ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ // 

Քաղաքացիական մշակույթի ակունքներում. ԴԵՄ ԵՄ

12.05.2015

Քաղաքացիական մշակույթ

մասնակցություն, շահեր, ակտիվություն, կամք, ուժ, յուրայիններ, թիմ

 

 

Սույն հոդվածով Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը սկսում է Հայաստանում քաղաքացիական մշակույթի ձևավորման փորձին անդրադարձող հրապարակումների շարքը։ Հրապարակումներում փորձելու ենք ուրվագծել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման գործընթացի առավել ակնառու հանգրվաններին, վեր հանել քաղաքացիական դիրքորոշման ու շահերի պաշտպանության առավել հաջողված օրինակներն ու հաջողության հիմնական գործոնները, զարգացումներն ու սերտած դասերը։ Այս շարքի առաջին հրապարակումն անդրադառնում է վերջին շրջանի առավել հուժկու, ընդգրկուն և առավել ազդեցիկ ք աղաքացիական շարժումներից մեկին, որը ձևավորվեց ի արձագանք Հայաստանում կենսաթոշակային համակարգի բարեփոխման, մասնավորապես՝ պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի ներդրման ուղղությամբ ՀՀ կառավարության գործադրած ջանքերի։

***

Պետության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ինստիտուտները Հայաստանում ձևավորվել և զարգացել են հայաստանցիների կյանքում ծանրագույն փոխակերպումների օրերում, հաճախ՝ տրամագծորեն հակառակ իրողությունների ջրբաժանին, երբեմն՝ կյանքի ու մահվան պայքարի սահմանագծին, սակայն մշտապես՝ լավի ու վատի, ճշտի ու սխալի, բարու ու չարի մասին հին ու նոր պատկերացումների բախման հնոցում։

Հեշտ չի եղել պետական, տնտեսական, քաղաքական ու հասարակական ինստիտուտների ձևավորման ու կայացման ճանապարհը, սակայն հարյուրապատիկ ավելի բարդ ու հակասական է այն ուղին, որն այս երկուսուկես տասնամյակների ընթացքում անցել է մարդը, հայաստանցին, մեզանից յուրաքանչյուրը։

Մարդիկ, ովքեր ծնվել ու կայացել էին իշխանավարության, սոցիալական հավասարության և մասնավոր սեփականության բացակայության միջավայրում, հաշված տարիների ընթացքում հայտնվեցին տրամագծորեն գրեթե հակառակ բևեռում։ Միջինացված անտերության մեծատիրությունից՝ մեր եռամիլիոն բազմությունը հայտնվեց փոքր երկրում, ուր տեր լինելուն անսովոր՝ տերն այլևս ինքը պիտի լիներ, ուր տիրանալու պատրաստ էին շատերը, սակայն առանց տիրություն անելու պարտավորության, ուր տերովին՝ տերն էր տանում, անտերին՝ գելը։

Սահմանափակ հնարավորությունների ու անսահման որոշակիության թմբիրից արթնացող մարդն իրեն գտնում էր երկրում, ուր հաճախ կարելի էր անկարելին ու անսահման էր հնարավորը, սակայն երբեմն անորոշ էր ամենակարևորն ու անկարելի՝ ամենաանհրաժեշտը։

Մարդիկ, ովքեր սովոր էին լռելու ու լսվելու, այժմ կարող էին գոռալ՝ խլացնելով ամպրոպը, սակայն այլևս առանց լսված լինելու ակնկալիքի ու սեփական գոռոցի խուլ արձագանքին ունկնդիր։

Պետությունից, ուր պատերազմը պապի թևին սպի էր, իսկ սովն ու աղքատությունը՝ սև օրվա համար տատի պահած լուցկին ու բրինձը, հայաստանցիները՝ շվարած, հազվադեպ՝ արագ կողմնորոշվող, հայտնվեցին իրողության մեջ, ուր աղքատությունը շատ-շատերի բաժինն էր, իսկ պատերազմը, նախ՝ գոյության կռիվ, ապա՝ հակառակորդի գործողությունները զսպելու վերաբերյալ առավոտյան լրահոս։

