ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Սեռի հատկանիշով երեխայի խտրական ընտրության կանխարգելման նպատակով վաղ մանկության շրջանում երեխայի խնամքի և զարգացման ծառայությունների ընդլայնման իրատեսականությունը, ծախսերն ու օգուտները

20.07.2018

Սեռի հատկանիշով երեխայի խտրական ընտրության կանխարգելման հանրային քաղաքականության կարևորագույն ուղղությունը վաղ մանկության շրջանում երեխայի խնամքի և զարգացման ծառայությունների ներդրումն է։ Անվերապահորեն այս են վկայում երեխայի սեռի խտրական ընտրության տարածվածության և պատճառների, աշխատուժում կանանց մասնակցության, ընտանեկան կյանքն ու աշխատանքը համադրելու խնդիրների վերաբերյալ մեր բազմաթիվ ուսումնասիրությունները։

Վաղ մանկության շրջանում երեխայի խնամքի և զարգացման ծառայությունների ներդրումն ու ընդլայնումը մեծապես կնպաստի հասարակության մեջ և ընտանիքում կանանց և տղամարդկանց վերարտադրողական և արտադրողական դերերի հավասարակշռմանը, ինպես նաև կանանց աշխատելու և վերարտադրողական նպատակներն իրականացնելու և դրանք համատեղելու` ներկայում մեծապես սահմանափակ հնարավորությունների ընդլայնմանը, որոշումների կայացման «կա՛մ-կա՛մ» տարբերակը «և՛-և՛» տարբերակով փոխարինելուն։

Աշխատուժում կանանց մասնակցության աճը, աշխատանքն ու երեխայի խնամքը համադրելու հնարավորությունների նկատելի ավելացումը կկանխի ծնելիության մակարդակի հետագա անցանկալի կրճատումը և կնպաստի աղջիկ երեխայի արժևորմանը՝ կարևորագույն նախադրյալներ ձևավորելով երեխայի սեռի խտրական ընտրության երևույթն անշրջելիորեն արմատախիլ անելու համար։

Փուլային լուծումներ՝ առկա ծառայությունների շրջանակն ընդլայնելու սկզբունքով

Վաղ մանկության շրջանում երեխայի խնամքի և զարգացման ծառայությունների ընդլայնման պետական քաղաքականության բարեփոխումների ծախսերի և իրատեսականության մեր վերջին հետազոտությունները վկայում են, որ կարճաժամկետ հատվածում հրամայական է մինչև երեք տարեկան երեխաների խնամքի ծառայությունների զարգացումը՝ Երևան քաղաքի ՆԴՀ-ների ծառայությունների ընդլայնման միջոցով։ Նման ծրագրի իրականացումն էական նախադրյալներ կձևավորի երեխայի սեռի խտրական ընտրության կանխարգելման և այս գործում վերջին տարիներին նշանակալի փոփոխություններն անշրջելի և արմատական դարձնելու համար։ Ավելի՛ն, նման ծրագրի իրականացման միայն առաջին երկու տարիներին շուրջ 660 երեխայի վաղ մանկության խնամքի ծառայությունների կազմակերպման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները տարեկան միջինում կավելանան շուրջ 250-ից 300 միլիոն դրամով։

Միջնաժամկետ հատվածում կարևորվում է վաղ մանկության տարիքի երեխաների խնամքի ծառայությունների ընդլայնման և մանկախնամ կենտրոնների գործունեության ֆինանսական երաշխիքների և ֆինանսավորման տարբեր մեխանիզմների մշակումն ու ներդրումը։ Նման մեխանիզմները կարող են ընդգրկել, մասնավորապես, գործատուների կողմից ծառայությունների համաֆինանսավորումը աշխատող մայրերի համար, ծառայությունների սուբսիդավորումը ցածր եկամուտ ունեցող և/կամ երիտասարդ ընտանիքների համար, աշխատող մայրերի՝ ծառայությունների դիմաց կատարված ծախսերին համարժեք հարկային պարտավորությունների նվազեցումը, դրամաշնորհների տրամադրումը վաղ մանկության տարիքի երեխայի խնամքի ծառայություններ մատուցող հաստատություններին պետական և/կամ համայնքային բյուջեների միջոցների հաշվին, և այլն։

Երկարաժամկետ հատվածում անհրաժեշտ է Երևան քաղաքի ՆԴՀ-ների ծառայությունների ընդլայնման միջոցով մինչև երեք տարեկան երեխաների խնամքի ծառայությունների առաջարկի ծածկույթը (հասանելիությունը) մինչև 2025 թվականը հասցնել 10%-ի, իսկ մինչև 2030 թվականը վաղ մանկության շրջանի խնամքի ծառայություններում մինչև երեք տարեկան երեխաների ընդգրկվածությունը հասցնել 15%-ի։ Կարևորվում է նաև խնամքի ծառայությունների, դրանց հնարավոր օգուտների և մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածությունը աշխատող կանանց և ողջ հասարակության շրջանում:

Առաջարկից՝ պահանջարկ

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի ծառայությունների պահանջարկը ներկայում անհամեմատ ավելին է, քան կարճաժամկետ հատվածում մեր նախատեսած առաջարկը (660 երեխա Երևան քաղաքում), ինչի մասին է վկայում 2015 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից իրականացված հետազոտությունը։ Վերջինիս համաձայն՝ մինչև երեք տարեկան երեխա խնամող մայրերի 83%-ը որպես չաշխատելու հիմնական պատճառ նշում են երեխայի խնամքի այլընտրանքային տարբերակների բացակայությունը։ Առաջարկի մեծացմանը զուգընթաց պահանջարկի ավելացման հեռանկարի մասին է անուղղակիորեն վկայում նաև Հայաստանում մասնավոր մանկապարտեզների թվի աճը նախորդ յոթ տարներին (11.1%)։

