ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հետպատերազմյան խնդիրներ. բռնի տեղահանված անձանց վերաբնակեցում

10.12.2020

Տեղահանվածների քանակը և տիպաբանությունը

Արցախում ծավալված 44-օրյա լայնամասշտաբ մարտական գործողությունները ունեցել են և դեռ կունենան լրջագույն հետևանքներ։ Հետպատերազմյան շրջանի կարևորագույն հարցերից է տեղահանվածների խնդիրը։ Թե որքան մարդ է տեղահանվել այս ընթացքում, ինչ խմբերի են դասակարգվում, ինչպիսի ընդհանրություններ կամ կյանքը շարունակելու ինչպիսի որոշումներ ունեն, դժվար է հստակ ասել. պաշտոնական վիճակագրություն կարծես չկա։

Մինչդեռ ոչ պաշտոնական, մասնագիտական շրջանակները կարծում են, որ մոտավոր հաշվարկներով 100-110 հազար մարդ է տեղահանվել։ Նրանց մեծ մասը՝ շուրջ 90-100 հազարը ՀՀ է տեղափոխվել, փոքր մասը՝ Արցախի տարբեր համայնքներ: Մոտավոր հաշվարկներով՝ տեղահանված անձանցից 50 հազարն արդեն վերադարձել է։ Կրկնենք, սրանք լոկ գնահատականներ են. իրավիճակը գնահատելու լուրջ՝ մեթոդապես հիմնավորված մեխանիզմ չկա: Սա մասնագիտական կարծիք է՝ հիմնված տարբեր հանգամանքների վրա:

Տեղահանվածների մի մասն այն բնակավայրերից են, որոնք հայկական ուժերի վերահսկողության տակ են մնացել, այսինքն մարդիկ կարող են վերադառնալ իրենց տները: Այս խմբի մեջ փոքր ենթախումբ են կազմում այն մարդիկ, ում տներն ավերվել են: Խոսքն ապակիների ջարդվելու մասին չէ, քանի որ դրանք արագ և պետական աջակցությամբ վերականգնվում են: Լրջորեն ավերված տները վերականգնելը երկար ժամանակ է պահանջելու։ Որոշ դեպքերում տներն ամբողջությամբ փլվել են, և նորերը պետք է կառուցվեն: Մյուս ենթախումբը կազմում են մարդիկ, որոնք ունեն իրենց տները և կարող են վերադառնալ, մինչդեռ, ոչ բոլորն են վերադարձել և ոչ բոլորն են ցանկանում վերադառնալ:

Երկրորդ խումբն այն քաղաքացիներն են, որոնք զավթված տարածքներից են՝ Շուշի քաղաք, Քարինտակ, Հադրութ քաղաք, փաստացի նաև Հադրութի շրջանն ամբողջությամբ։ Բռնազավթված են նաև Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի մի քանի գյուղ, Մարտունու շրջանի մի քանի գյուղ, Մարտակերտի շրջանի Մատաղիս և Թալիշ գյուղերը, Քաշաթաղի շրջանի հարավային բնակավայրերը: Այս շրջանների բնակիչները հնարավորություն չեն ունեցել որևէ բան վերցնել իրենց հետ և փաստացի ունեն ամեն ինչի կարիք:

Երրորդ խումբն Ադրբեջանին հանձնված շրջանների բնակիչներն են. Շահումյանի ամբողջ շրջանը՝ բացառությամբ Չարեքթար և Ակնաբերդ գյուղերի (Չարեքթար գյուղի բնակիչները անորոշության պատճառով տներն այրել ու հեռացել են), Քաշաթաղի հյուսիսային բնակավայրերը, Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղը, Մարտակերտի շրջանի 6 համայնքները:

Չորրորդ խումբը Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս բնակավայրերի բնակիչներն են: Այստեղ էլ մարդիկ, անորոշությամբ և անվտանգության երկարաժամկետ ռիսկերով պայմանավորված, լքել են բնակավայրերը: Այս երեք բնակավայրերը միջանցք են կազմում, իսկ միջանցքի հարցը արտաքին քաղաքականության, բանակցությունների խնդիր է:

Ընդհանուր առմամբ, կրկին մոտավոր հաշվարկներով 40 հազար արցախցի անտուն է մնացել, 10-12 հազար բնակիչ հանձնված տարածքներից են, մնացածը՝ բռնազավթված տարածքներից: Սա նշանակում է, որ անտուն մնացած արցախցիների ճնշող մեծամասնությունը զրկվել է ամեն ինչից՝ տուն, գույք, կենցաղային պարագաներ, հագուստ: Այս մարդկանց մեծ մասն այսօր ՀՀ-ում է, սակայն շուրջ 5000 մարդ արդեն վերադարձել են Արցախ:

Պետք է հաշվի առնենք, որ Քաշաթաղի և Շահումյանի բնակիչների զգալի մասը դժվարությամբ հետ կգան Արցախ, քանի որ հիմնականում Հայաստանից վերաբնակիչներ են, ունեն սոցիալական ամուր կապեր ՀՀ-ի հետ, ոմանք ՀՀ-ում ունեն բնակարաններ: Որոշ դեպքերում բնակարանները վերանորոգման կարիք ունեն, սակայն որպես ժամանակավոր կացարաններ դեռ ծառայում են: Վերաբնակիչների մի մասը կրկնակի  տեղահանվածներ են: Շահումյանի շրջանում, հիմնականում շահումյանցիները, ինչպես նաև Ադրբեջանից փախստականների մի մասը բնակվում են Ակնաբերդում, որը պետք է վերաբնակեցվեր պետական ծրագրով:  Փաստացի Մարտակերտի տարածքի մեջ է գտնվող Ակնաբերդը Սարսանգի ափին է։ Այն վարչականորեն պատկանում է Շահումյանի շրջանին, և այնտեղ  հիմնականում շահումյանցիներ են բնակվում: Շահումյանի շրջանում էլ կան մարդիկ, որ փախստական են Ադրբեջանից և տարբեր վայրերից:  Այս մարդկանց պարագայում խնդիրներն ավելի շատ են, Հայաստանում չունեն կացարան և հիմնականում ցանկանում են հետ գալ:

Ենթադրվում է, որ 1-2 ամսվա ընթացքում 20-25 հազար մարդ վերադառնալու խնդիր է ունենալու, եթե նրանց՝ ՀՀ-ում  վերաբնակեցնելու հարցը ՀՀ կառավարության կողմից չլուծվի լայնածավալ ծրագրի միջոցով:

Վերադարձի կազմակերպման խնդիրները

Նպատակն, անշուշտ, այն է, որ մարդիկ վերադառնան Արցախ, երկարաժամկետ հատվածում Արցախում ունենանք կայուն մշտական բնակչություն, որոնց ուժերով կկարողանանք Արցախը զարգացնել այն հույսով, որ ինչ-որ պահի ավելի լավ ժողովրդագրական և անվտանգային վիճակ ստանանք: Այս պահին վերադարձի կազմակերպման գլխավոր խնդիրն անորոշությունն է՝ առաջին հերթին անվտանգության, այնուհետև սոցիալական խնդիրների հետ կապված:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում ծավալված լայնամասշտաբ մարտական գործողությունները լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ են առաջացրել Արցախում և Հայաստանում ապրող արցախցիների համար՝ առաջին հերթին պետք է հասկանալ, թե որքան մարդ է տուժել. նախ՝ որքան մարդ է կորցրել իր բնակարանը, ունեցվածքը, եթե նրա բնակավայրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ. երկրորդ՝ եթե նրա բնակավայրը հայկական կողմի վերահսկողության տակ է, սակայն հրթիռա-հրետակոծության արդյունքում կորցրել է բնակարանը, շարժական գույքը և այլն: Այսինքն՝ նախ խնդիր կա հաշվառելու, գույքագրելու իրական կորուստները:

Օժանդակության ենթակա խմբերին օգնելու համար, նախ, անհրաժեշտ է հասկանալ, թե որտեղ են գտնվում, նրանցից քանիսը բնակության, մշտական եկամուտի խնդիր ունեն, որից հետո անհրաժեշտ է այդ խնդիրները վերլուծել կարճաժամկետ, երկարաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով:

Օժանդակության ծրագրերը երկու մեծ խմբի պետք է բաժանել: Ծրագրեր, որոնք իրականացվում են Արցախում և Հայաստանում՝ նկատի ունենալով, որ քաղաքացիների մի մասը դեռ ՀՀ-ում է: Իհարկե հիմքում պետք է դնել կարևոր սկզբունքը՝ բարենպաստ պայմաններ ձևավորել նրանց Արցախ վերադարձի համար:

Այս պահին Արցախում գտնվող բռնի տեղահանվածների և թշնամու գործողությունների հետևանքով բնակարանները կորցրածների գլխավոր խնդիրը կացարանի հարցն է: Մի մասը դա լուծել է բարեկամների, հարազատների տանը տեղավորվելով, սակայն դա կարճաժամկետ լուծում է: Մի մասին Արցախի կառավարությունը տեղավորել է հյուրանոցներում, դպրոցներում, տարբեր հասարակական նշանակության օբյեկտներում, ինչը ևս երկարաժամկետ լուծում դժվար է համարել, հատկապես, որ այդ մարդկանց մի մասը եկամուտ չունի, իսկ սննդային ապահովում գրեթե չի իրականացվում:

ՌԴ-ն հայտարարել է առաջիկայում «արագ հավաքվող» 8000 բնակարանի կառուցման մասին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձմեռ է, իսկ մարդկանց մի մասը բառիս բուն իմաստով գիշերում է որտեղ պատահի՝ մեքենաներում, ավտոտնակներում, այգիներում, մեզ պետք են արագ լուծումներ: Որպես տարբերակ՝ կարելի է քննարկել վրանային ավանների հիմնումը: Իրային ապահովման տեսանկյունից նման հնարավորություններ ունեն զինված ուժերն ու արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Այս հարցով կարելի է ստանալ նաև ՌԴ աջակցությունը:

Սննդային ապահովման տեսանկյունից, պետք է հստակ, ըստ խմբերի, գույքագրել կարիքավորներին՝ ովքեր չունեն մշտական եկամուտ և ապահովել սննդով: Մի մասը կարելի է իրականացել ըստ նրանց ոչ մշտական բնակության վայրի՝ հյուրանոցների, դպրոցների և այլն, իսկ ովքեր իրավիճակի բերումով տարբեր վայրերում են, կազմակերպել որևէ տարածքից սննդի հատկացումը: Թվաքանակից կախված՝ կարելի է դիտարկել նաև կամավորների միջոցով առաքումների կազմակերպումը բարձր տարիքի կամ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար:

Ունենք խմբեր, որոնք որևէ ձևով բնակելի կամ ոչ բնակելի տարածքներում բնակություն են հաստատել, սակայն ջեռուցման սարքերի, անկողնու և բնակության համար նվազագույն պայմանների ապահովման խնդիրներ ունեն: Նվազագույն ծախսերով կարելի է հասնել այս խմբերի համար նվազագույն այնպիսի պայմանների ապահովմանը, որոնք հնարավորություն կտան նրանց չլքել Արցախը:

Արցախի պետական կառավարման համակարգում լուրջ վերակառուցումների, վերակազմավորումների խնդիր կա, անհրաժեշտություն կա առկա ուժերը կենտրոնացնել և ռեսուրսներն ուղղել՝ ըստ առաջնահերթությունների: Սոցիալական համակարգն ապահովող մարմիններն ու ծառայությունները գերծանրաբեռնված են, սակայն կան պետական մարմիններ, որոնց առջև դրված խնդիրները կարելի է լուծել անհամեմատ փոքր ուժերով:


Համառոտագիրը մշակվել է 2020թ. դեկտեմբերի 6-ին կայացած' «Բռնի տեղահանված անձանց վերաբնակեցում. խնդիրներ, լուծումներ» խորագրով առանց հղումների իրավունքի առցանց քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։