Երկրում, ուր մասնավոր սեփականությունն ու ձեռնարկատիրությունը զանցանք էին ու հանցագործություն, հասարակության մեջ, ուր շահն ու հարստությունը բացասական բնութագրիչներ էին գրեթե երեք քառորդ դար, հայաստանցիներն օր-օրի սովորում էին, որ ընդհանուր արժեքներով գծված «ես»-ի ու «մենք»-ի սահմանագծին կանգնած միակ հուսալի զինվորը սեփական շահն է, զենքը՝ շահերի գիտակցումն ու գործուն պաշտպանությունը։

Պետական տոներին հոծ խմբերով շքերթի ելնող, համատեղ ջանքերը գերազանցապես հարսանիքներում ու տարեդարձերին գործադրող ու համախմբվելու ունակությունը բացառապես օրհասական պահին դրսևորող, պատասխանների համար հայացքները վեր ձգած հայաստանցիներն իրենց անձնական խնդիրների լուծման հնարավորությունը պիտի պայմանավորեին սեփական բազկի երկարությամբ, իսկ արագությունը՝ արմունկների ամրությամբ, ապա նաև քիչ-քիչ պիտի սովորեին, որ շատ խնդիրների լուծումը պահանջում է նույն խնդիրներն ունեցող համաքաղաքացիներին թև ու թիկունք դառնալ ու վստահել։ Պիտի սովորեին դանդաղ, անշտապ, հետ նայելով, անվստահ, սակայն իր կամ ուրիշների յուրաքանչյուր չնչին հաջողությամբ ուրախանալով, ու համոզվելով, որ այլ ուղի չկա։ Եվ պատասխան փնտրող հայացքները ավելի ու ավելի հաճախ էին պրպտում հորիզոնը՝ վեր ուղղվելով ավելի շուտ ու ավելի շատ կասկածամիտ թերահավատությամբ, քան հույսով ու օրհնությամբ։

***

Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման, սեփական շահերին առնչվող խնդիրների լուծմանը մասնակցության և քաղաքացիական մշակույթի ձևավորման ճանապարհին վերջին հնգամյակի կարևորագույն հանգրվաններից մեկը, թերևս, ՀՀ կառավարության կենսաթոշակային բարեփոխումների նախաձեռնությանը քաղաքացիների արձագանքն էր։

Իրավամբ, հայկական պետականության առաջին մեկուկես տասնամյակում քաղաքացիական տարբեր խմբերն ու դրանց նախաձեռնությունները, բախվելով իրենց շահերը պատշաճ կերպով չարտահայտող այս կամ այն նախաձեռնությանը, հիմնականում չէին կարողանում էականորեն ազդել իրենց շահերին առնչվող որոշումների ընդունման վրա։ Իսկ, եթե որոշումների հետևում կանգնած էր լինում այս կամ այն մասնավոր շահը, ապա քաղաքացիների համախմբումը գերազանցապես դատապարտված էր անհաջողության, քաղաքացիներին էլ սպասում էր խորը հիասթափությունը։

Մասնավոր ու հանրային շահի բախման արդյունքում երկրորդի պարտությունը դարձել էր սովորական երևույթ։ Քաղաքացիներն ու տարբեր շահեր ունեցող նրանց խմբերը հաճախ հարկադրված էին ատամները սեղմելով համակերպվել ընդունվող բազմաթիվ որոշումների հետ, լսված չլինելու, արհամարված ու օտարված զգալու իրողության հետ՝ զուրկ իրենց օրինական շահերին ու իրավունքները պատշաճ կերպով ներկայացնելու հնարավորություններից։

Լինում էին նաև հազվադեպ հաջողություններ այն դեպքերում, երբ կշեռքի երկու թևերին էլ հիմնականում հանրային շահի տարբեր բևեռներն էին ու չկար այն մասնավոր շահը, որը պիտի ծանրանար մի նժարին՝ իջեցնելով այն կայացված որոշումների հորձանուտ։

