ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հանրակրթությունն արտակարգ դրության պայմաններում և անդին

16.05.2020

Մոխրոտիկին շորը չէր, որ զարդարում էր...

Կորոնավիրուսային համավարակն անմիջապես «մերկացրեց» մեր հանրակրթությունը, և պարզվեց, որ այն այնքան էլ տգեղ չէր, որքան կարծում էինք։ 2020թ. մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելուց մեկ շաբաթ անց Հայաստանի 1360 հանրակրթական դպրոցների գրեթե 80% դարձավ «վիրտուալ»՝ կրթությունը կազմակերպելով հեռավար, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ընձեռած հնարավորությունների կիրառմամբ։ Կառավարությունն արտակարդ դրության պայմաններում հնարավորինս արագ և սեղմ ժամկետներում կարողացավ համակարգել ոլորտում առկա ՏՀՏ և կրթական ռեսուրսները, լրացուցիչ նոր ռեսուրսներ առաջարկել, բացահայտել կրթության գործընթացում հեռավար մասնակցություն ապահովելու համար անհրաժեշտ տեխնիկական ռեսուրսների բացը։

Հընթացս վեր են հանվում առկա առանցքային խնդիրները, ինչպիսիք են ուսուցիչների և աշակերտների ավելի շատ ծանրաբեռնվածությունը՝ ի տարբերություն դեմառդեմ կրթական գործընթացի, հանրակրթական առարկայական ծրագրերի գրեթե հայելանման փոխակերպումը հեռավար կրթական գործընթացում, մեթոդաբանության խնդիրները և մասնավորապես ԿԱՊԿՈՒ երեխաների հետ աշխատանքի մեթոդաբանությանն առնչվող, աշակերտների մասնակցության, գնահատման և քննությունների կազմակերպման գործընթացների անորոշությունները և խնդիրները։ Հընթացս ԿԳՄՍՆ և ԿՏԱԿ-ը տալիս են նաև իրավիճակային լուծումներ։ Պարզվեց, որ մեր հանրակրթական Մոխրոտիկն իր բոլոր խնդիրներով հանդերձ, և առանց բարի փերու նվերների, հայտնվեց օնլայն պարահանդեսում և հիմնական վախերն ու անորոշությունները հաղթահարելով՝ կարողացավ շարունակել իր պարը՝ հիմնականում ուսուցիչների շնորհիվ։

Ինչպե՞ս պատրաստվել հաջորդ պարահանդեսներին. ո՞րն է խնդիրը

Ներկա համավարակի պայմաններում հանրակրթությունը կազմակերպելու հրատապ կարիքն ու պահանջները հանրակրթության բոլոր դերակատարների՝ թե՛ շահառուների, թե՛ շահակիցների մտահոգությունների վեկտորը փոխեցին դեպի «հեռավար կրթության» հիմնահարցերի քննարկում, թեև պետք է դիտարկել, որ գրեթե բոլորը համակարծիք են մի հարցում. այն ինչ առաջարկվում է այսօր, դժվար է կոչել «հեռավար կրթություն»։ Հետաքրքրական է, որ ըստ էության, արտակարգ դրության պայմաններում կազմակերպվող հանրակրթական գործընթացը իսկապես «վարվում է հեռվից»՝ ՏՀՏ գործիքակազմի կիրառմամբ, այսինքն «հեռավար» է, մինչդեռ օնլայն կրթության դասական ճարտարապետության տեսանկյունից՝ այն դժվար է սահմանել որպես «օնլայն» կրթություն։

Սակայն անկախ սահմանումներից, դրանց ընկալումներից և ներկա գործընթացի դասակարգման փորձերից, չափազանց կարևոր է, որ իշխանությունները, և հատկապես գործադիր իշխանությունը, կարողանա դիմադրել թերևս միանգամայն մարդկային հատկանիշներով պայմանավորված գայթակղությանը՝ կարևորագույն հարցին պատասխանելու փոխարեն տրվել այդ նույն հարցն ավելի հեշտով փոխարինելու գայթակղությանը, քանի որ հեշտ հարցերի պատասխանները ևս ավելի հեշտ են։

Մասնավորապես, կառավարությունը պետք է հետևողականորեն շեշտի խնդիրը՝ ինչպե՞ս կազմակերպել հանրակրթությունը արտակարդ դրության և հանրակրության մասնակից խմբերի առանձնահատկություններից ելնելով, և չտրվի հատկապես փորձագիտական համայնքի կողմից ներկայում գերակա դարձվող մեկ այլ խնդրի շուրջ լուծումներ փնտրելու գայթակղությանը, այն է՝ օնլա՞յն, թե՞ դեմառդեմ կրթություն։ Դեմառդեմ, հեռավար, թե օնլայն, սրանք ընդամենը կրթության կազմակերպման modus operandi են, բոլորն էլ իրենց առավելություններով և թերություններով։ Փոխարինելով «Ինչպե՞ս կազմակերպել հանրակրթությունը արտակարդ դրության և հանրակրության մասնակից խմբերի առանձնահատկություններից ելնելով» հարցը «Ինչպե՞ս պետք է կազմակերպվի հանրակրությունը՝ օնլա՞յն, թե՞ դեմառդեմ» հարցով, կառավարությունը, փորձագիտական համայնքը և հանրակրթության դերակատարներն ուղղակի կտեղավորվեն այս կամ այն դիրքորոշման հետևում՝ վատնելով վարչական, փորձագիտական, մասնագիտական, գործնական և ֆինանսական ռեսուրսները պատասխանելու հարակից և ոչ թե հիմնական հարցին։ Այո, ՀՀ-ում օնլայն կրթությունը զարգացնելու կարիք անշուշտ կա, սակայն պետք է նախևառաջ հստակ սահմանել դրա ռազմավարական նշանակությունը՝ առնվազն երկարաժամկետ հեռանկարում, և որպես ռեսուրս՝ արտակարգ իրավիճակներում։

