ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Կենցաղը, ժողովրդագրությունն ու կենսաթոշակային համակարգը

31.03.2016

­Վերջին 15 տարիներին ժողովրդագրությունը էականորեն փոխվել է։ Այսօր չենք կարող ապրել նույն կենցաղով, որով ապրել ենք երբ երեխա ենք ունեցել ու ընտանիքի մասին ձևավորվել են մեր պատկերացումները։ Մինչդեռ այս պատկերացումները մեզ առաջնորդեցին կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ կարծիք ու դիրքորոշում ձևավորելիս։ Մեր ապրելակերպը կտրուկ փոփոխությունների է ենթարկվում ու տարբեր քաղաքականություններում այդ փոփոխությունը հաշվի առնելը օրվա հրամայականն է։

 

Չերևացող հզոր փոփոխությունների մասին

Ապագան պլանավորելը հեշտ բան չի։ Մանկություն, պատանեկություն, ուսում, աշխատանք։ Բայց մի բան կա, որն աննկատ մեր մեջ է ու չենք մտածում դրա շուրջ։ Խոսքը ավանդական կենցաղի մասին է, ինչը ենթադրում է, որ բոլորը նույն ապրելակերպն ունեն։ Երեխաները սովորաբար փորձում են կրկնել ծնողների վարքագիծը, նրանք ինչ-որ պատկերացում ունեն ընտանիքի, նրա անդամների մասին։ Առաջին կոնֆլիկտը ծագում է ամուսնությունից հետո, երբ մեկ տանը միատեղվում են տարբեր կենցաղից մարդիկ ու սկսում են զարմանալ, հարմարվել կամ էլ փոխվել։ Նույնիսկ պարզ կենցաղային տարբերությունները կարող են զարմացնել զույգին՝ ո՞րն է ճիշտ՝ «դուռու՞մ», թե՞ «բուռում»։ Մեկի տանը «դուռում են» ասել, մյուսի տանը «բուռում»։ Հասարակ բարբառային տարբերությունը հաճախ չենք նկատում՝ մտածելով թե ճիշտը մեր «ձևն» է։
Այս ամենը կմնար թեթև ներկենցաղային տարբերությունների շրջանակում, եթե փոխված չլիներ շատ ազդեցիկ գործոն՝ ժողովրդագրությունը։ Իսկ այն էականորեն փոխվել է, այն կյանքը ինչ տեսել ենք մեր ընտանիքներում որպես երեխա, մեր երեխաների համար այլ իրականություն է լինելու։

Կարևորի մասին՝ ընտանիք

Ի՞նչ է փոխվել, որ չենք նկատել։ Եթե քսան տարի առաջ հարցնեինք ե՞րբ է պետք ամուսնանալ, հաճախ կլսեինք  «մինչև 20 տարեկանը», տաս տարի առաջ պատասխանը փոխվում ու դառնում է «մինչև 25 տարեկանը», հետո «մինչև 30 տարեկանը»։ Այո՛, այսօր էլ, նախկինում էլ ամուսնանում էին, երեխա ունենում, մեծանում, ապահովում երեխաների ապագան ու ծնողների ծերությունը։ Իհարկե՛, այս օրինաչությունը տարածված էր, բայց նախկինում էլ ու այսօր էլ եթե նայենք մեր շուրջը, կնկատենք կանանց, որ առաջին զավակը ունենում են 35-40 տարեկանում, ոմանք ունենում են առանց ամուսնանալու, իսկ տղամարդիկ էլ սկսել են ավելի ուշ ամուսնանալ և ավելի մեծ տարիքում երեխա ունենալ։ Ու ի՞նչ է սա փոխում, ի՞նչով են ուշ տարիքում երեխա ունեցողները տարբերվում «ավանդական շուտ տարիքում ամուսնացողներից»։ Եկեք հաշվենք։ Դուք ամուսնացել եք 35 տարեկանում, ձեր առաջնեկը ծնվել է 36 տարեկանում։ Ձեր զավակը՝ նույնպես, ու ձեր առաջին թոռը կունենաք 72 տարեկանում։ Ավանդական մոդելը, երբ տատիկ-պապիկները աջակցում են թոռներին պահելուն ու մեծացնելուն այս ընտանիքների համար նույն կերպ չի գործի՝ երբ նրանք էին երեխա։ Ավելին, շատ երիտասարդների համար դժվար կլինի միաժամանակ և՛ ծնողներին հոգ տանել, և՛ սեփական երեխաների ապագան հոգալ։ Ապրելակերպը կտրուկ փոխվում է շատերի համար՝ մինչդեռ մտածելակերպը մնում է կենցաղային ավանդականը, ու սրան շատերը պատրաստ չեն։ 