Եվ ամեն դեպքում լինում էին նաև հաջողություններ, որոնցով սալարկվում էր սեփական շահերի պաշտպանությանը հետամուտ քաղաքացիների՝ նոր սերնդի հայաստանցիների համախմբման ճանապարհը։ Սերունդ, որն ունի Հայաստանը լքելու համար անհրաժեշտ հարյուր հայտնի փաստարկ և միայն անիմանալի մեկը՝ որը ստիպում է մնալ, ապրել ու աշխատել Հայաստանում։ Սերունդ, որն արմատները խորը ձգել է այս հողում, իր ապահովությունը տեսնում է այս պետությունում, իր բարեկեցությունը փնտրում այս տնտեսության մեջ, իր ոգևորությունը գտնում այս հասարակության հետ և, թերևս, փորձում է կերտել երկիրն իր պատկերով ու նմանությամբ։

Հայաստանցիների համար սովորական է դարձել իշխանության նախաձեռնությունների հետևում կանգնած տեսնել այս կամ այն մասնավոր շահը։ Այնքան սովորական, որ հայաստանցին երբեմն մասնավոր շահ է տեսնում անգամ այնտեղ, ուր այն չկա։

Մարդիկ սովորել են, որ իրենց վերաբերվող շատ ու շատ հարցեր վճռելիս՝ իրենց հետ հաշվի չեն նստում, իրենց կարծիքը չեն հարցնում, չեն լսում։ Հայաստանցին սովոր է, որ իրեն համոզում են, քարոզում են ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ է, որ կուլ տա որոշումը, ոչ ավել, ոչ պակաս։ Հայաստանցին սովորել է չվստահել։ սակայն ինչու և ինչպես պիտի վստահի, չէ որ վստահությունը համոզելով ու քարոզելով չի ձևավորում։ Վստահությունը ձեռք է բերվում հոգածությամբ, անկեղծությամբ, հարգանքով ու փոխգործակցությամբ։

Քաղաքացին դեռ չի սովորել, թե ինչպես ստիպել քաղաքականություն մշակողին նախաձեռնող լինել իր կարծիքը հարցնելիս, ինչպես իր շահին համահունչ որոշումներ ձևավորել, սակայն արդեն գիտե, թե ինչպես է հարկավոր կասեցնել իր շահերին հակադիր որոշումների գործընթացը։

Քաղաքացին ու գործադիրը դեռ չգիտեն, ինչպես համատեղել ջանքերը, սակայն արդեն ընկալում են, թե ինչի կարող է հանգեցնել այդ ջանքերի հակադրումը՝ քաղաքականության ստատուս քվոյի, երբ ակտիվ քաղաքացիների այս կամ այն խմբի համար խիստ անցանկալի զարգացումները դադարում են և բարեփոխումների սայլը ճռռալով կանգնում է։ Մինչդեռ այդ սայլին երկրի համար հաճախ խիստ կենսական բարեփոխումներն են։ Սակայն սելվորը չգիտի, թե ինչպես վարվել լծկանի հետ, լծկանն էլ մտավախություն ունի, որ սայլը քաշում է մինչև առաջին մսավաճառին հանդիպելը։ Ու վերջին տարիներին բարեփոխումների սայլն ավելի ու ավելի հաճախ է կանգնում ճամփին։

Այս ճակատագրին արժանացավ նաև կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ՀՀ կառավարության նախաձեռնությունը։ Կենսաթոշակային կուտակային նոր համակարգի տեխնիկական մշակման լրջագույն և համակողմանի ջանքերը, ցավոք, պատշաճ կերպով չփոխլրացվեցին բարեփոխումների թիրախ խմբի ներկայացուցիչների հետ շահագրգիռ, անկեղծ և իրական երկխոսության նախաձեռնություններով։