Միաժամանակ, հարկ է նշել, որ նման ծառայությունների պահանջարկը խթանող առանցքային գործոնը կնոջ վաստակն է և ընտանիքի եկամուտը, մասնավորապես, երեխային խնամքի հանձնող ծնողի վերադարձն աշխատանքի՝ միևնույն կամ սակավ ծանրաբեռնվածությամբ, սակայն պայմանով, որ խնամքի ծառայությունները նվազ ծախսատար են, քան աշխատանքային եկամուտները։

Երևան քաղաքի ՆԴՀ-ների ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունը վկայում է, որ 6-36 ամսեկան մեկ երեխայի վաղ տարիքի խնամքի ծառայությունների վճարը կազմել է նվազագույնը 44-ից 51 հազար դրամ։ 100 և 139 հազար դրամ ամսական անվանական աշխատավարձ (երկրորդը՝ Հայաստանում կանանց միջին ամսական անվանական աշխատավարձն է) ստացող կանանց եկամտային խմբերի համար ծառայությունների վերլուծությունը վկայում է, որ տնտեսական դրական ազդեցությունը շոշափելի է հատկապես միջին և բարձր եկամտային խմբերի կանանց համար, քանի որ թույլ է տալիս վճարել երեխայի խնամքի ծառայությունների դիմաց, ինչպես նաև զգալիորեն ավելացնել ընտանեկան բյուջեի եկամուտները, ինչը նշանակալիորեն ընդլայնում է կնոջ՝ աշխատանքի վերադառնալու ընտրության հնարավորությունը:

Մեկ երեխայի հաշվով ծնողի կամ ընտանիքի համար ծախսերի արդյունավետությունը գնահատող ծախսեր-օգուտներ գործակիցը նվազագույնը կազմում է 1.13՝ առավելագույն վարձավճարի և ծախսածածկումն ապահովող նվազագույն եկամտի դեպքում, և 1.71՝ նվազագույն վարձավճարի և կանանց միջին աշխատավարձի դեպքում: Այսինքն, կատարված յուրաքանչյուր 1 դրամ ծախսը կարող է ողջ տնտեսության մասշտաբով ոչ միայն վերականգնվել, այլև ստեղծել հավելյալ օգուտ 0.13 դրամի չափով, իսկ առավելագույնը՝ 0.71 դրամ: Մեկ երեխայի հաշվարկով 24 ամսվա կտրվածքով պետության զուտ օգուտը կազմում է շուրջ 620-790 հազար դրամ, իսկ ծախսեր-օգուտներ գործակիցը 7-ից 8.5 է:

Վաղ մանկության տարիքի երեխայի խնամքի ծառայությունների ֆորմալացման արդյունքում նոր աշխատատեղերի և դրանցից վճարվող հարկային ու այլ մուտքերի տեսքով պետությունը 18 ամսվա կտրվածքով հավելյալ կստանա եկամուտ առավելագույնը 63-ից 84 միլիոն դրամի չափով, կստեղծվի 160-210 նոր աշխատատեղ:

Ֆինանսավորման մոդելները՝ բազմազան, չափորոշիչները՝ ընդհանուր

Երեխայի վաղ տարիքի խնամքի ծառայությունների ֆինանսավորման համար չկա մեկ լավագույն մոդել, մեթոդ կամ մեխանիզմ: Դրանց ընտրության նպատակահարմարությունը պայմանավորված է երկրի սոցիալական և տնտեսական քաղաքականության նպատակներից, պետության և ընտանիքի միջև փոխհարաբերությունների հայեցակարգից, ինչպես նաև երեխայի վաղ խնամքի և զարգացման տարբեր քաղաքականությունների իրատեսականության գնատականներից: Հայաստանում հարկավոր է խրախուսել վաղ մանկության տարիքի խնամքի ծառայությունների տարբեր մոդելների ներդրումը: Այսպես, մայրաքաղաքում երեխայի վաղ մանկության տարիքի խնամքի ծառայությունների բնույթը կարող է տարբերվել փոքր բնակավայրերում առաջարկվող ծառայությունների մոդելներից: Միաժամանակ, բոլոր առաջարկվող մոդելներին միավորում է մեկ չափորոշիչ՝ առանձին թիրախ խմբերին որակյալ ծառայությունները հասանելի ու մատչելի դարձնելու հնարավորությունը:


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ կողմից իրականացվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի և Միավորված ազգերի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ` Եվրոպական Միության ֆինանսավորմամբ 2017թ. մարտին մեկնարկած «Տղա երեխայի նախապատվության և աղջիկ երեխայի թերարժևորման կանխարգելման միջտարածաշրջանային գլոբալ ծրագրի» շրջանակներում կազմակերպված քննարկումների ամփոփման արդյունքում։

Սույն փաստաթուղթը պատրաստվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Տղաների նախապատվության և աղջիկների թերարժևորման կանխարգելմանը ուղղված գլոբալ ծրագրի» շրջանակներում: Սույն փաստաթղթի բովանդակությունը որևէ կերպ չի արտացոլում Եվրոպական միության և/կամ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տեսակետները:

This document was produced by International Center for Human Development with the financial assistance of the European Union in the frame of “Global Program to Prevent Son Preference and the Undervaluing of Girls” implemented by UNFPA. The views expressed herein can in no way be taken to reflect the official opinion of the European Union and/or UNFPA.

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։