ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Սիրիական ճգնաժամ. հայ համայնքը՝ լրջագույն մարտահրավերների առաջ

21.01.2013

Սիրիական թնջուկ. խաղաղ ցույցերից` միջազգային հակամարտություն

«Արաբական գարունն» առավել դրամատիկ զարգացում ունեցավ թերևս Սիրիայում: Սա են վկայում տասնյակ հազարավոր զոհերը, ավերված քաղաքներն ու գյուղերը, կենտրոնական իշխանության թուլացումը, քաոսը, անկայունությունը, միջազգային ահաբեկչությունը, հանցավորության կտրուկ աճը, մարդկանց առևանգումը, ծայրահեղականության պոռթկումը, Սիրիայի հանդեպ միջազգային հանրության կիրառած աննախադեպ ճնշումներն ու պատժամիջոցները: Թերևս, հենց արտաքին միջամտությունը ներսիրիական խնդիրը փոխակերպեց միջազգային հակամարտության: Ուրվագծվեցին ուժային կենտրոնների ու դաշինքների շահերը: Ակնհայտ դարձավ, որ դրանցից յուրաքանչյուրը սիրիական խնդիրն առավելապես ծառայեցնում է տարածաշրջանում սեփական դիրքերի ամրապնդմանն ու շահերի պաշտպանությանը:

Հատկանշական է, որ դաշինքներից մեկում Արևմուտքի ուժային կենտրոնների քաղաքական շահերն ավանդաբար սպասարկող երկրներ են՝ Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Քաթար, որոնք սիրիական «խաղում» հետամուտ են նաև սեփական շահերի ու դիրքերի ամրապնդմանը: Սուննիական և շիայական ռազմաքաղաքական դաշինքների միջև ներիսլամական հակամարտության բևեռներից մեկում համախմբված այս երկրները՝ Սաուդյան Արաբիան և Քաթարը, սիրիական ճգնաժամի ֆինանսական դոնորներ են: Թուրքիան միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ ծառայեցնում է Սիրիայում զինված պայքար ծավալելու, զինյալների ուսուցման կենտրոններն ու փախստականների ճամբարները պահելու խնդիրներին: Մյուս դաշինքը համախմբել է  Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի շահերը:

Ակներևաբար, հակաասադական ուժերը կշարունակեն ֆինանսավորել և տեխնիկապես աջակցել ընդդիմադիր ուժերին: Ուստի ճգնաժամը Սիրիայում կշարունակվի այնքան, որքան Ասադի վարչակարգին աջակցող դաշնակիցները կտրամադրեն անհրաժեշտ ռեսուրսներ: Ակնհայտ է նաև, որ սիրիական ճգնաժամը կարող է կարգավորվել համաշխարհային ուժային կենտրոնների երկխոսության արդյունքում: Այլ պարագայում հակամարտությունը կարող է ընդլայնվել և խորանալ:

Էթնո- և կրոնադավանական հակամարտություն

Ի տարբերություն տարածաշրջանի շատ երկրների, Սիրիան էթնիկ և կոնֆեսիոնալ բազմազանության յուրօրինակ խճանկար է: Տարօրինակ չէ, որ քաղաքացիական ազատությունների համար պայքարը, հակամարտության խորացմանը զուգընթաց, էթնոդավանական և կրոնադավանական հակամարտության երանգներ ստացավ: Ալավիներն ու սուննիները, մասնավորապես, Հաֆեզ Ալ-Ասադի իշխանության գալուց հետո տասնամյակներ շարունակ բացահայտ (մինչև 1980-ականներն ու Համայի դեպքերը), ապա՝ լատենտային առճակատման մեջ էին: Քաղաքացիական անհնազանդության դրսևորումները բարիկադավորեցին այս խմբերին: Հակամարտության սրացմանը զուգընթաց ուրվագծվեցին նաև նրանց աջակցող դաշինքները թե´ երկրի ներսում, թե´ արտերկրում: Այսպես, Ասադի վարչակարգի կամ ալավիների պաշտպանությամբ դիրքավորվեցին երկրի փոքրամասնությունները, այդ թվում՝ քրիստոնյաները: Հատկանշական է նաև, որ սուննիական հարթակը նույնպես միատարր չէ: Այստեղ առանձնանում են սոցիալական երկու բևեռներ. ընդդիմադիր աղքատ միջին խավը՝ մի կողմից, և բուրժուազիան, որը համարվում է Ասադի հենասյուներից մեկը, մյուս կողմից: Հակամարտության համատեքստում լրջագույն գործոն են քրդերը: Հակամարտության ընթացքում վերջինների չեզոքությունն Ասադը փորձեց ապահովել քրդաբնակ շրջաններին փաստացի ինքնավարություն  և գործելու անկախություն տրամադրելու միջոցով: Սիրիական հակամարտության շրջապտույտում միջկոնֆեսիոնալ և միջէթնիկ բախումներն այլևս անկասելի են: Ավելին, հակամարտությանը վերախմբավորում և մասնակցում են սիրիական հասարակության բոլոր շերտերը՝ ոչ մեկին անմասն չթողնելով և հակամարտության խելահեղ ոլորապտույտում առնելով յուրաքանչյուրին: Ապացույցը 2012թ. հոկտեմբերին շիաների սրբատեղի Սեյդա Զեյնաբ մզկիթում պայթյունն էր:

Միասնական ընդդիմություն. իրականություն թե՞ պատրանք

Սիրիական ընդդիմության հիմնական դաշինքը մինչ վերջերս Սիրիայի ազգային խորհուրդն էր, որին երկրում կամ արտերկրում բացարձակ աջակցություն ձեռք բերել այդպես էլ չհաջողեց: Սիրիական ըննդիմությունը բազմաշերտ է. թե՛ գաղափարական, թե՛ մարտավարական տարաբերությունները դարձնում են այն հատվածական: 2012թ. նոյեմբերին Արևմուտքի աջակցությամբ ընդդիմադիր ուժերը միավորվեցին Սիրիական ազգային կոալիցիայում, որը ճանաչել են ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ինչպես նաև մի շարք պետություններ: Վաթսուն հոգանոց այս խմբում կան այլախոհ գործիչներ, ձախեր, որոնցից շատերը երկար տարիներ անցկացրել են բանտերում և Դամասկոսի հայտնի հռչակագրի անդամներ են: Միաժամանակ, ակնհայտ է նաև, որ ասադական ուժերը զգալի հենարան ունեն երկրում և կփորձեն ապագա իշխանության մաս կազմել:

Հայ համայնքը՝ մարտահրավերների առջև

Սիրիահայ համայնքը կարևորագույն նշանակություն ունի հայապահպանության առումով: Մեծաթիվ է սիրիահայ համայնքը: Հայերն այստեղ բնակվում են թե՛ խոշոր քաղաքներում, թե՛ փոքր գյուղերում: Սիրիական հակամարտությունը հայ համայնքին կանգնեցրել է մի շարք մարտահրավերների առջև: Երկրում գների աննախադեպ բարձրացման, վառելիքի և էլեկտրաէներգիայի սղության, տնտեսության փլուզման և այլ մարտահրավերներից բացի համայնքը հարկադրված է դիմակայել անվտանգության խնդրին:  Մարդիկ վախենում են փողոց դուրս գալ, վախենում են առևանգումից: Շեքսպիրյան հերոսը թերևս սիրիահայ համայնքի տառապանքների մասին կասեր. «...օ՜հ, դժոխք երթան երկու տներն էլ, իմ բանը պրծավ»:

Հալեպի հայ համայնքից սաստկացել է արտագաղթը: Շատերը գալիս են Հայաստան` մնալու կամ այլ երկիր գնալու մտադրությամբ: Ի տարբերություն Հալեպի, Դամասկոսից, Քեսապից և հայաշատ այլ շրջաններից  սաստիկ արտագաղթ դեռևս չկա:  Ընդհանուր առմամբ, Սիրիան, թերևս՝ ողջ արաբական աշխարհը, դառնում է հայապահպանության համար անապահով: Այս առումով օրվա հրամայական է սիրիահայերի ներգաղթի հիմնախնդիրը ներառել ՀՀ ներքին և արտաքին քաղաքակության օրակարգում։

Այսպես, սիրիահայերից շատերը ցանկանում են ժամանակավորապես կամ երկարաժամկետ հաստատվել Ծոցի արաբական երկրներում՝ մասնավորապես ԱՄԷ-ում և Քուվեյթում, որտեղ աշխատելու ավելի մեծ հնարավորություններ կան: Սակայն, ներկայում այս երկրները հրաժարվում են կացության իրավունք տրամադրել Սիրիայի քաղաքացիներին: Ուստի ՀՀ–Ծոցի արաբական երկրներ միջպետական հարաբերությունների օրակարգում հարկ է ներառել սիրիահայերին ժամանակավոր կացության իրավունք տրամադրելու հարցը:

Հայաստանում սիրիահայերի լիարժեք ինտեգրումն ապահովելու նպատակով հարկավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում կատարելագործել նրանց կացության դյուրացմանն ուղղված քաղաքականության և օրենսդրության մշակումը: Մասնավորապես, անհրաժեշտ է ուսումնասիրել և կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի գյուղական բնակավայրերում գյուղաբնակ սիրիահայերի վերաբնակեցման աջակցելու ուղղությամբ:

Անելիքները շատ են: Դրանց դիմագրավելու համար աշխարհասփյուռ հայությունն այսօր ունի լավագույն կռվանը՝ Հայաստանի անկախ պետությունը: Եվ ընկալելով հայապահպանության գործում մեր պետության դերն ու պատասխանատվությունը՝ անհրաժեշտ է գործիքներ ձևավորել կործանարար մարտահրավերներին պատշաճ դիմակայելու համար: Չէ՞ որ գլոբալացվող աշխարհում ահագնանում են նաև ճգնաժամերն, իսկ դրանց հետևանքները դառնում են ավելի կործանարար, քան երբևէ:


Համառոտագիրը մշակվել է 2012թ-ի նոյեմբերի 22-ին կայացած` «Սիրիա. Տարածաշրջանային համատեքստ» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր «Սևծովյան տարածաշրջանի խաղաղաշինական ցանցի» աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։