ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Պարտադիր բժշկական ապահովագրության ինստիտուտի ներդրումը Հայաստանում

11.09.2017

Ֆինանսական անմատչելիությամբ պայմանավորված՝ բուժօգնության չդիմելու ցուցանիշը Հայաստանում 2016թ. կազմել է 17.2%։ Բժշկական օգնության դիմելու անհրաժեշտության գիտակցման դեպքում բժշկի չդիմած անձանց քանակը վերջին 7 տարում աճել է գրեթե երկու անգամ. եթե 2009թ. 

Դժգոհ են բոլորը

Առողջապահության հարցերում այսօր դժգոհ են բոլորը։ Դժգոհ են քաղաքացիները. դժգոհ են ծառայությունների որակից, դրանց մատչելիությունից, գներից, դժգոհ են վերաբերմունքից, շատ ու շատ այլ բաներից։ Դժգոհ են բժիշկները. դժգոհ են իրենց սոցիալական կարգավիճակի նվազման միտումից, դժգոհ են եկամուտներից, դժգոհ են սարքավորումներից, որոնցով աշխատում են, դժգոհ են միջավայրից և այլն։ Դժգոհ են առողջապահության կազմակերպիչները՝ բուժհիմնարկների ղեկավարները. դժգոհ են պետպատվերի ծավալից, ֆինանսական ռեսուրսների անմատչելիությունից, լավագույն կադրերի արտահոսքից, խաղի անհստակ կանոններից և այլն։ Դժգոհ են նաև հանրային առողջապահության քաղաքականության բարձրաստիճան պատասխանատուները. դժգոհ են դեպի համակարգ ուղղվող պետական միջոցների ծավալից, համակարգը հիմնովին բարեփոխելու համար երկրում առկա ռեսուրսների սակավությունից, դժգոհ են տասնամյակներով ամրացած ոչ մրցունակ հատվածից, որից հրաժարվել հնարավոր չէ։ Շատ բաներից են դժգոհ։

Ոչինչ չփոխել հնարավոր է

Առկա ստատուս քվոն պահելը որոշ ժամանակ իհարկե հնարավոր է։ Այդ ընթացքում բժշկի մասնագիտություն ընտրած լավագույն կադրերի շրջանում Գերմանիա տեղափոխվելու համար լավ գերմաներեն սովորելը վերջնականապես կդառնա սովորույթի ուժ ստացած վարքականոն... Այդ ընթացքում միջին խավի ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ կսովորեն բոլոր խնդիրների դեպքում ծառայություններ փնտրել արտերկրում, իսկ Վրաստանի առողջապահական համակարգը տարեց- տարի ավելի ու ավելի շատ պացիենտներ կընդունի Հայաստանից։ Այդ ընթացքում չի լավանա կամ դանդաղ, բայց շարունակաբար կվատանա կյանքի որակը Հայաստանում ի հաշիվ մարդկանց առողջության հետ կապված հարցերի։ Այդ ընթացքում համակարգն ավելի ու ավելի կկարծրանա և «կամրանա» ապագա հնարավոր փոփոխություններին ընդդիմանալու առումով։

Ստատուս քվոն կարելի է շարունակել մինչև այն պահը, երբ կհայտնվի առաջնորդների այն խումբը, որ կասի՝ մենք կտանենք համակարգն ամբողջական փոփոխությունների, քանի որ այս վիճակը սպառնալիք է դառնում մեր ազգային անվտանգությանը։

Ճեղքել ապագայի կանխատեսումների մթին համապատկերը

Համակարգն անընդհատ զարգացնելու համար անընդհատ ֆինանսական միջոցների ավելացում է պահանջվելու։ Սա իհարկե ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայմանն է։ Մեր երկիրն իր տնտեսական հնարավորություններով ու կիսապատերազմողական դրությամբ տեսանելի ապագայում դա անել չի կարողանալու։ Սպասել երրորդ աղբյուրից անընդհատ և կայուն ֆինանսական միջոցներ համակարգային փոփոխությունների գնալու համար, միամտություն է։ Ստացվում է փակուղի։ Փակ օղակ։