 

 Խոսենք թվերով

Փորձենք իրավիճակը հասկանալ թվերով։ Ի վերջո միշտ էլ եղել են ուշ ամուսնացողներ, ուշ տարիքում երեխա ունեցողներ։ Նայենք թե ինչպես է փոխվել ամուսնության տարիքը վերջին 15 տարիների ընթացքում։

1_Essay2.jpg

Գրաֆիկից երևում է, որ 15 տարվա մեջ նվազել է  16-19 տարեկանների ամուսնությունը, էականորեն նվազել է 20-24 տարեկանների ամուսնությունը, զուգահեռաբար աճել է ամուսնության մնացած տարիքայի խմբերը։

Ամուսնության տարիքային խմբերը եթե բաժանենք 16-24, 25-29 և 30-ից բարձրի, ապա ավելի ակնհայտ կերևա ամուսնության տարիքի կտրուկ փոփոխությունը։

2_Essay2.jpg

Ամուսնությունների առնվազն մեկ-երրորդը արդեն բաժին է ընկնում 30-ից բարձր տարիքի երիտասարդների, իսկ եթե նախկինում 16-24 տարեկանները կազմում էին ամուսնությունների կեսը, ապա այսօր այն ընդամենը 35 տոկոսն է։ Նույնսիկ այս գրաֆիկը ցույց չի տալիս կտրուկ փոփոխությունները։ Տղաների ու աղջիկների ամուսնության տարիքային խմբերը տարբեր են։ Եկենք նայենք ամուսնություններն ըստ սեռերի։

3_Essay2.jpg

Եթե 15 տարի առաջ ամուսնությունների 80 տոկոսը բաժին էր ընկնում 16-24 տարեկան կանանց, ապա այսօր այդ մասնաբաժինը ընդհանուր ամուսնությունների կեսից քիչն է։ Փոխարենը կայուն աճում է 25-29 և 30-ից բարձր տարիքում ամուսնացող կանայք։

4_Essay2.jpg

Տղամարդկանց դեպքում փոփոխության պատկերն ավելի կտրուկ է։ Եթե ամուսնության մասնաբաժինը 25-29 տարեկանների մոտ վերջին 15 տարում մնացել է նույնը, 16-24 տարեկանների ամուսնությունը կտրուկ նվազել է՝ 35-ից իջնելով 20%։ Փոխարենը 30-նն անց տղամարդկանց ամուսնությունը կտրուկ աճել է։

Տեսանք, թե ինչպես փոփոխության դինամիկաները կտրուկ փոխվեցին, երբ կանանց ու տղամարդկանց վիճակագրությունն առանձնացրեցինք։ Եթե առանձնացնենք գյուղ-քաղաք, նայենք նաև չամուսնացնողների թվերին, միայնակ ապրողների թվերին, ապա առավել կտրուկ տարբերություններ կտեսնենք։
Ասածս այն է, որ վաղուց չկա ավանդական տարիքի, միջինացված, ընդհանուր մոդելային ընտանիք հասկացություն։ Ընտանիքները տարբեր են, ամուսնության տարիքները տարբեր են, ապրելակերպն ու կենցաղը տարբեր են, միմյանց հոգ տանելու աստիճանը տարբեր է։

 

Ինչու՞ եմ սրա մասին խոսում

Երբեմն բանավեճի ժամանակ լսում եմ կարծիքներ, որոնք ինձ թվում են կարևոր։ Մի անգամ պարտադիր կենսաթոշակային նոր համակարգի ներմուծման բանավեճի ժամանակ լսեցի հետևյալ փաստարկումը, թե «ինձ պետք չի խնայել ապագայի համար, իմ երեխաները ինձ կպահեն, ինչպես իմ ծնողներն են ինձ մեծացրել»։ Կամ էլ. «Լավ ծնողը պետք է այնպես դաստիարակի իր երեխաներին, որ երեխաները հոգ տանեն ծնողների ապագայի համար, ոչ թե կենսաթոշակային համակարգը»։

