկերը մարեք, քանի որ կմեծանան տուգանքները, մարդիկ կընկնեն սև ցուցակ, ավելի շատ խնդիրներ կունենան ապագայում»։ Ու պատճառը վախը չէր բանկերի հանդեպ, ինչ-ինչ այդ օրերին մարդիկ պատրաստ էին անձնական ամեն ինչը ռիսկի տակ դնել, մարդկանց խիզախության պակասի մեջ չենք կարող մեղադրել։ Պատճառն այլ էր. ֆինանսա-բանկային համակարգը վաղուց կայացած ինստիտուտ է, որտեղ գործում է օրենքը, գործում են կանոնները, կան գործող նորմատիվներ, այդ ամենը վերահսկող Կենտրոնական բանկ, մարդկանց վարկունակությունը չափող ԱՔՌԱ համակարգ, մասնավոր բանկերի հետ կնքված պայմանագիր։ Ի վերջո, կա մարդկանց գիտակցությունը, որ վարկեր չմարելով վնասում ես այն համաքաղաքացիներին, ովքեր ավանդներ ունեն, ու, ի վերջո, կարող ես ամբողջ համակարգին վնասել՝ դրանով անդառնալի վնասելով Հայաստանի տնտեսական ապագան։ Ահա այս գիտակցությունն էր, որ ոչ հեղափոխության առաջնորդները կոչ արեցին ու ոչ էլ խոհեմ քաղաքացիները գնացին կտրելու այն ճյուղը, այն վստահելի համակարգը, որի վրա նստած ենք։

Իսկ հարկե՞րը

Արդյո՞ք այսօր նույն գիտակցությունն ու վստահությունը կա վճարած հարկերի ճակատագրի վերաբերյալ։ Արդյո՞ք հարկ չվճարողը գիտակցում է, թե ինչպես է աշխատում պետական բյուջեն ու վստահ է, որ իր վճարած հարկը կօգտագործվի առավելագույն արդյունավետությամբ՝ ի բարօրություն Հայաստանի և ի նպաստ ՀՀ քաղաքացիների։ Իսկ օրենքների կիրառու՞մը։ Իրականում, մարդիկ հարկը համարում են կորած փող, փող, որն այլևս հետ չեն ստանալու. այն արդեն պետական միջոց է, և այդ պատճառով էլ քաղաքացիներն այնչափ պահանջատեր չեն, որչափ խանութում վճարած գումարի դեպքում։

Լավ կենսաթոշակային համակարգի երազը

Նույնը չենք կարող ասել կուտակային կենսաթոշակային վճարների մասին։ Այս ռեֆորմը մարդկանցից ոչ թե գումար է գանձում հօգուտ պետության, այլ կուտակում է այն մարդկանց ապահով ծերության համար։ Ու ահա այստեղ է, որ մարդկանց վստահությունը կենսաթոշակային համակարգի հանդեպ պետք է կարևորվի առավել շատ։ Մարդկանց աշխատավարձից վճարվել է, ու մարդիկ ցանկանում են տեսնել իրենց կուտակած գումարները, մարդիկ ցանկանում են տեսնել պետության փոխանցած մասնաբաժինը, մարդիկ ցանկանում են տեսնել ստացված տոկոսագումարները։ Մարդիկ ունեն հարցեր, որոնք պետք է լսել ու օպերատիվ պատասխանել։ Վստահությունը կենսաթոշակային համակարգի հանդեպ ի սկզբանե սկսվել է բացասական գծից. բնակչությունը տեսել է Ռուսաստանի բացասական փորձը, բնակչությունը տեսել է սովետական խնայողությունների կորուստը, մարդիկ հույս ու հավատ չունեն ապագայի հանդեպ։ Կենսաթոշակային համակարգի հանդեպ վստահությունը նույնն է, ինչ Հայաստանի ապագայի հանդեպ վստահությունը, ու այն ոչ միայն չի կարելի կորցնել, այն անհրաժեշտ է կաթիլ առ կաթիլ վերականգնել։ Ինչպես մարդիկ չէին հավատում, որ կարելի է չմարել վարկերը, այդպես էլ մարդիկ պետք է չպատկերացնեն, որ կարելի է չկուտակել կենսաթոշակ. սա է վստահության լիարժեք մակարդակը։

