ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Կանանց զինծառայության վերաբերյալ ընկալումները

30.08.2014

Ավագ սերունդը՝ հաջողած, երիտասարդները՝ թերահավատ ու հոռետես

Զինծառայողների, այդ թվում՝ կին զինծառայողների հետ իրականացված խորին հարցազրույցները վեր են հանում կանանց զինվորական ծառայության վերաբերյալ ընկալումների մի շարք առանձնահատկություններ։ Այսպես, եթե միջին և բարձր տարիքի կին զինծառայողները հաջողված են համարում իրենց մասնագիտության ընտրությունն ու բավարար գնահատում իրենց ծառայողական առաջխաղացումը, ապա երիտասարդ կանանցից շատերը զինվորական մասնագիտության իրենց ընտրությունը համարում են անհաջող և իրենց ծառայության ներկան ու ապագան տեսնում են անհամեմատ ավելի մուգ գույներում։ Երիտասարդ կին զինծառայողների մի մասի ակնկալիքները չեն արդարացել, և ոմանք մտադիր են թողնել ծառայությունն առաջին հնարավորության դեպքում։ Հատկանշական է, որ միջին և բարձր տարիքի կին զինծառայողները ՀՀ զինված ուժերում են բանակաշինության առաջին տարիներից, ընդ որում, նրանցից շատերը՝ զինված ուժեր են մուտք գործել իրենց ամուսինների հետ, հասել են բարձր զինվորական կոչումների, զբաղեցնում են համեմատաբար կարևոր պաշտոններ և զինծառայության ու իրենց սոցիալական այլ դերերի միջև էական հակասություններ չեն տեսնում։ Ավելի երիտասարդ կին զինծառայողներն առաջխաղացման առաջին քայլերն են անում և մի շարք հակասություններ են նշում ծառայության և հայ հասարակության մեջ կնոջ ակնկալվող դերերի միջև։ Զարմանալի չէ, որ կին զինծառայողների ավագ սերունդը զինծառայության մեջ կանանց դերը, հնարավորություններն ու կարգավիճակն ավելի բարձր ու տղամարդկանց հետ համեմատաբար ավելի հավասար է գնահատում։ Միաժամանակ, ծնողների և ավագ դպրոցի աշակերտների շրջանում իրականացված հետազոտության նախնական արդյունքների համաձայն, միջին և ավագ սերնդի կանանց շրջանում զինծառայության և հատկապես՝ կանանց զինծառայության հանդեպ վերաբերմունքն էականորեն տարբերվում է նույն սերնդի կին զինծառայողների կարծիքից և անհամեմատ աննպաստ է։ Տարածված է այն ընկալումը, որ զինվորական ծառայության մեջ կանայք և տղամարդիկ օբյեկտիվորեն հավասար իրավունքներ և հնարավորություններ չունեն և չպետք է ունենան։ Մասնավորապես, տարածված կարծիքի համաձայն, կանանց ծառայողական առաջխաղացման՝ ներկայում պաշտոնապես սահմանափակ հնարավորությունը արդարացված է և ցանկալի։

«Իմ երեխան՝ ոչ մի դեպքում, ձերը՝ ինչու՞ ոչ...»

Կանանց զինծառայության հանդեպ բացասական վերաբերմունքը շատ ծնողներ հիմնավորում են զինծառայության և հայ հասարակության մեջ կնոջ ավանդական դերերի անհամատեղելիությամբ,՝ զինծառայությունը համարելով սպառնալիք կնոջ ընտանիքի բարեկեցության և ամրության համար։ Աննպաստ կարծիքը հիմնավորող փաստարկների թվում հնչում են նաև կանանց և տղամարդկանց կողմից նույն միջավայրում զինվորական ծառայություն կատարելու դժվարությունն ու դրանով պայմանավորված մարտահրավերները, այդ թվում՝ ծառայության ընթացքում կանոնադրական հարաբերությունները. խնդրահարույց է համարվում տղամարդ ենթականերին ղեկավարելու կնոջ ունակությունը, հատկապես մարտական ստորաբաժանումներում։ Նշվում է նաև զինծառայության և կնոջ վերարտադրողական դերի միջև ենթադրյալ հակասությունը, ինչը ծնողների և սովորողների ընկալմամբ կարող է էլ ավելի դժվարացնել ժողովրդագրական խնդիրների լուծումը, հատկապես՝ կին զինծառայողների մարտական կորուստների համատեքստում։