Այո՛, կենսաթոշակային համակարգը անսովոր է. Չի թողնում այսօրվա վաստակած եկամուտը ծախսել՝ հետաձգելով այն ապագայի համար։ Սակայն փաստերով ցանկացա ինքս էլ նայել, թե ինչպես է փոփոխվել ընտանիքը, ու արդյոք մենք կարողանալու ենք կրկնել այն, ինչ մեր ծնողներն են մեզ համար արել։ Մի մասը այո։ Սակայն թվերը ցույց են տալիս, որ փոխելով մի փոքր գործոն՝ ամուսնության տարիքը, շատերը չեն կարողանա կրկնել նույն ընտանեկան կյանքը, ինչ տեսել են։ Շատ ծնողներ չեն կարող օգնել իրենց երեխաներին, երբ նրանք դրա կարիքը զգան, իսկ շատ երեխաներ չեն կարող օգնել իրենց ծնողներին։

 

Կտրուկ փոփոխությունները

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման նպատակը տարբերակված մոտեցումն է, երբ քո այսօրվա վաստակած գումարը ստանաս ապագայում՝ ինքդ քեզ հոգ տանես, երբ անցնես թոշակի։ Ու համակարգը տարբերակված է, քանի որ տարբեր մարդիկ տարբեր եկամուտ են ունենում, ու ըստ իրենց եկամտի մասշտաբի էլ կկուտակեն իրենց թոշակը։ Նայելով ժողովրդագրության տվյալներին, միշտ կարծել եմ, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պետք էր ներդրվեր շատ ավելի վաղ։ Սա մի համակարգ է, որը հնարավորություն է տալիս տասնամյակներ անց աշխատողներին իրենց թոշակի անցնելուց հետո պահելու հոգսը թեթևացնել՝ չդառնալ զավակների համար լրացուցիչ «ծախսի ուղղություն»։ Նշածս փոփոխությունները ապագայում են, ու այսօր շատ-շատերը այն չեն կարող պատկերացնել՝ թվերին ու գրաֆիկներին նայելը մի բան է՝ զգալը այլ։ Մանավանդ, որ կան մարդիկ, որոնց համար ապագայի հանդեպ վերաբերմունքը այսպիսին է «դե մի բան կանենք»։ 

Ցավոք իշխանությունները չկարողացան հասկանալի բացատրել գալիք փոփոխությունները: Չեմ պնդում թե ես էլ իդեալական ներկայացրի գալիք փոփոխությունները։ Սակայն մի բան ակնհայտ է ժողովրդագրական վիճակը՝  բնակչության սեռա-տարիքային փոփոխությունը ու կենցաղի փոփոխությունը այնպիսի մեծ ուժ է, որ անհնար է դրա դեմ դուրս գալ, պետք է հարմարվել այդ փոփոխություններին։

Իսկ կենցաղը ռեֆորմով չի որ փոխվելու է. Այն փոխվելու է ավելի դաժանորեն, երբ ժամանակը գա ու նոր դժվարությունները սկսվեն. փոխվելու է և՛ ծնողների հանդեպ վերաբերմունքը, և՛ ծերանոցների հանդեպ վերաբերմունքը, և՛ զավակների ու հատկապես թոռ պահելու կենցաղը։ Թոշակը դառնալու է ծեր մարդու անկախ եկամտի հիմնական գրավականը ու նաև զավակին օգնելու լրացուցիչ հնարավորությունը։

Նրանք ովքեր այսօր նորմալ վաստակում են, այսպես ասած միջին խավը, որը հիմնականում էլ ընդվզեց կենսաթոշակային բարեփոխումների դեմ, այսօր իրենց ծնողներին թոշակի հույսին չեն թողնում։ Մինչդեռ, երբ իրենք դառնան թոշակառու, շատերի զավակների համար նույնը անելը լինելու է չափազանց դժվար։  Երիտասարդներն այսօր սա չեն տեսնում, դե ո՞ր մի երիտասարդն է իր 20 ամյա տարիքում պլանավորում, թե ինչպես է ապրելու 65-անց տարիքում։

Առաջարկություններ

«Հովսեփը մի խելամիտ առաջարկ արեց։ Նա ասաց, որ փարավոնը պետք է մի «խոհեմ ու իմաստուն մարդ» գտնի, որպեսզի նա հոգ տանի, որ առատության տարիներին հացահատիկը հավաքվի պահեստներում, իսկ հետո, երբ սկսվեն սովի տարիները, մատակարարվի մարդկանց»