Գործադիրը, թերևս, հույսը դրել էր տարիների ընթացքում բազմիցս փորձված և արդյունավետ թվացող մարտավարության վրա՝ «համոզի՛ր և կերցրու՛», ճիշտ այնպես, ինչպես վարվում է «հոգատար» ծնողը «կամակոր» երեխայի հետ։ Ասենք, այլ գործելաոճ գործադրի զինանոցում գրեթե չկա էլ. թերևս, բացառությամբ ՀՀ Նախագահի էպիզոդիկ նախաձեռնությունների, հայաստանյան պետական մարմինները այս կամ այն քաղաքականության մշակման ընթացքում քաղաքացիների ներգրավման գործիքներ հիմնականում չունեն, հաճախ դրա անհրաժեշտությունը չեն տեսնում, երբեմն կարևորությունն էլ չեն ընդունում։

Իսկապես, ինչ կարիք կա մի խումբ կոկորդ պատռող երիտասարդների հետ քննարկել այն խնդիրները, որոնք մասնագետների բանակները «ծամել-մարսել» են տարիներ շարունակ, քննել բազմաթիվ կողմերից ու հանգել տարբերակի, ուր հանրային շահը գերակա է, իսկ անհատական շահերը՝ ստորադասված, ուր համակարգի կենսունակության երաշխիքը ոչ թե գրավչությունն է, այլ պարտադրանքը։ Մի քանի առավել բարձր գոռացողները կհոգնեն, շատերը բերանները կփակեն ու կգնան իրենց բանին, և բոլորը, փաստի առաջ կանգնած հերթական անգամ, կհամակերպվեն ու գոտիները ձգած կշարունակեն ապրել հերթական՝ նոր ու օտար կանոններով։ Կապրեն փոքր ինչ ավելի օտարացած. օտարացման բաժակի մեջ մի կաթիլն ինչ պիտի անի որ։

«Ձեր լավի համար ենք անում», «դուք ձեր շահը չեք գիտակցում», «ԱՊՊԱ-ն էլ չէիք ուզում, տեսա՞ք՝ ինչքան լավ եղավ» տրամաբանությամբ ու տեխնոկրատի հոգեբանությամբ, սեփական լուծումների անսխալականությանը վստահ, առաջարկվող տարբերակի անքննելիության մեջ համոզված ու այլընտրանքի գաղափարն իսկ մերժող, ոլորտի մասնագետների ուժերին ապավինող ու հաղորդակցության նեղ՝ քարոզչության շերտն ընտրած գործադիրը մի քանի տարի շարունակ համոզված էր՝ կգա 2014 թվականի հունվարի 1-ը և ամեն բան կանցնի սովորականի պես։

Սակայն, երկիրն իրենը և իրեն՝ երկրինը համարող, արտագաղթի հարյուր գիտակցված փաստարկին՝ պայքարելու մեկ անգիտակից փաստարկ ունեցողների, սեփական շահերը հստակ գիտակցողների սերունդը ևս մի քիչ, թեկուզ մեկ կաթիլ օտարանալ այլևս չէր պատրաստվում։ Կյանքի մեծ մասն անկախ Հայաստանում ապրած, ընտանիքի նյութական բեռն ու ֆինանսական պարտավորությունները շալակած, պահանջված մասնագիտության ու վաստակի տեր, ինքնավստահ, ընդհանուր շահի երբեմն շատ տարբեր համաքաղաքացիների հետ համախմբվելու հանդուրժողականություն ունեցող ու իրենց օրինական իրավունքների հետ հաշվի չնստելը չհանդուրժող հայաստանցիները պահանջում էին լսել իրենց։