Աղջիկների մտահոգ պրագմատիզմն ու տղաների կարծրատիպային դիրքը

Դպրոցականները, հատկապես՝ աղջիկները նշում են մի շարք պայմաններ, որոնց առկայության դեպքում կանանց զինծառայությունը համարում են նպատակահարմար։ Այսպես, դպրոցականները համարում են, որ կանանց զինվորական ծառայությունը նպատակահարմար է իրենց բնակավայրերին ու ընտանիքներին հնարավորինս մոտ, սահմանամերձ շրջաններից և մարտական դիրքերից՝ հեռու, իսկ զինծառայության, հատկապես՝ ժամկետային ծառայության առավելագույն ժամկետ նշում են 6-ից 12 ամիսը՝ ծառայության ավարտից հետո տանը գիշերելու նախընտրությամբ։ Դպրոցականները կարևորում են նախնական զինվորական պատրաստության դասերին տղաների և աղջիկների հավասար ներգրավումը և անհրաժեշտ, այդ թվում՝ շարային և սպառազինության վերաբերյալ գիտելիքների ու հմտությունների հաղորդումը։ Ավագ դպրոցի սովորողները կարևորում են նաև կանանց և տղամարդկանց՝ ըստ սեռի տարանջատված զինծառայության կազմակերպումն ու զինված ուժերում կանանց զինծառայության համար անհրաժեշտ միջավայրի, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումը։

Հատկանշական է, որ դպրոցական տղաների զգալի մասը դեմ է, որ կանայք զբաղեցնեն բարձր զինվորական պաշտոններ, և գտնում է, որ անգամ կանանց ստորաբաժանումներում հրամանատարը պետք է լինի տղամարդ։ Կին զինծառայողին խաղաղ պայմաններում առավելապես տեսնում են «խոհանոցում ու գրասենյակում»։ Միաժամանակ, թե՛ ծնողները, թե՛ աշակերտները համարում են, որ պատերազմական գործողությունների պայմաններում կանանց ներկայությունը ռազմի դաշտում ողջունելի ու ցանկալի է։ Ընդհանուր առմամբ, թե՛ ծնողները, թե՛ դպրոցականները շատ աղոտ պատկերացում ունեն զինվորական ծառայության վերաբերյալ ընդհանրապես: Անգամ այն ընտանիքներում, որտեղ ընտանիքի անդամը զինծառայող է, զինծառայության վերաբերյալ պատկերացումներն ընդհանրական են, կարծրատիպային, հաճախ՝ սխալական։ Ուստի զարմանալի չէ, որ ծնողներն ու դպրոցականները դժվարանում են նշել այն պայմանները, որոնք անհրաժեշտ են կանանց զինվորական ծառայության համար։ Հատկանշական է նաև, որ շատ դեպքերում կանանց զինծառայության հանդեպ բացասական վերաբերմունքը որևէ փաստարկով հիմնավորված չէ, հատկապես դպրոցական տղաների շրջանում, ինչը սակայն ընկալման ինտենսիվության վրա կարծես չի անդրադառնում։

Զինծառայության վերաբերյալ ընկալումների համեմատության կարևորագույն հնարավորություն են ընձեռում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական բազայի ստորաբաժանումները, որոնք հնարավոր են դարձնում հայաստանցիները շփումները թե՛ ռուսական, թե՛ հայաստանյան զինվորականների և զինծառայության իրականությունների հետ։ Այսպես, ընկալումներում առանձնանում է հայկական զորամասերի համեմատ՝ ռուսական զորամասում ծառայողների շրջանում առավել շահեկան «զինվորականին վայել» պահվածքը և ավելի բարձր կարգապահական վարքը զորամասից դուրս։

