ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հայացք կուտակային կենսաթոշակային համակարգի հետագա կայացմանը. «կառուցենք ու պաշտպանենք»

28.03.2020

Կուտակվող կենսաթոշակային միջոցները փոքր երկրի համար կարող են հսկայական թվալ։ Փոքր երկրների կյանքում ֆինանսատնտեսական ճգնաժամերը պարբերական իրողություններ են։ Դրանց հետ պարբերաբար «կռվի բռնվող» օրվա իշխանությունները միշտ էլ կարող են ունենալ գայթակղություն` քանդելու տարիներով ստեղծածը՝ տվյալ պահի հրդեհը մարելու մտայնությամբ։ Հասկանալի մտայնություն է սա՝ շատ նման ամեն ցուրտ ձմռանը տաքանալու համար բակի արագ աճող խնձորենին կտրելու մտքին։ Իսկ իրականում կուտակվող կենսաթոշակային միջոցները կատակլիզմների հետ կռիվ տվող իշխանությունների բարեկամն ու սատարողն են և, բնականոն աճի հունի մեջ, ամեն հաջորդ կատակլիզմի ժամանակ ավելի առնական ձեռք կարող են մեկնել։ Միայն թե աճի ու բերքատվության տասնամյակների ընթացքում ձմեռը տաս րոպե տաքանալու մոլուցքը չհաղթի խուճապի մեջ հայտնված որևէ իշխանության:

Գալիք բոլոր բարեփոխումների հիմնօրինակն ու ոգեշնչողը

Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը վերջին տասնամյակի խոշորագույն ինստիտուցիոնալ բարեփոխումն էր Հայաստանում։ Այն շարունակում է կայանալ հետևողականորեն, մեծանում ու ամրանում է տարեցտարի։ Ի թիվս հայտնի արդյունքների՝ այս բարեփոխումը էական ազդեցություն է ունենում նաև մասնավոր հատվածի թափանցիկության բարձրացման, ինչպես նաև տնտեսության մեջ ոչ ֆորմալից ֆորմալ աշխատատեղերի անցման նպատակի արագ իրականացման հարցերում։ Նոր համակարգի մասին հասարակության շրջանում առկա բազմաթիվ միֆերն էլ այսօր արդեն նվազագույնի են հասցվել կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների թափանցիկ աշխատանքի և կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին կենսաթոշակային հաշվի եռամսյակային և տարեկան հաշվետվություններ տրամադրելու շնորհիվ:

2014թ. ներդնելուց ի վեր՝ կուտակային կենսաթոշակային համակարգի կայացման ճանապարհին մի շարք մարտահրավերներ են առաջ եկել։ Նախ. 2014 սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կենսաթոշակային ֆոնդերից մեկի հաշիվը բացասական էր, ինչը հնարավոր եղավ կարգավորել սեղմ ժամկետներում։ Այնուհետև, անհրաժեշտ էր ցույց տալ կուտակային կենսաթոշակային համակարգի դրական կատարողականը համակարգի կայացման ամենաբարդ ժամանակահատվածում՝ առաջին հինգ տարում։ Հիմնականում այդ ժամանակահատվածում է համակարգը հանդիպում հասարակական ընդգծված դիմադրության՝ կատարողականի վերաբերյալ թերահավատության, ինչի վկայությունն են հասարակության շրջանում հաճախ հանդիպող թեզերը՝ «ինչո՞ւ եմ կուտակում գումար անհայտ ֆոնդերում, եթե կարող եմ անշարժ գույք գնել կամ ավանդային հաշիվ բացել բանկում և յուրաքանչյուր ամիս գումար ստանալ»։ Հայաստանում հենց նույն ժամանակահատվածում նկատվեց անշարժ գույքի շուկայի և փոխարժեքի անկում, մինչդեռ ֆոնդերի արժեքի անկում չգրանցվեց։ Խնդրահարույց էր նաև 2018թ. հուլիսին համակարգին միացած անձանց կենսաթոշակային հաշվի տարեվերջյան բացասական հաշվեկշիռը, ինչը հետևանք էր նույն թվականի միջազգային կապիտալի շուկայի անկման, որը, սակայն, չէր ազդել ավելի վաղ համակարգի մասնակից դարձած քաղաքացիներ հաշիվների վրա։ Այս խնդիրը կարգավորվեց 2019թ. փետրվար-մարտ ամիսներին, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ շուկաների տատանողականությունից պետք չէ վախենալ։

Այսօր էլ կորոնաճգնաժամի պայմաններում նման երևույթներ կարձանագրվեն. կարձանագրվեն, ու հետո էլի կհաղթահարվեն։ Որովհետև համակարգի առջև դրված նպատակները ոչ թե այսպահային, այլ տասնամյակների կտրվածքով են, և պրոֆեսիոնալ կառավարիչների հմտությունը բավարար գործոն է՝ անգամ ալեկոծվող միջավայրում ապահովելու կենսաթոշակային նավի հեռահար ընթացքը։։