Պահանջում էին օրվա իշխանությունից, իրազեկում էին համաքաղաքացիներին ու չէին հոգնում։ Կենսաթոշակային բարեփոխումների պատասխանատուները պատրաստ չէին քաղաքացիական ակտիվության նման հետևողական ու համակողմանի դրսևորմանը։ Սակայն «զիջել» նույնպես չէին պատրաստվում։ Եվ դիմակայությունը ձգվեց ավելի քանի երկու տարի։ Այդ տարիների ընթացքում կառավարություն փոխվեց, փոխվեցին նախարարներ ու պաշտոնյաներ։ Գործադիրը աստիճանաբար սկսեց համակերպվել այն գաղափարի հետ, որ ակտիվ քաղաքացին առնվազն լսված լինելու իր իրավունքը պատրաստ է պաշտպանել ոչ թե հաճախ թիթեռնիկի կյանք ունեցող քաղաքական ակցիայի ձևաչափով, այլ տարիներ շարունակ։

Շատ բան փոխվեց անցած մի քանի տարիների ընթացքում, սակայն էլ ավելի շատ բան փոխվելու կարիք ունի։ Այդ փոփոխությունների անխուսափելությունն ու հրատապությունն ընդգծելու նպատակով, փորձենք քննել «Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» («Դ!ԵՄ ԵՄ») քաղաքացիական նախաձեռնության հաջողության մի քանի կարևոր հանգամանքները։ Ստորև շարադրված գործոններն ու հանգամանքները վեր են հանվել «Դ!ԵՄ ԵՄ»-ի փորձը քաղաքացիական նախաձեռնության առավել ակտիվ գործիչներից մեկի, Մանե Թանդիլյանի հետ քննարկման արդյունքում, որ փորձել ենք շարադրել երկխոսության ձևաչափով։

 

— Որո՞նք էին «Դ!ԵՄ ԵՄ»-ի հաջողությունների կռվանները, որն էր նախաձեռնության մարտավարության առանցքը։

— Առանցքը... հիշու՞մ ես ինչպես էր վարվում գործադիրը։ Մենք անում էինք տրամագծորեն հակառակը։

Իրենք խուսափում էին մարդկանց ներկայացնել նոր համակարգի բացասական կողմերը, վտանգները։ Ազնիվ չէին մարդկանց հետ, երբևէ անկեղծորեն չեն ներկայացրել համակարգի օգուտներն ու վնասները։ Մենք մարդկանց իրազեկում էինք։ Աշխատում էինք նրանց հետ, ում կյանքի վրա անդրադառնալու էր խնդիրը։ Բացատրում, մեկնաբանում էինք, թե ինչ խնդիրներ են ունենալու, հատկապես՝ թափանցիկ եկամուտ ունեցողները։ Կարողացանք ոտքի հանել, համախմբել ու մեր կողքին կանգնեցնել խնդիրը կրողներին։ Անհատական աշխատանք ենք տարել, մեկիկ-մեկիկ դռնեդուռ մարդկանց ներկայացրել ենք խնդիրները, հետևանքները, ներկայացրել ենք գրագետ։ Չենք խաբել, կեղծավորություն չենք արել, մարդկանց հետ եղել ենք անկեղծ ու ազնիվ։

Իրենք խուսափում էին կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ մարդկանց հետաքրքրող հարցերին հստակ ու անկեղծ պատասխան տալուց, պատասխանները հեղհեղուկ էին, անորոշ երկարաժամկետ հիմնավորումների հեռվից, վերացական, երբեմն՝ անհասկանալի տերմիններով ու ձևակերպումներով համեմված, քարը՝ փեշին։ Մենք մարդկանց հետ խոսում էինք պարզ ու հասկանալի լեզվով, առանց հետին մտքի. խոսում էինք անմիջական օգուտների ու վնասների լեզվով։

