ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Միգրացիա և զարգացում

11.11.2008

Ի շրջանս յուր

Այն, որ ժամանակավոր աշխատանքային միգրանտները երկիրը լքում են հիմնականում իրենց հմտություններին համապատասխան և բավարար վարձատրվող աշխատանք գտնելու և ավելի լավ ու բարեկեցիկ կյանքի ակնկալիքով, կարծես անհերքելի է: Զարգացած աշխարհի նվաճումները նոր հնարավորություններ գտնելու և նոր ունակություններ ձեռք բերելու մեծ ասպարեզ են բացում:

Յուրաքանչյուր զարգացող երկրի համար մարտահրավեր է ոչ միայն ներքին ներուժի արդյունավետ օգտագործումը, այլև արտաքին հնարավորությունների ներգրավումը դեպի զարգացման իր շրջանը: Կարելի է ենթադրել, որ մեծ սփյուռք և միգրացիոն մեծ հոսքեր (տարեկան առնվազն 60,000 աշխատանքային միգրանտներ Հայաստանից աշխատանք են փնտրում արտերկրում), պիտի որ խթան հանդիսանային մեր երկրի առաջանցիկ զարգացման, աշխատատեղերի բացման, սոցիալական, տնտեսական ու հասարակական նորանոր նվաճումներ արձանագրելու ճանապարհին: Իրավամբ, միգրանտների դրամական փոխանցումները զգալի սոցիալական ազդեցություն են ապահովում:

Եվ այնուամենայնիվ, մեր տնտեսությունը դրա հետևանքով չի զարգանում, միգրանտներն էլ առանձնապես ոգևորված չեն ձեռք բերած ունակություններն ու վաստակած գումարները հայրենիքի զարգացման գործում ներդնելու հարցում: Արդյունքում, դրամական փոխանցումները հիմնականում օգտագործվում են սպառման համար՝ նպաստելով գնաճին և դրամի արժևորմանը, իսկ արտասահմանում մասնագիտական ու տեխնիական նորագույն փորձ վաստակած մեր համաքաղաքացիներն էլ ձգտում են ժամանակավորից դառնալ մշտական միգրանտ՝ մեծացնելով նորօրյա սփյուռքը:

Վերադարձ դեպի անորոշություն

Այնուամենայնիվ, որո՞նք են միգրանտների վերադարձի հիմնական դրդապատճառները: Այն փաստը, որ 2002-2007 թվականներին մեկնածների 81 տոկոսն առնվազն մեկ անգամ վերադարձել է Հայաստան, որից 23 տոկոսը գոնե 2008 թվականին չի պլանավորում մեկնել երկրից, խոսում է այն մասին, որ, չնայած սոցիալական խնդիրների առկայությանը, միգրանտներն այնուհանդերձ ունեն վերադարձի ցանկություն: Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ մշտական վերադարձի հիմնական դրդապատճառն ընտանիքի հետ վերամիավորվելու ձգտումն է: Վերադարձի մեկ այլ խթան է Հայաստանում աշխատանքի հնարավորությունը կամ ուղևորության երկրում աշխատանքի կորուստը, իսկ հաճախ՝ օտար երկրի սոցիալական արժեքներին և կենսակերպին չհարմարվելը: Ու թեև վերադարձողների մեծամասնությունը գիտելիքների և ունակությունների ձեռքբերման առումով միգրացիոն փորձը դրական է գնահատում, այնուամենայնիվ, արտերկրում ձեռք բերված փորձի ազդեցությունը հայկական աշխատաշուկայում նախկին միգրանտի մրցունակության վրա միանշանակ չէ: Ավելին, վերադարձողների ներդրումն աշխատատեղերի ստեղծման, բիզնեսի զարգացման, ունակությունների և տեխնոլոգիաների փոխանցման առումով առայժմ խիստ սահմանափակ է: Որո՞նք են պատճառները:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ.

