ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Աշխատանքի տեղավորման գործակալությունների դերը միգրացիայի կանոնավորման գործում

01.05.2010

Հայաստանում աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների (ԱՏԳ) ծառայություններից օգտվողների թիվն ավելանում է. հայաստանցի յուրաքանչյուր տասներորդ գործատու ներկայում օգտվում է այդ ծառայություններից: Եվ սակայն ԱՏԳ-ների առջև կանգնած են բազմազան դժվարություններ, որոնք խոչընդոտում են աշխատանքի շուկայում այս կարևորագույն դերակատարների արդյունավետ գործունեությանն ու ինստիտուտի կայացմանը:

Հայացք 360 աստիճանի տակ. բազմահոգս միջնորդները

Գործատուների և աշխատանք փնտրողների միջև միջնորդ հանդիսացող ԱՏԳ-ները հիմնականում փոքր և միջին ձեռնարկություններ են, ունեն մեկից երեք աշխատակից և, այս առումով, դիմակայում են այն մարտահրավերներին, որոնց բախվում են ՓՄՁ-ներն` անկախ գործունեության ոլորտից: Ի թիվս այլ  ձեռնարկությունների՝ դրանք բողոքում են մեծաթիվ ու բազմատեսակ ստուգումներից, իրավական թույլ կարգավորումներից ու պետական պատասխանատու մարմինների կողմնակալ վերաբերմունքից: Թերևս այս հանգամանքն է մղել ԱՏԳ-ներին համախմբվելու՝ սեփական շահերն առավել արդյունավետ պաշտպանելու նպատակով. Արտադրողների և արդյունաբերողների միության շրջանակներում ստեղծվել է ԱՏԳ-ների ճյուղային կառույց: Այդուհանդերձ, ԱՏԳ-ների առջև դեռևս բազմաթիվ խնդիրներ կան ոլորտը կարգավորելու և իրենց գործունեությունն ինքնակարգավորելու առումներով:

Բազում են նաև ԱՏԳ-ների մտահոգությունները: Իրավական ներկա մշակույթում միջնորդային գործունեություն իրականացնողի շահերը բավարար չափով պաշտպանված չեն. նրանց ծառայությունից օգտվողները զարտուղի ճանապարհներով խուսափում են իրենց պարտավորությունները կատարելուց: Ծառայություններ մատուցողների և ստացողների հարաբերությունների թերի կարգավորումից դժգոհ են, սակայն, ոչ միայն ԱՏԳ-ները: Արհմիություններին, օրինակ, անհանգստացնում են աշխատանքի տեղավորման գործընթացում աշխատավորների իրավունքների պաշտպանության թերությունները: 2001թ. վերացվել է ԱՏԳ-ների գործունեության լիցենզավորման պահանջը, ինչն, արհմիությունների կարծիքով, հանգեցրել է դրանց կարողությունների թուլացմանը: Մյուս կողմից սակայն հայաստանյան իշխանական և գործարար շրջանակներում միանշանակ չի ընդունվում  ԱՏԳ-ների գործունեության լիցենզավորման խնդիրն օրակարգ բերելու նախաձեռնությունը: Ոմանց կարծիքով այն կլուծի միջնորդ կազմակերպությունների գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու խնդիրը, ոմանց կարծիքով՝ դա ավելի խոր ստվեր կտանի միջնորդի գործունեությունը:

Շատ ԱՏԳ-ներ աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցում են ի թիվս գործունեության այլ տեսակների՝ տուրիզմ, անշարժ գույքի առք ու վաճառք, թարգմանիչներ, մասնագիտական վերապատրաստում և այլն: Արհմիությունները համարում են, որ ԱՏԳ-ները հիմանականում առաջարկում են որակավորում չպահանջող և ցածր վարձատրվող աշխատանքներ և իրենց ծառայությունները տրամադրում են «ոչ-մասնագետ» աշխատողներին, իսկ արտերկրում աշխատանքի տեղավորման ծառայություններ գրեթե չեն առաջարկում: Խնդիրների շարքում նաև հաճախորդների անհատական տվյալների պաշտպանության հարցերն են, ինչպես նաև պատշաճ խորհրդատվության բացակայությունը:

Աշխատաշուկայում առկա ամենացավալի մարտահրավերներից է մարդկանց թրաֆիքինգը: Թեև ըստ որոշ պնդումների մինչ այժմ որևէ ԱՏԳ-ի թրաֆիքինգի կազմակերպման մեղադրանք չի առաջադրվել և  թրաֆիքինգի կազմակերպիչներն ավելի շուտ անհատներն են քան գրանցված և օրինական գործունեություն իրականացնող ինստիտուտները, այնուամենայնիվ կա տեսակետ, որ ժամանակավոր աշխատանքային պայմանագրերը շատ հաճախ էականորեն ոտնահարում են աշխատողների իրավունքները, ինչի արդյունքում հազվադեպ չեն թրաֆիքինգի դրսևորումները թե՛ Հայաստանի սահմաններում, թե՛ արտերկրում: Այս մարտահրավերին դիմակայելու համար էական է ԱՏԳ-ների, պետական մարմինների, արհեստակցական միությունների, հասարակական կազմակերպությունների և հեղինակավոր միջազգային ու միջպետական կառույցների (Միգրացիայի միջազգային կազմակերպություն, Աշխատանքի միջազգային կազմակերպություն այլն) միջև համագործակցությունը, որի անբավարար մակարդակից, սակայն, դժգոհ են բոլոր նշված շահագրգիռ կողմերը:

Աշխատաշուկան՝ գլոբալ, միջնորդները՝ անձեռահաս

Տարօրինակ է, սակայն, հայաստանյան իրականության մակերեսային քննությունն անգամ ցույց է տալիս, որ ԱՏԳ-ները խուսափում են արտաքին աշխատանքային միգրացիայի դաշտ դուրս գալուց: Պատճառները, թերևս, պետք է փնտրել այս դաշտում դրանց կարողությունների խիստ սահմանափակության և չկարգավորվածության կամ թերի կարգավորվածության մեջ: Այսպես, ԱՏԳ-ները չունեն արտերկրում աշխատատեղեր փնտրելու, գտնելու և այդ գործում արտերկրի համապատասխան գործընկերների հետ համագործակցելու անհրաժեշտ կարողություններ: Որևէ կառույց այս բացը չի լրացնում, ասենք՝ խորհրդատվության կամ միջնորդության միջոցով: Արտերկրում մեր քաղաքացիների աշխատանքային գործունեության կարգավորման գործում անբավարար դերակատարում ունեն նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական առաքելություններն ու հյուպատոսական ծառայությունները: Արդյունքում Հայաստանում ԱՏԳ-ների գործունեությունը հիմնականում սահմանափակվում է աշխատանքային միգրացիայի ներքին՝ ներպետական հոսքերով: Միաժամանակ, արտագնա աշխատանքի կազմակերպման բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված:

Երկար ձեռքեր միջնորդների համար

Արտագնա աշխատանքի կարգավորման, անկանոն միգրացիայի ու թրաֆիքինգի կանխարգելման տեսանկյուններից միջազգային աշխատաշուկայում քաղաքացիներին աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցելու գործում ԱՏԳ-ների դերի ու կարողությունների հզորացումը հասունացած խնդիր է: Դրա կարևորությունը դժվար է գերագնահատել: Չէ՞ որ վերջին տարիներին հայաստանցի էմիգրանտների  94 տոկոսը հենց միգրանտ աշխատավորներն են, իսկ Հայաստանի յուրաքանչյուր վեցերորդ տնային տնտեսության առնվազն մեկ անդամը միգրանտ աշխատավոր է: Իսկ քանի որ միգրանտների բացարձակ մեծամասնությունը ներկայում արտերկիր մեկնում է սեփական սոցիալական կապերի կամ երրորդ անձանց միջնորդությամբ, ապա նրանց իրավունքները ակներևաբար մնում են խիստ խոցելի: Մինչդեռ դաշտում գործող հզոր ԱՏԳ-ները կարող են մեծ ծառայություն մատուցել մեր հասարակությանը՝ դիմակայել արտերկրում հայաստանցի աշխատավորների իրավունքների պաշտպանության և արտագնա աշխատանքի հետ կապված բազմաթիվ մարտահրավերների:

Հայաստանը դեռևս չի անդամակցել ԱՄԿ 1997թ. Աշխատանքի տեղավորման գործակալությունների կոնվենցիային (C181): Ու թեև մեր օրենսդրությունն արդեն իսկ համապատասխանում է կոնվենցիայի մի շարք պահանջներին, դրա ընդունումը լրացուցիչ խթան կհանդիսանա դաշտի հետագա կարգավորման և ԱՏԳ-ների ինստիտուտի հզորացման համար:

Եվրոպական միության անդամ երկրների հետ երկկողմ աշխատանքային պայմանագրերի կնքումը շրջանաձև միգրացիայի զարգացման և այդ գործում ԱՏԳ-ների դերի ընդլայնման առանցքային գործիքներից մեկն է: Միջավայրն էլ ավելի բարենպաստ կդառնա ճամփորդական փաստաթղթերի կենսաչափական համակարգին անցնելուց, ինչպես նաև միգրացիայի և աշխատանքի տեղավորման ոլորտներում Եվրամիության օրենսդրության չափանիշներին մեր կարգավորիչ դաշտը մոտարկելուց և միգրանտ աշխատավորներին իրավական, սոցիալական և ֆինանսական համապատասխան երաշխիքներ տրամադրելու մեխանիզմներ ներդնելուց հետո:

ԱՏԳ-ների և արհմիությունների միջև առաջին քայլերն անող համագործակցությունը պետական մարմինների, հասարակական և միջազգային կառույցների օժանդակության և հոգածության կարիքն ունի: Դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների հետ հարաբերությունների կարգավորումը, տեղեկությունների փոխանակման փոխադարձ աջակցության և այլ հարաբերությունների հստակ կանոնակարգումը թույլ կտա որոշակիորեն ցրել աշխատանքի արտաքին շուկաները հասանելի դարձնելու անորոշության, թրաֆիկինգի ճիրաններում հայտնվելու վախի մթնոլորտը: 

Սակայն ամենից առաջ և ամենից առավել անհրաժեշտ է ստեղծել միջնորդ կառույց հենց միջնորդների՝ ԱՏԳ-ների համար, որը առաջիկա տարիներին հնարավորություն կընձեռի նրանց պատշաճ կերպով մուտք գործել միջազգային աշխատաշուկաներ՝ արտերկրում աշխատատեղերի մասին տեղեկատվությունն ամփոփելու և նրանց տրամադրելու, ԱՏԳ-ների ունակությունները զարգացնելու և անհրաժեշտ կապեր և վստահություն ձևավորելու միջոցով:


Համառոտագիրը մշակվել է «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը» ծրագրի շրջանակներում 2009թ. դեկտեմբերի 14-ին կայացած կլոր սեղանի մասնակիցների կողմից հայտնած կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։