 Ծննդոց 41:33-36

Բնակչությանը ու նաև ընթերցողներիս ես չեմ կարող որևէ բան առաջարկել։ Մարդու արժեքները, կենցաղը ու ընտանիքը բաներ են, որ մի քանի էջ խոսքով չի, որ փոխվում է։ Սակայն ցանկացա ցուցադրել, որ «ընդհանրացված» մոդելից դուրս ենք եկել վաղուց, որ այսօր ընտանիքները շատ տարբեր են։ Ամուսնանում են տարբեր տարիքային խմբերում, մի մասը չի ամուսնանում ընդհանրապես։ Ու սա ժամանակի հետ բերելու է նոր կենցաղային խնդիրների, որոնց շատերը պատրաստ չեն։ Միակ ցանկությունս էր սրա շուրջ մտորելը, ապագայի մասին այսօր հոգ տանելու մասին խորհելը։

Կառավարությանը

Վերոնշյալ ժողովրդագրական փոփոխությունները միայն եկամտին, ներընտանեկան կենցաղին ու թոշակին չեն առնչվում։ Փոխվելու են առողջապահական կարիքները, փոխվելու է տրանսպորտային կարիքները, փոխվելու են քաղաքաշինական կարիքները։ Ինչքանո՞վ ենք մենք սրան պատրաստ։ Այսօր նման հետազոտութ–յուններ չեն արվում, այս ապագա կարիքները հաշվի չեն առնվում։

  

Կենսաթոշակային բարեփոխումների պատասխանատուներին

Մարդկանց հետ շփվելուց մի բան եմ հասկացել։ Այն ինչ գրել եմ, բնակչությանը չի բացատրվում։ Մարդիկ պարտադիր կենսաթոշակայինը ընդունեցին որպես հարկերի բարձրացում, որպես այսօրվա իրենց եկամտի հանդեպ «ոտնձգություն»։ Ավելին, բարեփոխումները, որոնք իրոք բխում են ժողովրդագրական փոփոխության կարիքներից, այդպես էլ չեն անդրադարձել այն մարդկանց, որոնք հարկ չեն վճարում՝ գործազուրկներին, ստվերում աշխատող–ներին, գյուղացիական տնտեսություններին և այլն։ Զինվորական, դատական ու նման այլ կառույցներ էլ ունեն սեփական այլ կենսաթոշակային համակարգ՝ նրանց չինտեգրեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մեջ՝ մինչդեռ ժողվրդագրութ–յունը նրանց էլ է վերաբերում։ Ես լուծումներ չունեմ այստեղ, սակայն վերոնշյալ խնդիրը հարվածելու է բոլորին։ Կենսաթոշակային բարեփոխումը ծածկում է միայն Հայաստանի բնակչության մի մասի։ Առնվազն պետք է հասնենք նրա, որ ստվերում աշխատող գործատուները իրենց աշխատողների կենսաթոշակը նույնպես ապահովեն՝ այսինքն եկամուտները բերեն օրինական դաշտ, հնարավորություն տան մարդկանց ունենալ սեփական կենսաթոշակային պլան։ Իսկ եթե սա էլ է անհնար, առնվազն անհրաժեշտ է մարդկանց մոտ խնայելու հակում ձևավորելուն ուղղված քաղաքականություն մշակել՝ թեթևացնել ապագա սերունդների հոգսը։ Առայժմ թվերը ցույց են տալիս, որ մարդիկ ավելի շատ են սիրում ծախսել ու վարկ վերցնել. մենք խնայող չենք։

ՀԳ

Ի դեպ, կուտակած կենսաթոշակը պետք է նաև բարձրացնի մարդկանց վարկունակությունը։ Ըստ էության, երբ բանկային համակարգը սկսի կուտակած կենսաթոշակը դիտարկել որպես վարկ տրամադրելու երաշխիք, մարդիկ կարող են նաև ծախսել այսօր, ու այս դեպքում ապագայի ռիսկը կլինի իրենց որոշումը, իրենց ռիսկը։

ՀՀԳ

Գրածս վերաբերում է միայն Կուտակային կենսաթոշակային համակարգի կարիքին. Դրույքի, օրենսդրության, համակարգի, ներդրման ու նման մանրամասների մասին այստեղ կարծիքս չեմ արտահայտել։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։