ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Արտագնա աշխատանքների ոլորտի կարգավորումը` օրախնդիր

05.06.2007

Միգրացիոն հոսքերի խճապատկերը

Բնակչության զանգվածային միգրացիան սկիզբ է առել Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր: Արտագաղթը` իր ավելի փոքր ծավալներով, շարունակվում է նաև այսօր: Ըստ մասնագետների գնահատման, անցած տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունից էմիգրացված բնակչության թիվը կազմում է 800 հազարից 1 միլիոն:

Եթե 80-ականների վերջերին և 90-ականների սկզբներին հանրապետությունից բնակչության արտահոսքի պատճառները բազմազան ու տարաբնույթ էին, ապա հետագայում էմիգրացիոն հոսքերը կրեցին ընդգծված պատճառականություն: Այդ շրջանում իրականացված ուսումնասիրություններն ու հարցումները ցույց են տալիս, որ միգրացիոն գործընթացներում գերակա դիրք է գրավում տնտեսական դրդապատճառներով բնակչության արտահոսքը: Հարցման մասնակիցների 2/3-ը որպես էմիգրացիայի հիմնական դրդապատճառ համարում են աշխատանքի հետ առնչություն ունեցող հանգամանքները` աշխատատեղերի (այդ թվում` մասնագիտական) բացակայությունը կամ սղությունը, աշխատանքի վարձատրության ցածր մակարդակը և ինքնուրույն տնտեսական գործունեությամբ զբաղվելու բարդությունները: Իսկ վերջերս անցկացված հարցմանը մասնակցած տնային տնտեսությունների շուրջ 15%-ի անդամները լրացնում են արտագնա աշխատանքների մեկնածների շարքերը: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ աշխատանքային էմիգրացիան շարունակում է էական դեր ունենալ միգրացիոն հոսքերի խճապատկերում:

Ի՞նչ ունի այստեղ անելու պետությունը: Միանշանակորեն արձանագրենք. հարցը “աշխատանքային միգրացիա” երևույթի դեմ պայքարի ելնելը չէ: Միջազգային բազմաթիվ պայմանագրերն ու համաձայնագրերը, ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը հստակ սահմանում են՝ մարդն ազատ է բնակության վայրն ընտրելու, տեղաշարժվելու, աշխատանքային գործունեությունն իր նախասիրություններին համապատասխան կազմակերպելու և իրականացնելու հարցում. ոչ մի մարմին կամ ոք իրավասու չէ կամայականորեն սահմանափակելու մարդու այս իրավունքները: Վերջին հաշվով, ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ աշխատանքային էմիգրացիայի շնորհիվ է, որ այսօր Հայաստանում հնարավոր է դառնում մեղմել մի շարք հիմնախնդիրների ազդեցությունը: Արտագնա աշխատանքի մեկնած մեր քաղաքացիների կողմից հարազատներին փոխանցվող գումարներն ապահովել են հանրապետության բազմաթիվ ընտանիքների կենսագոյությունը, դարձել երկնիշ տնտեսական աճն ապահովող գործոններից մեկը, որոշակիորեն մեղմացրել մրցակցությունը աշխատանքային շուկայում: Սակայն մյուս կողմից, արդյո՞ք իրավունք տալիս են միգրացիայի` ինչ-որ իմաստով դրական հետևանքները մեր հասարակությանը և առավել ևս պետությանն ու իշխանություններին աչք փակել դրա մյուս` բացասական կողմի վրա:

Աշխատանքային միգրացիա և պետական քաղաքականություն

Անկախ մեր երկրում գրանցվող զարգացումներից` արտագնա աշխատանքների մեկնողների բարձր թվաքանակի միտումը, կարծես, չի նվազում: Մարդիկ իրենց խնդիրների (առօրյա հոգսեր, աշխատանքային գործունեության իրականացում) լուծումը կապում են Հայաստանից դուրս գտնվելու հետ և այդ նպատակով արտերկիր մեկնելու հնարավորություն ստեղծելու խնդրանքով դիմում են, բնականաբար, բարեկամներին կամ ընկերներին: Քիչ թե շատ ոլորտին, ժամանակակից հաղորդակցության միջոցներին` մասնավորապես էլեկտրոնային կապին տեղյակ, ինչպես նաև նպատակակետ երկրի լեզվին տիրապետող անձինք փորձում են ինքնուրույն կարգավորել իրենց խնդիրները` անմիջականորեն կապեր հաստատելով օտարերկրյա գործատուների կամ արտասահմանյան միջնորդ կազմակերպությունների հետ: Իսկ մեր քաղաքացիների մի ստվար հատվածն էլ փորձում է օգտվել տեղական այն կազմակերպությունների ծառայություններից, որոնք տարաբնույթ փաթեթներ առաջարկելով, խոստանում և գուցե պարտավորվում են դիմողին արտասահմանում ապահովել աշխատանքով: Մեզանում հայտնի բազմաթիվ դեպքերը ցույց են տալիս, որ առանձին “ճարպիկ” գործարարներ ծուղակն են գցում քաղաքացիներին` օգտվելով Հայաստանում առկա աշխատուժի բարձր “պահանջարկից”: Ուստի, թվարկած բոլոր դեպքերում էլ մեծ է վտանգը, որ մեր քաղաքացիները կարող են դեռևս հանրապետությունից ելք չկատարած հայտնաբերել, որ իրենց խաբել են, կամ օտարերկրյա պետությունում հայտնվել անօրինական միգրանտի կարգավիճակում:

Սա իրավիճակի մի կողմն է: Մյուս կողմից, երկրում չի գործում միգրացիոն գործընթացների կարգավորման միասնական համակարգ, պետական իշխանության առանձին մարմիններ այդ ոլորտում օժտված են առանձին իրավասություններով և մատուցում են հանրային ծառայություններ, որոնք երբեմն կրկնում են միմյանց, իսկ ավելի հաճախ չեն առնչվում միմյանց հետ, և մեծապես բացակայում են փոխադարձ հաղորդակցության մեխանիզմները: Միգրացիայի համակարգը կարգավորող իրավա-օրենսդրական դաշտը գտնվում է չափազանց հեղհեղուկ վիճակում: Հայաստանը վերջին տարիներին միացել է միգրացիոն ոլորտին առնչվող բազմաթիվ միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի, ստանձնել որոշակի պարտավորություններ, սակայն դրանք չեն ամփոփվում միասնական քաղաքական և իրավական փաստաթղթերի մեջ: Ընդհանրապես, այն տպավորությունն է ստեղծվում, թե մտավախություն կա, որ էմիգրացիայի ոլորտի կանոնակարգումը կնշանակի էմիգրացիային նպաստում. արդյունքում` ունենք այն, ինչ ունենք. դանդաղ զարգացող օրենսդրական դաշտ, շատ դեպքերում տարերայնորեն կարգավորվող ոլորտ:

Ակտիվ քայլերի ակնկալիքով

Այսպիսով` ի՞նչ առաջնային նպատակ պիտի հետապնդի պետությունն այս պայմաններում: Իհարկե` ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանություն, տեղեկատվություն և օժանդակություն ստանալու հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ձևավորում: Իսկ ճանապարհները հայտնի են` համապատասխան օրենսդրական դաշտի մշակում, համակարգված քաղաքականության հիմքերի ապահովում, կոորդինացված աշխատանքի գործուն մեխանիզմ:

Մի բան պարզ է. աշխատանքային միգրացիան մեր իրականության այն ոլորտներից է, որ հրատապ ու առավել ակտիվ պետական միջամտության կարիք ունի:


Համառոտագիրը մշակվել է 2007թ-ի հունիսի 5-ին կայացած` «Արտագնա աշխատանքների կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներ» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։