Հանրակրթության ներկա և ապագա խնդիրներն արտակարգ դրության պայմաններում և հնարավոր արձագանքներ

Հետագա ռազմավարական քննարկումներում անհրաժեշտ է անդրադառնալ արտակարգ իրավիճակների առանձնահատկություններին. ինչպիսի՞ ռեսուրսներ կարող են հասանելի լինել տարբեր արտակարգ իրավիճակներում՝ համավարակ, լայնամասշտաբ ռազմական գործողություններ, բնական աղետներ։ Օրինակ՝ համավարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ հանրակրթությունը հեռավար դարձնելու համար անհրաժեշտ գործոնները՝ էլեկտրական հոսանք, տեխնիկական սարքավորումներ, կապի որակ, հասանելիություն և մատչելիություն, հիմնկանում առկա են։ Առկա՞ են լինելու այդ ռեսուրները այլ արտակարգ իրավիճակներում...

Նախորդ երկու ամիսների ընթացքում հնարավորություն ընձեռնվեց իրական պայմաններում վեր հանել համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակում հանրակրթությունը կազմակերպելու խնդիրները, մասնավորապես՝ (1) կապի հասանելիություն և մատչելություն. (2) տեխնիկական հագեցվածություն. (3) ԿԳՄՍՆ, մարզպետարանների, տնօրեննների, ուսուցիչների միջև հաղորդակցության ուղղահայացությամբ և համապատասխանաբար դրա վրա հիմնված ակնկալիքներով պայմանավորված դասավանդման պրակտիկա. (4) առարկայական ծրագրերի մեկնաբանության և դասավանդման ազատության հիմնականում չօգտագործված հնարավորություն. (5) ուսուցիչների համակարգչային գրագիտություն. (6) օնլայն դասավանդման մեթոդաբանության խնդիրներ, ներառյալ աշակերտների տարբեր խմբերի՝ տարիքային, հոգեբանական և զարգացման առանձնահատկություններով պայմանավորված. (7) գնահատման խնդիրներ. (8) խնդիրների բարձրաձայնման, համակարգման և դասակարգման, ինչպես նաև առկա ռեսուրսները համապատասխան թիրախային խմբերին ուղղորդելու «մեկ պատուհանի» կարիք։

Արտակարգ դրությունից հետո արձագանքն այս բոլոր խնդիրներին պահանջում է համակարգված մոտեցում՝ համահունչ հիմնական խնդրի շուրջ կառավարության ռազմավարական ընտրությանը։ Այս մոտեցումը և այն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցառումների շրջանակը պետք է հիմնված լինի վստահելի փաստական հիմքի վրա, առնվազն տարբեր հարթակներում հավաքված գործնական խնդիրների և մտահոգությունների վերլուծության, հանրակրթության ոլորտում ՏՀՏ կիրառման, հեռավար և օնլայն ուսուցման փորձառության ընդգրկուն հետազոտության, ուսուցիչների վերապատրաստման մեխանիզմների մոնիտորինգի և գնահատման տվյալների վրա։ Անհրաժեշտ է ԿԳՄՍՆ-ում բազմամասնագիտական օպերատիվ խումբ (task force) կազմավորել, որը կզբաղվի հենց այս փաստական հիմքի ձևավորման, շահառուների հետ հետևողական հետադարձ կապ պահպանելու և դրա հիման վրա քաղաքականության մշակման, քննարկման և համապատասխան միջոցառումների շրջանակի ձևավորման խնդիրներով, որոնք կներառեն նաև մասնագիտական անդրադարձ այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են՝

  • հեռավար և օնլայն կրթության սահմանումները և առանձնահատկությունները.
  • հանրակրթական գործընթացի կազմակերպման տարբերակված մոտեցման հնարավորություններ. օրինակ՝ համայնքի բնակչության թվով և դպրոցում աշակերտների քանակով, ինչպես նաև համաճարակի պայմաններում անհրաժեշտ անվտանգության միջոցառումների առկայությամբ պայմանավորված դեմառդեմ հանրակրթական գործընթացի կազմակերպման հնարավորություն.
  • օնլայն ուսուցման ճարտարապետությունը (instructional design), անհրաժեշտ ռեսուրսները, ներառյալ սոցիալական (օրինակ՝ օնլայն կրթության ձևավորման հիմքում ընկած հիմնականում ինդիվիդուալիստական աշխարհայացքով պայմանավորված արժեքների և վարքագծի յուրահատուկ դրսևումները հայաստանյան հիմնականում կոլեկտիվիստական մշակույթում), և մեթոդաբանությունը.
  • օնլայն դասավանդման որակի ապահովման մեխանիզմներ և գործիքակազմ.
  • օնլայն դասավանդման գործընթացում աշակերտի հետ կապի առանձնահատկությունները.
  • գիտելիքի գնահատման առանձնահատկությունները և գործիքները.
  • սովորողների տարբեր խմբերի առանձնահատկությունները օնլայն կրթությունում։

Թերևս այս դեպքում մեր հանրակրթական Մոխրոտիկը հաջորդ պարահանդեսներին կկարողանա ներկայանալ իր ողջ գեղեցկությամբ։


Համառոտագիրը մշակվել է 2020թ. մայիսի 2-ին կայացած` «ՀՀ հանրակրթական համակարգի արձագանքը նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մարտահրավերներին. լուծումներ և քաղված դասեր» խորագրով առանց հղումների իրավունքի առցանց քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Համառոտագրում արտահայտված են ՄԶՄԿ-ի կարծիքները, որոնք պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսակետներին։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։