ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է դիմացկուն պաշտպանություն

12.02.2019

Ժամանակն ու անելիքները

Երբ հարևան Ադրբեջանում իշխանությունը Ալիև հորից անցավ որդուն, Իլհամ Ալիևը հրապարակայնորեն խոսեց լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին, ապա դադար վերցրեց Արցախյան հակամարտության շուրջ բանակցություններում։ Ալիև որդուն ժամանակ էր անհրաժեշտ, իշխանությունը կոնսոլիդացնելու, բանակցությունների էությունն ըմբռնելու, դրանք իմաստավորելու, իր դիրքերն ամրապնդելու համար։ Ժամանակը ցույց տվեց, որ Ալիևն այդ ամենն օգտագործեց դիրքերը կոշտացնելու, զինվելու, պատերազմելու, քաղաքացիական հասարակությունն Ադրբեջանում հիմնահատակ խորտակելու և դիկտատուրա հաստատելու համար։

Ժամանակը կարևոր ռեսուրս է, այն կարելի է «արագացնել» կամ «դանդաղեցնել»։ Հետհեղափոխական Հայաստանը նույնպես պետք է կարողանա ժամանակը ճիշտ կառավարել։ Ցանկացած իշխանափոխությունից, առավել ևս հեղափոխությունից հետո, իշխանությունը կոնսոլիդացնելու համար ժամանակ է անհրաժեշտ։ Եթե Իլհամ Ալիևն այդ ժամանակն օգտագործում էր դիկտատորական իշխանության կոնսոլիդացման նպատակով, ապա Հայաստանին ժամանակ է անհրաժեշտ ժողովրդավարական իշխանության կոնսոլիդացման համար։ Ժողովրդավարական իշխանությունը առավել բարդ հակակշիռներով ու հյուսվածքներով ձևավորվող իշխանություն է։ Նման համակարգը պետությանը ժամանակի ընթացքում տալիս է այնպիսի ճկունություն, որ, իշխանափոխությունից կամ արտաքին մարտահրավերներից անկախ, պետությունը մնում է կայուն և կանխատեսելի։ Ահա նման Հայաստան կայացնելու հնարավորություն ունենք այսօր։ Այս ճանապարհին ներքին ռեսուրսները՝  լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը, պառլամենտն ու գործադիրը, կրթությունը, շուկան, բանակը, աստիճանաբար կոնսոլիդացվում են «գումարում-հանումների» տարատեսակ համադրությունների կիրառմամբ։ Սակայն, արտաքին աշխարհն ունի սեփական ժամացույցը և կարող է շտապեցնել, արագացնել, փորձել օգտվել իրավիճակից, ճնշել կամ աջակցել։ Նման իրավիճակում Հայաստանի արտաքին քաղաքականության թիվ մեկ խնդիրն է՝ տնօրինել ժամանակն այնպես, որ երկրում հաստատվի արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ համադրելի ներքին հավասարակշռություն։ Այս տեսանկյունից է անհրաժեշտ դիտարկել Արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները, ինչը մեր հիմնական արտաքին մարտահրավերն է. Հայաստանը պետք է բանակցային հերթական փուլ մտնի բացառապես ժողովրդավարական իշխանության կայացումից հետո։ Շտապողականությունն այս հարցում վնասակար է՝ կարող է էլ ավելի սրել կոնֆլիկտը և անգամ հետադարձ հարված հասցնել ժողովրդավարության ուղով ընթացող Հայաստանին։ Արտաքին քաղաքականության պատասխանատուներն այս ուղերձը հստակ պետք է հասցնեն ոչ միայն եռանախագահող պետություններին ու քաղաքակիրթ աշխարհին, այլև Ադրբեջանին. «եթե Ադրբեջանը ցանկանում է խաղաղության շուրջ համաձայնության հասնել, ապա նման համաձայնությունը, Հայաստանի պարագայում, կենսունակ կլինի բացառապես ներքին կոնսենսուսի առկայության պայմաններում»։

Անվտանգությունը

Յուրաքանչյուր պետության համար առաջնայինը, թերևս, անվտանգությունն է։ Հայաստանի անվտանգության առաջնային խնդիրը Արցախյան հակամարտությունն է: Ապրիլյան քառօրյան ապացուցեց, որ զինադադարի համաձայնագիրը և եռանախագահող պետությունների ջանքերը ռազմական գործողությունների վերսկսումը բացառելու լիարժեք երաշխիք չեն։ Սա նշանակում է, որ պաշտպանության շարունակական ամրապնդումը հրատապ է։ Ուստի անվտանգության ապահովման առումով մենք ոչ թե պետք է ժամանակ ձգենք, այլ պիտի ունեցած ժամանակն օգտագործենք հնարավորինս ինտենսիվ և արդյունավետ։ Ապրիլյան պատերազմը ցուցադրեց, որ ռազմական ճանապարհով կոնֆլիկտը հանգուցալուծում չունի. ապրիլյան քառօրյայից հետո ռազմավարական զենքեր գնել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։ Ապրիլյան քառօրյայի ամենաարժեքավոր դասը հակամարտող կողմերի և աշխարհի համար քաղված է՝ ռազմական ուղին պատային է։  Այսպիսով, Հայաստանն այլընտրանք չունի, քան զարգացնել ժողովրդավարության իր ուղին պաշտպանելու ունակ զինված ուժերն ու դրանց մարտունակությունը, ընդ որում, բացառապես քաղաքացիական վերահսկողության ներքո և արդի պահանջներին, մարտահրավերներին ու հնարավորություններին համահունչ։ Իհարկե, անվտանգության ապահովումը հնարավոր չէ միայն զինված ուժերով։ Նույնպիսի բարեփոխումներ են անհրաժեշտ անվտանգության մյուս բաղադրիչների պարագայում։

