ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Սիրիայի ճգնաժամը և անվտանգության նոր հարթությունները

03.08.2012

Հին հարցերը նոր օրակարգում՝ սիրիական ճգնաժամի դասերը

Սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրերից քաղաքական օրակարգ մտավ հայրենադարձության խնդիրը: Իշխանությունները, արձագանքելով խնդրին, պարզեցրին անձնագրերի տրամադրման գործընթացը: Միաժամանակ, Հայաստանում դեռևս չկա հայրենադարձության ծրագիր, քաղաքականություն և դրա իրականացման մեխանիզմների վերաբերյալ հասարակական համաձայնություն:

Իրաքյան պատերազմի օրերին բարձրաձայնվեցին հայ Սփյուռքի առջև ծառացած վտանգներն ու մարտահրավերները, հայրենադարձության ծրագրերի անհրաժեշտությունը: Թեպետ քննարկումներ ծավալվեցին, սակայն զարգացումներ չեղան, ուստի քննարկումներն այդպես էլ ծրագիր ու քաղաքականություն չդարձան: Խնդիրը հետաձգվեց այնքան, մինչև հաջորդ ճգնաժամը կրկին արդիական դարձրեց այն:

Սիրիական ճգնաժամը օրակարգ բերեց նաև երկքաղաքացիության ինստիտուտի հանդեպ մեր մոտեցումների ու քաղաքականության վերանայման հրամայականը: Իրավամբ, երկքաղաքացիության ներդրումից հետո ՀՀ անվտանգության հայեցակարգերը չեն վերանայվել: Նախորդ տարիներին ձևավորվել է ՀՀ երկքաղաքացիների մի ստվար բանակ, որոնց անվտանգության մարտահրավերներն արձագանքի են սպասում: Ընդ որում, մինչ ՀՀ երկքաղաքացի սիրիահայերի անվտանգության խնդիրները մնում են չլուծված, նրանց թիվը կարող է կտրուկ աճել՝ առաջացնելով ոչ միայն որակական, այլև քանակական խնդիրներ:

Հայրենադարձություն՝ ցանկալի նպատա՞կ, թե՞ հարկադրված միջոց

Արդյո՞ք հայրենադարձությունը լուծում է սիրիահայերի անվտանգության խնդիրը: Կարծում ենք, որ հայրենադարձությունը, և Սփյուռքի հայ համայնքների անվտանգության խնդիրները գործնականում տարբեր են՝ ունեն տարբեր գերակայություններ, պահանջում են տարբեր լուծումներ և մոտեցումներ, բերում են տարբեր արդյունքների: Հայրենադարձության եզրույթը, թերևս, մի կողմից աղերսվում է ժողովրդագրական գերակայություններին, միաժամանակ, անվտանգության հստակ երաշխիքներ առաջարկելով հայրենադարձվելու ուղին ընտրած մեր ազգակիցներին: Սակայն արդյո՞ք սիրիահայերը ցանկանում են լքել իրենց երկիրը և վերաբնակվել Հայաստանում: Թերևս, շատերը կցանկանան, եթե հստակ պատկերացում կազմեն, թե ուր են գալիս, ինչ պայմաններով և ինչպիսի ապագայի ակնկալիքով: Սակայն նման պատկերացում սիրիահայերը, կարծես, չունեն այսօր. գերակայում է հայրենիքի զգացմունքային դրական ընկալումը, թերևս: Ավելի՛ն, Հայաստանը չունի հայրենադարձությունն ու վերադարձը կանոնակարգող հատուկ օրենք կամ ռազմավարություն, իսկ սփյուռքահայերին քաղաքացիություն տրամադրելու գործընթացի հեշտացման նախաձեռնությունն ավելի շուտ պատեհական հրամայականի արձագանք է: Սիրիահայերին աջակցելու և հայրենադարձության կազմակերպման խնդիրները միաժամանակ լուծելու թիվ մեկ թշնամին ժամանակն է: Մի կողմից, յուրաքանչյուր պահ սիրիահայերին զանգվածաբար ու շտապ տարհանելու և ընդունելու անհրաժեշտություն կարող է ծագել: Մյուս կողմից, ժամանող սիրիահայերին Հայաստանի լիարժեք քաղաքացի դարձնելու, մեր հասարակությանն ինտեգրելու ծրագրերն ու դրանց իրականացումն երկարաժամկետ ջանքեր և ռեսուրսներ է պահանջում: Ի վերջո, սիրիահայ համայնքը հին է. արդեն որերորդ սերունդն է այստեղ բնակվում: Համայնքը շերտավորված է. բաժանված հարուստների ու աղքատների, գյուղաբնակների ու քաղաքաբնակների: Պատահում են խառն ամուսնություններ:

Բաց ձեռքով՝ բռունցքված

Ժամանակն է, որ Հայաստանը վերջնականապես որոշի իր գերակայություններն ու ցանկալի ապագայի մասին հստակ պատկերացում ձևավորի: Ուզում ենք ունենալ և՛ հզոր սփյուռք, և՛ հզոր Հայաստան, թե՞ պատրաստ ենք Սփյուռքի թուլացման կամ փոքրացման գնով անգամ հզորացնել Հայաստանը: Այսպես, սիրիահայ համայնքն առավել հզոր, կայացած, բազմաշերտ ու կայուն հայ համայնքներից մեկն է աշխարհում: Սիրիահայության տարհանման ու հայրենադարձման որոշում հընթացս կայացնելն անթույլատրելի է, հարկավոր է թե՛ հասարակական համաձայնություն խնդրի վերաբերյալ, թե՛ հայրենադարձման մանրակրկիտ մշակված ու ռեսուրսներով ապահովված ծրագիր: Սփյուռքը հարկադրաբար, կամ աղետն առիթ ծառայեցնելով հայրենադարձնել ու վերաբնակեցնել Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ: Ի վերջո, եթե լիարժեք պայմաններ չստեղծվեն Հայաստանում սփյուռքահայերի բնակության և լիարժեք ինտեգրման համար, ապա ժամանող հայրենադարձները սեղմ ժամկետներում կլքեն քիչ առաջ ձեռք բերված հայրենիքը: Մի բան հստակ է. ռազմավարական առումով հայրենադարձության խնդիրն օրակարգ մտցնելու ժամանակն է: Ընդ որում, համազգային նշանակության ռազմավարական խնդիրների քննարկման հարթակ կարող է դառնալ Հայաստան-Սփյուռք համաժողովը, որն, ըստ էության, ստեղծվել է ոչ թե նեղ կամ հատվածական շահեր սպասարկելու, այլ հենց ռազմավարական որոշումների կայացման նպատակով: Այսպիսով, անհրաժեշտ է, հնարավորին սեղմ ժամկետներում հրավիրել Հայաստան-Սփյուռք համաժողով՝ սիրիահայության, Սփյուռքի ու հայրենադարձության խնդիրների քննարկման օրակարգով:

Երկքաղաքացիությունը՝ ազգայնականության նոր հի՞մք

2007 թվականին Հայաստանն  ընդունեց և հետևողականորեն կայացնում է երկքաղաքացիության ինստիտուտը, այն դարձնելով Սփյուռքն ու Հայաստանն իրար հյուսող կտավի իրավական կարևորագույն հանգույցներից մեկը: Նախորդ հինգ տարիներին ձևավորվեցին ոչ միայն երկքաղաքացիության օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքերը, այլև աստիճանաբար ավելացավ ՀՀ երկքաղաքացիների թիվը: Քանակական փոփոխությունները հանգեցրին որակական նոր հնարավորությունների և մարտահրավերների, որոնք սակայն դեռևս սպասում են լուծումների: Սիրիական ճգնաժամը, ի թիվս այլ խնդիրների, օրակարգ բերեց նաև ՀՀ երկքաղաքացիների անվտանգության հարցը: Օրակարգում հայտնվեցին մի շարք կարևոր հարցեր. որո՞նք ենք ՀՀ ազգային անվտանգության սահմանները, արդյո՞ք այն սահմանվում է զուտ տարածքային բնութագրիչներով, ինչու՞ և ինչպե՞ս պիտի ապահովի Հայաստանն իր երկքաղաքացիների անվտանգությունը, որո՞նք են հնարավորությունների և պահանջների սահմանները: Հարցերը շատ են, և դրանք սպասում են անհետաձգելի պատասխանների, քանզի ճգնաժամը ոչ միայն խորացնում է արձագանքման խնդիրները, այլև բազմացնում երկքաղաքացիների բանակը: Ազգայնականության ժամանակակից եզրույթում «հայկական» քաղաքականության սահմանն անցնում է երկքաղաքացիություն ունեցող հայի դռնով՝ որ հողում էլ այդ դռան հետևում պատսպարված լինի հայի ընտանիքը: Ուստի Հայաստանի ազգային անվտանգությունը չի սահմանափակվում Հայաստանի և Արցախի տարածքային սահմանով, այլ ընդլայնվում է մինչև հայ համայնք ու ներառում նրա անդամների անվտանգության խնդիրները:

Ամփոփում

Ներկայում սիրիահայության առջև կանգնած գլխավոր մարտահրավերը մարդասիրական ճգնաժամն է: Այս առումով, Հայաստանի Հանրապետության արձագանքն ու հիմնական անելիքը մարդասիրական աջակցության տրամադրումն է սիրիահայ համայնքին, բարոյական աջակցությունն ու հավասարակշռված «մի՛ վնասիր» տրամաբանության վրա հենված արտաքին քաղաքական քայլերը: Հայրենադարձության հնարավոր ծրագրեը երկրորդային են՝ հարկադրական, հարակից և, բարեբախտաբար, դեռևս միայն՝ հավանական: Իհարկե, յուրաքանչյուր առանձին դեպքում ճգնաժամի ճիրաններում գալարվող այս կամ այն գաղթօջախից համայնքը Հայաստան հայրենադարձնելուն աջակցության ռազմավարական որոշումն անհրաժեշտ է թողնել Հայաստանի և Սփյուռքի համատեղ քննարկմանը: Սակայն սիրիական ճգնաժամի պարագայում գերակայությունները, թերևս, հստակ են և բարձրաձայնված թե՛ սիրիահայ համայնքի առաջնորդների, թե համայնքային և կրոնական կառույցների կողմից. մարդկանց հնարավոր վերահաս վտանգից փրկելու ծրագիրը մշակվում է որպես սիրիահայերի անվտանգության խնդրի ժամանակավոր լուծում, որից հետո մեր հայրենակիցները իրենք են որոշում` մնալ, թե գնալ: Առնվազն այս պարագայում հայրենադարձությունը հայ համայնքի անվտանգության ապահովման միջոց է, և ոչ նպատակ: Միաժամանակ, հարկ է վերանայել Հայաստանի անվտանգության և արտաքին ու ներքին քաղաքականության գերակայություններն ու դրանք սահմանող փաստաթղթերը՝ ներառելով երկքաղաքացիների անվտանգության, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության խնդիրները: Չէ՞ որ դրանցից շատերը մշակվել են երկքաղաքացիության ինստիտուտի ներդրումից առաջ:

19-րդ դարում Սյուզան Էնթոնիի հնչեցրած դարակազմիկ միտքը, մերօրյա համահայկական ծիրում, թերևս, կհնչեր, այսպես. «Հայաստանը մենք ենք՝ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիներն ու քաղաքացիները, ոչ թե մենք՝ հայ քրիստոնեա հայաստանցիները, ոչ էլ անգամ բոլոր հայաստանցիներս, այլ մենք՝ բոլորը, ովքեր Հայաստանի քաղաքացիություն ունեն և հայոց պետություն են ստեղծել... հայաստանցիները, նրանց իրավունքներն ու ոչինչ ավելին... Սփյուռքում բնակվող երկքաղաքացիները, նրանց իրավունքներն ու նվազ՝ ոչինչ»:

 


Համառոտագիրը մշակվել է 2012թ-ի հուլիսի 18-ին կայացած` «Սիրիա․ տարածաշրջանային համատեքստն ու հայերի հարցերը» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա:

Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Քննարկումը կազմակերպվել էր «Սևծովյան տարածաշրջանի խաղաղաշինական ցանցի» աջակցությամբ:

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։