ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Արտագնա աշխատանքի տեղավորման միջնորդական գործունեության կարգավորման հրամայականները

03.06.2013

Դորիան Գրեյի դիմանկարը

Հայաստանում աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների (ԱՏԳ) ծառայություններից օգտվողների թիվն ավելանում է. յուրաքանչյուր տասներորդ գործատու ներկայում օգտվում է այդ ծառայություններից։ Սակայն, միաժամանակ ԱՏԳ-ների առջև մի շարք մարտահրավերներ են ծառացած, որոնք խոչընդոտում են աշխատանքի շուկայում այս կարևորագույն դերակատարների արդյունավետ գործունեությանն ու ինստիտուտի կայացմանը։ ԱՏԳ-ները գործատուների և աշխատանք փնտրողների միջև միջնորդ օղակ են: Դրանք հիմնականում փոքր և միջին ձեռնարկություններ են, սովորաբար մեկից երեք աշխատակիցներով, և այս առումով բախվում են ՓՄՁ-ներին բնորոշ խնդիրներին՝ անկախ գործունեության ոլորտից:

Հիմնական մարտահրավերներից մեկը զբաղվածության ոլորտում միջնորդական գործունեության թերի իրավական կարգավորումն է: Մի կողմից, բավարար կերպով պաշտպանված չեն միջնորդական ծառայություններ մատուցողի իրավունքներն ու օրինական շահերը. նրանց ծառայություններից օգտվողները հնարավոր ճանապարհներով խուսափում են իրենց պարտավորությունները կատարելուց: Մյուս կողմից, լիարժեքորեն պաշտպանված չեն նաև միջնորդական  ծառայություններից օգտվողների՝ աշխատանք փնտրողների իրավունքները, ինչը մտահոգում է նաև պետական մարմիններին և արհմիություններին: Այս խնդիրները հարվածում են նաև ԱՏԳ-ների ծառայությունների հանդեպ հասարակության վստահությանը: Միաժամանակ, աշխատանք փնտրողները թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում աշխատանք փնտրելիս գերազանցապես օգտվում են սեփական սոցիալական կապերից կամ երրորդ անձանց միջնորդությունից, ինչի արդյունքում նրանց իրավունքները շարունակաբար մնում են խիստ խոցելի:

2001թ. վերացվել է ԱՏԳ-ների գործունեության լիցենզավորման պահանջը, ինչն արհմիությունների կարծիքով, հանգեցրել է ԱՏԳ-ների կարողությունների թուլացմանը: Միաժամանակ, ԱՏԳ-ների գործունեության լիցենզավորման խնդիրն օրակարգ բերելու նախաձեռնության վերաբերյալ հայաստանյան պետական և գործարար շրջանակները տարակարծիք են: Կա կարծիք, թե լիցենզավորումը կլուծի միջնորդ կազմակերպությունների գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողության խնդիրը:  Հնչեղ է նաև հակառակ կարծիքը, թե լիցենզավորումը միջնորդի գործունեությունը կմղի դեպի ավելի խոր ստվեր:

Գործնականում յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ կարող է զբաղվել ՀՀ քաղաքացիներին արտերկրում աշխատանքի տեղավորման գործունեությամբ. բավարար է միայն, որ կազմակերպությունն իր կանոնադրությունում հավելի նման գործունեության տեսակ: Միջնորդ կազմակերպության համար այս գործունեությունը եկամտաբեր դարձնելու համար ներկայում բավարար է միայն ապահովել քաղաքացիների հոսքն իր գրասենյակ, ինչի պակասն այսօր չի զգացվում, քանի որ արտագնա աշխատանքը հայաստանցիները համարում են զբաղվածության իրական այլընտրանք: Նման պարագայում կարող է թյուր տպավորություն ստեղծվել, թե պետությունը պիտի անբարյացակամորեն տրամադրված լինի միջնորդ կազմակերպությունների հանդեպ: Իրականում սակայն, վերջիններս, ծառայությունների սահմանված նվազագույն չափորոշիչները բավարարելու պարագայում, կարող են անգնահատելի դեր խաղալ հանրապետությունում գործազրկության մակարդակի նվազեցման գործում, մեղմելով նաև միգրացիոն հոսքերում ներգրավմամբ պայմանավորված բազմաթիվ մարտահրավերներ:

Լիցենզավորում

Արտագնա աշխատանքի մեկնողների շահերի ու իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական երաշխիքների տրամադրումը պետք է լինի արտագնա աշխատանքների կարգավորման յուրաքանչյուր նախաձեռնության անկյունաքարը։ Այդ նպատակով անհրաժեշտ է սահմանել հայաստանցիների արտագնա աշխատանքների կազմակերպման նվազագույն չափորոշիչներ և համապատասխան կարգավորումներ, որոնք պետք է հավասարակշռող դերակատարում ունենան ԱՏԳ-ների շահերի և աշխատողների իրավունքների պաշտպանության գործում: Միջազգային պրակտիկայում այս նպատակով կիրառվում են տարբեր մեխանիզներ, այդ թվում՝ լիցենզավորում, հավաստագրում, սերտիֆիկացում, աուդիտ: Լիցենզավորման պարագայում, արտագնա աշխատանքների կարգավորումն անմիջականորեն առընչվելու է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված լիցենզավորման սկզբունքների հետ: Այսպես, օրենքի 4-րդ հոդվածը լիցենզավորման սկզբունք է սահմանում «անձանց իրավունքների, օրինական շահերի, բարքերի և առողջության պաշտպանությունը, պետության պաշտպանության և անվտանգության ապահովումը»:

