ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Դասեր, որ պետք է քաղել կորոնաճգնաժամին արձագանքելիս

23.03.2020

Մեր ապագան մենք ենք կերտում։ Կորոնավիրուսով կամ ցանկացած այլ իրադարձությամբ պայմանավորված տնտեսական ցնցումներից պաշտպանվելիս նույնպես ապագան մենք ենք կերտում։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։

Հայաստանն անցել է 2008-09թթ. ճգնաժամով, 2014-15թթ․ ճգնաժամով, և հիմա էլ նոր ցնցում է, որին պետք է արձագանքենք։ Արձագանքման ֆինանսա-տնտեսական բանաձևը նույնն է՝ ապագայի հաշվին լուծել այսօրվա խնդիրը։ Արդեն իսկ հայտարարվել է սոցիալական ու տնտեսության պետական աջակցության մասին, սակայն ո՞րն է լինելու դրա աղբյուրը, և ու՞մ ուսերին ենք դնելու ապագայի բեռը։

Տնտեսությունը կանգ է առել՝ հատկապես այն ոլորտները, որոնք մարդկային շփումների հետ են առնչվում, մարդկանց տեղափոխման հետ են կապված՝ ծառայություններ, տրանսպորտ, տուրիզմ։ Այսպիսի ճգնաժամը հարվածի երկու ուղի ունի՝ երկուսն էլ միաժամանակ։ Մի կողմից նվազում է պահանջարկը՝ ոլորտները կանգ են առնում, չկա շրջանառություն, մյուս կողմից դադարեցվում են ներդրումային ծրագրերը։ Ու սա շղթայաձև սկսում է հարվածել փոխկապակցված ոլորտներին՝ պարտք վերցրած բիզնեսներն այն վերադարձնելու վտանգի առաջ են կանգնում, աշխատատեղեր են կրճատվում, դա էլ իր հերթին հանգեցնում է պահանջարկի ավելի կրճատման։ Համընդհանուր պահանաջարկն ու առաջարկն ընկնում են։ Արդեն իսկ հայտարարված վարկային արձակուրդը որոշակիորեն կմեղմի նկարագրած բացասական շղթան։

2008թ․ ճգնաժամից քաղված դասեր

Այս ճգնաժամից քաղված դասը մեկն է՝ դաս այդպես էլ չքաղեցինք։ Իհարկե, այսօրվա ճգնաժամն իր բովանդակությամբ տարբերվում է նախկինից. դրամը գերարժևորված չի, պահուստները մեծ են, ֆինանսական կայունություն կա, խուճապ չկա։ Բոլորը հասկանում են, որ անհրաժեշտ է, որպեսզի տնտեսություն լիկվիդայնություն մտնի՝ փողը պետք է աշխատի։ Սակայն ինչպե՞ս։ 2008 թվականին Ռուսաստանից վերցրած 500 միլիոն դոլար վարկը կոչված էր հենց լիկվիդայնություն ներարկելուն՝ հիմնականում ինվեստիոցիոն տեսքով, սակայն այդպես էլ անհայտ մնաց դրա արդյունավետությունը։ Բեռը տեխափոխեցինք ապագա։ Ապագայի հաշվին լուծեցինք պահի հարցը։ Արդյո՞ք  նույնն ենք կրկնելու, ո՞րն է լինելու տնտեսության աջակցման միջոցների աղբյուրը։ Հակիրճ՝ չքաղված դասերի մասին.

