ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Ճոճանակային քաղաքականությունը համավարակի և դրա տնտեսական հետևանքների հաղթահարման գործընթացում

19.05.2020

Բա որ ճոճանակը կոտրվի՞

Համավարակի առողջապահական և տնտեսական ասպեկտների միջև ակնհայտորեն կա երկվություն։ Կառավարության քայլերն ու հանրությանն ուղղվող ուղերձներն էլ, ըստ այդմ, կարող են երկակի լինել։ Սկզբնական շրջանում ուղերձը հստակ էր. «Միասին հաղթահարում ենք կորոնովիրուսը, հետո անցնում տնտեսությունը հետ բերելուն»։ Կարանտինը Հայաստանում ցանկալի արդյունք չտվեց։ Առանց լուծելու առաջին խնդիրը, հիմա անցել ենք տնտեսական հետևանքների մեղմման առաջնահերթությանը։ Ներկա պահին հստակ ուղերձ էլ չկա, ու, ըստ էության, տնտեսության և առողջապահության միջև առկա դիլեման լուծելու պարտականությունը դրված է յուրաքանչյուր անձի ուսերին։ Մինչդեռ նման ընտրությունը շարքային քաղաքացու համար խիստ ծանր կարող է լինել, ինչի արդյունքում վերջինս կարող է լիովին կամ մասնակիորեն արհամարհել խնդիրներից մեկը։ Ներկա փուլում արհամարհվում է կորոնավիրուսը՝ իր պոտենցիալ վտանգներով, ապագայում՝ համավարակի ավելի մեծ չափերով տարածման դեպքում, մարդիկ կսկսեն արհամարհել տնտեսությունը։ Այս առումով երկու ոլորտներում էլ անհաջողություն գրանցելու մեծ ռիսկի առաջ ենք կանգնած։

Փրկության բանալին՝ համախմբված հասարակություն

Ամերիկյան՝ Վարակիչ հիվանդությունների հետազոտման և քաղաքականության կենտրոնի կողմից հրապարակված վերջին զեկույցն առանձնացնում է երեք սցենար, որոնցով գալիք ամիսների ընթացքում կարող է ընթանալ նոր կորոնավիրուսի տարածումը։ Ըստ կենտրոնի փորձագետների՝ համաճարակը կարող է ձգվել մինչև 2022 թվական։ Նրանք նաև կարծում են, որ նոր կորոնավիրուսի համաճարակը կանգ չի առնի, քանի դեռ ողջ մարդկության 60-ից 70%-ն այս վիրուսի նկատմամբ ձեռք չի բերել իմունիտետ, իսկ դա կարող է տևել 18-ից 24 ամիս։ Առաջ քաշված երեք սցենարներից վատագույնը ենթադրում է համաճարակի երկրորդ՝ ավելի մեծ ալիք այս աշնանն ու ձմռանը։ Զեկույցի հեղինակները հենց այս տարբերակն են առավել հավանական համարում և կոչ են անում երկրներին պատրաստվել դրան։

Համարվում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի էֆեկտիվությամբ աշխարհի առաջատարներից մեկը Հարավային Կորեան է։ Այս երկրի իշխանությունը ոչ մի արտառոց բան չի արել, ընդամենը կազմակերպչական հմտությունները համադրել է տեխնոլոգիական առջընթացի հետ ու իր հասարակության հետ ազնիվ երկխոսության մեջ է՝ դառնալով մեկ կուռ միասնություն։ Հարավային Կորեայում զանգվածային թեստավորմանը զուգահեռ իշխանությունները ներդրել են վիրուսի հետքի բացահայտման էֆեկտիվ մեխանիզմ. յուրաքանչյուր նոր դեպքի կապակցությամբ նրանք հաղորդագրությամբ իրազեկում են տվյալ դեպքի արեալում եղած համաքաղաքացիներին, հորդորում են դադարեցնել տեղաշարժն ու համատեղ ուժերով լոկալիզացնում են դեպքը։ Հայաստանում իրավիճակը միանգամայն հակառակն է. մեզ մոտ տեղաշարժը թույլատրված էր, իսկ քաղաքացիներն իրենց տարածքում դեպքերի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն ստանալու համար ստիպված են ապավինել սոցիալական կապերին ու ցանցերին, շշուկներին ու բուժհիմնարկներից եղած արտահոսքերին։ Սրան պետք է հավելել հասարակության բացարձակ ոչ միասնականությունը, անգամ համաճարակի հարցում։ Մինչդեռ աշխարհում եղած օրինակները վկայում են, որ անկախ վարչակարգից՝ ժողովրդավարական, թե ավտորիտար, Գերմանիայից մինչև Իրան, Շվեյցարիայից մինչև Վիետնամ, վարակի դեմ կարողանում են արդյունավետ պայքար մղել այն պետությունները, որոնցում հասարակությունը համախմբված է։

