ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հակամարտությունների ազդեցությունը առևտրի և ապրանքաշրջանառության վրա

29.05.2010

Ազատ առևտուր. հակամարտության կարգավորման կորսված հնարավորություն

Հարավային Կովկասի տարածաշրջանում ձևավորված քաղաքական անհանդուրժողականությունը շարունակաբար սահմանափակում է տարածաշրջանի ինտեգրումը՝ էականորեն խոչընդոտելով երկրների տնտեսական զարգացմանը: Միաժամանակ, կայացած առևտրային հարաբերությունները կարող էին լրջորեն խթանել հակամարտության կարգավորման գործընթացն ու տարածաշրջանի կայունացմանը: Այս հնարավորությունը, ցավոք, մնում է չիրացված: Ադրբեջանի և Հայաստանի միջև անմիջական առևտրի հնարավորությունը մնում է բացառված, իսկ հայկական ծագումով ապրանքների վաճառքը անգամ երրորդ երկրների տարածքով այդ երկրում անմիջապես քաղաքականացվում և հետապնդվում է: Բանը հասել է այնտեղ, որ Ադրբեջանը արգելափակում է անգամ Հայաստանից ստացվող հեռախոսազանգերը: Թուրքիայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը պաշտոնապես իրականացվում է երրորդ երկրների տարածքով: Իրանի հետ առևտրի հնարավորություններին էականորեն խոչընդոտում են հարևան երկրի հետ ապրանքաշրջանառության վրա միջազգային սահմանափակումները: Ազատ առևտրի և քաղաքական անհանդուրժողականության միահյուսված խնդիրները յուրահատուկ են Հայաստան-Թուրքիա քաղաքական և տնտեսական հարաբերություններում:

Տարածաշրջանի տնտեսական զարգացումը Թուրքիայի քաղաքական նպատակների պատանդ

Այսպես, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի ադրբեջանամետ կողմնակալ դիրքորոշումը, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական քաղաքականությունը և սահմանների ճանաչման խնդիրը, երկրների միջև տնտեսական անմիջական կապերի, ինչպես նաև  ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության բացակայությունը, Թուրքիայի կողմից Հայաստանի ցամաքային և տնտեսական շրջափակումը, այդ թվում՝ Թուրքիայի տարածք հայաստանյան ծագման ապրանքների ներկրման արգելափակումը, ինչպես նաև Թուրքիայի տարածքով դեպի Հայաստան բեռների փոխադրման արգելքն ուղղված են ԼՂ հակամարտությունը Ադրբեջանի օգտին լուծելուն, Ցեղասպանության ճանաչման գործընթացը խաթարելուն և Թուրքիայի ներկա սահմանները ճանաչելուն: Հարևան երկրի նման քաղաքականության արդյունքում Հայաստանը, որի սահմանների շուրջ 85 տոկոսը շրջափակված են, շարունակում է կրել շոշափելի տնտեսական վնասներ: Միաժամանակ, տնտեսապես զգալիորեն տուժում են նաև Թուրքիայի արևելյան շրջանները (պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում):

Առևտրի ասիմետրիկ հնարավորությունների իրականությունը

Երկու երկրների միջև ապրանքաշրջանառություն, այդուհանդերձ, կա, այդ թվում՝ Վրաստանի և Իրանի տարածքով: Անուղղակի առևտուրը, թեև մեծացնում է ծախքերը, աճի միտում ունի: Ընդ որում տարեց-տարի աճում է Թուրքիայից Հայաստան ապրանքների հենց ներմուծումը՝ 2008թ. կազմելով շուրջ 270 միլիոն ԱՄՆ դոլար, մինչդեռ Հայաստանից Թուրքիա ապրանքների առանց այդ էլ չնչին ծավալի արտահանումը կրճատվում է: Իրականացվում են Ստամբուլ-Երևան չվերթերը, իսկ տարբեր գնահատակններով շուրջ 15 հազար հայաստանցիներ աշխատում են Թուրքիայում՝ նպաստելով հարևան երկրի տնտեսության զարգացմանը: Հատկանշական է նաև, որ Հայաստանում թուրքական ծագման ապրանքների հանդեպ որևէ սահմանափակում չկա: Արտերկրի բանկերի միջնորդությամբ գործնականում առանց դժվարությունների երկրների անձանց միջև իրականացվում են նաև ֆինանսական գործարքներ: Ընդհանուր առմամբ, Հայաստանի հանդեպ Թուրքիայի ներկա քաղաքականությունը խիստ ասիմետրիկ է՝ ուղղված է Հայաստանից ապրանքների արտահանման դեմ, մինչդեռ թուրքական ծագման ապրանքների Հայաստան արտահանելու նկատմամբ սահմանափակումներն էական դեր չեն խաղում:

Կորսված հնարավորություններ

Թուրքիայի գործարար շրջանակները, ինչպես նաև հարևան երկրի արևելյան շրջանների քաղաքային իշխանությունները շահագրգիռ են համագործակցելու հայաստանյան գործընկերների հետ, այդ թվում՝ Հայաստանից առանձին ապրանքներ, այդ թվում՝ ցեմենտ, հանքանյութ և ձկնեղեն չմիջնորդավորված արտահանելու նպատակով: Թուրքական արտադրության որոշ ապրանքների ուղղակի ներկրումը Հայաստան կարող է կրճատել ներմուծման ծախքերը: Եվրոպական համայնք թուրքական արտադրության տեքստիլի արտահանման նկատմամբ սահմանված քվոտաները թուրք ներդրողների համար Հայաստանը դարձնում են գրավիչ, քանի որ մեր երկրի պարագայում արտահանման նման սահմանափակումներ չկան: Առանձին ապրանքների արտադրության և վաճառքի Հայաստանի համեմատ Թուրքիայում սահմանված բարձր հարկերը ևս մեր երկիրը դարձնում են գրավիչ այդ ապրանքների ներմուծումը փոխարինող արտադրություն հիմնելու համար: Համաձայն Համաշխարհային Բանկի 2010թ. հետազոտության,  Հայաստանում գործարար միջավայրը բազմաթիվ հատկանիշներով ավելի նպաստավոր ու գրավիչ է գործարարների համար: Մեր երկրում գործարար միջավայրի հետագա ապակարգավորումն ու բարելավումը էլ ավելի կմեծացնի Հայաստանի գործարար միջավայրի մրցունակությունն ու գրավչությունը հարևան երկրի գործարարների համար: Հայաստանյան շուկայի առանձին ծառայություններ, այդ թվում՝ առողջապահական և կրթական ծառայություններն առավել որակյալ են և մատչելի Թուրքիայի արևելյան շրջանների բնակիչների համար:

Անորոշ ապագա

Եվ այնուամենայնիվ տարածաշրջանում ազատ առևտրի ծավալման հեռանկարները գրեթե նույնքան մշուշոտ են ու անկանխատեսելի, որքան հակամարտությունների կարգավորման ապագան: Հնչում են հակասական կարծիքներ: Գործարարների մի մասը համարում է, որ չկարգավորված հակամարտության պարագայում առևտրի ազատականացումը նոր մարտահրավերներ է ստեղծում: «Եթե»-ներն անթիվ են: Կարծիք կա, որ ազատ ապրանքաշրջանառությունը բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների համար առավել նպաստավոր նախապայմաններ կստեղծի, կպարզեցնի հարևան երկրների հետ առևտրային շրջանառությունը, կաշխուժացնի  տնտեսական կյանքը ՀՀ սահմանամերձ շրջաններում,  մրցակցությունը՝ հայաստանյան շուկայում և տեղական արդյունաբերողների արտադրողականությունը: Մյուսները համարում են, որ տարածաշրջանային խոշոր տարանցիկ ծրագրերի բացակայության պարագայում էական տնտեսական օգուտներ չպետք է ակնկալել: Մտավախությունները բազում են. ներկրվելիք ապրանքների որակի ու սննդի անվտանգության խնդիրներ, անշարժ գույքի շուկայում գնաճ ու վարկերի մատչելիության նվազում, օտարերկրյա ներդրումների օրենսդրական կարգավորման բացեր, սեփական արտահանողներին՝ ի շահ և հայ արտահանողներին՝ ի վնաս Թուրքիայի քաղաքականություն և այլն: Մինչ ոմանք համարում են, որ թուրքական առավել մրցունակ ապրանքները կողողեն մեր շուկան, իսկ հայաստանյան արտադրողները հեռանկարում չեն դիմանա տնտեսական մրցակցությանը ներկրման հետ մրցավազքում, մյուսները համարում են, որ մեր շուկան հագեցած է և որևէ վտանգ չկա: Հնչում են գյուղատնտեսության քայքայման և հայ գյուղացու «հողազրկման» շուրջ մտահոգություններ: Թերահավատություն կա թուրքական շուկա հայկական ապրանքների արտահանման հեռանկարի վերաբերյալ: Իրանի հետագա ժողովրդավարացման պարագայում հարևան երկրի հանդեպ կիրառվող տնտեսական սահմանափակումները թերևս կվերանան: Դրա արդյունքում ներմուծումը խստիվ սահմանափակելու ճանապարհով սեփական տնտեսությունը պաշտպանելու Իրանի քաղաքականությունը կփոխվի և այդ երկրի շուկան ավելի մատչելի կդառնա հայաստանյան ապրանքների արտահանման համար:

Արձագանք յուրաքանչյուր իրավիճակին

Չլուծված հակամարտությունների պարագայում ազատ առևտրի խթանման շուրջ նման անորոշությունները և հակամարտությունների կարգավորման ու տարածաշրջանի կայունացման վրա դրանց հնարավոր մեծ ազդեցությունը հաստատում են խորը և ծավալուն սցենարային պլանավորման անհրաժեշտությունը՝ հնարավոր զարգացումների, դրանց հետևանքների ու քաղաքական արձագանքի հստակեցման նպատակով: Իսկ քաղաքական արձագանքը յուրաքանչյուր իրավիճակում պետք է լինի համարժեք. թուրքական ծագումով ապրանքների ներմուծման համար մաքսային,  ֆիտոսանիտարական, որակի սերտիֆիկացման և այլ խիստ ռեժիմների սահմանում, ուղղակի և անուղղակի սահմանափակումների կիրառում, Հայաստան թուրքական կապիտալի մուտքի ու թուրք ձեռնարկատերերի տնտեսական գործունեության վերահսկում, ներմուծվող ապրանքների որակի հանդեպ հսկողության և սպառողների պաշտպանություն, տեղական արտադրողներին պետական աջակցությու, գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության անուղղակի սուբսիդավորում, պետական գնումների պրոտեկցիոնիստական քաղաքականություն, հայաստանյան ձեռնարկություններում կառավարման որակի եվրոպական չափանիշների ներդրման խթանում,  թուրքական և եվրոպական շուկաներ արտահանողներին  պետական աջակցություն և այլն:


Համառոտագիրը մշակվել է 2010թ-ի մայիսի 12-ին կայացած` «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործարար հարաբերությունների իրողությունները. ներուժը, ցանկություններն ու հակամարտությունները տարածաշրջանում» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա:
Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Քննարկումը կազմակերպվել էր «Սևծովյան տարածաշրջանի խաղաղաշինական ցանցի» աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։