Այդ դեպքում ո՞րն է լուծումը։ Այս պահին կարծես լուծումը միակն է։ Կա փորձված մեխանիզմ, որը կարողանում է առկա փողը ավելի շատ փող դարձնել։ Դա, անշուշտ, ապահովագրությունն է, որն իր հետ բերում է փող, որն ավելացնում է փողը և աշխատելու նոր կանոններ է ենթադրում, կանոններ, որոնցով զարգացած աշխարհում են գործում ու բժշկվում։ Ստացվում է, որ պարտադիր բժշկական ապահովագրության ինստիտուտի ներդրումը միակ հնարավոր լույսն է, որ կարող է ճեղքել ապագայի կանխատեսումների մթին համապատկերը։ Ու դա աշխարհի փորձն է հուշում:

Պարտադիր ապահովագրություն ներդրողները. մազոխիստ, թե՞ առաջնորդ

Ակնհայտ է, որ պարտադիր բժշկական ապահովագրության ներդնելը հեշտ իրականացվող զբաղմունք չէ ամենևին։ Կընդդիմանան քաղաքացիները, ովքեր ամեն տարի ստիպված կլինեն իրենց համար զգալի վճարումներ անել։ Կընդդիմանան բժիշկները, ովքեր ստիպված կլինեն զրկվել առանձին արտոնություններից կամ աշխատել այլ կանոններով։ Կընդդիմանան առողջապահության կազմակերպիչները, ովքեր կործանարար ռիսկեր կտեսնեն ու կհնչեցնեն դրանք և կհամարեն, որ ապահովագրական ընկերությունները գալիս են տանելու իրենց հասցեագրված միջոցները։ Կընդդիմանան առողջապահության ոլորտի այն ղեկավարները, ովքեր բավարարված են իրենց հանրային ստատուսով և տրամադրված չեն տարբեր կողմերի փնովումների ու քննադատության թիրախ դառնալ։ Ու բոլորին էլ կարելի է հասկանալ։ Ու բոլորն էլ յուրովի ճիշտ կլինեն։

Հետևաբար էլի հանգում ենք ստատուս քվոյին, որն էլի բնութագրվում է «Դժգոհ են բոլորը» բանաձևով և այն հետևանքներով, որ ներկայացվեց վերևում։ Բայց նույնիսկ այս բնական թվացող փակուղում էլ ելք կա։ Հանրային առողջապահության քաղաքականության պատասխանատուներն այսօր ավելի հաճախ են բարձրաձայնում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ճանապարհով գնալու պատրաստակամության մասին։ Նրանց անհրաժեշտ է կառավարության և քաղաքական էլիտայի գիտակցված և բաց օժանդակությունը։ Միայն այդ դեպքում նրանք կարող են դառնալ առաջնորդության այն լոկոմոտիվը, որն ի վիճակի կլինի մի կողմից մեր դժգոհ քաղաքացիներին, դժգոհ բժիշկներին ու դժգոհ կազմակերպիչներին համոզել, որ հիվանդ համակարգը բուժելու համար ցավոտ լուծումներ են պահանջվելու, մյուս կողմից կհաղթահարի ապագա հակազդեցությունները՝ նախ և առաջ բացատրելով, մատնացույց անելով և իր հետևից առաջ տանելով։

Բժշկական ապահովագրության ներդրումն առողջապահական համակարգն առաջ տանելու կարևորագույն պայմանն է։ Այն ներդնելը երկար ու ցավոտ գործընթաց է։ Դա անել հնարավոր է միայն նվիրյալների «անձնազոհ» առաջնորդությամբ՝ երկրում քաղաքականություն իրականացնող հիմնական խաղացողների ուժեղ սատարմամբ։


Համառոտագիրը մշակվել է 2017թ. օգոստոսի 30-ին կայացած «Առոջապահության ապահովագրության ներդրման հեռանկարները Հայաստանում» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա:

Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Քննարկումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին խորհրդարանական վերահսկողությունը և ընտրողների հետ հաղորդակցությունը բարելավելու նպատակով» ծրագրի շրջանակներում, Երևանում բրիտանական դեսպանատան աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։