  • որակավորված աշխատուժի առավել մեծ պահանջարկ կա շինարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
  • սպասարկման, առևտրի և ֆինանսական ծառայությունների ոլորտներում մեծ է, այսպես կոչված, «նոր» մասնագիտությունների պահանջարկը՝ շուկայագիտություն, գովազդային գործ և այլն,
  • թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններում դրվում են հիմնականում ցածր որակական պահանջներ և առաջարկվում ցածր աշխատավարձ, իսկ սակավաթիվ բարձր որակավորում պահանջող աշխատատեղերը լրացնելու ուղղությամբ էլ առաջարկն է կաղում:

Իսկ մենք շարունակում ենք երկրի ապագան կերտել այնտեղ, ուր նման պահանջարկ չունենք. «որակավորված» մասնագետ ենք կրթում «հարգի» ոլորտներում՝ իրավաբանություն, տնտեսագիտություն և այլն՝ մոռանալով, որ մեզ հարկավոր են նաև շինարարներ, ճարտարապետներ, ինժեներներ... Փաստորեն, նախընտրում ենք լինել գործազուրկ տնտեսագետ ու բժիշկ, քան աշխատանքով ապահովված որակյալ շինարար...

Ի լրումն, պետք է խոստովանել, որ կրթական ոլորտում առկա մասնագիտությունների անվանացանկը և ըստ դրա՝ ուսանողների թվաքանակի բաշխումը բավարար հիմնավորված չեն, քանի որ հիմնականում կարևորում են ոչ թե աշխատաշուկայի իրական պահանջարկը, այլ ֆինանսական միջոցների ուղղակի ներհոսք ապահովող՝ «պետական բյուջետային ֆինանսավորումը» և «տեղական կրթաշուկայի վճարունակ պահանջարկը»:

«Չե՛մ քշում՝ հանուն մեր ֆերմայի, չե՛մ քշում»

Ուրեմն, որո՞նք են այն քայլերը, որ թույլ կտան միգրացիան ծառայեցնել երկրի զարգացմանը:

Ակնհայտ է, որ անհրաժեշտ է երկրի միգրացիոն, կրթական, տնտեսական ու աշխատանքային ոլորտները կարգավորող իրավական ակտերը դարձնել առավել համահունչ և ներկա կարիքներից ու խնդիրներից բխող: Օրինակ, մասնագիտությունների անվանացանկն ու կառուցվածքը պետք է հիմնավորված լինեն և ներառեն տնտեսության իրական կարիքներից բխող ճկուն չափորոշիչներ: Իհարկե՛, հավակնոտ խնդիր է, սակայն համոզված ենք, որ առկա ռեսուրսները բավարար են խնդիրը լուծելու համար, եթե մշակվի արդի և իրատեսական քաղաքականություն: Սրա համար անհրաժեշտ է, օրինակ, բոլոնյան կրթական համակարգը տեսականորեն քարոզելուց, եվրոպական չանափիշներին «համապատասխան» կրթական բարեփոխումների խոստումների ու պլանների տարափի փոխարեն իրականացնել այն, ինչն իրոք անհրաժեշտ է մեզ: Վաղուց արդեն ժամանակն է ապագա սերնդին կրթել պիտանելիության ոգով և ոչ թե «հարգի մասնագիտության» դիպլոմի ձգտմամբ:

Վաղուց արդեն հասունացել է որակավորված աշխատուժի վերադարձը, գիտելիքների, ունակությունների, տեխնոլոգիաների փոխանցումը, ներդումներն ու աշխատատեղերի ստեղծումը խթանող իրատեսական քաղաքականություն կամ մի այլ մեխանիզմ մշակելու անհրաժեշտությունը:

Եվ վերջապես, այսօրվա հրամայականն է երկրում ձևավորել գործնական, իրավական ու սոցիալական արդարության մի միջավայր՝ նորօրյա սփյուռքի համալրումը նվազեցնելու և վերջիններիս տունդարձն ապահովելու համար:


Համառոտագիրը մշակվել է «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը» ծրագրի շրջանակներում 2008թ-ի հոկտեմբերի 14-ին կայացած կլոր սեղանի մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։