ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Գնաճային քննարկումներ կամ երբ պատճառները թողած՝ հետևանքների շուրջ ենք վիճում

14.02.2018

Ի՞նչ են ասում հասարակ մարդիկ

«Չգիտեմ, թե այդ ինչ 3 տոկոսի մասին են խոսում. ես զգում եմ, որ գները 20-ից 30 տոկոսով են աճել»։

«Մենք միս չենք ուտում, բայց նկատել ենք, որ կարագի, կաթի և այլ կաթնամթերքների գները շատ ավելի բարձր են, քան նախկինում»։

«Մենք բախտավոր ենք, քանի որ համեմատաբար բարձր եկամուտ ունենք, սակայն մեր աշխատանքը մշտական չի։ Պարապուրդի կամ ֆիզարձակուրդում գտնվելու ընթացքում զգացինք տարբերությունը ու արդեն կարող ենք պատկերացնել, թե հարևան ընտանիքներն ինչպիսի վատ դրության մեջ են»։

«Ես գնումներ կատարում եմ երկու սուպերմարկետում։ Իսկ փոքր գնումները փոքրիկ խանութներից եմ անում։ Վերջին տարում ուշադրությամբ հետևում եմ գներին և կարող եմ գնահատել, որ շաբաթական ծախսս 30 տոկոսով ավելացել է»։

«Ակնհայտ հարվածը ստանում ես, երբ պետք է կա՛մ կրճատես այն, ինչը կարող ես, կա՛մ էլ հնարավորության դեպքում լրացուցիչ աշխատանք գտնես։ Սա մեծացնում է և՛ սթրեսը, և՛ ներընտանեկան վեճերը, և՛ դժգոհության զգացումը։ Եվ մի տեսակ սկսում ես ատել քաղաքական գործիչներին ու հասարակության այլ շերտերին մի այնպիսի ատելությամբ, որ դժվար է նկարագրել»։

«Վերջին 15 ամսում նկատել ենք երկու հիմնական երևույթ։ Առաջինը, որ մեր մշտական խանութում ապրանքներն էապես թանկացել են։ Երկրորդը, շատ ապրանքներ այժմ ավելի փոքր փաթեթներով են վաճառվում, այնպես, որ գները չեն իջել, բայց ավելի քիչ քանակություն ես գնում»։

«Աշխատավարձս քանի տարի է նույնն է, այնպես որ ես պետք է որոշակի փոփոխություններ կատարեմ, որպեսզի կարողանամ տան համար գնվող սնունդը պահել պատշաճ մակարդակի վրա։ Սկսել եմ քիչ միս գնել։ Թանկացումներն անսիրտ են և միջին գնորդի չարքաշ կյանքի ու լճացած աշխատավարձերի հակառակորդն են»։

Որտե՞ղ են հնչում այս կարծիքները

Տպավորություն է, թե վերը նշված մտքերը հայաստանյան բակերում կամ գրասենյակներում հնչած մտքերի արձանագրումն է։ Իրականում սակայն, այս կարծիքները Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության շարքային քաղաքացիների կարծիքներն են, որոնք հրապարակվել են «Գարդիանում»։ Ցանկացողները կարող են լրացուցիչ կարդալ այստեղ. goo.gl/q3Mmof:

Ավելին, «Գարդիանի» մեկնաբանությունների բաժնում կարելի է կարդալ 390 նույնաբովանդակ մտքեր՝ բոլորը բողոքում են գներից։ Շատերն են բողոքում ապրանքների գներից, չեն սիրում քաղաքական գործիչներին, չեն հասկանում այն մասնագետներին, որոնք պնդում են, թե գները շատ չեն աճել։ Այս կարծիքներն ասում են ցանկացած երկրում, այդ թվում՝ Հայաստանում։

 

Ինչպե՞ս արձագանքել

Երբ մարդիկ բողոքում են, քաղաքական գործիչը պետք է արձագանքի։ Հանրային պատասխանատուները պետք է պատասխան տան։ Սակայն պետք է հասկանալ, թե ինչպիսի քաղաքականությամբ արձագանքել։ Միայն խոսքերը բավարար չեն։ Մարդկանց մեծամասնությունը կայունություն է սիրում։ «Գները բարձրացել են։ Եկե՛ք դրանք իջեցնենք»։ Ահա այն հիմնական արձագանքը, որ մարդիկ ակնկալում են։ Սակայն ի՞նչ է սա իրենից ներկայացնում։ Մինչ այդ հարցին անդրադառնալը, նախ նշենք, որ Հայաստանում մի կարևոր խնդիր կա։ Գների քննարկման ամբողջ ժամանակահատվածում ոչ-ոք չխոսեց բնականոն գնաճի՝ (core inflation)-ի մասին։ Արտերկյա մամուլում հաճախ կարող ենք կարդալ հետևյալ միտքը. «Թեպետ բնականոն գնաճը չնչին է, մարդիկ բողոքում են թանկացումից։ Ի՞նչ է սա նշանակում»։

Մարդկանց զգացածն ու փաստերը

Ինչու՞ են մարդիկ այլ բան զգում, քան արձանագրում է վիճակագրությունը։ Նախ, եկեք հասկանանք, որ կարելի է կազմել տարբեր զամբյուղներ ու հաշվել տարբեր գներ։ Մինչև 50 հազար դրամ եկամուտ ունեցող «ընտանիքներն իրենց ամսական բյուջեի միջինը՝ 74 տոկոսը հատկացնում են կոմունալ վարձավճարներին» - փաստում է «Հետք» լրատվականը։ (goo.gl/vj46oD)։ Այսինքն, այս դեպքում մարդկանց ծախսերի ահռելի մասի վրա կարագի թանկացումը չի ազդել։ Սակայն մարդիկ սկսում են նկատել, որ պակասել է մնացած՝ 26 տոկոս եկամտի օգտակարությունը։ Դիտարկենք այն տղամարդ վարորդին, որը տան ծախսերն ինքը չի կատարում, այլ վաստակածը տալիս է կնոջը՝ իր մոտ թողնելով միայն ավտոմեքենայի ծախսին հավասար եկամուտ։ Բնական է, որ այս վարորդն անմիջապես կզգա, որ իր գումարը չի բավականացնում նույն քանակի վառելիք գնելու համար։ Կզգա միայն այդ փաստը՝ ինքն իր գիտակից կյանքում կոմունալ ծախսեր չի վճարել։ Սա է պատճառը, որ մարդկանց արձագանքը տարբեր է։ Մենք չենք նկատում ծախսերի այն մասը, որոնք հիմնականում անում ենք, սակայն նկատում ենք այն ապրանքների գները, որոնք տատանվում են։

Ինչպե՞ս իջեցնել գները

Ավելի ճիշտ, ինչպես իջեցնենք այն մի քանի ապրանքատեսակների գները, որոնք կտրուկ են բարձրացել։ Պատասխանը պարզ է. որպեսզի իջնի այդ մի քանի ապրանքատեսակի գները, պետք է իջեցնենք բնականոն գնաճը, այսինքն նաև այլ ապրանքատեսակների գները նույնպես։ Այդ դեպքում, դրամավարկային քաղաքականության տեսակետից, կարիք կլինի բարձրացնել տոկոսադրույքները, որը կհանգեցնի ամբողջական պահանջարկի նվազման։ Սա նշանակում է, որ այն արտադրողները, որոնք այլ շուկայում են աշխատում, ստիպված պետք է իջեցնեն նաև իրենց գները։ Կշահեն սպառողները՝ կտուժեն տեղական արտադրողները։ Նմանապես, նույն այս զամբյուղում եթե մեկ-երկու ապրանքի գին կտրուկ ընկնի, անհրաժեշտ կլինի բարձրացնել պահանջարկը։ Սա էլ կհանգեցնի այլ ապրանքների գնաճի։ Մասնագիտական կարծիքը այս հարցում մեկ պատասխան ունի. նայել երկարաժամկետ հետևանքներին, հետևել բնականոն գնաճին։ Եթե ցանկանում ենք հասկանալ, թե մարդկանց վրա ինչ բեռ են ավելացրել թանկացումները, ապա ՍԳԻ-ն է այդ ցուցանիշը։ Եթե ցանկանում ենք իմանալ, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարի Կենտրոնական բանկը, ապա բնականոն գնաճն է այդ ցուցանիշը։ Չպետք է մոռանալ, որ տնտեսական քաղաքականությունը ոչ միայն սպառողների, այլ նաև արտադրողների համար է ու ոչ միայն այսպահային, այլև երկարաժամկետ ազդեցություն է թողնում։

Համակերպվե՞լ, թե՞ ...

Գների մակարդակը չի արտացոլում տնտեսության ու մարդկանց բարեկեցության ամբողջական վիճակը։ Անհրաժեշտ է շարունակաբար բարձրացնել տնտեսության մեջ եկամուտների բաշխման, սոցիալական քաղաքականության, դրա հասցեականության, մենաշնորհների ու շատ այլ հարցեր։ Պարզապես երբ քննադատության թիրախ է դառնում գների հաշվման մեթոդաբանության ու անձնական զգացումների ու վիճակագրության անհամատեղելիությունը, ապա հրատապ հարցերը, որոնք պետք է մտնեն հանրային քաղաքականության օրակարգ, երկրորդական պլան են մղվում։ Բուն խնդիրը թողած՝ հետևանքների դեմ արշավն ի վերջո նպաստելու է միայն մեկ բանի. որ Հայաստանը դոփի տեղում։ Գները փաստ են, փաստի դեմ չեն պայքարում, ինչքան էլ որ դա տհաճ լինի։ Մարդկային հույզերի հետևում կան իրական խնդիրներ, քննարկելի ու լուծելի խնդիրներ...


Համառոտագիրը մշակվել է «Դրամավարկային ու ֆինանսական հատվածի հաղորդակցության ռազմավարության բարելավման» ծրագրի շրջանակներում 2017թ. դեկտեմբերի 12-ին կայացած` «Ինտեգրացիոն գործընթացներ և գնաճ» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԿԲ ներկայացուցիչներ, անկախ վերլուծաբաններ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։