Ներկայի խնդիրները

Եթե պլանավորման փուլում կենսաթոշակային համակարգը նախագծվել է այնպես, որ մարդիկ կարողանան տեսնել իրենց կուտակումները, ապա իրականում այն դեռևս կաղում է իրագործման ներքին օղակներում։ Ինչպես է դա տեղի ունենում։ Նախ և առաջ՝ հաղորդակցության լուրջ պակասի արդյունքում։ Մարդ միանում է համակարգին՝ դրա մասին հավաստում չի ստանում։ Ավելին, ինչպես պարզվեց վերջերս, հնարավոր են դեպքեր, երբ մինչև 1974 թվականի ծնվածները մինչև հուլիսի 1-ը միացել են համակարգին, վճարել են իրենց փայը, սակայն ստանում են հաշվետվություն, որտեղ պետության մասնակցության դիմաց գրված է զրո։ Սա նշանակում է, որ տեխնիկական մակարդակը՝ իրագործման մակարդակը չի համապատասխանում օրենքի տառին։ Ու ահա սա էլ դառնում է խոսքի՝ տվյալ դեպքում օրենքի, ու իրականացման անջրպետը։ Անջրպետ, որը խորացնում է անվստահությունը։ Եթե սա համարենք տեխնիկական խնդիր, ապա վստահության վերականգնման հաջորդ էտապը հաղորդակցությունն է, մարդիկ ակնկալում են պատասխան, բացատրություն։ Սակայն ինչ է տեղի ունենում. զանգ «սոցապնախարարութան» թեժ գծին, այստեղից նոր հեռախոսահամար՝ դեպի առավել կոմպետենտ մասնագետը, որն իր հերթին տեղեկացնում է, որ դա հարկային մարմինների խնդիրն է։ Հաջորդ զանգը՝ հարկայինի թեժ գծին ու նոր հեռախոսահամարի տրամադրում՝ դեպի կոմպետենտ մասնագետը, որից հետո պատասխան, որ անհրաժեշտ է զանգահարել դեպոզիտարիա։ Ու այս ընթացքում էլ՝ պատասխան, որ եթե հարցը չլուծվի, ապա դիմեք ֆինանսների նախարարություն։ Սա բոլորիս հայտնի բյուրոկրատիան է, որի ընթացքը նույնիսկ եթե ընթացակարգային և ազնիվ է ու աշխատակիցները բարեհամբյուր են, միևնույն է՝ մարդիկ սկսում են կորցնել վստահությունը համակարգի հանդեպ։ Ավելին, այսօր ունենք լուրջ ժամկետային անհամապատասխանության խնդիր. մարդկանց աշխատավարձից վճարած գումարները և, ըստ հաշվետվությունների, դրանց մուտքագրման ամսաթվերն իրար չեն համապատասխանում։ Կան նույնիսկ ամիսներով ուշացումներ։ Եթե սա բացատրելի է, ապա պետք է լինի հաղորդակցություն, մարդիկ պետք ստանան պատասխան, թե ինչու է այդպես ստացվել։ Կա ևս մեկ խնդիր։ Երբ կառավարիչը ձեռք է բերում ակտիվներ, ապա եկամտաբերության կորով հաշվարկված դրա գինը ավտոմատ ընկնում է. կուտակային խնայողությունը ավանդ չէ ու, ընդունելով կարճաժամկետ վնասը, այն երկարաժամկետ եկամուտ է ապահովելու։ Սա պարզ հարց է, ու այսպիսի բազմաթիվ հարցեր կան, որ մարդիկ տալիս են, անհանգստանում են ու սպասում են պատասխանի։ Այդ պատասխանները պետք է տրվեն։

Լուծումներ շատ կան

Իհարկե, հիմնական խնդիրը բյուրոկրատիայից ազատվելն է, քաղաքացիական ծառայողի առաջնային առաքելությունը քաղաքացիներին սպասարկելն է, ոչ թե ընթացակարգերին կուրորեն հետևելը։ Սակայն սա երկարաժամկետ գործընթաց է։ Այս պահին անհրաժեշտ է պարբերաբար հավաքագրել կենսաթոշակային համակարգի հետ կապված մարդկանց մտահոգություններն ու պարբերաբար տալ պատասխաններ։ Կենսաթոշակային համակարգի հետ կապված ցանկացած հարց պետք է առավել պրոֆեսիոնալ պատասխան ստանա թեժ գծերով՝ ներդրման այս փուլում նույնիսկ չբացառելով առանձնացված թեժ գծի ստեղծումը։ Փոխանակ մարդկանց ուղարկելու անձնական հաշիվը փոստում ստուգելու՝ կարելի է, բացելով նրա անհատական հաշիվը, պատասխանել, թե ինչու՞ է այդպես ու սխալի դեպքում՝ ե՞րբ կշտկվի։ Մենք գործ ունենք մարդկանց անձնական փողի հետ, մարդկանց ապագա հույսի հետ ու պետք է բավական նրբանկատ պատասխանենք քաղաքացիներին հուզող բոլոր հարցերին։ Մարդիկ սկսելու են ստանալ իրենց կուտակած թոշակներն առնվազն քսան տարի հետո, ու այդ ժամանակահատվածը միասին ու իրար վստահելով անցնելը վճռական նշանակություն ունի։ Այստեղ առնվազն մի քանի մարմինների սերտ համագործակցություն է հարկավոր՝ սոցապ նախարարության, ֆինանսների նախարարության, կենտրոնական բանկի, դեպոզիտարիայի ու կառավարիչների։ Բոլոր մարմինները պետք է հասկանան, որ սպասարկում են մեր հազարավոր քաղաքացիների ու սպասարկման որակը պետք է առավելագույնի հասցնել, հաղորդակցությունն առավել վստահելի պետք է դարձնել, հարցերին պետք է արագ արձագանքել, հաշվետվությունները առավել մանրամասն ու բացատրելի պետք է լինեն։ Չմոռանանք բիզնեսի կանոնը՝ հաճախորդը միշտ ճիշտ է։


Համառոտագիրը մշակվել է «Դրամավարկային ու ֆինանսական հատվածի հաղորդակցության ռազմավարության բարելավման ծրագրի» շրջանակներում 2018թ. հոկտեմբերի 23-ին կայացած` «Պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգի ներդրման ընթացիկ խնդիրները» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, փորձագետներ, կենսաթոշակային համակարգի շահառուներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։