ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հրատապ արձագանք հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին. քաղաքականության հրամայականները

27.11.2020

Արցախյան երկրորդ պատերազմի աղետալի հետևանքներից է հաշմանդամություն ունեցող անձանց թվի կտրուկ աճը։ Սեպտեմբերի 27-ից ի վեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրականացրած հետևողական մշտադիտարկումը վկայում է.  հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-տնտեսական,  սոցիալ-հոգեբանական և վերականգնողական բնույթի կարիքներն արդյունավետ ու արագ կերպով չհասցեագրելու արդյունքում անխուսափելիորեն խորանալու է պետական մի շարք կառույցների հանդեպ վստահության ճգնաժամը։

Հաշմանդամություն ունեցող անձանց կարգավիճակի սահմանումը և ծառայությունների տրամադրումը

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցերը քննարկվում են անձի՝ համապատասխան կարգավիճակ ստանալուց հետո։  Մինչ այդ անձին հասանելի չեն պետական աջակցության շրջանակներում տրամադրվող սոցիալ-տնտեսական և առողջապահական ծառայություններն ու արտոնությունները, իսկ խնամքի և անձնական օգնականի ծառայությունները անձին հասանելի են բացառապես մասնավոր ֆինանսների հաշվին։ Շատ դեպքերում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձը ընտանիքի միակ կամ հիմնական վաստակողն է, իսկ նման ծառայություններն անհաղթահարելի բեռ են ընտանիքի կամ անձի համար։

Միաժամանակ, կարգավիճակի տրամադրումը ժամանակատար է. սահմանված ընթացակարգերի համաձայն՝ տևում է ամիսներ։ Ավելին, գործող ընթացակարգերի համաձայն ռազմական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ստացած անձը պետք է դիմի ԱՍՀՆ և ՊՆ, ինչը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և բազմաթիվ անորոշությունների առերեսվող հազարավոր հայաստանցիների և տեղահանված անձանց համար առաջացնում է լրացուցիչ, երբեմն նաև անհաղթահարելի դժվարություններ։ Այսպես, Զինված ուժերի համալրման գործընթացի երբեմն հախուռն բնույթը հանգեցրել է մի իրողության, երբ ռազմաճակատ մեկնած բազմաթիվ կամավորները չեն կցագրվել որևէ ստորաբաժանման. արդյունքում հաշմանդամություն ստացած անձը իրավական առումով կրելու է հաշմանդամություն ստանալու հանգամանքների պարզաբանման բեռը, իսկ հաշմանադամության կարգավիճակ ստանալու գործընթացը, ստեղծված իրավիճակում, կարող է ձգվել անորոշ ժամկետով։ Մինչդեռ սոցիալական աջակցության դերն ու կարևորությունը ռազմական գործողությունների արդյունքում և առօրյա պայմաններում  հաշմանդամություն ստացած անձանց համար էականորեն տարբերվում են։  Իրավամբ, ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք հաճախ աջակցող սարքերի (քայլակ, սայլակ, օրթոպեդիկ կոշիկներ) և վերականգնողական բժշկական ծառայությունների ու սպասարկման կարիք ունեն։ Նման սարքավորումներն ու աջակցությունը պետականորեն տրամադրվում են բարդ ընթացակարգերով և տևական գործընթացի արդյունքում, մինչդեռ, հազարավոր զինծառայողների, կամավորների և պահեստազորայինների համար համապատասխան վերականգնողական ծառայությունների անհապաղ տրամադրումը կենսական  նշանակություն ունի հենց հաշմանդամության կանխարելման և դրա ծանրության աստիճանի նվազեցման առումով։ Այսպիսով, ձևավորված իրականության պայմաններում խիստ կարևոր է անհրաժեշտ աջակցության տրամադրումը և ծառայությունների մատչելիությունը վաղ փուլում, շատ դեպքերում՝ նախքան անձին հաշմանդամության կարգավիճակ տրամադրելու հարցի վերաբերյալ որոշման կայացումը։

