ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Կուտակային կենսաթոշակային համակարգի չերևացող կողմերը-2

29.06.2018

Հաշվապահություն

Երբևիցե փորձե՞լ եք ճշտել հաշվապահությունից, թե ինչքան եկամտահարկ եք վճարում։ Որոշ երկրներում եկամտահարկի տարեկան հաշվետվությունն անձն ինքն է ներկայացնում, և ներկայացնելիս գիտակցում է, թե որքան է վճարել պետությանը հանրային ծառայությունների համար։ «Ես հարկատու եմ»,- քաղաքացու արտաբերած այս խոսքը նրա մեջ արթնացնում է պահանաջատիրոջը, հիշեցում է քաղաքացիական ծառայողին կամ էլ քաղաքական պաշտոնյային, որ նրանք կոչված են ծառայելու քաղաքացուն։ Քաղաքացիական գիտակցությունը ցանկացած քաղաքակիրթ երկրի խարիխսն է։

Հայաստանում եկամուտների հաշվետվություն քաղաքացիները չունեն, եկամտահարկի հաշվարկ չեն իրականացնում։ Այդ գործառույթը հանձնված է գործատուին, մասնավորապես՝ ընկերության հաշվապահությանը։ Սակայն, քանի՞ հաշվապահ է աշխատակցին աշխատավարձ տրամադրելիս ներկայացնում նաև աշխատավարձի հաշվարկը և վճարված եկամտահարկի չափը։ Պետության՝ ի դեմս հարկային օրենսդրության, և աշխատողի միջև շփման կետը միայն հաշվապահն է։ Մինչդեռ պետությունը հարկային փոփոխություններ անելիս, կենսաթոշակային համակարգ փոխելիս անուշադրության է մատնում հաշվապահին, մոռանում է, որ իր և իր հարկատուի միջև հարաբերությունը հենց հաշվապահն է ապահովում։

Հայաստանում, թերևս, բոլորը գիտեն, որ օրենքի չիմացություն չի ազատում պատասխանատվությունից, սակայն չգիտես ինչու այստեղից բխեցնում են, որ օրենքի փոփոխությունը ինքնաբերաբար հանգեցնում է զանգվածային իմացության։ Երբևիցե չի եղել, որ եկամտահարկի օրենքում որևէ փոփոխություն կատարելիս միաժամանակ ամրագրվի, որ գործատուն կամ հաշվապահը պարտավոր են աշխատողին տեղեկացնել այդ փոփոխության մասին։ Կամ էլ չի նշվում, թե այդ հարաբերություններով ինչ պարտադիր ինֆորմացիա պետք է տրվի։ Այն տպավորությունն է, որ աշխատողից գանձվող եկմատահարկը պետությունը ցանկանում է գաղտնի պահել, որ հարկատուն չբարկանա։ Ստացել ենք այն պատկերը, որ պետությունն ի սկզբանե ենթադրում է, թե ունի անպատասխանատու քաղաքացիներ, քանի որ հարկեր ոչ-ոք չի սիրում վճարել։

Երբ ներդրվեց կուտակային կենսաթոշակային համակարգը, ու ոչ ոք չմտածեց տրամադրվող ինֆորմացիայի մասին, հաշվապահներն ավտոմատ շրջանառության մեջ դրեցին պիտակներ, որոնց սովոր են և անում են մեխանիկորեն՝ «պահումներ», «գանձումներ». «աշխատավարձիցդ լրացուցիչ գանձվելու է 5 տոկոս»։ Այս մեխանիկական գործողությունը այդպես էլ չարտահայտեց փոփոխության հիմնական էությունը՝ «աշխատավարձիցդ կուտակելու ես 5 տոկոս, և ևս 5 տոկոս պետությունն է քո համար կուտակելու»։ Հաշվապահական հաշվառման առարկան անցնելիս կուտակային համակարգ չի եղել, ավելին, 1000 դրամների հիմնադրամ էլ չի եղել, ու ցանկացած փոփոխության հաշվապահը նայելու է լրացուցիչ հարկի ու հարկատեսակի տեսանկյունից, ոչ թե պետության ու աշխատողի հարաբերության։ Հաշվապահությունը չդիտարկվեց կուտակային համակարգի ներդրման գործընկեր։