Անվտանգության նոր բարձիկներ կենսաթոշակային համակարգի համար

Կենսաթոշակային համակարգի կայացմանը և ֆոնդերում կուտակվող գումարի աճին զուգահեռ առանձնահատուկ ուշադրության են արժանի կենսաթոշակային ֆոնդերի անվտանգության և անձեռնմխելիության ապահովման հարցերը։ Այս նպատակով, անհրաժեշտ են անվտանգության իրավական և ընթացակարգային նոր երաշխիքներ քաղաքացիների սեփականության իրավունքը հնարավոր քաղաքական հավակնություններից ապագայում պաշտպանելու համար։ Այս առումով, օգտակար կարող են լինել ինչպես սահմանադրությամբ համապատասխան նոր երաշխիքների ամրագրումը, այնպես էլ վերազգային ընկերությունների հեղինակությամբ պայմանավորված նոր պատվարների ստեղծումը։

Խիստ կարևոր է նաև փոխել կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ հանրության ու գալիք բոլոր իշխանությունների ընկալումներն ու վերաբերմունքը։ Կատարված սոցիալական վճարները պետք է դիտվեն ոչ թե որպես անձնական եկամտից գանձվող հարկ, այլ երկարաժամկետ շահավետ ներդրում, և այս ուղղությամբ անհրաժեշտ է մշակել և հանրայնացնել արդյունավետ, հասցեական և մատչելի ուղերձներ։ Այս առումով, կենսաթոշակային ֆոնդերի կուտակված գումարը նշանակալի արդյունավետությամբ կարող է ուղղվել տեղական նշանակության ոչ ռիսկային և երկարաժամկետ նախագծերի ֆինանսավորմանը։ Վերջինս թույլ կտա նվազեցնել կախվածությունը թվացյալ ցածր տոկոսադրույքներով տրամադրվող միջազգային վարկերից՝ դրանով իսկ նպաստելով երկրի արտաքին պարտքի կրճատմանը։ Միաժամանակ, նման ներդրումը կարող է արդյունավետ բիզնես գործարք հանդիսանալ կենսաթոշակային կուտակային համակարգի մասնակիցների համար և նշանակալիորեն ընդլայնել նրանց եկամուտները։ Օգտակար կարող է լինել միջազգային վարկային և ներդրումային կազմակերպությունների հետ համագործակցության շարունակումը գիտելիքի և փորձի փոխանակման տեսանկյունից։ Շատերը դեռևս թյուր կարծիք ունեն և ընկալում են կենսաթոշակային հիմնադրամները որպես հերթական բանկ, որը չգիտես ինչու մատչելի միջոցներ պետք է տրամադրի բիզնես հանրությանը։ Կենսաթոշակային հիմնադրամների միջոցներն իրականում մեր երկրի ամենաերկար և ռազմավարական միջոցներն են, մեր ապագա անտառի ծիլերը։

ՀՀասարակական և քաղաքական շրջանակների կողմից վերջին տարիներին քննարկվել է նաև կենսաթոշակային համակարգի մասնակիցների՝ որոշ դեպքերում մինչև կենսաթոշակի տարիքը լրանալը կուտակված գումարը ստանալու հնարավորությունը։ Այս թեմայի առնչությամբ մասնագիտական տարբեր քննարկումներ են կազմակերպվել, որոնք ցույց են տվել նման մեխանիզմի հնարավոր բացասական հետևանքները ողջ համակարգի անվտանգության տեսանկյունից։

Շարունակելով անտառի անալոգիան՝ եթե նույնիսկ մի քանի ծիլ ծառ են դարձել, դրանք վաղօրոք կտրելը ի չիք է դարձնում անտառ դառնալու հեռանկարը։ Մենք դեռևս չունենք այն ծավալի կուտակած կենսաթոշակային միջոցներ, չունենք այն անտառը, որի բարիքներից կարող ենք օգտվել։ Հանրային գիտակցության մեջ շարունակաբար անհրաժեշտ է ամրագրել, որ կենսաթոշակային միջոցները մեր ապագան են, և այդ ծառը ժամանակից շուտ կտրել չի կարելի։ Այս ուղերձը դեռ 20 տարի անընդմեջ պետք է կրկնվի, մինչև մարդիկ զանգվածաբար կսկսեն քաղել համակարգի պտուղները և կդադարեն դառնալ հաջորդ սերունդների ամենածանր բեռը։


Համառոտագիրը մշակվել է 06.03.2020թ. կայացած « Կուտակային կենսթոշակային համակարգի ներկա իրավիճակը » խորագրով կլոր-սեղան քննարկման արդյունքում «Հայաստանի Հանրապետության դրամավարկային և ֆինանսական հատվածի արդյունավետ հաղորդակցության ուղիների զարգացմանն ուղղված» ծրագրի փորձագիտական խմբի կողմից։ Ծրագիրն իրականացնում է «ԱյՍիԷյչԴի. Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ը՝ «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։