ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հետադարձ հայացք քաղաքացիական հասարակության կառույցների համագործակցության ճանապարհին

12.01.2012

 

Ամփոփելով երկամյա ուղին 2012թ. նախաշեմին

2009 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Կառավարության նիստում հաստատվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Սա սկիզբն էր Հայաստանում քաղաքացիական հասարակության կառույցների(ՔՀԿ) աննախադեպ համագործակցության, որի նպատակն այս նախագծի կասեցումն էր: Ստեղծվեց Քաղաքացիական հասարակության կառույցների նախաձեռնող խումբ՝ կազմված ավելի քանի 300 հասարակական կազմակերպություններից, որոնք իրենց վերաբերմունքը նոր նախագծի վերաբերյալ բավականին կտրուկ արտահայտեցին. «...նախագիծը ՀԿ-ների պետական ճնշման գործիք և կոռուպցիոն ռիսկերի աղբյուր է»: Այս «ճնշման գործիքին» հակազդելու համար մոբիլիզացվեցին ՔՀԿ ռեսուրները, և խորհրդարանական երկու լսումների արդյունքում նախագիծը դեռ չի ընդունվել:

Սրանք փաստեր են, որոնք, սակայն, ամբողջովին չեն նկարագրում երկամյա գործընթացի արդյունքում արձանագրված փոփոխությունները, որոնք քննարկվեցին նաև Քաղաքացիական հասարակության զարգացման ցանցի (ՔՀԶ ցանց)  դեկտեմբերի 27-ին կայացած տարեկան ամփոփիչ միջոցառման ընթացքում, որին որպես խոսնակ հրավիրված էին ՀՀ Արդարադատության փոխնախարար պարոն Ա. Օրբելյանը և ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Ա. Սաֆարյանը: Հանդիպման նպատակն էր ամփոփել 2011 թվականին ՀԿ օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված աշխատանքները և ներկայացնել հետագա անելիքները:

Հետադարձ հայացք նետելով վերջին երկու տարում Քաղաքացիական հասարակության կառույցների նախաձեռնող խմբի անցած ճանապարհին՝ 2012թ. նախաշեմին կարելի է հստակորեն ուրվագծել առանցքային երկու փոփոխություն, որոնք փոխակերպեցին գործընթացի բնույթը: Նախ, պետք է վերհիշել, որ գործընթացն սկսվել էր որպես հստակ «ընդդեմ» քննադատական շարժում, որի նպատակը մեկն էր. հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործունեությանն առնչվող իրավական դաշտում պահպանել ստատուս քվոն: Այսօր այդ նպատակը ձևափոխվել է երկարաժամկետ կառուցողական առաքելության. բարելավել ՀԿ իրավական կանոնակարգման դաշտն այնպես, որ այն զարգանա առանց բախվելու լուրջ խոչընդոտների և կարողանա պաշտպանել հանրային շահն՝ ըստ իր որդեգրած առաքելության:

Երկրորդ, գործընթացի սկիզբը ոչ մի կերպ չէր կարելի բնութագրել որպես «մասնակցային», մինչդեռ այսօր ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերը շեշտում են արդյունքում թերևս դանդաղ, այդուհանդերձ միանշանակորեն նախապատվելի մասնակցային գործընթացի առկայությունը: Նման փոփոխություններն իրավամբ ձևափոխել են նաև դերակատարների մասնակցության բնույթը: Եթե սկզբում ՔՀԿ-ներն ամեն գնով փորձում էին կանխել նախագծի հետագա ընթացքը, ապա այսօր նրանք ստիպված են հանդես գալ կառուցողական, հստակ առաջարկներով, թե ինչպիսի զարգացման միջավայր են ցանկանում տեսնել: Այսօր դրանք ոչ միայն կարող են օգտվել առկա գունապնակի բոլոր երանգներից այդ միջավայրը պատկերելու համար, այլև արդեն իսկ համապատասխան գնորդ ունեն այդ կտավի համար՝ Արդարադատության նախարարությունը:

Այս գործընթացի հետաքրքիր զարգացումներից մեկն Արդարադատության նախարարության աշխատակազմի փոփոխությունն էր, որը շոշափելի տեղաշարժերի տեղիք տվեց: Եթե նախկինում դերակատարների միջև հաղորդակցությունը նմանվում էր առանձին մենախոսությունների, ապա փոխակերպված դերակատարի մասնակցությունն այդ հաղորդակցությանը վերածեց այն երկխոսության: Հատկանշական է, որ այս փոփոխությունը պայմանավորված էր անձերով, այլ ոչ թե համակարգի կամ մշակույթի փոփոխությամբ: Թվում է, թե նման զարգացումն այնքան մարգինալ է, որ այն քննարկել որպես նախադեպ վաղաժամ է: Սակայն չպիտի թերագնահատել այս ռեսուրսը: Նման  ներուժն անտեսելը մեծ շքեղություն կլիներ հայկական հասարակական և քաղաքական իրականությունում, որի հիմնախնդիրներից մեկը հենց որոշումների ձևավորման գործընթացում բանակցային և մասնակցային մշակույթի կայացումն է: Ստեղծված իրավիճակն իրականում պետք է դիտարկել որպես նման մշակույթի սաղմ և փորձել հետևողականորեն սնել, որպեսզի այն վաղաժամ չթոշնի:

Վաղվա անելիքները

Գործընթացի կառուցողական և հեռահար նպատակային միտումներն առաջիկայում նյութականացնելու համար անհրաժեշտ նախադրյալ է ներգրավված կողմերի՝ Քաղաքացիական հասարակության կառույցների նախաձեռնող խմբի, առանձին ՔՀԿ-ների, Արդարադատության նախարարության և Ազգային ժողովի դերերի հստակ գիտակցումը: Արդարադատության նախարարությունը հրապարակայնորեն խրախուսում է մասնակցային, թեև դանդաղ բարեփոխման գործընթացը՝ պարզորոշ սահմանելով այն մոտեցումները, որոնք բնութագրում են իր, որպես պետական կառույցի դիրքորոշումը հասարակական ոլորտի զարգացման խնդրում: Դրանք  հինգն են. ա/ ոչ-առևտրային և առևտրային կազմակերպությունների գործունեության հստակ տարանջատում, բ/ «հանրային օգուտ» հասկացության սահմանում և համապատասխան հասարակական կազմակերպությունների գործունեության կանոնակարգում՝ ըստ նոր սահմանման, գ/ հաշվետվողականության թափանցիկ մեխանիզմների անհրաժեշտություն, ներառյալ «արտոնյալ իրավունքներ, հավելյալ պատասխանատվություն» դրույթը, դ/ կամավորականության պրակտիկայի կանոնակարգում հաշվետվողականության մեխանիզմների միջոցով և ե/ ծառայությունների պատվիրակում ՔՀԿ-ներին: Դիրքորոշման նման հստակեցումը միաժամանակ թե՛ հաշվետու է դարձնում տվյալ կողմին, թե՛ հնարավորություն ընձեռում մյուսներին խուսափել խաղի կանոնների վերաբերյալ մասնավոր ենթադրություններից: Օրենսդիր մարմինը ևս կիսում է նման դիրքորոշումը:

Եթե  ՔՀԿ-ները բարեփոխման հաջողության գրավականը համարում են մասնակցային գործընթացը, ապա պետական կառույցները հավաստում են, որ իրենց ակնկալիքներն այս հարցում միանգամայն համահունչ են: Իսկ մասնակցությունը ենթադրում է գործառույթների բաժանում և պարտականությունների ստանձնում: Այստեղ անելիքները շատ են. Քաղաքացիական հասարակության կառույցների նախաձեռնող խումբը և ՔՀԿ-ները պարտավորվում են ԱՆ և ԱԺ-ի հետ համատեղ մշակել հասարակական կառույցների զարգացման հայեցակարգը, իսկ վերջիններս՝ ապահովել հայեցակարգի իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման փորձագիտական ռեսուրսը: Այս ընթացքում պետք է շարունակել զարգացնել ստեղծված կառուցողական միջավայրը, առանց որի միանգամայն հավանական է կրկին հայտնվել փոխադարձ մեղադրանքների թակարդում և մեկ անգամ ևս անորոշ ժամանակով հետաձգել խնդրի հանգուցալուծումը:


 

Համառոտագիրը մշակվել է 2011թ-ի դեկտեմբերի 23-ին կայացած` «Քաղաքացիական հասարակության կառույցների համագործակցությունը» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա:

Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

24.05.2013

Առանց հղումների իրավունքի քննարկում ՄԶՄԿ-ում

Քաղաքացիական հասարակության կառույցների, վերլուծական կենտրոնների, գործարար համայնքի և զարգացման գործընկերների ավելի քան քսան ներկայացուցիչներ ՄԶՄԿ հրավերով մայիսի 23-ին մասնակցեցին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտների հարատևություն. անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներ»թեմայով առանց հղումների իրավունքի քննարկմանը:

 ավելին >>
15.03.2013

Սևծովյան տարածաշրջան. փոփոխվող աշխարհում որոշում կայացնողների ապագա սերնդի համախմբում Երիտասարդական համաժողով

Հայկական Ատլանտյան Ասոցիացիան  իր երիտասարդական թիմի՝ Հայկական երիտասարդական Ատլանտյան Ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպում է երիտասարդական համաժողով ՝«Սևծովյան տարածաշրջան. Փոփոխվող աշխարհում ապագա որոշում ընդունողների միավորում», որը տեղի կունենա Երևանում ս./թ. մարտի 14-15-ին:

 ավելին >>
09.03.2013

Համայնքային քննարկում Երևանում

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն ՀԿ-ն (ՄԶՄԿ) ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՄԱԿ զարգացման ծրագրի օժանդակությամբ իրականացնում է 2015 թվականից հետո Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) հիման վրա խարսխված զարգացման օրակարգի ձևավորման հասարակական քննարկումներ:

 ավելին >>

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

09.03.2013

Հանրային քննարկումներ հազարամյակի զարգացման նպատակների շուրջ

10 հանրային քննարկումներ հազարամյակի զարգացման նպատակների թեմայով Հայաստանի 5 մարզերում և Երևանում

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.02.2013

Համընդհանուր ուսումնասիրություն. ԲԶՄՀ 2014 թ.-ից ի վեր

2012թ. սեպտեմբերի 2-ից նոյեմբերի 2-ը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ իրականացրել է «Բնակչության և զարգացման միջազգային համաժողովը 2014 թվականից անդին» ուսումնասիրության հարցաշարը լրացնելու աշխատանքները, որի շրջանակներում խորհրդակցական հանդիպումներ և ֆոկուս խմբեր են անցկացվել լիազոր պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների, մասնավոր ընկերությունների հետ, ինչպես նաև կատարվել է փաստաթղթերի ուսումնասիրություն: