ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Արագ վարկերն ու աղքատությունը. գործելու ժամանակը

18.12.2019

Հայաստանում բարձր տոկոսով, ոչ-բանկերի կողմից տրված, փոքր ու արագ վարկերի դիմաց բնակչության աղքատ խավի կողմից վճարվող տարեկան տոկոսներն ու կոմիսիոն վճարները գումարային առումով այլևս համադրելի են այն միջոցներին, որոնք պետությունը ընտանեկան նպաստի համակարգի միջոցով ուղղում է աղքատ խավին։ Ավելի պարզ՝ այն գումարները, որոնք պետությունն ուղղում է աղքատության դեմ, գրեթե նույն չափով և ենթադրաբար նույն  խավի կողմից գնում են վարկային կազմակերպություններ՝ տոկոսների մարման տեսքով։

Հիշեցնենք, խոսքը բանկերի կողմից տրվող դասական վարկերի մասի չէ, այլ տարատեսակ կազմակերպությունների կողմից տրվող, այսպես կոչված, «արագ վարկերի», որոնց ագրեսիվ գովազդային արշավին ականատես ենք լինում ամենուր՝ քաղաքի վահանակներին, համացանցում, սոցիալական ցանցերում։ Արագ վարկը փոքր, կարճաժամկետ, չապահովված վարկ է, որի մարումը կապված չէ աշխատավարձի հետ։

«Գիշատիչ վարկերի» համաճարակը (միջազգային փորձ)

«Գիշատիչ». այսպես են հիմա հաճախ կոչում աշխարհում ծաղկող սուբպրայմ վարկավորման շուկան։ Ովքե՞ր են այս շուկայի թիրախը. ցածր եկամուտով, ցածր գրագիտությամբ տնային տնտեսությունները։ «Մենք գիշատիչ վարկերը սահմանում ենք' որպես բարեկեցությունը նվազեցնող վարկավորում։ Վարկ վերցնելով՝ տնային տնտեսություններն ավելի վատ վիճակում են հայտնվում, երբ վարկ տրամադրողները մոլորեցնում են ու տրամադրում օպտիմալից ավելի վարկ»,- պնդում է Նյու Յորքի Ֆեդերալ ռեզերվային բանկի հաշվետվությունը ։ Համաձայն ԱՄՆ-ում սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոյի հետազոտության՝

  • արագ վարկ վերցնողների 25%-ը կրկին վարկ կվերցնի առնվազն 9 անգամ,
  • արագ վարկ վերցնողների 80%-ը վարկ վերցնում է նախորդ վարկի մարման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում,
  • արագ վարկ վերցնելու կետերը տեղադրված եմ բնակչության առավել խիտ, աղքատ, ցածր կրթության մակարդակ ունեցող վայրերում։

Համաձայն «PewTraust» կազմակերպության հետազոտության' ԱՄՆ այն նահանգներում, որտեղ թույլատրվում են բարձր տոկոսադրույքներ, վարկերի տոկոսներն ամենաբարձրն են։ Սա նշանակում է, որ մրցակցությունը չի նվազեցնում տոկոսադրույքները։

Հայաստանը բացառություն չէ

«Գիշատիչ» վարկերի համաճարակը տեսանելի է նաև Հայաստանում։ Վերջին երկու տարիների ընթացքում այս շուկան բազմապատկվել է և շարունակում է աճել անհավանական արագությամբ։ Խոշոր վարկային կազմակերպություններն այսօր ավելի շատ հարկ են վճարում, քան որոշ հայտնի բանկեր։ Ձևավորվել է արագ վարկ վերցնողների յուրահատուկ համայնք, ովքեր շփման վիրուտալ հարթակներ ունեն։ Զարգանում է նաև յուրատահատուկ նարատիվ/ժարգոն՝ առանձին տերմինաբանությամբ, որով շփվում են մարդիկ։ Շուկայի մասնակիցներն առատորեն օգտագործում են սոցիալական ցանցերը։ Ոլորտը շարունակում է «վիրտուալացվել» մեծ արագությամբ։ Արագ վարկերի շուկան հատկապես անայլընտրանք է դարձել, այսպես կոչված, վարկային «սև պատմություն» ունեցողների՝ 18 տարեկանների համար, ովքեր չունեն որևէ աշխատանքային կենսագրություն և ռեսուրսներ։ Դեպի այս շուկա են հաճախ ակամա ուղղորդվում չունևոր խավի այն ներկայացուցիչները, ում մոտ առաջանում են առողջապահական մեծ ծախսերի հետ կապված խնդիրներ կամ ովքեր տարբեր պատմությունների մեջ են հայտնվում շահումով խաղերի դաշտում։