  • «Աներկբա միայնակ» սեփականատերեր։ Այսօր շատ գործարարներ, շատ սեփականատերեր հայացքներն ուղղել են պետությանը, բանկերից խնդրում են վարկային արձակուրդ, զգում են ճգնաժամի ազդեցությունը։ Սակայն, երբ հերթը հասնում է կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և օրինական աշխատելուն, ապա ապավինում են միմյան իրենք իրենց, չեն ցանկանում մտնել բորսա, արժեթղթավորվել, կորպորատիվ կառավարման սկզբունքներին հետևել։ Այսպես, 2008 թվականից հետո պետությունը բազմաթիվ վարկեր տվեց խոշոր և միջին բիզնեսին, որպեսզի վերջիններս վարկային պարտավորություններ փակեն, ներդրումներ անեն, զարգանան։ Ցանկացած ճգնաժամի ժամանակ, երբ կա կապիտալի շուկա, երբ ձեռնարկությունները կապիտալիզացված են, շուկայական մեխանիզմներն առավել արդյունավետ գործիքակազմ են տրամադրում կառավարությանն ու կենտրոնական բանկին՝ արդյունավետորեն միջամտելու և աջակցելու շուկային։ Հայաստանի շուկան այդպես էլ չկապիտալիզացվեց։
  • Առաջարկ։ Ներկա ճգնաժամից հետո նույնպես որոշ խոշոր ձեռնարկություններ աջակցություն են հայցելու։ Բիզնես պլաններ են ներկայացնելու, սկսելու են բանակցել։ Ավելին ասենք, կիրառվելու է պարզագույն փաստարկումը՝ աշխատատեղեր կամ բոլորս նույն «նավակի» մեջ ենք։ Սակայն, ի տարբերություն նախորդ անգամների, այս անգամ կառավարությունը պետք է նման խոշորների աջակցության փաթեթում ընդգրկի կորպորատիվ կառավարման պարտադիր սկզբունքների ապագա կիրառումը, ձեռնարկության կապիտալիզացիան։ Եթե նախորդ անգամ դա արված լիներ, այսօր շատ հեշտ կլիներ ճգնաժամին դիմագրավելը, գործիքակազմն ավելի մեծ կլիներ
  • Սոցիալական ապահովության համակարգից կտրվածները․ այո, նրանք աշխատող խավից են, մեր տնտեսության ողնաշարից, իմաստից ու նպատակից։ Մենք ունենք զբաղվածների մի շերտ, որոնք հարկ չեն վճարում։ Հարկ չվճարելով կարողանում են լուծել իրենց սոցիալական հարցերը, չարտագաղթել։ Պայմանական կարող ենք այս խավին ներել հարկ չվճարելը, քանի որ այդպիսով նրանք պետության վրայից սոցիալական մեծ բեռ են վերցնում։ Սակայն այսօր այդ խավին պետականորեն սոցիալական աջակցություն տրամադրելը խնդրահարույց է՝ նրանք չեն կարող ներկայացնել աշխատավայրից թուղթ, եկամուտների չափ, հասկանալի չեն հնարավոր կորուստներն ու վնասները։ Նույն տուրիզմի անկումից տուժելու են հազարավոր տաքսիստներ, սակայն սեփական կորուստների չափը հիմնավորող փաստաթուղթ չեն կարող ներկայացնել։
  • Առաջարկ։ Իհարկե, բնակչությանը սոցիալական աջակցություն պետք է՝ անկախ ֆորմալ կամ ոչ ֆորմալ հատվածում լինելուց։ Այդպես արդեն իսկ վարվել են մի շարք երկրներ՝ քաղաքացիներին պարզապես գումար տրամադրելով։ Սակայն անհրաժեշտ է մարդկանց հետ հաղորդակցվել սոցիալական ապահովության համակարգի մաս լինելու կարևորության շուրջ։ Եթե մարդիկ իրենց զգում են անտեսված, պետք է նաև հիշեն, որ իրենք են թաքնվել։ Պետության սոցիալական ապահովության համակարգին (ամբողջությամբ՝ առողջապահություն, նպաստներ, կենսաթոշակային և այլն) պետք է մասնակցես, որ հետո օգտվես։ Չի կարելի շարունակել ապրել այնպես, որ մասնակցելուց թաքնվես, իսկ օգտվելիս հայտնվես։ Աջակցություն այս ճգնաժամային իրավիճակում պետք է տրամադրել, սակայն կարևոր է, որ այդ մարդիկ սկսեն մաս կազմել այս համակարգին։ Կառավարությունն էլ իր հերթին պետք է մի կողմից մշակի մասնակցելու ամբողջական գործիքակազմը, մյուս կողմից՝ աջակցելունը։ Մարդիկ պետք է հասկանան, ինչ է նշանակում լինել պետության թևի ներքո։
  • Ֆինանսավորման աղբյուրը։ Այս տարի բյուջեի դեֆիցիտը պլանավորված է 161 միլիարդ դրամ։ Ընդ որում, ներքին պարտքն աճելու է 211 միլիարդ դրամով, իսկ արտաքինը 50 միլիարդ դրամով նվազելու է։ Պետության կողմից հայտարարված աջակցությունը՝ 150 միլիարդ դրամը, Հայաստանի բյուջեի համար փոքր բեռ չի։ Արտաքին ֆինանսավորումը մեծացնելու է ճնշումը փոխարժեքի վրա. մի կողմից լուծելու է փողի աղբյուրի խնդիրը, սակայն մյուս կողմից թուլացնելու է տնտեսության մրցունակությունը։ Տեսական լուծումը պարզ է՝ ներքին խնայողությունների «կոնսոլիդացիա»։ Հայաստանի ֆինանսական համակարգն արդեն իսկ հասունացել է այնքանով, որ ունենք մեծ խնայողություններ ունեցողներ, ու այնպես չէ, որ միայն պարտք ունեցողներ են տնտեսությունում։ Որտե՞ղ կուղղեն այդ խնայողությունները մարդիկ։ Ահա այստեղ է, որ բազմաթիվ ֆինանսական միջամտություններ են անում երկրների ֆիսկալ և մոնետար պատասխանատուները։ Երկար պարտքերը փոխարինում են կարճերով, մեծացնում են լիկվիդայնությունը, տոկոսադրույքներն են իջեցնում։ Կենտրոնական բանկն արդեն իսկ իջեցրել է տոկոսադրույքը։ Առաջին քայլն արված է։ Սակայն ինչպես շարունակել։ Սա այն դեպքն է, երբ տնտեսության մեջ ինչպես կա փողի պակաս, այնպես էլ կա ավելցուկ՝ ամբողջ հարցը դրանց բաշխվածությունն է և նախասիրությունը։ Տնտեսությունները հեշտ են կարողանում դիմագրավել ճգնաժամերին, երբ ֆինանսական ցնցումները չեն փոխում արժութային նախասիրությունները՝ մի բան, որին ականատես ենք եղել 2009 և 2015 թվականների ճգնաժամերի ժամանակ։ Այսօր նման սցենար մի կողմից թույլ տալ չի կարելի, մյուս կողմից էլ դա թույլ չտալու ավելի մեծ հնարավորություններ են ստեղծված։ Միայն մեկ հարց կա՝ ինչու՞ պետք է մարդիկ վստահ լինեն, որ, եթե իրենց դրամային խնայողություններն ուղղեն ճգնաժամի հաղթահարման կառավարության ծրագրին՝ բյուջեի դեֆիցիտի մեծացման միջոցով, ապա այդ գումարները առավելագույն օգնությունը կտան Հայաստանի տնտեսությանը (ու չեն դառնա ինֆլյացիայի կամ արտարժութային նոր ճնշումների աղբյուր)։
  • Առաջարկ։ Ճգնաժամի հաղթահարման միջոցառումները պետք է հստակ, թափանցիկ ու նպատակային լինեն, բավարարեն վերը նշված երկու սկզբունքներին, ստեղծեն կարևոր ենթակառուցվածքներ, չդառնան մարդկանց համար լրացուցիչ էժան սպեկուլյատիվ փողի աղբյուր։ Այսօր մի կարևոր հարց լուծված է. մարդիկ վստահ են, որ կոռուպցիոն նպատակով չեն այդ փողերն օգտագործվելու։ Մնում է հաջորդ կարևոր դետալը՝ նպատակայնությունը, պրոֆեսիոնալիզմը, իրական դրական ազդեցությունը։ Իհարկե, ճգնաժամի ժամանակ ազգը միավորվում է, իհարկե ցանկանում ենք միմյանց աջակցել, ավելին՝ հայրենասիրության հողի վրա կոնսոլիդացիան մեծ դեր կարող է խաղալ ու խաղում է, սակայն վստահությունն իրական քայլերով պետք է ամրապնդել, մարդիկ պետք է արդյունք տեսնեն։