Իրական պայմաններ, վստահություն, վերապատրաստում, հաղորդակցություն, կրթություն

Ամփոփելով կանանց զինծառայության վերաբերյալ ընկալումների ուսումնասիրության նախնական արդյունքները՝ կարելի է առանձնացնել մի շարք խնդիրներ։ Նախ, ակնհայտ է, որ կանանց զինծառայության վերաբերյալ ընկալումների զգալի մասը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում ծառայության և կարգապահության խնդիրներով ընդհանրապես, ինչպես նաև դրանց վերաբերյալ հասարակության մեջ առկա պատկերացումներով և կարծրատիպերով։ Այս է վկայում, մասնավորապես, զինծառայություն բնակավայրին հնարավորինս մոտ և հնարավորինս կարճ ժամկետում անցնելու ձգտումը։ Երկրորդ, ընկալումների վրա էական ազդեցություն ունեն կանանց զինծառայության համար անհրաժեշտ պայմանների և ենթակառուցվածքների առկայությունն ու դրանց վերաբերյալ պատկերացումները։ Երրորդ, ընկալումների վրա զգալիորեն ազդում է վերը նշված երկու խնդիրներով պայմանավորված զինված ուժերում ծառայության հանդեպ վստահությունը։ Ընդ որում, խոսքը գնում է ոչ թե զինված ուժերի առջև դրված խնդիրները կատարելու, բանակի մարտունակության, այլ զինծառայության պայմանների համատեքստում վստահության մասին։ Չորրորդ, ակնհայտորեն կարևորվում են զինվորական ծառայության, որպես մասնագիտության հանդեպ վերաբերմունքի չկայացվածության խնդիրները։ Վերջապես, կանանց զինծառայության վերաբերյալ ընկալումները գերազանցապես պայմանավորված են հայ իրականության մեջ առկա գենդերային խնդիրներով ընդհանրապես։

Ուսումնասիրության նախնական արդյունքները հնարավորություն են ընձեռում ուրվագծել հասարակության մեջ կանանց զինծառայության հանդեպ նպաստավոր միջավայր ձևավորելուն ուղղված քաղաքականության մի շարք ուղղություններ, որոնք անհրաժեշտ է ամբողջականացնել հետազոտության ամփոփումից հետո։

ՀՀ զինված ուժերում կանանց ներգրավման մակարդակը շեշտակիորեն ընդլայնելու նպատակով առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել զինված ուժերի բարեփոխումների հաջողությունը, ծառայության պայմանների և կարգապահության շարունակական բարելավումը, ինչպես նաև զինծառայության պայմանների վերաբերյալ հասարակության պատկերացումների առողջացումն ու կարծրատիպերի փոխակերպումը։

 

Երկրորդ, անհրաժեշտ է միջազգային փորձի վերլուծության և մասնագիտական ներուժի ներգրավմամբ մշակել կանանց զինծառայության համար անհրաժեշտ պայմանների և ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման միջնաժամկետ ծրագիր, ինչպես նաև իրականացված միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ հասարակությանը շարունակաբար իրազեկելու մեխանիզմ։

Երրորդ, առանց վերապատրաստման հատուկ հնարավորությունների կանանց ծառայողական առաջխաղացումը ՀՀ ԶՈՒ բարձր պաշտոններում կմնա խիստ սահմանափակ։ Կանանց ծառայողական առաջխաղացման հնարավորություններն ընդլայնելու, զինված ուժերում կանանց ծառայության կանխատեսելիությունն ու ծառայության հանդեպ վստահությունը բարձրացնելու, ծառայության մեջ և ընտանիքում դերերը ներդաշնակեցնելու նպատակով անհրաժեշտ է շեշտակիորեն բարելավել կին զինծառայողների մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման հնարավորությունները՝ զուգահեռաբար վերանայելով կանանց ծառայողական առաջխաղացմանը խոչընդոտող իրավական դաշտում ներկայում առկա խտրական առանձին դրույթներ, այդ թվում՝ գերատեսչական ակտերը։

Վերջապես, անհրաժեշտ է կրթական համակարգում, այդ թվում՝ նախակրթական և հանրակրթական մակարդակներում ապահովել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ընդլայնմանը նպաստող ծրագրեր և միջոցառումներ, այդ թվում՝ նախնական զինվորական պատրաստության ուղղությամբ։


Համառոտագիրը մշակվել է 2014թ-ի հուլիսի 31-ին կայացած` «ՀՀ Զինված ուժերում կանանց զինվորական ծառայության վերաբերյալ ընկալումների առանձնահատկությունները կին զինծառայողների, դպրոցականների և ծնողների շրջանում» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։