Պետական քաղաքականության հարցերը

Արագ վարկերի շուկան կարգավորելու տեսանկյունից պետական քաղաքականությունն առավել ակտիվացնելու անհրաժեշտություն է առաջանում։ Կարգավորումներ կան։ Սակայն դրանք կա՛մ բավարար չեն, կա՛մ էլ վարկ վերցնողները, գրագիտության ոչ բարձր մակարդակի պատճառով, ի վիճակի չեն օգտվել օրենսդրությամբ իրենց ընձեռնված իրավունքներից։ Հարկավոր է ավելի համալիր և ավելի թիրախավորված աշխատանք այս ոլորտում, որպեսզի մեծ կոլապսի ուղիով չընթանանք։

Գործիքակազմը կարող է բազմազան լինել։ Այսօր կենտրոնական բանկն ունի որոշակի գործառույթներ այս շուկայում, որոնք իրականացնում է բավականին հաջող։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ կա չարտոնված վարկավորման բավականին մեծ սեգմենտ, որը, սոցիալական ցանցերի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, դառնում է առավել հասանելի ու ընդլայնվում։ Հետևաբար, այս չարտոնված ոլորտում իրավապահ մարմիններին անհրաժեշտ է նոր գործիքակազմ արդյունավետ պայքարի համար։ Վտանգավոր ուռճացումներից խուսափելու համար, թերևս, կարիք կա ոչ թե պարզապես հենվել միայն Կենտրոնական բանկի և իրավապահ մարմինների գործառույթների վրա, այլ գերատեսչությունների ավելի լայն ցանց ընդգրկել այս գործընթացում։ Լուծումներն էլ կարող են տարբեր լինել։

Ասենք՝ սահմանափակել շուկան կամ սահմանափակել առաջարկը. այս ուղղությամբ ՀՀ Ազգային ժողովում շրջանառվում է օրենքի նախագիծ։ Իհարկե, եթե այս նախաձեռնությունը դիտարկվի որպես խնդրի միակ և բավարար լուծում, կունենանք հակառակ էֆեկտը, և ոլորտը, ամենայն հավանականությամբ, կմտնի ստվեր կամ կվերադառնա չկարգավորվող, չինստիտուցիոնալացված դաշտ։ Իրական խնդիրը կմնա։

Հետևաբար, շատ ավելի կարևոր կարող է լինել պահանջարկի սահմանափակմանն ուղղված քայլերը։ Սա առաջին հերթին ենթադրում է աշխատանք աղքատ խավի հետ. իրազեկում, տեղեկացում հնարավոր վտանգների մասին, պայքար անբարեխիղճ գովազդի դեմ։ Այստեղ մեծ դեր պիտի ունենա գործադիրը, մասնավորապես՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Խնդրի կարգավորման մեկ այլ լուծում կարող է հանդիսանալ ՀՀ առևտրային բանկերին խրախուսող ինչ-որ պայմանների մշակումը, որոնք կխթանեն նրանց՝ վարկառուների այս խավի հետ աշխատելու՝ ներկա համատարած անտեսման վարքագծի փոխարեն։ Բանկերը շատ ավելի կառավարելի ու նորմավորված դաշտում են աշխատում և կարող են էապես նվազեցնել ռիսկերը։

Լուծման տարբերակներ էլի կարող են լինել։ Ամենայն հավանականությամբ, խնդիրը մեկ լուծում չունի, և լայն գործիքակազմի կիրառման կարիք կա՝ շահագրգիռ գերատեսչությունների հնարավոր լայն կազմի ներգրավմամբ։ Հետևաբար, եթե մենք գիտակցում ենք հասունացող խնդիրը, եթե արդեն տեսնում ենք վտանգի մեծությունը, ապա օր առաջ պետք է սկսել մասնագիտացված քննարկումներ օրենսդրի, գործադիրի, կենտրոնական բանկի և շուկայի մասնակից սուբյեկտների ներգրավմամբ, որպեսզի օր առաջ մշակվի գործողությունների այնպիսի ծրագիր, որը հաշվի կառնի թե՛ բիզնեսի շահերը, թե՛ վարկառուների շահերը և թե՛ պետության ու հանրային շահը։


Համառոտագիրը մշակվել է «Հայաստանի Հանրապետության դրամավարկային և ֆինանսական հատվածի արդյունավետ հաղորդակցության ուղիների զարգացմանն ուղղված» ծրագրի փորձագիտական խմբի կողմից։ Ծրագիրն իրականացնում է «ԱյՍիԷյչԴի. Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՍՊԸ-ն՝ «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։