- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2017 թվականի զարգացումները վկայում են՝ Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության պետական քաղաքականության, իրավական կարգավորման նախագծերի մշակման, ընդունման և կիրարկման, ինչպես նաև հասարակական նախաձեռնությունների հաջողության համար կենսական է ոչ միայն քաղաքականության իրականացման և համապատասխան ծառայությունների տրամադրման համար պատասխանատու մարմինների և հասարակական կառույցների կարողությունների զարգացումը, այլև քաղաքականության հաղորդակցության ժամանակին և արդյունավետ կազմակերպումը։
Իրավամբ, ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության իրավական կարգավորման հայտնի օրինագծի առաջխաղացման և ակտիվ քննարկումների փորձը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և զարգացման միջազգային գործընկերների ճնշող մեծամասնությունը չի ընկալում քաղաքականության և շահերի պաշտպանության գործընթացում արդյունավետ հաղորդակցության կարևորությունը։ Այսպես, պետական մարմինները հաղորդակցության խնդիրները հիմնականում թողնում են հասարակական հատվածի ուսերին, իսկ վերջիններս ենթադրում են, թե հանրային նշանակության խնդիրների լուծման, այդ թվում՝ իրավական կարգավորման նախաձեռնությունների առաջխաղացումը պահանջում է իշխանությունների «քաղաքական կամքի» դրսևորում միայն, իսկ որպես նախաձեռնությունների հիմնական խոչընդոտ համարում է «հինգ հոգու» դիմադրությունը։ Միջազգային կառույցները թերևս նույնպես համարում են, որ հասարակական մի քանի կազմակերպությունների հրապարակային գործունեությունն ու ակտիվությունը, արտաքին գործոնների զուգորդմամբ, բավարար են հաջողության հասնելու։
Արդյունքում, ընտանեկան բռնության դեմ պայքարի շուրջ հասարակական լայն համախմբան և տարբեր շերտերի ու խմբերի կողմից աջակցություն ապահովելու փոխարեն հերթական անգամ ունենք իրականության թյուրընկալում և հասարակության բևեռացում։ Կրկին անգամ իրար լսելու հիմնականում անպատրաստ և երկխոսությունից շատ հաճախ հրաժարվող կառույցները հանրային կարևորագույն խնդրի լուծման շուրջ հայաստանյան հասարակությունը համախմբելու փոխարեն շարժվեցին «դու չես հասկանում», «հիմարը դու ես» և «իմն ավելի մեծ է» շրջանով։
Հաղորդակցության կարևորությունը ընկալելու, համապատասխան գործիքների, գիտելիքի ու հմտությունների կիրառման պարագայում՝ այսօր կունենայինք խնդրի լուծմանը լծված հասարակություն, հետագա գործողությունների համար մեծ թափ ու ներուժ։ Մինչդեռ իրավական կարգավորման «100 մետրանոց վազքուղին» գրեթե հաղթահարած դերակատարները թերևս չեն գիտակցում, որ մասնակցում են «40 կիլոմետրանոց մարաթոնի», որը հաջողությամբ հաղթահարելու համար մնացած «39 կիլոմետր 900 մետրն» անցնելու անհամեմատ ավելի մեծ ջանքեր ու ռեսուրսներ են անհրաժեշտ։ Մարաթոն, որը հաղթահարել և երկրում իրական փոփոխությունների հասնել հնարավոր է «100 մետրանոցում» իրար հետ մրցող բոլոր դերակատարների համատեղ ջանքերով միայն։
Ընտանեկան բռնության երևույթի, դրա տարածվածության, դրսևորումների, պատճառների ու հետևանքների վերաբերյալ հասարակության ընկալումների լայն սպեկտրի մասին նշանակալի տեղեկություններ է պարունակում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի 2017թ. իրականացրած որակական հետազոտությունների և համահամայնքային քննարկումների ամփոփումը։ Դրանք հնարավորություն են ընձեռում մշակել յուրաքանչյուր թիրախ խմբին հասցեագրված հաղորդակցության արդյունավետ գործողություններ։
Նման ռազմավարության նպատակը պիտի լինի ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության, ծրագրերի, իրավական կարգավորման և նախաձեռնությունների անխափան և արդյունավետ իրականացումը։
Հաղորդակցության վերից վար խնդիրները պետք է ներառեն պետական քաղաքականության, իրավական կարգավորման և ծրագրերի մշակման և իրականացման համար նպաստավոր սոցիալական միջավայրի ձևավորումը, նախաձեռնությունների և դրանց իրականացման պատասխանատուների, հասարակության տարբեր հատվածների, այդ թվում՝ հիմնական շահառուների և առանձին թիրախ խմբերի աջակցության ապահովումը, նախաձեռնությունների վերաբերյալ առկա և հնարավոր հաղորդակցության խոչընդոտների ժամանակին և պատշաճ բացահայտումն ու վերացման ապահովումը, շահառուների առանձին խմբերի, այդ թվում՝ բռնության ենթարկված անձանց, կանանց և տղամարդկանց համար նախաձեռնությունների դրական ազդեցության ակնառու, պարզ և հստակ ձևակերպումն ու արդյունավետ հաղորդակցութան կազմակերպման միջոցով շահառուներին դրանց վերաբերյալ իրազեկումը, նախաձեռնությունների ընթացքի, ձեռքբերումների և խոչընդոտների վերաբերյալ հասարակությանը, այդ թվում՝ շահառուների և թիրախ խմբերի շարունակական իրազեկման կազմակերպումը։ Միաժամանակ, հարկ է կարևորել նաև հաղորդակցության ռազմավարության ներքևից վեր խնդիրները. ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության պետական քաղաքականությանը, իրավական կարգավորման նախագծերին և ծրագրերին շահառուների առանձին խմբերի վերաբերմունքի, այդ թվում՝ մտահոգությունների, կարծիքների, առաջարկների, կողմ և դեմ փաստարկների ընթացիկ գնահատումը և պարբերական ամփոփումը, նախաձեռնությունների ընթացքի վերաբերյալ հասարակության մեջ առկա ընկալումների գնահատումը և դրանց արձագանքման կազմակերպումը, նախաձեռնությունների մշակման գործընթացին հիմնական թիրախ խմբերի և դերակատարների մասնակցության կազմակերպումը, նախաձեռնությունների մշակման և իրականացման պատասխանատուներին քաղաքականության առաջարկների պարբերական ներկայացումը:
Անհրաժեշտ է վերլուծել և շարադրել հաղորդակցության ռազմավարության իրականացումից ակնկալվող հիմնական արդյունքները՝ ըստ հիմնական շահառուների և թիրախ խմբերի, դրանց ձեռքբերման ժամկետների, ինչպես նաև հաջողության գնահատման չափանիշների։
Հարկավոր է շարադրել հաղորդակցության ռազմավարության շրջանակներում առանձին շահառուների և թիրախ խմբերի համար պրոյեկտված հաղորդակցության խնդիրները և հիմնական ուղերձները։ Ընդ որում, ուղերձները ձևակերպելիս հարկ է հաշվի առնել մի շարք գործոններ: Այսպես, դրանք պիտի լինեն սակավաթիվ, պարզ ու հստակ, մասնագիտական տերմիններից ու ժարգոնից ազատ, դրական և օգուտների վրա կենտրոնացած։ Ուղերձները պիտի փորձեն պատասխանել մի շարք հարցերի, այդ թվում՝ ի՞նչն ենք ցանկանում փոխել, ի՞նչ կուզենայինք, որ առանձին շահառուն և/կամ թիրախ խումբն իմանա, ի՞նչ կուզենայինք, որ նրանք զգան՝ ինչպիսի՞ ընկալումներ և ակնկալիքներ ենք ուզում ձևավորել, ի՞նչ ենք ցանկանում, որ նրանք կատարեն, ինչպե՞ս վարվեն՝ ի՞նչ գործողություն/անգործություն ենք ակնկալում նրանցից:
Անհրաժեշտ է ձևակերպել հաղորդակցության ռազմավարության շրջանակներում առանձին շահառուների և թիրախ խմբերի հետ հաղորդակցության հիմնական ուղիները և գործիքները, այդ թվում՝ մասնագիտական քննարկումները և կոնսուլտացիաները, քաղաքականության բաց և առանց հղումների իրավունքի քննարկումներն ու քաղաքականության համառոտագրերը, համահամայնքային քննարկումները, լրատվամիջոցներում հրապարակումները, սոցիալական մեդիան և դրանցում հրապարակումները, մեկնաբանություններն ու քննարկումները, տեսանյութերն ու ռադիո- և/կամ հեռուստահաղորդումները, նախաձեռնությունների իրականացման պատասխանատուների՝ նախարարի և համապատասխան պաշտոնյաների և մասնագետների հանրային ելույթներն ու ակցիաները, մամուլի հաղորդագրություններն ու մամուլի ասուլիսները և այլն։
Եվ իհարկե, հարկավոր է մշակել հաղորդակցության առանձին միջոցառումները և գործողությունները՝ ըստ շահառուների և թիրախ խմբերի, նախաձեռնությունների իրականացման փուլերի, իրականացման պատասխանատուների, ժամկետների և տևողության։
Վստահաբար կարելի է ասել, որ նման ռազմավարության մշակման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալներն ու կարևորագույն տեղեկություններն ու նյութերն այսօր առկա են։ Նույն վստահությամբ կարելի է պնդել նաև, որ առանց նման հաղորդակցության ընտանեկան բռնության կանխարգելման և բռնություն ենթարկված անձանց պաշտպանության քաղաքականության «40 կիլոմետրանոց մարաթոնը» միասնաբար հաղթահարելն ընդունելի ժամկետներում գրեթե անհնար է։ Ասվածի վկայությունը հարևան մի շարք երկրներն են, որոնք առաջին «100 մետրանոցը» հաղթահարելուց հետո խնդրի լուծման ուղղությամբ և իրական սոցիալական փոփոխությունների առումով էական հաջողություններ չեն արձանագրել։
Սույն համառոտագիրը պատրաստվել է Եվրոպական Միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ՝ «Հայաստանում գենդերային բռնության դեմ պայքարին ուղղված ուսումնասիրություններ, տեղեկությունների տարածում և իրավական աջակցություն» ծրագրի շրջանակում: Սույն համառոտագրի բովանդակության պատասխանատուն բացառապես Մարդկային զարգացման միջազգային կենտրոնն է, և այն որևէ կերպ չի արտացոլում Եվրոպական Միության և/կամ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տեսակետները:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։