ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված իրավական կարգավորման բարելավման խնդիրները

07.12.2018

2013 թվականին Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հանձնարարական-ուղերձ ուղղեց պտղի սեռի խտրական ընտրության հիմնախնդրին բախված մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանին: Հանձնարարականում, մասնավորապես, առաջարկվում էր քայլեր ձեռնարկել խնդրի իրավական կարգավորման և աբորտի իրականացման ընթացակարգերում փոփոխություններ կատարելու, այդ թվում՝ սելեկտիվ աբորտները օրենսդրորեն արգելելու ուղղությամբ։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ), Եվրոպական Միության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ 2015թ. մշակվեց և ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի համատեղ հրամանով հաստատվեց «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման 2015-2017թթ. միջոցառումների ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում 2016 թվականին փոփոխություններ կատարվեցին «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածում (Հղիության արհեստական ընդհատումը (աբորտը) և ամրագրվեցին մեխանիզմներ՝ ուղղված անցանկալի հղիությունների և մասնավորապես սելեկտիվ աբորտների կանխարգելմանը:

ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ լրացում կատարվեց նաև Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, որով օրենսդրությամբ թույլատրվող հղիության արհեստական ընդհատման գործընթացում բուժաշխատողների կողմից օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքերի համար նախատեսվեց վարչական պատասխանատվություն:

Օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո, դրանց իրականացումն ապահովելու նպատակով, ՀՀ կառավարությունը 2017թ.ընդունել է «Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու մասին» N 180-Ն որոշումը, որով փորձ է արվել հստակեցնել հղիության արհեստական ընդհատման բժշկական և սոցիալական ցուցումները, սահմանել են առանձին պահանջ-պայմաններ:

Հաջորդիվ, վերը նշված բոլոր իրավական ակտերը առողջապահության նախարարության կողմից շրջաբերական նամակով ուղարկվել են ծննդօգնության ծառայություններ մատուցող բոլոր բժշկական կազմակերպություններին և նրանց հիմնադիրներին՝ «ի կատարումն» հանձնարարականով:

2018 թվականի ընթացքում խնդրի իրավական կարգավորմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությունների կիրարկման վերաբերյալ առանձին դիտարկումներ և փորձագիտական գնահատականներ են հնչեցվել, այդ թվում՝ կատարողականի անբավարար արդյունավետության վերաբերյալ։ Նշվել է նաև, թե ընդհանուր ընթացակարգերի բացակայությունը գործընթացի տարամեկնաբանության և դրա առանձին բաղադրիչների՝ տարբեր բուժհաստատություններում տարբեր կերպով կազմակերպման պատճառ են դառնում։ Ավելին, մինչ այժմ հաստատված չէ նոր օրենսդրությունից բխող Հղիության արհեստական ընդհատման բժշկական քարտի միասնական ձևանմուշը, ինչը նախատեսված է ՀՀ կառավարության որոշմամբ: Առանձին հասարակական կազմակերպություններ և գործող իշխանությանը մոտ կանգնած ակտիվիստներ բազմիցս բարձրաձայնել են, թե նոր օրենսդրությունից բխող մի շարք դրույթներ և դրանց իրավական կարգավորումների անկատարությունը հղիների համար ստեղծում է դժվարություններ՝ թե՛ ծառայությունների մատչելիության և կանանց իրավունքների երաշխավորման, թե՛ կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից: Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ ներկայում իրավական կարգավորման գործող համակարգը, դրա կիրարկման գործող պրակտիկան գնահատման և վերլուծության կարիք ունի։

Իրավական կարգավորման և դրա կիրարկման պրակտիկայի վերաբերյալ որոշակի գնահատականներ է պարունակում 2018 թվականի դեկտեմբերին ՄԶՄԿ հրապարակած Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված պետական քաղաքականության և ծրագրերի մշտադիտարկման զեկույցը։ Այդուհանդերձ, խնդրին անհրաժեշտ է անդրադառնալ նաև առանձին հետազոտության շրջանակներում։

Մշտադիտարկման ընթացքում քաղաքականության մշակման մի շարք պատասխանատուներ նշել են, մասնավորապես, նոր օրենսդրությունից բխող հղիության արհեստական ընդհատումների միասնական կազմակերպական ընթացակարգի սահմանման, հղիության արհեստական ընդհատումների բժշկական քարտի ձևաթղթի և դրա լրացման կարգի հաստատման անհրաժեշտությունը՝ Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված իրավական կարգավորումների բարելավման նպատակով:

Ընթացակարգի ներդրման կատարողականի և բուժաշխատողների գիտելիքների և խորհրդատվական հմտությունների բարելավումը, ինչպես նաև նրանց վարքագծային փոփոխությունները կարող են պտղի սեռի խտրական ընտրության և սելեկտիվ աբորտների կանխարգելման լրացուցիչ գործոն լինել և նպաստել ծրագրի դրական արդյունքների շարունակականության ապահովմանը:


Սույն փաստաթուղթը պատրաստվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Տղաների նախապատվության և աղջիկների թերարժևորման կանխարգելմանը ուղղված գլոբալ ծրագրի» շրջանակներում:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։