- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2016 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 320 հազար տոննա վառելիք՝ ընդհանուր շուրջ 100 միլիարդ դրամ արժողությամբ: Մանրածախ գներով (հարկերը ներառյալ) կստացվի, որ Հայաստանում վաճառվում է շուրջ 220 միլիարդ դրամի վառելիք։ Այժմ հիպոթետիկ ենթադրենք, որ վառելիքի գները 20 տոկոսով բարձրացան։ Որքանո՞վ սա կազդի ինֆլյացիայի վրա։ Մասնագետները կխոսեն սպառողական զամբյուղից, դրանում վառելիքի պարունակության կշռից և այլ հաշվարկման մեթոդներից ու նրբություններից։ Սակայն մոտավոր, բայց ամենապարզ պատկերացնելու ձևը հետևյալն է. Հայաստանի բնակչությունը մեկ տարվա ընթացքում սպառում է 3,8 տրիլիոն դրամի ապրանքներ և ծառայություններ։ Վառելիքի գնի 20 տոկոս ավելացում դրա սպառման վրա ծախսվող գումարը կավելացնի 44 միլիարդ դրամով, ինչը կկազմի մեր բնակչության համախառն սպառողական ծախսերի 1.1 տոկոսը միայն։
Այսինքն այս մակերեսային, ոչ շատ խորը հաշվարկն անգամ պատկերացում կտա, որ սպառողական զամբյուղում այնպիսի կարևոր ու նկատելի կշիռ ունեցող ապրանքի համար, ինչպիսին բենզինն է, 20 տոկոս թանկացումը ինֆլյացիայի վրա ընդամենը 1 տոկոսանոց ազդեցության ներուժ ունի։
Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում միշտ կա կանխատեսվող ինֆլյացիան, որը ամենահավաստի ցուցանիշն է գների ապագան հասկանալու համար։ Անհնար է սպառողական զամբյուղի անհատական ապրանքների գները կանխատեսել և կարգավորել, վերջիվերջո գները տասնամյակներ առաջ է Հայաստանն ազատականացրել։ Անհնար է նաև կանխատեսել այնպիսի գնային ցնցումներ, ինչպիսիք են ներմուծվող ապրանքների գների տատանումները, ինչպես վերջերս եղավ կարագի հետ։ Սակայն հնարավոր է տոկոսադրույքների քաղաքականությամբ կարգավորել ամբողջական պահանջարկի կանխատեսվող միտումները։ Կենտրոնական բանկը տոկոսադրույքները կառավարում է այնպես, որ տնտեսությունում ամբողջական պահանջարկը չգերազանցի ակնկալվող տնտեսական աճը։ Ահա այստեղ ենք տեսնում կենտրոնական բանկի քողարկված, բայց արդյունավետ դերը, երբ անկախ առանձին ապրանքների գների կտրուկ տատանումից, համընդհանուր գնաճը մնում է վերահսկելի՝ կանխատեսելի սահմաններում։
Ի դեպ, ի տարբերություն հարկային քաղաքականության, որի փոփոխությունը գների վրա անմիջական ազդեցություն է ունենում, դրամավարկային քաղաքականությունը բավական ուշ է ազդում տնտեսության վրա։ Ուստի դրամավարկային գործիքների համար կիրառվող կանխատեսման «ապարատը», տնտեսագիտական մոդելներն ավելի բարդ են ու զգայուն։ Ի՞նչ է նշանակում Կենտրոնական բանկի կողմից կանխատեսվող ինֆլյացիա։ Սա նշանակում է, որ ցանկացած մարդ իր բիզնես պլանում, եթե ցանկանում է պլանավորել ինֆլյացիան, ավելի հավանական ցուցանիշ, քան կենտրոնական բանկի տվածն է, չի կարող գտնել։ Թեպետ դա 100 տոկոսանոց ճշմարիտ ծրագրային թիվ չի, սակայն ինչքան էլ լինի ճշգրտության հավանականությունը, դրանից ավելի ճշգրիտ կանխատեսում անհնար է գտնել
Հայաստանը դեռևս զարգացած երկրների նման գերցածր ինֆլյացիոն դաշտում չի գտնվում։ Հայաստանում ինֆլյացիան նպատակադրվում է 4-5 տոկոս շրջանակներում, մյուս կողմից էլ Հայաստանում գները սեզոնային ավելի մեծ տատանումներ ունեն։ Նման միջավայրը բարենպաստ է դառնում նվազ մրցակցային, նվազ շուկայական, մենաշնորհային անբարեխիղճ գների ձևավորման համար։ Ավելին, հաշվի առնելով կենտրոնական բանկի՝ տոկոսադրույքներով գնաճը կարգավորելու սխեման, անբարեխիղճ գնաճն, ի վերջո, զսպվում է այլ ապրանքների հանդեպ պահանջարկի նվազմամբ։
Գների անբարեխիղճ աճի դեպքում մի կողմից տուժում է բնակչությունը, մյուս կողմից՝ մրցակցային ու բարեխիղճ դաշտում գտնվող գործարարը։ Երբեմն էլ տեղի է ունենում թաքնված գնաճի սխեման, երբ ապրանքի գինը մնում է նույնը, սակայն նվազեցվում է դրա որակը կամ քանակը, օրինակ՝ բենզինի որակը չի համապատասխանում հայտարարված ստանդարտին կամ էլ հացի քաշն է նվազեցվում։ Ու ահա այստեղ է գալիս տնտեսության կառուցվածքային բարեփոխումների հիմնական պահանջը՝ ազատ շուկա, մրցակցային միջավայր, սպառողի շահեր, հակամենաշնորհային օրենքներ ու մեխանիզմներ։
Վերադառնալով վառելիքի օրինակին՝ պատասխան չստացավ, այսպես ասած, շղթայաձև գնաճի հարցը։ Մտահոգիչ է, որ վառելիքը օգտագործվում է տրանսպորտային ծախսերում, որն անմիջապես կապվում է բոլոր ապարանքների ինքնարժեքի հետ։ Շատերը կմտածեն, որ վառելիքի աճը պետք է բերի բոլոր ապրանքների գնաճի, ու վերևում նկարագրված հաշվարկն այդ առումով սխալ է։ Իրականությունը փոքր-ինչ այլ է։ Վերը բերված հաշվարկում ենթադրվել է, որ ամբողջ վառելիքը սպառվում է տնային տնտեսությունների կողմից, իսկ սպառողական զամբյուղը հենց վերջնական սպառման ապրանքների համար է։ Այսինքն, եթե վառելիքի քանակից հանենք միջանկյալ՝ արտադրական սպառման վառելիքը, ապա վերոնշյալ հաշվարկում բնակչության վառելիքին ուղղվող սպառման ծախսերը էականորեն կկրճատվեն։ Վերևում հաշվել ենք առավելագույն հնարավոր ինֆլյացիոն ազդեցությունը, քանի որ ոչ մի ապրանքի ինքնարժեքի մեջ վառելիքը չի կազմում 100 և ավելի տոկոս, այն ընդամենը դրա չնչին մասն է, ու միայն այդ մասով գնաճ տեղի կունենա։ Եթե գներն ավելի աճեն, պատճառաբանելով վառելիքի աճը, ուրեմն գործ ունենք անբարեխիղճ գնաճի հետ։ Եվ ահա այստեղ է թաքնված հարցերի թնջուկը։ Պետք է իմանանք, որ կարագի գների աճը բերում է հրուշակեղենի ոլորտի վրա գնաճային ճնշումների, պետք է ունենանք հրուշակեղենի ոլորտի հետազոտություններ ու փաստեր, որ փաստարկված դատողություններ անենք։
Հայաստանը հաջորդ տարվանից դառնում է խորհրդարանական կառավարման երկիր, և Ազգային Ժողովը հանձնաժողովներն ավելի շատ վերահսկողական գործառույթեր են ստանում։ Ու այդ գործառույթ իրականացնելու համար ԱԺ հանձնաժողովներն ավելի շատ հետազոտությունների ու փաստերի կարիք կունենան։ Այլընտրանքն այն է, ինչ կա այսօր. լուրջ հետազոտությունների, պատճառահետևանքային կապերը փաստարկված վերհանող վերլուծությունների կամ փորձագիտական եզրակացությունների հասանելիություն գրեթե չունեցող պատգամավորները, չգիտես ինչու, գնաճի, բյուջեի կամ այլ մակրոտնտեսական երևույթների մասին լրագրողների հարցերի հիմնական հրապարակային պատասխանողներն են։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք...
Համառոտագիրը մշակվել է «Դրամավարկային ու ֆինանսական հատվածի հաղորդակցության ռազմավարության բարելավման» ծրագրի շրջանակներում 2017թ. նոյեմբերի 30-ին կայացած` «Գնաճ. ընթացիկ միտուներ և կենտրոնական բանկի, դերն ու գործառույթները » թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԿԲ ներկայացուցիչներ, անկախ վերլուծաբաններ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։