ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Եվրոպական ինստիտուտների և ժողովրդավարական զարգացումների ադրբեջանական շահարկումները

06.05.2013

Վերջին տարիներին Հայաստանն զգալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացում: Դրական տեղաշարժը հատկապես ակնհայտ է մամուլի ազատության ասպարեզում: Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության աշխարհում մամուլի ազատության հերթական տարեկան զեկույցի՝ Հայաստանը 179 երկրների շարքում զբաղեցրել է 74-րդ տեղը՝ առաջ անցնելով տարածաշրջանի և ԱՊՀ գրեթե բոլոր երկրներից: Հայաստանն առաջանցիկ է նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) բանակցությունների սկիզբն ապահովելու համար անհրաժեշտ մի քանի նախապայմանների կատարման խնդրում: Ավելին, Հայաստանն առաջընթաց է արձանագրել նաև «[ԵՀՔ] Գործողությունների ծրագրի խնդիրների ուղղությամբ կատարված աշխատանքներում, հատկապես աղքատության կրճատման և սոցիալական միասնության ամրապնդման ուղղությամբ»: Զեկույցում նշվում է նաև, որ զգալի բարելավում է նկատվում վերջին խորհրդարանական և նախագահական ընտրություններում, որոնք Եվրոպական հանձնաժողովի գնահատմամբ «հիմնականում թափանցիկ» էին: Սակայն, զեկույցում նշվում է նաև այն մասին, որ դեռևս լուրջ ջանքեր են անհրաժեշտ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանման խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև հետագա աշխատանքներ են պահանջվում հատկապես օրենքի գերակայությունն ամրագրելու համար:

Սակայն ԽՀԱԱՀ-ի շուրջ բանակցային գործընթացում Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում՝ ի տարբերություն տարածաշրջանի այլ պետությունների: Այս յուրահատկությունը մասնավորապես պայմանավորված է Վրաստանում վերջին քաղաքական զարգացումներով և Ադրբեջանի ավտորիտար քաղաքական փակուղով, որն արաբական գարնան վերաճելու վտանգավոր միտում ունի: Այդուհանդերձ, չնայած այս լրջագույն սպառնալիքի առկայությանը, Ադրբեջանը հետխորհրդային տարածաշրջանում միակ պետությունն է, որը քննադատում է Հայաստանում ժողովրդավարական գործընթացները: Ավելին, ցածրագույն ժողովրդավարության ինդեքսով այս երկիրը  բազմիցս քննդատվել է փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման և մարդու իրավունքների և մամուլի ոլորտներում առկա սարսափելի իրավիճակի համար: Չնայած այս ամենին, այս երկիրն իրեն համարում է «ժողովրդավարության օրինակելի մոդել»,  որը ձևավորվում է խավիարի, նավթի  և գազի արտահանմամբ:

Ինչո՞ւ թշնամություն

Երկու պատճառ կա, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին դիտարկում որպես իր թշնամի՝ Ղարաբաղյան հիմնախնդիրն ու երկրի ներքին քաղաքականությունը: Ալիևի վարչակարգն օգտագործում է Ղարաբաղյան հարցն իր իշխանությունը պահպանելու համար: Վարչակարգի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը հենց այս հակամարտությունն է, որը թույլ է տալիս, որպեսզի իշխանությունները խուսափեն այնպիսի լրջագույն խնդիրներին անդրադառնալուց, ինչպիսիք են կոռուպցիան, մարդու իրավունքների ոտնահարումը, ընտրակեղծիքները և այլն:

Սակայն, արաբական գարնան սպառնալիքն ալիևյան վարչակարգը միանգամայն խոցելի է դարձնում: Ընդդիմության դեմ արցունքաբեր գազի կիրառումը, ցուցարարների ձերբակալությունները, ԵԱՀԿ գրասենյակը փակելու փորձերը, այլախոհ գործիչների հալածանքները, մարդասպանի հերոսացումը, մի ամբողջ ազգ թշնամի հայտարարելը և հակասական պատմական դեպքերի քննակումից հրաժարվելն Ադրբեջանին դարձնում են միանգամայն անվստահելի գործընկեր միջազգային քաղաքականության ասպարեզում:

Պայքար ժողովրդավարության դե՞մ

Վերջերս միջազգային հանրությունն ականատես դարձավ Ադրբեջանում ժողովրդավարության դեմ ոտնձգությունների աննախադեպ ծավալի: Ըստ մամուլի հրապարկումների՝ ընդդիմության գեթ մեկ ներկայացուցիչ անգամ  չկա ո՛չ կառավարությունում, ո՛չ խորհրդարանում: Ըստ Ֆրիդոմ հաուզի՝ Ադրբեջանի մամուլը համարվում է «ոչ ազատ»: Մամուլում գոյություն չունի ներկա իշխանությունների վարած քաղաքականության որևէ քննադատություն: Մամուլում հնարավոր չէ գտնել որևէ փորձագիտական գնահատական, որը չհամաձայնվի Ալիևի քաղաքականության հետ: Այսպիսով, Ադրբեջանն այսօր դարձել է «մի մարդու կառավարություն»:

Արաբական գարունը սակայն ցույց տվեց, որ նման պետությունները երկար գոյատևել չեն կարող: Տարվա սկզբից Ադրբեջանում պարբերաբար բողոքի ակցիաներ են բռնկվում, որոնք դատապարտում են կոռումպացված կառավարությունը և վերջինիս կողմից իշխանության չարաշահումը: Այս ցույցերը քննարկվում են սոցիալական մեդիայում, հատկապես Ֆեյսբուքում, և սա բավական է, որպեսզի ակտիվիստներն ու բլոգերները հետապնդվեն:

Մեկ այլ մտահոգիչ խնդիր է փոքրամասնությունների իրավունքների հարցը: Պաշտոնապես ազգային փոքրամասնությունները կազմում են Ադրբեջանի բնակչության 8.9%-ը: Սակայն, պիտի նշել, որ այս տվյալի ճշգրտությունը բավականին կասկածելի է՝ հաշվի առնելով ազգային փոքրամասնությունների հանդեպ ներկա վարչակարգի որդեգրած քաղաքականությունը: Ազգային փոքրամասնությունների իրավունքները խախտվում են ողջ երկրում, և այս գործընթացը հիշեցնում է հայերի հանդեպ մոտեցումը մինչ Ղարաբաղյան հակամարտությունը: Պատմականորեն Ադրբեջանում ամենամեծ փոքրամասնությունը՝ հայերը, 1998թ. դաժանորեն տեղահանվեցին երկրից, բայց սա այլ խնդիր է, որն արժանի է առանձին ուշադրության:

Պաշտոնապես հայտարարված 8.9% ազգային փոքրամասնությունների շարքում առանձնահատուկ ուշադրության են արժանի թալիշները: Նրանք բնակվում են Լենկորանի, Աստարայի և Լերիկի հարավարևելյան շրջաններում: Զգալի թվով թալիշներ են բնակվում նաև Բաքվում: Սակայն այս բնակավայրերում դպրոցական կրթությունն, օրինակ, նույն վիճակում է, ինչ Դիգիահում, որտեղ թալիշերենը բնավ դասավանդման լեզու չի: Բազմաթիվ դեպքեր կան, երբ թալիշ ՀԿ-ների գրանցումը մերժվել է: Թալիշ խմբագիրներ, լրագրողներ և այլ քաղաքացիական ակտիվիստներ ձերբակալվել և հակածվել են: Թալիշների պատմությունը, մշակույթը և ավանդույթները ներկայացվում են որպես ադրբեջանական արմատներից սերող: Վիրավորանքը, ինքնահարգանքի ու ազգային արժանապատվության պարբերական ոտնահարումները դարձել են պաշտոնական քաղաքականության անբաժանելի մաս: Այլ ազգային փոքրամասնությունների դեպքում ևս իրավիճակը գրեթե նույնն է:

Շահերի հետապնդո՞ւմ, թե՞ անիմաստ մրցավազք

Արդյո՞ք Հայաստանը պետք է մրցակցի Ադրբեջանի հետ ժողովրդավարացման և քաղաքական գործընթացներում, թե՞ պիտի իր ուրույն ճանապարհն ու շահերը սահմանի, որոնք ավելի լայն են, քան տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր գործընթացները: Արդյո՞ք Հայաստանը պիտի արձագանքի միջազգային ասպարեզում Ադրբեջանի կողմից հնչեցրած բոլոր մեղադրանքներին, թե՞ պիտի ուղղակի զարգանա, մասնակցի տարածաշրջանային և համաշխարհային հիմնախնդիրների լուծման գործընթացին ՝ միայնակ թողնելով բռնապետական և թշնամական պետությանն իր հիստերիայի հետ: Երբ մտնում ես մրցակցության մեջ, քեզ դատում են նույն չափանիշներով: Երկու պետությունների տարբեր օրինակներ ունենք, որոնց սակայն վերաբերվում են նույն կերպ, քանի դեռ նրանք մրցակցում են միմյանց հետ՝ մի կողմ թողնելով սեփական շահերին հետամուտ լինելը: Նման օրինակներ են Հնդկաստանն ու Պակիստանը, Չինաստանն ու Թայվանը:

Երկվորյակների այս կանոնը դրական ազդեցություն կարող է ունենալ, երբ երկու  մրցակիցները զարգացման նույն աստիճանին են: Սակայն Հայաստանը բավականին առաջ է  ընկել Ադրբեջանից ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում: Երբ քննարկվում էր ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը, երկիրը դիտարկվում էր առանձին, առանց Ադրբեջանի, որը մինչև օրս էլ չի անդամակցում ԱՀԿ-ին: ԽՀԱԱՀ և եվրոպական ինտեգրման գործընթացները պահանջում են, որպեսզի երկիրը զգալի բարեփոխումներ իրականացնի գրեթե բոլոր ոլորտներում, իսկ Հայաստանին այս բարեփոխումներն անհրաժեշտ են առաջինը հենց իր իսկ շահերը բավարարելու համար:

Հայաստանյան իշխանություններն այս հանգամանքը բավականին հստակորեն ընդգծեցին՝ պատրաստվելով և անցկացնելով 2012թ. խորհդարանական և 2013թ. նախագահական ընտրությունները: Այժմ Ադրբեջանի հերթն է ցույց տալու իր պատրաստակամությունն ու ցանկությունը՝ միանալու նույն եվրոպական ալիքին: Իրականում Ալիևի վարչակարգը սակայն չի կարող հաջողության հասնել, երբ վարչակարգի առաջնորդը համարվում է 2012թ. ամենակոռումպացված մարդը:

Մենք նույնն ենք

Ժողովրդավարական ինստիտուտների կայացումը Հայաստանի կենսական շահերից է բխում, քանզի այն ոչ թե պարզապես կառավարման օրինակելի մոդել է, այլև երկրի անվտանգության երաշխիքը: ԵՀՔ շրջանակներում Եվրոպայի ամենավստահելի գործընկերը լինելով՝ Հայաստանը վերահաստատել է իր պատրաստակամությունը հնարավորս մոտենալ Եվրոպային: Դավանելով նույն կրոնը, ունենալով հիմնականում համանման ընկալումներ ու խնդիրներ, Հայաստանի և Եվրոպահի համատեղ ճանապարհը կարծես թե անվիճարկելի է: Ընդհանուր խնդիրների շուրջ նույն լեզվով հաղորդակցվելը հայաստանցի գործընկերներին վստահելի է դարձնում, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում նրանց քննարկել ոչ միայն քաղաքական հիմնահարցերը երկրի ներսում, այլև դրանից դուրս՝ ներառյալ տարածաշրջանային և համաշխարհային հիմնախնդիրները: Քանի որ Հայաստանը հաստատակամ է եվրոպական ինտեգրման հարցում, նրան կարող են և պատշաճորեն ընկալել, երբ նա քննադատում է որևէ մոտեցում կամ գործունեություն, որը դեմ է մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը, անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում է դա կատարվում: Այլ կերպ ասած, Հայաստանին հաջողվել է ապացուցել, որ նա հարգում է ժողովրդավարական արժեքները և պատրաստ է մասնակից դառնալ ցանկացած բռնապետության դեմ ծավալվող համաշխարհային շարժմանը:


Համառոտագիրը մշակվել է 2013թ­ի ապրիլի 4-ին կայացած` «Եվրոպական ինստիտուտները և ժողովրդավարական զարգացումները. ինչպես են դրանք շահարկում մեր հակառակորդները» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշ­տոն­յա­ներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր «Սևծովյան տարածաշրջանի խաղաղաշինական ցանցի» աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։