Իրավամբ, լիցենզավորումը, թերևս, անհրաժեշտ, սակայն դեռևս ոչ բավարար պայման է քաղաքացիների իրավունքների և շահերի ոտնահարման կանխարգելման գործում լիարժեք հաջողության համար: Միաժամանակ, լիցենզավորումը միջազգային պրակտիկայում առավել հայտնի և ամենից հուսալի մեխանիզմն է: Գործունեության այս տեսակը ուսումնասիրված տասնյակ երկրներում համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն (Ֆրանսիա, ՌԴ, Ֆիլիպիններ և այլն):

Նման կարգավորման նպատակը, թերևս, քաղաքակիրթ հարաբերությունների հաստատումն ու պատշաճ գործունեության երաշխիքների ապահովումն է: Արտագնա աշխատանքների կազմակերպման գործում լիցենզավորման մեխանիզմը կարող է բացահայտել այն կազմակերպություններին, որոնք չեն պահպանում սահմանված նվազագույն չափորոշիչները: Լիցենզիա ստացողները հարկադրված կլինեն ապացուցել իրենց գործողությունների, ինչպես նաև գործունեության ընթացքում ծագող մարտահրավերներին և վտանգներին արձագանքելու պատասխանատվություն ստանձնելու կարողությունը: Միաժամանակ, հարկ է նշել, որ արդյունավետ կառավարման տեսանկյունից առավել նպատակահարմար է հնարավորինս խուսափել լիցենզավորվող գործունեության տեսակների շրջանակների ընդլայնումից, հատկապես, երբ խոսքը գնում է բարդ ընթացակարգով լիցենզավորման մասին:

Կարգավորման շրջանակները

Մարդկային ռեսուրսների ազատ տեղաշարժը, ՀՀ քաղաքացիների և շահերի պաշտպանության խնդիրներից բացի, առընչվում է նաև մի շարք վտանգների հետ, այդ թվում՝ անօրինական միգրացիան և թրաֆիքինգը: Այս առումով նպատակահարմար է որպես լիցենզավորման ենթակա գործունեություն սահմանել ոչ թե աշխատանքի տեղավորման (զբաղվածության) կազմակերպման, այլ հատկապես արտագնա աշխատանքների կազմակերպման ծառայությունների մատուցումը: Միաժամանակ, հարկ է նշել նաև աշխատանքային միգրացիայի մի կարևոր առանձնահատկություն. միգրանտ աշխատողների իրավունքների պաշտպանությունը հաճախ տեղափոխվում է աշխատանքի տեղավորման երկրի իրավասության դաշտ, ինչն ավելի է մեծացնում Հայաստանում տրամադրվող երաշխիքների ընդլայնման անհրաժեշտությունը:

Կարգավորման նման մեխանիզմը հնարավորություն կընձեռի բարձրացնելու հասարակության կողմից ԱՏԳ-ների հանդեպ վստահությունը, քանի որ լիցենզավորումը որոշակիորեն կտարանջատի շուկայում գործող այն տնտեսավարողներին, որոնց վստահում է պետությունը և որոնք ի զորու են արտագնա աշխատանքի տեղավորման պատշաճ և որակյալ ծառայություն մատուցել պետության սահմանած չափորոշիչների շրջանակներում: Միաժամանակ, կարգավորումն իրականացնող պետական լիազոր մարմնի ընտրության գործում անհրաժեշտ է բացառել պետություն-մասնավոր հատվածի շահերի բախման հնարավորությունը, քանի որ կարգավորման մեխանիզմն անդրադառնում է ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում գործող տնտեսվարողների: Հարկ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Հայաստանում աշխատանքի տեղավորման (զբաղվածության) ծառայություններ տրամադրում են ոչ միայն մասնավոր տնտեսվարող սուբյեկտները, այլև հանրային ֆինանսական միջոցների շրջանակներում՝ պետական մարմինը՝ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը, և կարգավորման ցանկացած մեխանիզմ պետք է բացառի շահերի բախումն ու կոռուպցիոն ռիսկերը, որոնք կարող են ծագել կարգավորման գործընթացում: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքային միգրացիայի հիմնախնդիրներն անմիջականորեն ներառված են և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, և ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության  գործառույթներում, ապա արտագնա աշխատանքի տեղավորման գործունեության իրականացման կարգավորման, մասնավորապես, այդ գործունեության հանդեպ վերահսկման գործընթացում ծագող պետական և մասնավոր հատվածների շահերի հնարավոր բախումից խուսափելու անհրաժեշտությունն ու լուծումները անհրաժեշտ է ներկայացնել հենց ՀՀ ԱՍՀՆ և ՀՀ ՏԿՆ քննարկմանը:


Համառոտագիրը մշակվել է «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում 2012թ-ի դեկտեմբերի 7-ին կայացած «Միջնորդ կազմակերպությունների գործունեության նկատմամբ պետական մոնիթորինգի համակարգը, աշխատուժի փոխանակման շուրջ միջպետական պայմանագրերի կնքման սկզբունքներն ու ՀՀ-ի համար այդ առումով առավել հետաքրքրություն ներկայացնող երկրների ցանկը» զեկույցների կլոր սեղանի համատեղ քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Քննարկմանը մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։