Էլ ավելի բարդացող իրականությունը

Հաշմանդամության կարգավիճակի տրամադրման գործընթացը ներկա պայմաններում չի դիմանում նաև Արցախից տեղահանվածների մեծ հոսքերի արդյունքում ստեղծված մարտահրավերներին։ Ստեղծված բարդ իրավիճակում փաստաթղթերի վերականգնման խնդրին բախվող բազմաթիվ  տեղահանվածների համար հաշմանդամության կարգավիճակ ձեռք բերելու գործընթացը վերածվում է մղձավանջի։ Արցախից տեղահանված անձանց, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման գործառույթը դրված է ՏԻՄ-երի ուսերին, ընդ որում, ՄԻՊ գրասենյակի ուսումնասիրությունները վկայում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրական թիվն ավելի մեծ է, քան հաշվառվածներինը, գործընթացը համակարգողները հաճախ բավարար գիտելիքներ, հմտություններ, գործիքակազմ և մեխանիզմներ չունեն՝ գործընթացն արդյունավետ և լիարժեք կերպով իրականացնելու, մասնավորապես, ոչ ակնհայտ հաշմանդամության դեպքերը հայտնաբերելու և հաշվառելու համար։ Քարտեզագրման, տեղահանված անձանց հետ կապի պահպանման, նրանց բնակության վայրի մասին տեղեկատվություն հավաքելու բազմաթիվ խնդիրներն էլ ավելի են բարդացնում մարտահրավերները։ Ակնհայտ է տարբեր դերակատարների արդյունավետ համագործակցության, համակարգման և ուղղորդման գործուն մեխանիզմների անհրաժեշտությունը։ Այսպես, տվյալների մեկ ընդհանուր բազայի ստեղծումը թույլ կտա հասկանալ, թե հաշմանդամություն ունեցող անձինք ինչպիսի ծառայությունների կարիք ունեն և ինչ ծառայություններից են արդեն օգտվում։

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական և բժշկական աջակցության տրամադրման գործընթացն էլ ավելի է բարդացել նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում. առանձին դեպքերում բժշկասոցիալական հանձնաժողովներում անդամների 50-70 տոկոսը չեն կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին վարակված լինելու պատճառով։

Ընդհանուր առմամբ, ձևավորված իրողություններում հաշմանդամություն ունեցող անձանց պետական հոգածության, նրանց իրավունքների երաշխավորման առկա մեխանիզմները ի զորու չեն դիմակայելու խնդիրների համահավաք բարդությանը, իսկ ճգնաժամային կառավարման մոդել, որը կարող էր ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, Հայաստանը չունի։

Միջանկյալ կարգավիճակի տրամադրման ինստիտուտի ներդրում

Ռազմական գործողությունների արդյունքում հաշմանդամություն ստացած անձանց խնդիրները պատշաճ կերպով լուծելու, նրանց իրավունքների իրականացումն ապահովելու նպատակով առաջարկում ենք նշանակալիորեն կրճատել հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացի ժամկետը՝ միջանկյալ կարգավիճակի տրամադրման ինստիտուտի ներդրման միջոցով։ Նման միջանկյալ կարգավիճակի տրամադրման իրավական և մասնագիտական հիմք կարող է ծառայել բուժհաստատության կողմից հաշմանդամության հանգամանքը կամ վտանգը հիմնավորող փաստաթղթի կամ տեղեկանքի տրամադրումը, որը թույլ կտա անձին տրամադրել սահմանված աջակցության առանձին ծառայությունները, տրամադրել որոշակի ֆինանսական աջակցություն։ Հետագայում, սահմանված կարգով հաշմանդամության կարգավիճակը հաստատելուց հետո, ծառայությունների և աջակցության տրամադրման շրջանակները կհստակեցվեն՝ հնարավորություն ընձեռելով անհրաժեշտ, հաճախ անհետաձգելի միջամտությունը կատարել ժամանակին։


Համառոտագիրը մշակվել է 2020թ. նոյեմբերի 20-ին կայացած' «Հրատապ արձագանք հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին. ոլորտային քաղաքականության հրամայականները հետպատերազմյան ժամանակահատվածում» խորագրով առանց հղումների իրավունքի առցանց քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ ՄԻՊ գրասենյակի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։