Լուծումներ շատ կան։ Ժամանակն է սուղ։ Սակայն կարևոր է, որ լուծումները, կարճաժամկետ քայլերը լինեն ռազմավարական զարգացման ուղու վրա։ Կարելի է այս պահին ստեղծել ներդրումային հիմնադրամ, կարելի է պարտադիր պայման դնել ներդրումներ ստացողների կողմից իրենց բաժնեմասերի մի մասը հիմնադրամին հանձնելը, իսկ ճգնաժամից հետո դրանք շուկա մտցնելը։ Եթե այսօր ժամանակ չկա կորպորատիվ կառավարման անցնելու, ապա կարելի է դա նախապայմանի, բանակցային համաձայնության կամ այլ կերպ ամրագրել՝ հետագայի համար։ Այո, «հայտնի արտադրամասը, որտեղ կորոնավիրուս կա» պետք է դառնա կորպորացիա, եթե ակնկալում է աջակցություն։ Սակայն, ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ անհատների դեպքում նշված լուծումները, ներքին պարտքային շուկայում մասնակցելու պահանջարկի աճը, ճգնաժամը հաղթահարելու միասնական ջանքերը պետք է ամրագրվեն փոխադարձ համաձայնությամբ, սա այն պահն է, որ գիտակցումն ավելի կարևոր է, քան պարտադրումը։ Աջակցության փաթեթով ամրագրված պարտադրանքը պետք է լինի վարքագիծ ու վերաբերմունք փոխելու գիտակցված համաձայնության ընդամենը ձևական ամրագրումը։

Իսկ ներդրումային հիմնադրամի հետագա ճակատագիրն էլ կարող է յուրօրինակ լինել. երբ ճգնաժամը հաղթահարվի, շուկան կայանա և բաժնետոմսերից հիմնադրամն ազատվի՝ վաճառելով դրանք շուկայում, այն կարող է դառնալ առողջապահության ապահովագրության ապագա համակարգի սկզբնական կապիտալի ապահովողը։ Ի վերջո, հենց այս օրերին մարդիկ գիտակցեցին առողջապահության համակարգի կարևորությունը։ Եվ սա կարող է լինել համընդհանուր համաձայնության կարևորագույն սկիզբ։

 


Համառոտագիրը մշակվել է 18.03.2020թ. կայացած «Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղիները» խորագրով կլոր-սեղան քննարկման արդյունքում «Հայաստանի Հանրապետության դրամավարկային և ֆինանսական հատվածի արդյունավետ հաղորդակցության ուղիների զարգացմանն ուղղված» ծրագրի փորձագիտական խմբի կողմից։ Ծրագիրն իրականացնում է «ԱյՍիԷյչԴի. Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ը՝ «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։