ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Կուտակային կենսաթոշակային համակարգի չերևացող կողմերը

29.06.2018

Գործատու

Հայաստանում ընդունված է աշխատավարձի մակարդակը պայմանավորել, այսպես ասած, «մաքուր» ցուցանիշով՝ «Աշխատավարձս մաքուր այսքան է»։ Աշխատանքի համաձայնությունը ձեռք է բերվում՝ հաշվի առնելով, թե որքան առձեռն եկամուտ կստանա անձը։ Նույնիսկ եթե «կեղտոտ» աշխատավարձ է հայտարարվում, մարդիկ հակված են վերահաշվարկելու և որոշելու ստանալիք միայն տնօրինվող եկամուտը։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ հարկային կամ կենսաթոշակային փոփոխություններից հետո ոչ բոլոր գործատուներն են ավտոմատ կիրառում նոր դրույքները։ «Կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումից հետո կամավոր միացան շատ մարդիկ»,– այս հայտարարությունը հաճախ ենք լսում։ Սակայն, իրականում, նրանց մեծամասնության դեպքում համակարգին միանալը պայմանավորված է առաջին հերթին գործատուների որոշմամբ։ Գործատուները տարբեր են, գործատու-աշխատող հարաբերությունները տարբեր են, և եղան շատ գործատուներ, ովքեր ճշգրտեցին տրամադրվող աշխատավարձերն այնպես, որ պահպանվի աշխատողների ստանալիք «մաքուր» աշխատավարձը։ Ավելին, կան գործատուներ, ովքեր եկամտահարկի փոփոխությունը նույնպես ճշգրտեցին։ Սակայն կան նաև այնպիսիք, որոնք ոչինչ չարեցին՝ սպասելով կուտակային համակարգի լիարժեք ներդրման հերթական հետաձգմանը։

Աշխատավարձի բանակցություններ

Աշխատավարձի շուրջ բանակցություններ միշտ են տեղի ունենում։ Սակայն ինչպե՞ս։ Հայաստանում արհմիությունների ինստիտուտը չի կայացել, և գործազրկության բարձր մակարդակի պայմաններում գործատուները կարողանում են թելադրել իրենց համար ձեռնտու աշխատավարձեր։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են կարողանում բանակցել. կանայք, օրինակ, ավելի հեշտ են համաձայնվում ցածր աշխատավարձին, երիտասարդները՝ նույնպես, քանի որ գերադասում են կարիերան։ Մինչդեռ, բավական է գործատուին տեղեկացնել, որ աշխատանքդ փոխում ես ավելի բարձր աշխատավարձի պատճառով, և չի բացառվում, որ գործատուդ հաջորդ օրն իսկ բարձրացնի աշխատավարձդ։ Կրկնենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ շատ գործատուներ իրենց աշխատակիցներին ընդգրկեցին համակարգի մեջ՝ այնպես ճշգրտելով աշխատավարձը, որպեսզի դրա «մաքուր» բաղադրիչը մնա անփոփոխ, իսկ որոշ գործատուներ նման բան արեցին նաև եկամտահարկի բարձրացման ժամանակ։

Իսկ ո՞րն է գործատուների՝ աշխատավարձը ճշգրտելու պաշարը։ Առաջին հայացքից թվում է, որ դա մեծացնում է ծախսերը, ուստի գործատուն պետք է նվազեցնի շահույթը կամ, նույնիսկ ստիպված, վնասով աշխատի։ Իրականությունը, սակայն, մի քիչ ավելի բարդ է։ Իսկ այդ բարդությունը հասկացվում է այլ երկրների հետ համեմատության մեջ, հատկապես այն երկրների, որտեղ հարկերի և այլ սոցիալական կուտակումների մակարդակն էապես բարձր է։ Եթե դա լիներ զուտ մեխանիկական որոշում, ապա ձեռնարկատիրությունը չէր կոչվի ձեռնարկատիրություն։ Իսկ ո՞րն է այլընտրանքը։ Պատասխանը մեկն է՝ մրցունակությունն ու արտադրողականության բարձրացումը. ավելորդ ծախսերի կրճատում, ավելի ցածր վարձակալությամբ տարածքի փնտրում, առավել օպտիմալ աշխատանքի կազմակերպում։ Շարքը կարելի է շարունակել, սակայն ավելի հետաքրքիր է նոր պայմանագրերի կնքումն ու շուկաներ մուտք գործելը, հաճախորդների հետ ավելի արդյունավետ բանակցելը։ Իհարկե, կա մեկ այլ ուղի - լոբբիստական ջանքերով հարկերն իջեցնելը, սոցիալական պաշտպանության այնպիսի համակարգի դեմ դուրս գալը, ինչպիսին կուտակայինն է, ստվերում աշխատելը։ Վերջիններս բխում են հենց շատ գործատուների շահերից. նրանց հետաքրքրում է միայն էժան աշխատուժը, իսկ աշխատողին սոցիալական ապահովությունից զրկելը հոգս չէ։ Ստվերում աշխատողները նույնիսկ չեն կարողանում վարկային պատմություն հավաքել, նրանք ոչ միայն թոշակ չեն կարող կուտակել, այլ նույնիսկ համապատասխան ստաժ չեն կարող գրանցել։ Նման բիզնեսները խաթարում են մրցակցությունը, արտադրողականությունը բարձրացնելու ու մրցունակ լինելու փոխարեն վնասում են առողջ բիզնեսին։

Ներառական տնտեսություն

Ներառական տնտեսության մասին շատ են խոսում։ Հայաստանի տնտեսության կառուցվածքը խոսուն է. կապիտալի ու եկամուտների բևեռվածություն, ստվեր, հարուստներ և աղքատներ, գործազրկություն, բնակչության մոտ սպառման գերազանցում եկամուտներին... Փոփոխության կարիքն ակնհայտ է։ Եկամուտների բարձրացումն է նվազեցնելու աղքատությունը։ Կուտակային կենսաթոշակի ներդրումը ստիպում է գործատուներին վերաբաշխել եկամուտն ի օգուտ աշխատողների, իսկ կուտակումը, այսինքն պայմանը, որ աշխատողը չսպառի իր լրացուցիչ եկամուտը, զսպում է գնաճը։ Հայաստանի տնտեսության վատթար կառուցվածքը կուտակայինի ներդրմամբ էականորեն բերափոխվում է դեպի դրականը։ Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը տնտեսական նոր քաղաքականություն իրագործելու լայն դաշտ է բացում։ Ներառական տնտեսությունը ոչ թե պարզապես այսպահային եկամուտների բաշխումն է, քանի որ եթե այդպես լիներ, ապա կարելի էր պարզապես հավաքված հարկերը վերաբաշխել բնակչության սոցիալական խոցելի խավին ու «բարելավել» ցուցանիշները։ Ներառական տնտեսությունը ենթադրում է, որ նաև ծերերը անմասն չեն համընդհանուր ստեղծած բարիքից։ Իսկ սա, առկա ժողովրդագրական պատկերի պայմաններում, հնարավոր է միայն կուտակային համակարգի ներդրմամբ։ Սրանով մենք լուծում ենք ապագայում «աղքատ թոշակառու» չունենալու խնդիրը։ Ցավոք, այսօր այն անլուծելի է, եթե իհարկե հարկերն էականորեն չենք բարձրացնում։