Իրենք մեզ համար ընդունելի լուծումներ, մեզ համար ընկալելի այլընտրանքներ փնտրելու փոխարեն, իրենց լուծման դիրքերում խրամատավորված, իրենց պատկերացրած սահմանափակումները, դժվարությունները, բարդություններն ու պայմանները պատի պես շարում էին դիմացներս, ու թե. «մենք չէ՝ դուք, դե ասեք ինչ անենք»։ Մենք մարդկանց բացատրում էինք, որ նոր համակարգն ինքնանպատակ չի կարող լինել, համակարգը համակարգի համար չէ՝ մեզ համար է ու մեզ հարմար պիտի լինի։ Ոչ թե մի երեսուն-քառասուն տարի անց պիտի ենթադրաբար լավ լինի, էսօրվա վատ լինելու հաշվին, այլ պիտի էնպիսի համակարգ լինի, որ էսօր էլ, վաղն էլ ընդունելի լինի։ Մեր վաղվա օրը չշինած, էսօրվա օրը չպիտի քանդի։ Ասում էինք, որ ֆինանսական մեծ բեռ ենք կրում, որ էդ անտեր «մի քանի ավել տոկոսն» իրականում չկա, որ էդ «բարձր» թվացող եկամուտը «ներսից մեր աչքն է հանում, դրսից՝ ուրիշի», որ էդ «բարձր» վաստակի ամեն մի դրամը ամսե-ամիս մեր գրպանից չվում է միայն իրեն հասանելի գրպանները, որ էդ «բարձր» աշխատավարձը դրամ առ դրամ հալվում է իրենց բանկերում ունեցած ահռելի տոկոսներով վարկերի ու մեր ընտանիքների բազմաթիվ գործազուրկ ու թերզբաղված անդամների բերանում։ Հայաստանը մի քանի տասնյակ հազարանոց բանակ ունի, բայց էս լարված վիճակում որ դրա մի քանի տոկոսն, ասենք, բերես շարես Երևանում՝ հանուն ապագայի, սահմանը կմնա դատարկ չէ՞։ Ամեն մի դիրք, ամեն մի ստորաբաժանում, ամեն մի զինվոր իր տեղն ունի չէ՞։ Էդպես էլ մեր աշխատած ամեն մի դրամն էսօր մեր սոցիալական ապահովության սահմանին կանգնած զինվորներն են. որին հանես՝ տեղը կմնա դատարկ։ Մենք էսօր չենք կուտակում, այլ ծախսում ենք։ Կուտակել կարողանալու համար պիտի ընտանիքի բոլոր անդամները վաստակեն, վարկերի տոկոսադրույքները տանելի դառնան... թե չէ ուրիշի գրպանից մի երկու կոպեկ ավելի է դուրս գալիս՝ մտածում են՝ թող կուտակի, իսկ որ էդ գրպանը թափ տաս՝ տակը նույն ծակն է, ինչ վերջին աղքատի։ Ասենք, էդ վերջին աղքատն ավելի «նպաստավոր» վիճակում է, քան մենք՝ ուսերին բեռ չունի, մյուսներն իրենից ակնկալիք չունեն, վրան աչք չկա...

Իրենք փորձում էին համոզիչ երևալու համար դիմացինին հիմարի տեղ դնել, նսեմացնել։ Տպավորությունն էնպիսին էր, որ հասարակ մարդու, քաղաքացու, հարկատուի մասին իսկի չեն հոգում, վեճները չի։ Սկզբում, երբ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատավորներն էին խնդիրը բարձրաձայնում, իրենք չէին էլ արձագանքում՝ արհամարում էին։ Հենց էդ արհամարանքը մեզ համախմբեց, մենք ընդունեցինք իրենց մարտահրավերը։ Վերջում իրենց բարեփոխումն իրենցից ավելի լավ էինք պատկերացնում։ Էդ արհամարանքն ու կեղծիքն աշխատեցին համակարգի աջակիցների դեմ։ Մեզ վիրավորում էին՝ հասարակությունը դրանից միայն էլ ավելի էր վրդովվում։ Մեզ դռնից վռնդում էին՝ պատուհանից էինք մտնում, պատուհանից ներս չէին թողնում, երդիկից էինք ցած իջնում։ Հետևողականորեն աշխատում էինք, մեկ օր, մեկ ժամ դատարկ չենք թողել, լցրել ենք մեզնով, մեր ձայնով, մեր խոսքով, մեր կոչերով։