Ներդրման տևողություն

Հայաստանում առկա ֆինանսական գրագիտության պակասն արդեն հաշվապահության խնդիրը չէ։ Փողերը խնայելը, ներդնելն ու կառավարելը, եկամտաբերությունը հաշվելը, ընտանեկան ֆինանսական հաշվեկշիռը բարվոք վիճակում պահելը, որքան էլ ժամանակակից աշխարհի համար անհրաժեշտ, նույնքան էլ դեռևս տարածում չստացած որակներ են Հայաստանում։ Եվ ահա այստեղ նույնպես թյուր կարծիք կա ձևավորված։ Փողերի կարառավարման երեք մակարդակ կա՝ կարճաժամկետ, միջին ժամկետի և երկարաժամկետ։ Հայաստանում ամենից տարածվածը և ամենահեշտը կարճաժամկետն է. ցանկանում ես կարճաժամկետ եկամուտ ապահովել՝ փողդ պահիր ավանդում։ Կան նաև սահմանափակ գործիքներ միջին ժամկետի համար, մասնավորապես՝ պետական ու մասնավոր պարտատոմսերը։ Այնուամենայնիվ, միջին ժամկետում միջոցները ակտիվ կառավարելը Հայաստանում այդքան էլ դյուրին չի՝ ֆոնդային բորսա չկա։ Ոմանք իրենց բախտը փորձում են միջազգային բորսաներում՝ բրոկերությամբ։ Երկարաժամկետ ներդրումներ են բաժնետոմսերը, սակայն դրանք էլ միայն լուրջ խաղացողների համար։ Սովորաբար անհատ բրոկերները բաժնետոմսերին վերաբերվում են նույն կերպ, ինչպես կարճաժամկետ կամ միջին ժամկետ ներդրումներին։ Ու ահա այստեղ է, որ թյուր կարծիք է ձևքվորվում, իբր անհնար է երկարաժամկետ ներդրումներ գտնելը, ուստի անհնար է, որ կենսաթոշակային կառավարիչները երկար փողեր կառավարեն։ Իրականում, անհատի համար երկարաժամկետ ներդրումները հենց կուտակային կենսաթոշակային ֆոնդերն են։ Ցանկանում ես փողդ երկար ժամկետով ներդնել՝ դիր կենսաթոշակային ֆոնդերում։ Ինչու հենց կենսաթոշակային ֆոնդերու՞մ. որովհետև «ավանդի մտածողությամբ» անհնար է երկարաժամկետ ներդրում կատարել։ Երկարաժամկետ ներդրումները նաև չափերով են մեծ. այսպես, 100 միլիոն դրամով կարելի է ավանդ բացել, սակայն ի՞նչ անել, երբ խնայողությունը դառնում է մեկ միլիարդ, հարյուր միլիարդ, տրիլիոն դրամ։ Փորձեք զանգահարել բանկ և ասել, որ մեկ միլիարդ դրամի ավանդ եք ցանկանում ներդնել, այն էլ երկարաժամկետ... Ուստի, մեր կարճաժամկետ ներդրումների մասին գիտելիքները ստեղծում են մեծ ու երկար փողերի կառավարման պատրանք։ Իսկ կենսաթոշակային կառավարիչները հենց այլ գիտելիքներով ու գործիքներով են աշխատում։

