ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Կրոնական կազմակերպությունների դերը երեխայի սեռի խտրական ընտրության դեմ պայքարում

23.02.2017

Ավանդական դեր, նոր կարիքներ

Մարդկային կյանքը արժևորելու և իմաստավորելու գործում կրոնական կազմակերպությունները ռազմավարական դերակատարում ունեն, որն առավել կարևորվում է ընտանիքի, ծնելիության, առողջության, բռնության և համայնքային խնդիրների համատեքստում, ինչպես նաև բնակչության և զարգացման ժամանակակից մարտահրավերներին ընդառաջ: Պտղի սեռի խտրական ընտրության մարտահրավերին հաջողությամբ դիմակայելու երաշխիքներից կարևորագույնը համայնքում հանրային կարծիք ձևավորող առաջնորդների, այդ թվում կրոնական կազմակերպությունների, ռազմավարական համագործակցությունն է: Փոխկապակցվածության ներկա պայմաններում հրամայական է դառնում կրոնական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ), կառավարության և զարգացման միջազգային գործընկերների ջանքերի համատեղումը: Սոցիալական ցանկալի փոփոխությունների հասնելու համար նրանք պետք է ձգտեն փոխգործակցել, և միայն համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի հայաստանյան հասարակությունում, համայնքներում և ընտանիքներում գենդերային հավասարակշռություն ապահովել վերարտադրողական որոշումներ կայացնելիս: Նման համագործակցություն կարող է ձևավորվել այն արժեքների, ավանդույթների ու հավատամքի հիման վրա, որոնք ընկած են նաև մի շարք հիմնարար իրավունքների հիմքում: Այն կարող է խարսխվել նաև մարդու արժանապատվության և մարդու իրավունքների համընդհանուր տեսլականի վրա: Կանանց նկատմամբ բռնությունը, ներառյալ դրա վատագույն դրսևորումը՝ աղջիկ երեխայի մանկասպանությունը, մարդու արժանապատվության, հետևաբար մարդու իրավունքների խախտում է:

Հայաստանյան կրոնական կազմակերպություններն առանցքային դեր են ունեցել պտղի սեռի ընտրության խնդրի շուրջ լռությունը խախտելու և տաբուները շրջանցելու գործում: Հայաստանում կրոնական կազմակերպություններն այսօր էլ շարունակում են ծառայել որպես համայնքային կենտրոններ, որոնք հանրային հարգանք վայելող ինստիտուտներ են և ընտրված քաղաքական առաջնորդների և քաղաքականություն մշակողների հետ միասին դասվում են առաջնորդների շարքում: Նրանք ջատագովն են մարդակենտրոն ոլորտային քաղաքականությունների մշակման, և այդ իսկ պատճառով կրոնական առաջնորդները և կրոնական կազմակերպությունները պետք է դիտարկվեն ոչ թե որպես խնդրահարույց դերակատարներ, այլ խնդրի լուծման շահագրգիռ կողմ: Նրանց դերն առանցքային է համայնքային նորմերի վրա ազդելու առումով, ինչպես նաև պտղի սեռի խտրական ընտրության պատճառների և հետևանքների վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը բարձրացնելու և այնպիսի միջավայր ստեղծելու հարցում, որը կնպաստի գենդերային հավասարակշռված վերարտադրողականության և ընդհանրապես խտրականությունից զերծ մշակույթ ձևավորելուն: Բացի ծառայությունների մատուցման միջոցով կանանց դեմ բռնությանն արձագանքելու դերակատարումից, կրոնական կազմակերպություններին անհրաժեշտ է աջակցել, որպեսզի նրանք կարողանան ամբողջությամբ օգտվել իրենց յուրահատուկ կարգավիճակից՝ որպես ազդեցիկ դերակատարներ, որոնք կարող են կանխել բռնությունը և մասնավորապես պտղի սեռի խտրական ընտրությունը: Վիրտուալ կամ իրական ապահով տարածքի կարիք կա, որտեղ հնարավոր կլինի անարգելք քննարկել այնպիսի բարդ և զգայուն խնդիրներ, ինչպիսիք են տղայի նախապատվությունը և վերարտադրողական որոշումները: Տիրապետելով համապատասխան կարողությունների՝ կրոնական կազմակերպությունները կարող են նման իրական սոցիալական և հոգևոր տարածքներ առաջարկել ընտանիքներին, կանանց ու տղամարդկանց:

Կառավարության, քաղաքացիական հասարակության և զարգացման միջազգային համայնքի առանցքային դերակատարները այս ամենը գիտակցելով պետք է արձագանքեն կրոնական կազմակերպությունների բարձրաձայնած կրթական և կարողությունների զարգացման կարիքներին, այդ թվում՝ աջակցեն փաստերի, վիճակագրության և հետազոտությունների արդյունքների վրա հիմնված ընդհանուր մոտեցումներ ձևավորելու համար անհրաժեշտ կարողությունների զարգացմանը: Կրոնական կազմակերպությունները կարիք ունեն նաև կարողությունների, որոնք հնարավորություն կընձեռեն տարբեր իրավիճակներում բացահայտել պտղի սեռի խտրական ընտրության պատճառները, հետևանքներն ու խնդիրներն ընդհանրապես, ինչպես նաև փոխանցել ձևավորված գիտելիքն ու պրակտիկան: Ավելին, հիմնական դերակատարները պետք է կամրջեն կրոնական կազմակերպությունների, մամուլի և շահագրգիռ այլ կառույցների միջև համագործակցության բացերը՝ հանրային իրազեկման, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով:

Ներկայում, հաջողված փոխգործակցություն է ձևավորվել հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի գործունեության շրջանակներում, որը համակարգում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ)՝ Եվրոպական միության և Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ: Կոնսորցիումին հաջողվել է կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներգրավել «Տեղական մասնակցության և ոչ խտրականության» փորձի և գիտելիքի փոխանակման ցանցի աշխատանքներում, որի ավելի քան 400 անդամները տեղական գործիչներ են, որոնք ակտիվորեն մասնակցում են պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարին հանրապետության ողջ տարածքում: Համագործակցությունն ամրապնդվում է նաև հանրային իրազեկման և քարոզարշավների միջոցով, որոնք անդրադառնում են պտղի սեռի խտրական ընտրության, տղայի երեխայի նախապատվության, ծնելիության ցածր մակարդակի և վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման էթիկական խնդիրներին: Այս փորձն օգտակար կարող է լինել խնդրով զբաղվող շահագրգիռ կողմերի համար՝ կրոնական կազմակերպություններին աջակցություն տրամադրելու գործում ջանքերը համախմբելու առումով, հատկապես՝ առկա գիտելիքները տարածելու և կարողությունները զարգացնելու միջոցով: Այս աշխատանքը մասնակցային, և շարունակական բնույթ պետք է ունենա՝ թե՛ բնակչության հետ ընդհանրապես, թե՛ առավել խոցելի սոցիալական խմբերի հետ: Վստահելի և տեղայնացված փաստերի և տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև հետազոտական և տեխնիկական աջակցությունը՝ միտված կրոնական կազմակերպությունների գիտելիքների և կարողությունների զարգացմանը, կարող է դառնալ այն օժանդակությունը, ինչը թույլ կտա կրոնական կազմակերպություններին աջակցել իրենց համայնքներին՝ խնդրի վերաբերյալ պատշաճ ուղերձներ առաջարկելով և արդյունավետ կերպով մատուցելով ծառայություններ:

Բազմակողմ համագործակցություն

Կրոնական կազմակերպություններին՝ սոցիալական ոլորտի քաղաքականության իրականացման ընթացքում համապատասխան պրակտիկայի ձևավորման գործում աջակցություն ցուցաբերելը, մանրամասնորեն մշակված գործնական կանոնների և անմիջականորեն հովվական գործունեությամբ զբաղվող կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների համար խնդրին վերաբերող օրինակելի, առօրեական օրինակների տրամադրումը կարող է օգտակար լինել խնդրին արձագանքելու համատեքստում: Օժանդակելով կրոնական կազմակերպություններին ընտանիքին աջակցելու գործառույթում նորարարական գործիքակազմի ներդրման և կիրառման հարցում՝ հնարավոր է դառնում մեծացնել կառավարութան և ՔՀԿ-ների կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:

Այս գործիքները պետք է առաջարկեն, թե գործնականում ինչպես կարելի է արծարծել վերարտադրողական իրավունքների, ծնելիության, կանանց իրավունքների և ոչ խտրականության խնդիրների առավել բարդ հարցերը: Այս գործիքների մշակման ընթացքում պետք է ի մի բերել խնդրով գործանականում զբաղվող բոլոր դերակատարների փորձը, տեղայնացված գիտելիքն ու ժամանակակից մեթոդները: Սրանք կարող են արժեքավոր ռեսուրս լինել այն հոգևորականների և կրոնական կազմակերպությունների այլ ներկայացուցիչների համար, որոնք շահագրգռված են ավելի լավ ճանաչելու իրենց հետևորդներին և ձեռք բերելու հմտություններ՝ խնդրին ավելի արդյունավետորեն անդրադառնալու համար: Նման աջակցությունը կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին կառաջարկի մոտեցումների հարթակ, որի հիման վրա նրանք կարող են ձևավորել, կիրառել և տարածել սեփական հաջողված պրակտիկան:

Հայաստանյան կրոնական կազմակերպություններն արդեն իսկ ՔՀԿ-ների և զարգացման միջազգային գործընկերների հետ համագործակցության հաջողված փորձ ունեն, որի արդյունքում մշակվել են բնակչության և զարգացման խնդիրների արձագանքման նորարարական գործիքներ, որոնց նպատակն էր դյուրացնել սոցիալական փոփոխությունները: Մասնավորապես, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը, ՄԶՄԿ-ն, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամը և այլ դերակատարներ արդյունավետորեն համագործակցելով կրոնական կազմակերպությունների հետ, մշակել և կիրառել են ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղեցույց կրոնական կազմակերպությունների համար: Նմանատիպ գործիքները և համապատասխան կարողությունները, հատկապես Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներին ուղղված, պետք է հիմնված լինեն այն առաջարկների վրա, որոնք վերաբերում են վերջին տարիներին հաճախակի և ակտիվորեն քննարկվող քաղաքականության և պրակտիկայի ձևավորման և փոփոխության խնդիրներին։ Նման խնդիրների շրջանակը ներառում է ամուսնությունն ու Սուրբ Պսակը, ամուսնալուծությունը, վերարտադրողական որոշումներն ու ծնելիությունը, քրիստոնեական էթիկան և վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառումը, ընտանիքը, այդ թվում՝ ազգակցական կապերը, դերերը, վերարտադրողական իրավունքները, մոր, հոր և երեխաների իրավունքները, ընտանեկան բռնությունը, պատիվն ու պատասխանատվությունը, տնտեսական խնդիրները, ծնողներն ու երեխաները, աղջիկ և տղա երեխաների հավասար արժևորումը:

Ժամանակակից գիտելիք, հմտություններ և տեղայնացված գործիքներ

Պտղի սեռի խտրական ընտրությունը կանխելուն ուղղված հոգևոր արձագանքները կարող են նշանակալի ազդեցություն ունենալ որոշակի կրոնական համայնքներում: Չափազանց կարևոր է պտղի սեռի խտրական ընտրության վերաբերյալ միֆերի և փաստերի ներկայացումը, ինչպես նաև խնդրի շուրջ աստվածաբանական մտորումները: Հոգևորականների համար նախատեսված գործիքակազմը պիտի պատասխանի այնպիսի հարցերի, ինչպիսիք են.

  • ինչո՞ւ է հասարակությունում և ընտանիքներում առկա պտղի սեռի խտրական ընտրության խնդիրը.
  • ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ պտղի սեռի խտրական ընտրությունը հասարակությունում, համայնքներում և ընտանիքներում.
  • որո՞նք են պտղի սեռի խտրական ընտրության պատճառները.
  • ովքե՞ր են պտղի սեռի խտրական ընտրություն կատարում.
  • ե՞րբ է տեղի ունենում պտղի սեռի խտրական ընտրություն.
  • համայնքի ո՞ր ընտանիքներում են հակված ընտրել պտղի սեռը.
  • ի՞նչ է պտղի սեռի խտրական ընտրությունն իրավական հարթությունում. ինչո՞ւ պետք է կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները ներգրավվեն պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարում.
  • ինչպե՞ս շարունակել խնդրի կանխման աշխատանքները աշխարհիկ և կրոնական տեսանկյուններից.
  • ի՞նչ կարելի է անել. ինչպիսի՞ պայմաններ պետք է ապահովել, որպեսզի ընտանիքներում և համայնքներում պտղի սեռի խտրական ընտրությունը կանխելուն միտված աշխատանքներն իրականացվեն արդյունավետորեն:

Անհրաժեշտ է, որպեսզի նման գործիքների մշակման հիմքում ընկած լինեն համապատասխան սոցիալական տեսություններ, քրիստոնեական վարդապետությունն ընդհանրապես, և Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետությունը մասնավորապես։ Այս առումով, հատկապես կարևոր է առանձնացնել երկու աստվածաբանական և կրոնական խնդիր՝ աղջիկ երեխայի և կնոջ արժևորումը և ոչ խտրականությունը քրիստոնեական դավանանքի տեսանկյունից: Անհրաժեշտ է նաև քննարկել ամուսնության և հարակից մի շարք այլ հասկացությունների բնույթը, ներառյալ ծնողների ընտրության, տղայի նախապատվության և ծնելիության հարցերը, որոնք ուղղակիորեն առնչվում են առանց բժշկական ցուցման պտղի սեռի ընտրության հետ: Կան նաև բազմաթիվ այլ հարցեր, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ, այդ թվում՝ հավատքի կորուստը, մարդու արարումն Աստծո կերպարով, Աստծո ուժը՝ փոխելու մարդու վարքը և պտղի սեռի ընտրության և սոցիալական արդարության միջև կապը:

Անհրաժեշտ է հոգևորականներին աջակցել ձևավորելով այնպիսի կարողություններ, ինչը նրանց հնարավորություն կընձեռի համայնքում և եկեղեցական ծխում բացահայտել պտղի սեռի խտրական ընտրության վաղ նշանները: Հոգևորականներին անհրաժեշտ են գործիքներ, որոնք կօգնեն արձագանքել մի շարք կարևոր խնդիրների, օրինակ՝ ի՞նչ անել, երբ մեկը ահազանգում է, թե հանդիպել է պտղի սեռի խտրական ընտրության դեպքի. ինչպե՞ս անհատական խորհրդատվություն իրականացնել, այդ թվում՝ նախաամուսնական և ճգնաժամային խորհրդատվությունը. ի՞նչ մեխանիզմներ կիրառել պտղի սեռի խտրական ընտրությունը արդյունավետորեն կանխելու համար և ինչպե՞ս համոզել մարդկանց:

Այս առումով անհրաժեշտ է գործել երկու մակարդակում՝ ազգային և համայնքային: Համագործացկությունը և տարբեր ցանցերին անդամակցումը, հատկապես «Տեղական մասնակցության և ոչ խտրականության» փորձի և գիտելիքի փոխանակման ցանցի հետ համագործակցության ամրապնդումը, էական նշանակություն ունի կրոնական կազմակերպությունների համար: Կարևորագույն խնդիր է նաև հոգևորականներին աջակցությունը՝ խնդիրը բարձրաձայնելու և դրան արձագանքելու, ինչպես նաև իրավական սկզբունքների հետ համադրելու, անհրաժեշտության դեպքում ծխական համայնքի անդամներին համապատասխան ծառայություններին հղելու և ընտանիքներին, կանանց և տղամարդկանց համապատասխան ռեսուրսների վերաբերյալ իրազեկելու գործում:

Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է հոգևորականներին տրամադրել այնպիսի գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի նրանց ցույց տալ, որ պտղի սեռի խտրական ընտրությունը և աղջիկ երեխայի հանդեպ խտրականությունն անընդունելի են: Կրոնական կազմակերպություններին անհրաժեշտ է աջակցել, որպեսզի նրանք կարողանան իրենց հետևորդներին պարզորոշ և մատչելի կերպով բացատրել Եկեղեցու և հոգևորականության դիրքորոշումն այս խնդրի շուրջ: Կարևոր է հոգևորականներին օժանդակել իրենց ծխական համայնքներում սեռի ընտրության և խտրականության խնդիրների շուրջ քարոզելու, ինչպես նաև մեծահասակների, դեռահասների և երեխաների համար համապատասխան կրթական ծրագրեր մշակելու հարցում: Կառավարությունը, ՔՀԿ-ները և զարգացման միջազգային համայնքը պետք է աջակցեն հոգևորականներին, որպեսզի վերջիններս բացահայտեն, թե իրենց ծխական համայնքներն ինչպես կարող են աջակցել պտղի սեռի խտրական ընտրությունը կանխելու ազգային և համայնքային ծրագրերի, ինչպես նաև ընդհանրապես խտրականության կանխմանը միտված ծրագրերի իրականցմանը: Վերջապես, անհրաժեշտ է հոգևորականներին ծանոթացնել սեռի ընտրության առկա պրակտիկային առնչվող իրավական դաշտին:


Համառոտագիրը մշակվել է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում 2016թ-ի մարտի 21-ին կայացած «Հոգևոր ծառայության գործնական փորձն ու գործիքները. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով համատեղ քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Քննարկմանը մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։