ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հայաստան-ԵՄ «Շարժունակության շուրջ գործընկերություն». աջակցության նախաձեռնությունների հաջողության գրավականները

04.07.2011

Գործընկերության անիվն արագանում է

Գաղտնիք չէ, որ վերջին ժամանակաշրջանում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները զարգանում են աննախադեպ տեմպով: Հայաստանցիների համար այդ զարգացման շոշափելի արդյունքներից մեկն առաջիկա տարում, թերևս, կդառնա դեպի ԵՄ անդամ երկրներ ճամփորդության մատչելիության բարձրացումն ու դյուրացումը: Հենց դրան են կոչված «Շարժունակության շուրջ գործընկերության» և վիզային ռեժիմի դյուրացման ԵՄ-Հայաստան բանակցությունները: Հատկանշական է, որ բանակցությունների արդյունքով և արագությամբ շահագրգիռ են թե՛ Հայաստանը, թե՛ ԵՄ-ն: Արդարև, այս են վկայում 2010թ. հոկտեմբերի 25-ի «Արևելյան գործընկերության» եզրակացությունները, 2011թ․ մայիսի 25-ին Եվրահանձնաժողովի ընդունած «Նոր պատասխան փոփոխվող Հարևանությանը» փաստաթղթի դրույթները, ինչպես նաև հունիսի 20-ի «Եվրոպական հարևանության քաղաքականության» վերաբերյալ ԵՄ խորհրդի եզրակացությունը:

Դեռևս 2008թ. դեկտեմբերին ստորագրված Արևելյան գործընկերության կոմյունիկեում նախանշված ԵՄ-Հայաստան «Շարժունակության շուրջ գործընկերության» բանակցությունների հիմնական խնդիրը հայաստանցիների՝ Եվրամիության, նրա գործընկերների և միգրանտների շահերին համահունչ միգրացիոն հոսքերի համատեղ պատասխանատու կառավարումն է: Գործընկերության շրջանակներում նախատեսվող միջոցառումներն ուղղված են անձանց տեղաշարժի և օրինական միգրացիայի համար առավել բարենպաստ միջավայր ձևավորելուն, այդ թվում՝ միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունները զարգացնելու և միգրանտներին ու երկիր վերադարձողներին իրազեկելու, ինտեգրելու և պաշտպանելու միջոցով: Ըստ էության, «Շարժունակության շուրջ գործընկերությունը» ԵՄ, դրա անդամ երկրների և Հայաստանի միջև գործնական երկխոսության և համագործակցության գործիք է:

Քաղաքական որոշումներ և տեխնիկական լուծումներ

Հարկ է նշել, որ գործընկերության բանակցություններն ու դրա հաստատման գործընթացն, ըստ էության, ընթանում են երկու փոխկապակցված՝ քաղաքական և տեխնիկական հարթություններում: Բանակցություններում քաղաքական որոշումները վստահաբար գերակա են: Ցավոք, իշխանությունները հիմնականում հոգալով քաղաքական լուծումների ընթացքի մասին, միշտ չէ, որ պատշաճ ուշադրություն են դարձնում տեխնիկական խնդիրների արդյունավետ լուծումներին: Միաժամանակ, տեխնիկական խնդիրների հանդեպ պատվախնդիր ու պահանջկոտ վերաբերմունքը ոչ մի կերպ չի խաթարի բանակացությունների արագ ընթացքը: Նման հոգատարությունն ու ուշադրությունը տեխնիկական լուծումների մշակման ու իրականացման հանդեպ միայն կնպաստեն բանակցությունների հաջող ընթացքին ու ավարտին: Չէ՞ որ նպատակային տեխնիկական նախաձեռնություններն իրականացվելու են քաղաքական որոշման արդյունքում՝ հաջորդիվ: Ավելին, տեխնիկական լուծումների հանդեպ կառավարության ուշադրությունն ու հետևողականությունը բացառապես կամրապնդեն բանակցություններում մեր երկրի դիրքերն ու կնպաստեն նրա վարկանիշի բարձրացմանը, ինչն այնքան անհրաժեշտ է վիզային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցություններում:

Վերադարձին և վերինտեգրմանն աջակցության նախաձեռնությունների մարտահրավերները

Գործընկերության հաստատման կարևորագույն խնդիրներից է ԵՄ երկրներից հայրենիք վերադարձող հայաստանցիների վերինտեգրման ապահովումը, այդ թվում՝ հայրենադարձների կարիքներն արդյունավետ կերպով բավարարելու համար անհրաժեշտ հանրային և հասարակական կարողությունների զարգացումը: Այս խնդրի լուծման նպատակով ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել տեխնիկական աջակցություն տրամադրել Հայաստանին՝ նպատակային նախաձեռնության ձևաչափով: Այն կարող է կարևոր դեր խաղալ մեր երկրում համապատասխան կարողությունների կայուն զարգացման գործում: Նախաձեռնության հաջողության համար, կարծում ենք, որոշիչ են նաև մի քանի գործոններ:

Նախ. անհրաժեշտ է ապահովել նախաձեռնության համապատասխանությունը մեր երկրի իրողություններին, հայաստանցիների միգրացիայի և մեր երկրում հայրենադարձների վերինտեգրման կարիքների առանձնահատկություններին: Վստահ ենք, որ այս խնդրում տեղական մոտեցումներն անհամեմատ ավելի տեղին են, քան տիպական լուծումներն ու «կլիշեները»: Լուծումներին ու քայլերին «մակդոնալդսային» մոտեցումները կարող են ի վերջո հանգեցնել եվրոպական ու հայաստանյան վարկատուների միջոցների վատնմանը և մեր երկրի համար աննախադեպ հնարավորությունների պատուհանի ոչ լիարժեք օգտագործանը:

Երկրորդ․ անհրաժեշտ է հաշվի առնել «Շարժունակության շուրջ գործընկերության» հաստատման գործընթացի ընթացիկ փորձը: ԵՄ-ն արդեն իսկ գործընկերություն է հաստատել Վրաստանի և Մոլդովայի, ինչպես նաև Կանաչ Հրվանդանի հետ: Այս առումով հատկապես արժեքավոր են հարևան Վրաստանում իրականացված նախաձեռնությունների փորձն ու սերտած դասերը, քանի որ մեր երկրների առջև ծառացած շատ խնդիրներ ընդհանրություններ ունեն: Իսկ վրացական փորձն, ըստ ամենայնի, փաստում է վերադարձի խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը ներգրավված դերակատարների շրջանակի հնարավորինս լայն ընտրության կարևորությունը: Իրավամբ, նախաձեռնության մենաշնորհումը իրականացնող այս կամ այն կազմակերպությանը և դերակատարների նեղ շրջանակը խաթարում են վերադարձողների ինտեգրմանն ուղղված աջակցության բուն տրամաբանությունը, ինչպես նաև կտրուկ նվազեցնում են նախաձեռնության իրականացման համար անհրաժեշտ պատասխանատվության աստիճանը: Ավելին, տեղական հասարակական կառույցների ոչ պատշաճ ներգրավումը նախաձեռնության իրականացմանը վտանգում է ԵՄ ֆինանսական օժանդակության ավարտից հետո վերինտեգրման ինստիտուտի կայունությունը: Չէ՞ որ, այդ խնդիրների լուծման երկարաժամկետ պատասխանատվությունը մեր երկրներում կրում են հենց հանրային և հասարակական կառույցները: Մինչդեռ միջազգային կազմակերպությունները, մեծ փորձի պարագայում անգամ, անկարող են ապահովել վերինտեգրման աջակցության նախաձեռնության հարատևությունը, եթե դրա իրականացման ընթացքում կենտրոնական դերակատարում և պատասխանատվություն չեն ստանձնել հենց տեղական կառույցները: Միաժամանակ կարևոր է նաև գործընկերության բանակցություններում շահագրգիռ ԵՄ անդամ երկրների պետական կառույցների հնարավորին լայն և ակտիվ դերակատարումը նախաձեռնության իրականցմանը՝ պատասխանատվության ու դերերի պատշաճ բաժանման միջոցով:

Երրորդ․ կարևորվում է նախաձեռնության մշակմանը տեղական կառույցների և ԵՄ անդամ երկրների պատասխանատու մարմինների հնարավորինս լայն ու մանրակրկիտ մասնակցությունը: Նման մոտեցումը հնարավորություն կընձեռի մասամբ խուսափել այն լուրջ մարտահրավերներից, որոնք այլապես ծագելու են նախաձեռնության ընթացքում: Ավելին, միայն նման պարագայում հնարավոր կլինի հաջողությամբ հաղթահարել անխուսափելի կամ անակնկալ մարտահրավերները:

Չորրորդ․ նախորդ տարիներին ԵՄ անդամ մի շարք երկրների հետ համագործակցության արդյունքում, մեր երկրում ձևավորվել է եվրամիության երկրներից վերադարձող հայաստանցիներին աջակցության և նրանց վերինտեգրման խթանման փորձ: Այդ փորձի հիմնական կրողներն են տեղական և միջազգային առանձին կառույցներ: Նման փորձի ու սերտած դասերի ներառումը, ինչպես նաև համապատասխան գիտելիքը կրող փորձառու կառույցների ընդգրկումը, թերևս, որոշիչ կարող են դառնալ նպատակային նախաձեռնության և «Շարժունակության շուրջ գործընկերության» հաջողության համար:

Լուծումների հանդեպ՝ ուշադիր, գործընթացը՝ մասնակցային, պատասխանատվությունը՝ ամրագրված

Հաշվի առնելով վերը շարադրված գործոնները՝ ԵՄ-Հայաստան «Շարժունակության շուրջ գործընկերության» բանակցությունների շրջանակներում նախատեսվող ԵՄ երկրներից հայրենիք վերադարձող հայաստանցիների վերինտեգրմանն աջակցելու և համանման նպատակային նախաձեռնությունների հաջողության երաշխիքների ձևավորման, դրանց արդյունավետության և հարատևության ապահովման նպատակով անհրաժեշտ են առնվազն մի քանի սկզբունքային, սակայն հստակ իրականանալի քայլեր:

Առաջին. բանակցությունների և գործընկերության հաստատման համար պատասխանատու և՛ Հայաստանի, և՛ Եվրամիության պաշտոնյաները պետք է հավասարապես ուշադրություն դարձնեն թե՛ բանակցությունների քաղաքական խնդիրներին, թե՛ դրանց հետևող տեխնիկական խնդիրների լուծմանը:

Երկրորդ. հարկ է ընդլայնել նպատակային նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը մասնակից տեղական կառույցների շրջանակները, մասնավորապես, տեղական կառույցների ներգրավմամբ կոնսորցիումների մասնակցությունը նպատակային նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը խրախուսելու միջոցով: Երրորդ. անհրաժեշտ է ապահովել նպատակային նախաձեռնությունների շրջանակներում եվրոպական տարբեր դերակատարների գործառույթների հստակ տարանջատումն ու նախաձեռնության առանձին արդյունքների համար պատասխանատվության ամրագրումը:

Չորրորդ. նպատակային նախաձեռնությունը պիտի հավասարակշռված աջակցություն առաջարկի վերադարձողներին, այդ թվում՝ ինքնազբաղվածության ապահովման, երեխաների կրթության, բուժօգնության հավասարապես կարևոր խնդիրներում: Վերջինս հատկապես կարևոր է, քանզի հայ միգրանտներն առողջական բազմաթիվ խնդիրներ ունեն. հոգեկան առողջությունից՝ մինչև երիկամների անբավարարություն և հեմոդիալիզ: Ընդ որում, բուժօգնության կարիքները հաճախ տարբերվում են՝ կախված ժամանման երկրից:

Հինգերորդ. անհրաժեշտ է նախաձեռնության սկզբնական փուլում գնահատել վերադարձող միգրանտների առանձնահատուկ, այդ թվում՝ բուժօգնության կարիքները, դիտարկել Մոլդովայի և Վրաստանի, ինչպես նաև Հայաստանում իրականացվող կամ կատարված ծրագրերի փորձն ու դասերը:

Ի վերջո. հարկ է հստակեցնել նպատակային նախաձեռնության թիրախ խումբը: Այսպես, նախաձեռնությունը կարող է աջակցել բացառապես ԵՄ երկրներից վերադարձող հայաստանցիներին: Այլապես, բազմաթիվ տեխնիկական խնդիրների արդյունքում կառաջանան չարաշահման ռիսկեր, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել:


Համառոտագիրը մշակվել է 2011թ-ի հունիսի 23-ին կայացած` «Շարժունակության շուրջ գործընկերություն» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։