Կարծում եմ, շատ կարևոր էր այն, որ կարողացանք երկխոսություն ծավալել քաղաքական ուժերի, հատկապես՝ խորհրդարանական ուժերի հետ։ Մեր խնդիրների շուրջ նրանց համախմբումն ու փոխգործակցությունը հնարավորություն տվեց հարցը հասցնել քաղաքական օրակարգ, ավելի հնչեղ ու գործադրի համար ավելի զգալի դարձնել։

Մահաթմա Գանդին ասում էր. «Սկզբում քեզ բանի տեղ չեն դնում, ապա ծիծաղում են վրադ, ապա պայքարում քո դեմ։ Իսկ հետո դու հաղթում ես»։ Մեզ բանի տեղ չէին դնում, մեզ վրա ծիծաղում էին, մեր դեմ պայքարում էին։ Շատ հարցերում մեր քաղաքացիական նախաձեռնությունը դուրս եկավ հաղթանակած, թեև իսկական հաղթանակը կլիներ հետևողական ու շարունակական երկխոսությունը, հիմնված փոխադարձ հարգանքի ու շահերի ըմբռնման վրա։ Ոչ միայն կենսաթոշակային բարեփոխումների, այլև հանրային քաղաքականության օրակարգի յուրաքանչյուր հարցի շուրջ։

— Այս տարիներին, հատկապես՝ գործադրի գործելակերպում ինչ որ բան փոխվե՞լ է, թե քաղաքացիական հասարակության առաջ նույն մարտահրավերներն են և ամեն անգամ նույն ճանապարհը պիտի անցնենք հատակից։

— Գործադրի նոր թիմն, իրավամաբ, ավելի դինամիկ է, ավելի արձագանքող, լսել գիտե։ Հիմա նախկինի պես չեն արհամարում, չեն ասում, թե «էդ ամենը մենք էլ գիտենք, բայց ասեք՝ ինչ անենք»։ Հիմա լսում են։ Նոր վարչապետն ու իր թիմը ցույց են տալիս, որ ավելի բաց են։

Անկասկած, հիմա ավելի զգուշավոր են՝ փորձում են բողոքի, նախաձեռնությունների ու համախմբման ձևավորումը կանխել ի սկզբանե՝ երկխոսության փորձեր են անում։ Իհարկե, կա մտահոգություն, որ ոչ թե ասածդ լսում են՝ դրա հետ հաշվի նստելու, այլ նրա համար, որ չդժգոհես, չբողոքես։ Այն ինչ այսօր տեսնում ենք գուցե իսկապես քաղաքականության պատասխանատուներ-քաղաքացիական հասարակություն երկխոսության մեծ սկիզբն է։ Սակայն նույն հաջողությամբ այն կարող է պարզապես առևտուր անելու, փոքր զիջումների և հոգնեցնելու տակտիկայի դրսևորում լինել։ Էսպես ասած «պարտիզանական պատերազմ»։ Դժվար է ասել։ Կցանկանայի լիներ առաջինը։ Ամեն դեպքում անվստահությունը դեռ կա։

Իշխանությունները պիտի հասկանան, որ մարդիկ շատ ավելի շատ են հասկանում իրենց խնդիրներից, քան իրենք են պատկերացնում։ Մարդիկ հասկանում են ու հետևում են քայլերին։ Իրենց քայլերին։ Եվ ամենակարևորը, մարդիկ հոգնել են անպաշտպան լինելուց, մարդիկ օդ ու ջրի պես ուզում են, որ իշխանությունը հոգա ոչ միայն ընդհանրական-հանրային «երկրի» այլև անհատական-անձնավորված իրենց մասին։ Սրա կարիքը հասունացել է։ Ժամանակն է, որ առաջնորդները «Ուժեղ եմ» կարգախոսը համատեղեն «Հոգում եմ» կարգախոսի հետ։

Մենք վիճաբանել ինչպես հարկն է չենք մոռացել, իսկ երկխոսել ինչպես պետք է դեռ չենք սովորել... Սակայն մենք արդեն սկսել ենք սովորել լսել իրար։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։