Տնտեսությունը

Ժողովրդավարական կառավարում ունեցող բազմաթիվ պետություններ ունեն անվտանգության բարձր մակարդակ, ժամանակակից ռազմական տեխնիկայով հագեցած հզոր զինված ուժեր։ Միայն ԱՄՆ-ն իր ռազմական բյուջեով գերազանցում է ամենամեծ ռազմական բյուջե ունեցող հաջորդ յոթ պետությունների ծախսերը միասին վերցրած։ Իրականության հրամայականը հստակ է. այո՛, արդի աշխարհում պետք է պաշտպանել ժողովրդավարությունն ու ժողովրդավարական ձեռքբերումները, ազատ շուկայական հարաբերությունները։ Ընդ որում, անվտանգության կարիքները լավագույնս բավարարելու՝ զինված ուժերի զարգացման ու պահպանման խնդիրներին նշանակալի հանրային միջոցներ ուղղելու պարագայում անգամ, այդ միջոցների բեռը հնարավոր է թեթև կրել, եթե երկրի տնտեսությունը հզոր է։ Արդի աշխարհում ժողովրդավարական կառավարումը սոցիալական զարգացման և հզոր տնտեսության լավագույն գրավականն է, իսկ անվտանգության ժամանակակից համակարգ ունենալու լավագույն գրավականը հզոր տնտեսությունն է։ Անվտանգության ապահովման հրամայականն ակներև է. տնտեսությունը պետք է ավելի առաջանցիկ տեմպով աճի, քան անվտանգության ապահովմանն ուղղված ռազմական կարիքները։ Ընդ որում, եթե անվտանգության կարիքների ապահովմանն ուղղված միջոցները մեծապես կախված են արտաքին գործոններից, ապա տնտեսական աճի ապահովման բանալին գերազանցապես սեփական գրպանում է։ Վերջին տասնամյակի ընթացքում երկու ֆինանսատնտեսական համաշխարհային ճգնաժամերն ու դրանց բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, ապրիլյան պատերազմով պայմանավորված ռազմական կարիքների աճը հանգեցրեցին բացասական դինամիկայի։ Այս դրությունը օր առաջ անհրաժեշտ է փոխել։ Տնտեսության զարգացումը կենսական նշանակություն է ստացել. տնտեսական բարեփոխումներն ու լուրջ ձեռքբերումները ոչ թե պարզապես անհրաժեշտ են, այլ անհետաձգելի են։ Որքան էլ տարօրինակ հնչի, հենց այստեղ է, որ ժողովրդավարությունը կարող է հակասության մեջ մտնել տնտեսական զարգացման ու անհրաժեշտ բարեփոխումների գերակայության ու հրատապության հետ։ Եթե անվտանգության ու արտաքին քաղաքականության, այդ թվում բանակցությունների հարցում հանրային կոնսենսուս ապահովելն անհրաժեշտ է ճկունություն ու դիմադրողականություն ձևավորելու համար, ապա նման կոնսենսուսային մեթոդներով տնտեսական փոփոխությունները կարող են հանգեցնել ժամանակի ճակատագրական կորստի։ Եզրակացությունը հետևյալն է. տնտեսական փոփոխությունները կարող են ավելի ցավոտ լինել և կարող են հակասության մեջ մտնել քաղաքական շահի, քաղաքական պոպուլիզմի և բնակչության անիրատեսական սպասումների հետ։

Բանակցային փակուղուց դուրս գալու գրավականը

Չի կարելի հապաղել տնտեսության զարգացման հարցում, ինչպես անթույլատրելի է հապաղել անվտանգության կուռ համակարգ ձևավորելու հարցում։ Պատերազմի վտանգը չի վերացել, ինչը սակայն չի նշանակում, թե ազգի միահամուռ արձագանքը, հանրային ինքնապաշտպանական միասնականության գիտակցումը անհրաժեշտ է բացառապես որպես պատերազմի արհավիրքներին ու մարտահրավերներին դիմագրավելու ռեսուրս։ Ճիշտ հակառակը, մենք պիտի օգտագործենք մեզ ընձեռված, մեր ձեռք բերած ժամանակը նման պաշարը մեծացնելու համար։ Ավելի՛ն, միայն անվտանգության հզոր համակարգի կառուցումը կարող է հնարավոր դարձնել բանակցությունների պատային վիճակի հաղթահարումը։ Արդյունավետ բանակցությունների գրավականը ռազմական ուղով կոնֆլիկտը լուծելու ցանկությունները զսպելն է, իսկ վերջինս էլ պայմանավորված է անվտանգության ապահովման հզոր համակարգի և զինված ուժերի առկայությամբ։


Համառոտագիրը մշակվել է 2019թ. փետրվարի 2-ին կայացած` «Հայաստանի Հանրապետության պատրաստվածության աստիճանն ու դիմակայելու կարողությունը. Ադրբեջանում ստեղծված ներքին իրավիճակը և անվտանգության շուրջ մտահոգությունները» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա:

 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։