Կամավորի ֆենոմենը

«Թողեք, մենք կամավոր կխնայենք». թերևս սա առաջին հայացքից ռացիոնալ, սակայն փաստացի միֆ-արտահայտությունն է, որ հաճախ ենք լսում։ Եթե Հայաստանի բնակիչները խնայող լինեին, Հայաստանի տնտեսությունը լրիվ այլ կառուցվածք կունենար։ Այո, կան հասարակություններ, որոնք խնայում են, բայց դա մենք չենք։ Սպառե՛լ, սպառե՛լ, սպառե՛լ. ընդ որում, հաճախ սպառել այնպիսի ապրանքների ու ծառայությունների վրա, որի օգտակարությունը նույնիսկ հասկանալի չի։ Մի քիչ եկամուտներն աճում են, ավելանում են ավելի գրավիչ առաջարկները, բանկերը սկսում են հաճույքով վարկեր տալ։ Փաստ է, եթե մեկ ամիս բոլոր աշխատողները վարկ չվերցնեն, բանկային տոկոսադրույքներն էականորեն կնվազեն։ Բայց սա անհնար է, սա մենք չենք։ Չորս տարի է անցել կուտակայինի ներդրումից, ու բոլոր նրանք, ովքեր կողմ էին միայն կամավոր համակարգի ներդրմանը, թող հետադարձ նայեն, թե որքան են խնայել։ Տնտեսական քաղաքականությունը աբստրակտ հասկացությունների վրա չի կառուցվում, այլ փաստացի վարքագծի։ Իսկ Հայաստանում սպառման հակումը բարձր է, սա է փաստացի վարքագիծը։

Հետոն

Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից հետո օրակարգում առաջնային է դառնում գործատու-աշխատող հարաբերությունը օրինական դաշտ բերելը։ Չպիտի գործատուն կարողանա ստվերում աշխատել, չպիտի աշխատողը զրկվի իր ապագայի սոցիալական երաշխիքներից, քանի որ ի վիճակի չի բարվոք պայմաններ բանակցել ներկայում։ Շատ աշխատողներ կամավոր են մտնում ստվեր, քանի որ «նաղդ» եկամուտը գերադասելի է։ Անարդար բիզնեսը հենց կառուցվում է նման կարճաժամկետ կարիքների շահագործմամբ։ Մարդիկ ստիպված զոհաբերում են իրենց ապագան, այսօրվա կարիքներից դրդված։ Այստեղ անհրաժեշտ են թե՛ նոր սոցիալական, թե՛ նոր տնտեսական քաղաքականություն։ Նույնիսկ կենսաթոշակային նոր համակարգի ներդրմամբ սպառման նվազումը բավարար չի առավել մրցունակ տնտեսության կառուցվածք ունենալու համար։ Ցածր աղքատություն ունեցող երկրներում ոչ թե պարզապես բարձր եկամուտների շնորհիվ է դա ապահովվում, այլ բնակչության ապահովության։ Ոչ թե պետք է բոլորս հարստանանք, դա անհնարին է, այլ առավել խոհեմ ծախսեր անենք։ Բավական է հարազատներից մեկը լուրջ հիվանդանա, ընտանիքի բյուջեն ենթարկվում է լուրջ փոփոխությունների, բարեկեցիկ վիճակից դառնում ենք աղքատ։ Առողջապահությունը, անվտանգ շինարարությունը, էկոլոգիան, սանիտարահիգիենիկ համակարգը և շատ ու շատ ծախսեր կան, որոնց վրա խնայում ենք, ու այդ՝ իբր կարճաժամկետ օգուտը վեր ենք ածում երկարաժամկետ այնպիսի ծախսի, որը դանդաղ գործողության չգիտակցված հարկատեսակ է։ Ու այս հարկատեսակն ավելի բարձր է, քան անհատական եկամուտից վճարվողը։ Կենսաթոշակային նոր համակարգի վերջնական ներդրմամբ չպետք է սահմանափակվեն մյուս բարեփոխումները։ Սա ընդամենը սկիզբն է։


Համառոտագիրը մշակվել է «Դրամավարկային ու ֆինանսական հատվածի հաղորդակցության ռազմավարության բարելավման ծրագրի» շրջանակներում 2018թ. փետրվարի 19-ին կայացած` «Կենսաթոշակային ապահովագրության պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելը. քայլեր, ռիսկեր, հնարավորություններ» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա:

Կլոր սեղանին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԿԲ ներկայացուցիչներ, անկախ վերլուծաբաններ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։