ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Վաղ մանկության շրջանում խնամքի և կրթության (ՎՄՇԽԿ) քաղաքականությունները Եվրոպական միությունում, և դրանց ազդեցությունն աշխատուժում կանանց մասնակցության և աշխատաշուկայում ոչ լրիվ աշխատաժամանակով ներգրավվածության վրա

15.01.2019

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վաղ մանկության շրջանում երեխայի խնամքի և զարգացման ծառայությունների ոլորտում ներդրումները կենսական նշանակություն ունեն աշխատաշուկայում կանանց մասնակցությունն ապահովելու, աշխատանքն ու անձնական կյանքը հավասարակշռելու համար հնարավորությունների շրջանակն ընդլայնելու, ինչպես նաև գենդերային հավասարությանը նպաստելու առումով: 2014-2017թթ. Եվրոպական միությունում ՎՄՇԽԿ քաղաքականությունների զարգացման, աշխատուժում կանանց մասնակցության և գենդերային ճեղքվածքների վրա դրանց ազդեցության վերլուծությունը փաստում է, որ ԵՄ անդամ երկրները (ընդ որում, որոշները ավելի մեծ հաջողությամբ, քան մյուսները) զգալի ջանքեր են գործադրում երեխաների ներգրավվածությունը ՎՄՇԽԿ-ում ընդլայնելու համար, և դրանց արդյունքում երկրների մեծ մասին հաջողվել է շարունակաբար մեծացնել ՎՄՇԽԿ ծառայությունների մատուցման շրջանակը: Հայաստանում ՎՄՇԽԿ արդյունավետ քաղաքականության իրականացումը թույլ կտա ոչ միայն նպաստել աշխատաշուկայում կանանց մասնակցության աճին, այլև միևնույն ժամանակ կանխարգելել սեռի հատկանիշով երեխայի խտրական ընտրությունը՝ կանանց համար ապահովելով ընտրության ավելի լայն շրջանակ և տնտեսական հզորացման ավելի լայն հնարավորություններ: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունների արդյունքները, այս առումով թերևս առանցքային նշանակություն ունեն ՎՄՇԽԿ և աշխատաշուկայում կանանց մասնակցության աճին միտված քաղաքականությունները: Այսպիսով, Հայաստանը պետք է բազմապատկի իր ջանքերը ՎՄՇԽԿ ապահովելուն միտված ընդգրկուն և արդյունավետ քաղաքականություններ ձևավորելու, իրականացնելու և դրանք մշտադիտարկելու ուղղություններով:

ԵՄ անդամ երկրներում երեխաների ներգրավվածությունը խնամքի ֆորմալ ծառայություններում

ԵՄ-ում վաղ մանկության տարիքի՝ մինչև երեք տարեկան երեխաների ներգրավվածությունը ՎՄՇԽԿ հաստատություններում տարբերվում է երկրից երկիր: Ֆորմալ ՎՄՇԽԿ-ում առկա է ընդհանուր միտում. երկրների մեծ մասում ՎՄՇԽԿ ֆորմալ հաստատություններում երեխանների ներգրավվածության մակարդակը շարունակաբար աճում է: Այս միտումն ակնհայտ է դառնում 2014 և 2017 թվականների տվյալները համեմատելիս: Եթե 2014թ. միայն 13 ԵՄ անդամ երկիր էր գերազանցել այս ոլորտում ԵՄ-ի կողմից սահմանված նշաձողը՝ վաղ մանկության տարիքի երեխանների առնվազն 30%-ի ներգրավվածություն ֆորմալ խնամքի հաստատություններում, ապա 2017թ. երկրների թիվը հասել է 14-ի՝ Դանիա, Իսլանդիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ, Բելգիա, Շվեդիա, Ֆրանսիա, Նորվեգիա, Պորտուգալիա, Իսպանիա, Սլովենիա, Մալթա, Ֆինլանդիա և Գերմանիա: Իսկ վեց այլ երկիր՝ Իտալիա, Իռլանդիա, Մեծ Բրիտանիա, Լատվիա, Կիպրոս և Էստոնիա, արդեն հասել են կամ գրեթե մոտենում են սահմանված 30% թիրախին:

ԵՄ-ում երեխայի խնամքին տրամադրվող ժամաքանակի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ կան ակնհայտ տարբերություններ, որոնք կարելի է դասակարգել՝ ըստ տարածաշրջաններին յուրահատուկ միտումների: Հյուսիսային Եվրոպայում, մասնավորապես՝ Նորվեգիա, Դանիա, Շվեդիա և Իսլանդիա, երեխայի խնամքի տևողությունը կազմում է 30 և ավելի ժամ, և երեխաների միայն աննշան տոկոսն է ավելի քիչ խնամք ստանում, քան նշված տևողությունն է: Ի տարբերություն այս երկրների՝ Մեծ Բրիստանիայում, որը դասակարգվում է որպես լիբերալ պետություն և որտեղ երեխայի խնամքը դիտարկվում է որպես անհատի պատասխանատվություն, երեխայի խնամքի տևողությունը կազմում է 1-29 ժամ:

Երեխայի խնամքի տեսակները

Ֆորմալ և ոչ ֆորմալ խնամքի տեսակների ընդհանուր տևողությունը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ ԵՄ գրեթե բոլոր երկրները, բացառությամբ Հունգարիայի, Բուլղարիայի և Սլովենիայի, գերազանցում են 30%-ի նշաձողը: ԵՄ-ում երեխայի խնամքի առաջարկվող տեսակները բազմազան են և տարբերվում են երկրից երկիր: Սակայն, այս առումով ևս, կարելի է նկատել տարածաշրջանային ընդհանրական միտումներ: Հյուսիսային Եվրոպայի զգալի մասում՝ Նորվեգիա, Շվեդիա, Դանիա, Իսլանդիա, երեխայի խնամքը հիմնականում իրականացվում է ֆորմալ հաստատություններում, մինչդեռ Արևելյան Եվրոպայում և Բալկաներում, մասնավորապես՝ Սլովակիա, Չեխիա, Խորվաթիա, Լեհաստան, ակնհայտ է հակառակ միտումը:

Զբաղվածության գենդերային ճեղքվածքը և գենդերային հարթությունը ոչ լրիվ աշխատաժամանակով զբաղվածությունում

Զբաղվածության գենդերային ճեղքվածքը վերլուծելիս, մասնավորապես, լրիվ և ոչ լրիվ աշխատաժամանակով բոլոր զբաղվածների մեջ կանանց մասնակցությունից ակնհայտ է դառնում, որ ԵՄ երկրների մեծ մասում ոչ լրիվ աշխատաժամանակով զբաղվածների մեջ կանայք ավելի մեծ թիվ են կազմում, քան լրիվ աշխատաժամանակով զբաղված աշխատուժում: Լրիվ և ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող կանանց զբաղվածության առումով տարածաշրջանային յուրահատուկ միտումներ չկան, քանի որ յուրաքանչյուր երկիր ունի զբաղվածության այս երկու տեսակների միջև գենդերային ճեղքվածքների իր առանձնահատկությունները: Նույնը կարելի է նաև պնդել լրիվ աշխատաժամանակով աշխատող կանանց և տղամարդկանց զբաղվածության ցուցանիշները համեմատելիս: Աշխատաշուկայում կանանց մասնակցությունը հասկանալու համար կարևոր է հասկանալ յուրաքանչյուր երկրում երեխայի խնամքի տևողության հետ դրա կապն ու կախվածությունը, ինչպես նաև տարբերակել «ընտրություն ունենալ» և «ընտրություն չունենալ» հասկացությունները:

Լրիվ և ոչ լրիվ աշխատաժամանակով զբաղվածության միջև տարբերությունները, ինչպես նաև ոչ լրիվ աշխատաժամանակով զբաղվածության մեջ գենդերային հարթությունը վերլուծելիս ակնհայտ է դառնում, որ ճեղքվածքներ և տարբերություններ կան մասնավորապես Հյուսիսային Եվրոպայի և ԵՄ անդամ այլ երկրների միջև: Առաջին խմբի երկրներում կանանց մեծ մասն աշխատում է ոչ լրիվ աշխատաժամանակով: Սակայն, քանի որ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Դանիան, Շվեդիան, Նորվեգիան և Իսլանդիան, երեխայի խնամքի ֆորմալ ծառայությունների զգալի մասը հասանելի է 30 և ավելի ժամ տևողությամբ, կարելի է ենթադրել, որ կանայք, ովքեր աշխատում են ոչ լրիվ աշխատաժամանակով, իրականում դա անում են իրենց ընտրությամբ, այլ ոչ հարկադրված։ Այսինքն, երեխայի խնամքի ծառայություններն արդյունավետորեն ապահովելու արդյունքում նրանք հնարավորություն են ունենում ընտրել նաև լրիվ աշխատաժամանակով զբաղվածությունը:

Ավստրիան սրա հակադիր օրինակն է: Երկրում երեխայի խնամքի ֆորմալ ծառայություններն ավելի քիչ են՝ հիմնականում 1-29 ժամ տևողությամբ, մինչդեռ ավելի տարածված է երեխայի խնամքի ոչ ֆորմալ պրակտիկան: Ոչ լրիվ աշխատաժամանակով զբաղվածների մեջ գենդերային ճեղքվածքը, ինչպես նաև ոչ լրիվ աշխատաժամանակով զբաղվածների մեջ կանանց գերակշռող թիվը, ի տարբերություն լրիվ աշխատաժամանակով զբաղվածների, կարելի է բացատրել որպես ընտրության բացակայություն, քանի որ կանայք աշխատանքն ու երեխաների խնամքը համատեղելու ավելի քիչ հնարավորություններ ունեն: Նման եզրակացությունը, սակայն, պահանջում է ավելի հանգամանալից ուսումնասիրություն և մանրամասն վերլուծություն:

Մայրերի զբաղվածության մակարդակը

Մայրերի զբաղվածության մակարդակը հետևողականորեն աճում է և ներկայում ԵՄ անդամ երկրներում կազմում է 50%-ից ավելին, իսկ երկրների մեծամասնությունում՝ ավելի քան 70%: Մայրերի զբաղվածության մակարդակի վրա ազդում են տարբեր տնտեսական, սոցիալական և գենդերային քաղաքականություններ, սակայն այս համառոտագրի առանցքում, մասնավորապես, ՎՄՇԽԿ քաղաքականության ազդեցությունն է: Թե ինչպես է ՎՄՇԽԿ քաղաքականությունն ազդում մայրերի զբաղվածության մակարդակի վրա, կարելի է տեսնել՝ համադրելով այն երկրները, որոնք զբաղվածության ցուցանիշների սանդղակի վրա զբաղեցնում են վերին և ստորին աստիճանները, այսինքն երկրներ, որտեղ զբաղվածության մակարդակը ամենաբարձրն է և հակառակը: Հարավային Եվրոպայի երկրներում, օրինակ՝ Հունաստան, Իտալիա և Մալթա, ամբողջ ԵՄ-ի համեմատությամբ, մայրերի զբաղվածության մակարդակն ամենացածրն է, համապատասխանաբար՝ 53,9% 55,0% և 59,1 %: Միևնույն ժամանակ, ցածր է առաջարկվող ֆորմալ խնամքի մակարդակը, ինչպես Հունաստանում, կամ ֆորմալ խնամքի տևողությունը տատանվում է ընդամենը 1-29 ժամ միջակայքում, ինչպես Իտալիայում և Մալթայում:

Ի տարբերություն այս երկրների՝ Հյուսիսային Եվրոպայի երկրներում, մասնավորապես Շվեդիայում և Դանիայում, մայրերի զբաղվածության մակարդակն ամենաբարձրն է, համապաասխանաբար՝ 87,8% և 83,1%: Միևնույն ժամանակ, այս երկրներում ֆորմալ խնամքի հաստատությունների ծավալն ամենամեծն է, և առաջարկվող խնամքի տևողությունն ավելի է, քան 30 ժամը: Հետևաբար, երեխայի խնամքի տեսակի և տևողության, ինչպես նաև մայրերի զբաղվածության միջև հարաբերակցությունը կարելի է համարել այս երկրների և տարածաշրջանների միջև տարբերություների և ընդհանրությունների հիմքը:

ԵՄ-ում ՎՄՇԽԿ քաղաքականությունների և դրանց ազդեցությունների հետագծի ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ մինչ օրս հետևողական և զգալի ջանքեր են գործադրվել ՎՄՇԽԿ հաստատություններում մինչև երեք տարեկան երեխաների ներգրավվածության մակարդակը բարձրացնելու, հետևաբար աշխատաշուկայում կանանց մասնակցությունն ավելացնելու ուղղությամբ: Արդյունավետ ՎՄՇԽԿ քաղաքականությունները, ինչպիսիք իրականացվում են Հյուսիսային Եվրոպայի երկրներում, կանանց թույլ են տալիս ընդլայնել իրենց արտադրողական (մասնագիտական աշխատանք) և վերարտադրողական (տնային տնտեսության, խնամքի հոգսեր) դերերի շրջանակները: Արդյունավետ ՎՄՇԽԿ քաղաքականություններն ազդում են նաև ծնելիության ցուցանիշների վրա, քանի որ, որպես կանոն, այն երկրներում, որտեղ ՎՄՇԽԿ ծածկույթն ավելի մեծ է, ավելի բարձր են նաև ծնելիության և աշխատաշուկայում կանանց մասնակցության մակարդակները, միևնույն ժամանակ ավելի փոքր է գենդերային ճեղքվածքը։


Սույն փաստաթուղթը պատրաստվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Տղաների նախապատվության և աղջիկների թերարժևորման կանխարգելմանը ուղղված գլոբալ ծրագրի» շրջանակներում:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։