Մակրոտնտեսական քաղաքականություն

Կուտակային կենսաթոշակային համակարգն իր հետ բերում է նաև նոր ռիսկեր ու հնարավորություններ, և դրանք կառավարելը մակրոտնտեսական քաղաքականության մեջ նոր շտրիխներ է մտցնում։ Այսպես, օրինակ, եթե պետությունը ներքին պարտքի միջոցով է նպաստում կուտակային կենսաթոշակի համալրմանը և այդ պարտքի տոկոսը համազոր է կուտակված կենսաթոշակի իրական եկամուտին, ապա պարտքի տոկոսը, որը փակելու են մեր հաջորդ սերունդները, չեզոքացնում է կուտակված կենսաթոշակի եկամտային մասը։ Այսինքն, մենք զուգահեռ ապագա հարկային բեռ ենք կուտակում։ Փոխվում է նաև հարկաբյուջետային քաղաքականության եկամուտների բաշխման գործառույթը. կախված գանձվող հարկերի բնույթից պետության մասնակցությունը կուտակային կենսաթոշակային համակարգին կարող է վերաբաշխումը դարձնել արդար կամ անարդար։ Հայաստանում միակ փաստաթուղթը, որը հեռանկարի տեսանկյունից է դիտարկում հարկաբյուջետային քաղաքականությունը, ՄԺԾԾ-ն է, որն էլ ընդամենը երեք տարվա հեռանկար է ուրվագծում։ Նմանապես կարճ է կառավարության պարտքի կառավարման ռազմավարությունը, որտեղ կենսաթոշակային բարեփոխումը նշվում է որպես զուտ պարտքի ֆինանսավորման աղբյուր։

Ի՞նչ անել...

  • Այսուհետ բարեփոխումներն իրականացնելիս հաշվի առնել և գործընկեր դիտարկել նաև դրա անմիջական իրականացնողներին, մասնավորապես գործատուներին և հաշվապահությանը։
  • Ուրվագծել հարկաբյուջետային քաղաքականությունը՝ հաշվի առնելով կանխատեսվող ժողովրդագրական միտումները և կուտակային կենսաթոշակային համակարգի երկարաժամկետ հեռանկարը։ Հատկապես հաշվի առնել վերջինիս իրական ու գնային ազդեցությունները, ոչ թե պարզապես կատարել մեխանիկական հաշվարկներ։

Եվ վերջում...

Թերևս սրա մասին նույնպես մոռացվել է. Կենտրոնական բանկի մասին սովորաբար խոսում են որպես առևտրային բանկերի շահերի պաշտպանի ու վերջիններիս մենաշնորհային դիրքը «փայփայող» կառույցի։ Մինչդեռ, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, ի լրումն ԱՊՊԱ-ի, ֆինանսական համակարգում ձևավորում է բանկերին մրցակից առաջին լուրջ ֆինանսական այն ինստիտուտը, որն ապագայում լուրջ խաղացող է դառնալու։ Եթե այսօր կուտակային կենսաթոշակային ներդրումների մի մասը բանկերում ավանդներն են, ապա արդեն իսկ անհրաժեշտ է մտածել ֆինանսական մյուս գործիքների զարգացմանն ուղղված միջոցառումների մասին։ Հաճախ կառավարիչների վրա դրվող սահմանափակումներն են դառնում որոշիչ, թե որտեղ ներդրումները կատարվեն։ Օրինակ, կարճաժամկետ ինֆլյացիոն ապահովվածությունը հենց ստիպում է կենսաթոշակային կառավարիչներին բարձր ինֆլյացիա ունեցող երկրներում ապավինել կարճաժամկետ բարձր եկամտաբերությամբ գործիքներին՝ բանկերի ավանդներին։ Եթե այս պահին կենսաթոշակային ֆոնդի կառավարման խիստ պայմանները զգուշավորության չափանիշից ելնելով է դրվել, ապա վաղը մյուս օրը պետք է մտածել նաև այդ երաշխիքների ազդեցությունը կառավարիչների վարքագծի վրա՝ ապահովել դրանց ու ֆինանսական շուկայի զարգացման հեռանկարների ու ռիսկերի օպտիմալ զարգացումը քաղաքականության միջոցով։


Համառոտագիրը մշակվել է «Դրամավարկային ու ֆինանսական հատվածի հաղորդակցության ռազմավարության բարելավման ծրագրի» շրջանակներում կայացած քննարկումների ընթացքում արտահայտված կարծիքների հիման վրա:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։