ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Ջրային տնտեսության համակարգի զարգացման նոր հորիզոնները

10.10.2011

Վերջին տասնամյակում Հայաստանում ջրային տնտեսության համակարգերի կառավարման բարեփոխումների ընթացքը, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման իրավական կարգավորումը, ենթակառուցվածքներն ու վերջին տարիներին պետության հովանավորությամբ իրականացված կապիտալ ներդրումները ինչպես նաև մեր երկրում ջրային պաշարները շոշափելի կռվաններ են այս ոլորտի զարգացման որակապես նոր փուլի համար: Այսպես, 2005-2007թթ. Հայաստանն օրենսդրորեն ամրագրեց Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթները և Ջրի ազգային ծրագիրը, ընդունվել են խմելու ջրի որակի, մատակարարման և ջրահեռացման ծառայությունների նվազագույն չափորոշիչները և այլ իրավական ակտեր: Օրեսնդրական կարգավորման հիմունքներին համահունչ ձևավորվել և գործում են ոլորտը կարգավորող պետական մի շարք մարմինները, որոնց գործառույթները հիմնականում հստակ տարանջատված են: Ծառայությունների մատուցման որակի հետևողական բարելավմանը, ջրային համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացմանը, հանրային ծախսերի արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականության իրականացման արդյունքում ջրային համակարգի նախկինում գործող կենտրոնացված համակարգը ներկայում զգալիորեն ապակենտրոնացվել է, ներդրվել են համակարգի ֆինանսական կառավարման նոր գործուն մեխանիզմներ:

Միաժամանակ, Հայաստանում ջրային համակարգերի կառավարման ոոլորտում դեռևս առկա են մի շարք լրջագույն մարտահրավերներ: Ենթակառուցվածքների ֆիզիկական մաշվածությունն ու դրանով պայմանավորված խմելու ջրի հսկայական կորուստները, օպերատորների լիակատար ինքնածախսածածկման թիրախները, ներկայում պետական բյուջեի միջոցների հաշվին առանձին օպերատորների ընթացիկ ծախսերի մասնակի սուբսիդավորման ծավալների կրճատմանը զուգահեռ՝ տրամադրվող պետական սուբսիդավորան նպատակայնության ապահովման անհրաժեշտությունը, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման սահմանված թիրախները, ինչպես նաև աղքատամետ քաղաքականության գերակայությունները, անհրաժեշտ են դարձնում ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ջրամատակարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ընթացիկ ծախսերի և ջրային համակարգերում անհրաժեշտ կապիտալ ծախսերի ֆինանսավորման նոր մոդելների քննարկումը:

Հարկ է նշել նաև, որ համակարգի զարգացման ներկա տրամաբանությանը այլընտրանք առաջարկող գրեթե բոլոր մոդելները պետք է հաշվի առնեն մի շարք ընդհանուր հանգամանքներ:

Նախ, զարգացման ստատուս քվոյի յուրաքանչյուր փոփոխություն անհրաժեշտ է համապատասխան կերպով ներկայացնել հանրությանը և ապահովել հասարակության պատշաճ մասնակցությունը այս կամ այն մոդելի ընտրության և ամբողջականացման գործընթացին: Այս պահանջը, ըստ էության, ամրագրված է օրենսդրորեն: Ավելի՛ն, առանց համակարգային ենթակառուցվածքներին առընչվող յուրաքանչյուր փոփոխության հանդեպ բնակչության վստահության և աջակցության, քաղաքականություն մշակողները բախվելու են քաղաքականության իրականացման ընթացքում անցումային հասարակություններին բնորոշ հասարակական կարծիքի հակազդեցության:

Երկրորդ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի զարգացման այս կամ այն այլընտրանքային մոդելների ընտրության հարցում գրեթե անհնար է առաջնորդվել մեկ գերակայությամբ: Իհարկե մեկ գերակայության ընտրությունը, և դրանով պայմանավորված համեմատությունը՝ առաջարկվող մոդելների միջև, կհեշտացներ թե՛ մոդելի մշակման ու ամբողջականացման, թե՛ քաղաքականության որոշումների հիմնավորման ու ընդունման գործընթացը: Իրականում սակայն, քաղաքականության գերակայությունները մի քանիսն են և մեկը մյուսի օպտիմիզացման համար սոսկ գործոն դիտարկելը կարող է հանգեցնել, ասենք, ֆինանսապես արդյունավետ, սակայն քաղաքականապես դժվար իրականանալի կամ, ասենք, սոցիալական առումով առանց ցնցումների ընթացող, սակայն հանրային ծախսերի արդյունավետության տեսակետից ոչ նշանակալի լուծումների: Խնդիրն էլ ավելի է բարդանում, երբ բարեփոխումները դիտարկվում են միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում՝ ջրի քաղաքականության հիմնադրույթներով և ջրի ազգային ծրագրով սահմանված հեռահար թիրախների տրամաբանությամբ:

Այս առումով, խիստ հետաքրքրական է «Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ» կազմակերպության (ԱՍՏ) կողմից խմելու ջրի մատակարարման ծառայությունների ծրագրերի ծախսերի արդյունավետության վերլուծությունը, որը քաղաքականության երկու այլընտրանքային մոդելներ է առաջարկում, դրանք համադրելով թե՛ մեկը մյուսի, թե՛ ներկա քաղաքականությանը, հիմնականում՝ բնակչության տարբեր խմբերի համար ծառայությունների հասանելության և մատչելիության, այս ոլորտում հանրային ֆինանսների թիրախավորման և աղքատամետ հասցեականության տրամաբանությամբ:

Քննարկված սցենարների և դրանց համապատասխան ֆինանսների կառավարման մոդելների միջև, այլ հավասար պայմանների, ինչպես նաև քննակված մոդելի քաղաքատնտեսական սահմանափակումները հաշվի առնելու պարագայում, ակնհայտ է, որ առավել շահեկան է մոդելը, որը նախատեսում է բարձրացնել ծառայությունների սակագները մինչև գործառական ծախսերի լիարժեք փոխհատուցում ապահովող մակարդակը, միաժամանակ սակագների ավելացմանը համարժեք փոխհատուցում տրամադրելով աղքատ տնային տնտեսություններին, շարունակելով կապիտալ ծախսերը կատարել պետական բյուջեի միջոցների հաշվին, կառավարության կողմից` որպես ջրամատակարար ընկերությունների սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ ներդրումներ: Այդուհանդերձ, մոդելը կշահի՝ Հայատանի աշխարհագրական, քաղաքատնտեսական և սոցիալական իրողությունների առանձնահատկությունների ներառումից: Նման պարագայում կնվազի առաջարկված մոդելի խոցելիությունը, ասենք, համակարգի ներսում սակագների ներկայում առկա խաչաձև սուբսիդավորման առումով, իսկ առաջարկվող այլընտրանքի առավելությունները կդառնան ավելի հիմնավոր, սպառողներին և հասարակությանն ավելի ներկայանալի:

Այսպես, հանրապետության առանձին շրջաններում ծառայությունների իրական ինքնարժեքի շոշափելի տարբերությունների պատճառով ընթացիկ ծախսերի, ուստիև՝ օպերատորի համար ունիվերսալ սակագնի առկա խաչաձև սուբսիդավորումը առնվազն նույնքան շոշափելի քաղաքական և ֆինանսատնտեսական գործոն է, որքան ջրային համակարգի ընթացիկ ծախսերի պետական սուբսիդավորման առավել կատարյալ թիրախավորումը բնակչության տարբեր եկամտային խմբերի համեմատ և, ի վերջո, պետական բյուջեի վերաբաշխման գործառույթի բարելավումը այս ծառայությունների մասով: Խնդիրն ավելի է բարդանում, եթե հաշվի առնենք նաև, որ թեև ՀՀ տարբեր շրջաններում ծառայություններ մատուցող միևնույն օպերատորի համար սահմանվում է ջրամատակարարման մեկ սակագին, սակայն թե՛ մատուցվող ծառայությունների (օրինակ՝ ջրամատակարարման տևողության), թե՛ խմելու ջրի որակի միջև հաճախ զգալի տարբերություններ կան, ինչը խաչաձև սուբսիդավորման հանգույցն ավելի է խճճում: Նման պարագայում, կարծում ենք, պետական բյուջեի միջոցների հաշվին սուբսիդավորման կամ բնակչության առանձին խմբերին սակագնային փոփոխություններին համարժեք սոցիալական նպաստների համակարգի միջոցով փոխհատուցում սահմանելիս հիմանական շեշտը պիտի դնել ջրամատակարարման ծառայությունների և ջրի որակի նվազագույն չափորոշիչների ապահովման վրա: Հարկ է նաև նշել, որ պետական սոցիալական ապահովության նպաստների ներկայում գործող համակարգի, այդ թվում՝ դրա հասցեականության և աղքատների նվազագույն կարիքների ապահովման գործառույթի հանդեպ վստահությունը հասարակության մեջ դեռևս բավարար չէ առաջարկվող փոփոխությունների հանդեպ դրական հասարակական կարծիք ձևավորելու համար:

Ծախսերի արդյունավետության բարձրացմանն ուղղված այլընտրանքային մոդելների քննարկման ընթացքում անհրաժեշտ է նաև քննարկել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում կապիտալ ներդրումների պլանավորման և կատարման գործում պետության կենտրոնական դերը, քանզի ի տարբերություն մի շարք այլ ենթակառուցվածքների, ջրամատակարարման համակարգի զարգացման համար անհրաժեշտ կապիտալ ծախսերի պլանավորումը բացառապես ազատ տնտեսվարող օպերատորի կողմից խիստ խոցելի է տոպոգրաֆիական առումով: Այսպես, ի տարբերություն գազամատակարարման համակարգի, ուր ընթացիկ ծախսերի ծավալում գազի արժեքն էականորեն գերակշռում է ծառայությունների մատուցման արժեքին, ջրամատակարարման պարագայում, ընթացիկ ծախսերը գրեթե բացառապես պայմանավորված են ծառայությունների մատուցման արժեքով, մինչդեռ խմելու ջրի ռեսուրսի արժեքը չնչին է: Ի տարբերություն հեռահաղորդակցության ոլորտի, ուր մրցակցությունը կարծես թե ապահովում է թե՛ ծառայությունների գնաձևավորման, թե՛ հասանելության ու մատչելիության, թե՛ ենթակառուցվածքների զարգացման ավելի դինամիկ տրամաբանություն, ջրամատակարարման պարագայում սպառողները այս կամ այն օպերատորին գրեթե այլընտրանք չունեն, ինչը բացառում է մրցակցության արդյունքում ենթակառուցվածքների ծավալման դինամիկան: Ավելի՛ն, խմելու ջրի ջրամատակարարման ենթակառուցվածքներում առաջարկվող կապիտալ ներդրումները հարկ է քննարկել տնամերձ հողամասերի ոռոգման համակարգերի գործարկման համար անհրաժեշտ կապիտալ ներդրումների հետ համաձայնեցման տրամաբանությամբ՝ խմելու ջրի անհարկի օգտագործման, համակարգի ծախսարդյունավետության, օրինականության և հաշվետվողականության մակարդակն ապահովելու նպատակով:

ԱՍՏ իրականացրած վերլուծության մեջ քննարկված երկրորդ սցենարը խոցելի է նաև կապիտալ ծախսերի հետագա ֆինանսավորման մեխանիզմի առումով: Այսպես, դրանք ամորտիզացիոն ծախսերի տեսքով սակագնում ներառելու պարագայում, սակագները հետագայում կրկին պիտի բարձրանան, հանգեցնելով քննարկված մոդելի առավելությունների շոշափելի կրճատման միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում:

Այսպիսով, քննարված սցենարները հիմք են տալիս վեր հանել այն գործոնները, որոնք պիտի հաշվի առնել արդյունավետ և իրականանալի քաղաքականության առաջարկներ մշակելիս: Ավելի՛ն, առաջարկված մոդելների վերլուծության արդյունքում հնարավոր դարձավ քննարկել ըստ սպառման ծավալների դիֆերենցված սակագնի մոդելը, այն զուգորդելով խմելու ջրի սպառման նվազագույն ծավալների ապահովման համար անհրաժեշտ երաշխիքներով (այդ թվում՝ քննարկելով նպատակային նպաստների, պետական բյուջեի միջոցների հաշվին սուբսիդավորման և զրոյական սակագնով երաշխավորված ծավալի շեմի մեխանիզմներով): Նման մոդելի մանրակրկիտ և համակողմանի քննարկումը կարող է դառնալ ջրային տնտեսության համակարգի զարգացան ստատուս քվոյի փոփոխության համար անհրաժեշտ արդյունավետ և իրականանալի այլընտրանք:


Համառոտագիրը մշակվել է 2011թ. հոկտեմբերի 4-ին կայացած` «Հանրային ծախսերի հաշվետվողականության բարելավման նպատակով ինստիտուտների զարգացում. ջրային տնտեսություն» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ հետազոտական կազմակերպության հետ համագործակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։