ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Անկարևոր խոհեր իշխանության և ընդդիմության օլիմպում գտնվողների համար

13.05.2019

 

Անխուսափելի վաղվա պարադիգմը

«Վաղը» միշտ էլ նուրբ խորհուրդներ է հղում ներկային: Կան մարդիկ, խմբեր, հասարակություններ, որոնք տեսնում, լսում ու հասկանում են անխուսափելի վաղվա ծածուկ շշնջանքը, կան նաև այնպիսիք, որոնք գլխակորույս մխրճվում են ներկայի հորձանուտ, ստեղծում նոր գալարապտույտներ, հենց իրենք դառնում հորձանք` հայացք անգամ չնետելով ապագայի բարեկամական խորհուրդներին:

Առաջին խումբ մարդիկ, խմբերը, իշխանությունները, ընդդիմությունները, հասարակությունները, որպես արդյունք, գործում են առավելապաշտություններից անդին սեգմենտներում, աշխատում են խուսափել անդառնալիության գծերից, հենվում են ինստիտուցիոնալ հիշողությունների վրա և դառնում «ապագան անցյալ գումարած ավելացված արժեքն է» հավատամքով ներկայի լավ կամ վատ ճարտարապետներ: Այսօրվա բոլոր քայլերն այս դեպքում կշռվում են ապագայի անխուսափելի դերափոխությունների պատկերացումներով, «ինչ կլինի, երբ գա դիմացինի կոշիկները հագնելու իմ ժամանակը» աբստրահումներով, դառնում ավելի ներառական, պակաս կտրուկ` ընդսմին վաստակելով ապագայի կողմից ապագայի համար շնորհվող ինդուլգենցիա:

Երկրորդ խումբ մարդկանց, խմբերի, իշխանությունների, ընդդիմությունների, հասարակությունների դեպքում վաղվա հայացքով ներկայի քայլերը կշռելու մեխանիզմը մեծապես բացակայում է: Գերակայող է «ազդակ-հակազդեցություն» պարզունակ շղթան, ներկայի կերտումը անցյալի վախերի կամ փորձառության դեմ անընդհատ պայքարի է նմանվում, դիտարկվում է ներկայի ու ապագայի միջև խզում` գաղափարական/ գաղափարախոսական ցանկացած հիմնավորումով կատարված յուրաքանչյուր վնասումի, խեղումի, խլման համար վաղվա կողմից հաշիվ պահանջելու անխուսափելիության չգիտակցմամբ:

Մարդիկ և մարդկային խմբերը նման են իրենց ձեռագրերում, նման են նաև իրենց մոլորություններում, բացության կամ ագրեսիայի մեջ, նաև` ներկայում ապագան զգալու կարողություններում: Մարդիկ և մարդկային խմբերը ընտրություն ունեն` գործել կա՛մ հաշվի առնելով ապագան, կա՛մ` ոչ, բայց չկա ընտրություն մեկ ուրիշ հարցում` ապագան միշտ անխուսափելիորեն գալիս է:

Ընտրությունը քաղաքական համակարգի ներսում

Մարդկային ցանկացած խմբին ներհատուկ սխալականությունն ու ինքնամոռաց ոգևորությունը բացառություն չէ նաև երկրի քաղաքական միավորների համար` իշխանության համար և ընդդիմության համար, քաղաքական կուսակցությունների համար: Ոչ ոք չգիտի, թե հնարավոր անկման պահին ով կմեկնի այն ձեռքը, որ կկանգնեցնի դեպի անդունդ վայրընթացը: Չի բացառվում, որ դա լինի հենց ամենանվաղած կամ անտեսված ձեռքը: Հետևաբար, անդունդից հեռու հարթ վայրում յուրաքանչյուր կտրված ձեռք փոքրացնում է փրկության հավանականությունը անդունդի պռնկին: Սա է ասում հավանականության տեսությունը:

Համագործակցություն, մշտական երկխոսություն, հնարավորի սահմաններում ներառականություն. ահա ամենատրամաբանական ձեռագիրը ապագայավախ կամ ավելի խոհեմ քաղաքական միավորների և, առաջին հերթին, տվյալ պահի իշխանության համար:

Ընդունված է համարել, որ քաղաքական ուժերի միջև հարաբերությունները կարգավորվում են կա՛մ համագործակցային, կա՛մ մրցակցային մոդելներով: Մրցակցային մոդելը բերում է իշխանության կենտրոնացման, լսելի է դառնում միայն նրանց ձայները, ովքեր ավելի մոտ են իշխանությանը: Համագործակցային մոդելը, ընդհակառակը, առավել քիչ քաղաքականացված է. տարբեր ուժեր միմյանց համար ընդունելի մոտեցումների պարագայում համագործակցում են կոնկրետ խնդիրների լուծման ուղղությամբ:

Հայաստանում գերակայող է մրցակցային մոդելը: Միշտ է այդպես եղել: Դա նախևառաջ պայմանավորված է նրանով, որ առկա չեն քաղաքական էլիտայի ձևավորման կայուն և հստակ մեխանիզմներ: Մինչդեռ էլիտայի ձևավորման հիմքում պետք է լինեն կայացած քաղաքական ինստիտուտները: Կուսակցություններն ունեն թույլ զարգացած քաղաքական ինքնություն և գաղափարական անկայուն հիմք, հաճախ ձևավորվում են մեկ անձի շուրջ: Բացառությունները քիչ են: Իշխանությունը կարող է որոշել՝ ինչպիսի քաղաքական հարաբերություններ է ցանկանում կառուցել հորիզոնակա՞ն, թե ուղղահայաց: Ներկա իշխանությունն իր հայտարարություններում բազմիցս նշել է, որ հորիզոնական հարաբերությունների մոդելն է որդեգրել, սակայն իրական կյանքում կրկին հարաբերությունների ուղղահայաց մոդել ենք տեսնում:

Ի հավելումն սրա, երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որը կարելի է կոչել «ծայրահեղ լեգալիզացիա»։ Ցանկացած գործունեություն գնահատվում է բացառապես օրենքի տառին համապատասխանելու տեսանկյունից` պակաս ուշադրություն դարձնելով բովանդակությունը։ Արդյունքում, հասարակության մեջ առաջին պլան են մղվում, ժողովրդական լեզվով ասած՝ «донос գրողները», հետ մղվում` զարգացման ծրագիր կամ հայեցակարգ մշակողները: Արդյունքում, անցյալը հետևողականորեն հաղթում է ապագային, քանի դեռ վրա չի հասել ապագան:

Է, ետքը՞...

Ետքը` ոչինչ: Վերոգրյալը ոչինչ չի տա չափից դուրս ոգևորվածներին, ինքնավստահներին և փրկիչներին: Բոլոր «այլոք» կարող են մի պահ լուռ խորհել իշխանության և ընդդիմության քաղաքական բարձունքում գտնվելու այսպահայնության մասին և վերասրբագրել գոնե հաջորդող մի քանի ժամերի քայլերը:

Երբ իշխանության ու ընդդիմության օլիմպում ես, երբ շուրջդ եռում է, դու կիզակետում ես, լարված են ուժերդ, նվիրվել ես անմնացորդ ու գլխումդ կպչուն հարց է առաջանում, թե օրը 12-14 ժամ աշխատելուդ, այսքան լավ քայլերիդ, ազնվությանդ, անկաշառությանդ ու խելացի մտքերիդ հանդեպ ինչու՞ են լայն զանգվածներն ամեն հաջորդ օր ավելի անհաղորդ դառնում, անգամ` փնովում բակերում, տաքսիներում ու սոցցանցերում, ուրեմն վերոգրյալը մեկ անգամ ևս կարդալու ժամանակն է: Նաև հիշելու Մուշեղ Իշխանի բառերը Արթուր Մեսչյանի հայտնի երգում.

 

Երբ որ շահես բազում գանձեր ու հաղթանակ,

Եվ ճակատիդ դնեն ոսկե փառապսակ,

Հիշի՛ր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել,

Եվ ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա:

 

 

Համառոտագիրը մշակվել է 2019թ. մայիսի 6-ին կայացած` «Քաղաքական միավորների դերը քաղաքական կոնսենսուսի կայացման գործընթացում. Միասին աշխատելը հնարավորությու՞ն է, թե՞ անհրաժեշտություն» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա:

Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Քննարկումը կազմակերպվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակվությամբ:

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։