Քաոս՝ հանրային վարքագծում ու հանրությանն ուղղվող ուղերձներում

Համավարակն աղետ է, սակայն մյուս աղետների համեմատ հանգեցնում է տարբերվող հանրային վարքագծի։ Օրինակ' պատերազմի ժամանակ մարդիկ ավելի լավ են մոբիլիզացվում. մնում են տանը գնդակից կամ ռմբակոծությունից պաշտպանվելու համար։ Համավարակի դեպքում վտանգն այդքան ակնհայտ չէ, աչքով տեսանելի չէ, ինչի պատճառով էլ հանրային մոբիլիզացիան առավել խնդրահարույց է։ Մարդ ոչ թե պաշտպանվում է գնդակից, այլ հենց ինքն է հանդիսանում այն գնդակը, որ դուրս է գալիս տնից և «խոցում» այլ մարդկանց։

Ուրեմն համավարակը գիտակից միայնակի համար հաղթահարելու երևույթ չէ, այն կարելի է հաղթահարել միայն համընդհանուր կեցվածքով։ Կրկնենք՝ համավարակը, ինչպես նաև դրա տնտեսական հետևանքները հաղթահարելու գործում կարևորագույն նշանակություն ունի հանրայն վարքագիծը, այն, թե ինչպես են մարդիկ իրենց դրսևորում թե՛ որպես սոցիալապես պատասխատանու, թե՛ որպես տնտեսական միավոր։

Հայաստանում դեպի հանրություն գնացող ռազմավարական ուղերձը հստակ չէ և հակասական է։ Արդյունքում մարդկանց ընկալումը հետևյալն է՝ «կորոնավիրուս չկա, թողեք աշխատենք», և քանի որ պաշտոնական աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկատվությունը հստակ չէ, մարդիկ իրենց պատկերացումներն ու ընկալումները սնում են այլ, երբեմն իրականությունից խիստ կտրված տեղեկություններով։ Մեծ Բրիտանիայում լրատվամիջոցներն անհատական պատմությունների միջոցով ցույց են տալիս կորոնավիրուսի ողբերգական հետևանքները։ Հայաստանում փորձում ենք սփոփել մարդկանց, հնարավոր ամեն բան անել, որ մարդիկ չվախենան և խուճապի չմատնվեն․ նման մոտեցումն էլ հանգեցրեց նրան, որ մարդիկ սկսեցին լուրջ չվերաբերվել կորոնավիրուսի վտանգներին

Հանրության հետ պետք է խոսել առանց մանիպուլյացիների, առանց ավելորդ գունազարդման կամ անհիմն հանգստացման, խոսել ազնիվ ու անընդհատ։ Դեպի հանրություն եկող ազդակները լավը չեն, չկա խնդիրների միասնական ընկալում, մարդիկ սկսել են ամեն ինչ մերժել ու չհավատալ։ Սա է իրական մարտահրավերը, որն ունենք այսօր համավարակի դեմ պայքարում։ Հանրության վարքագծի վրա ազդեցություն գործելու տեսանկյունից խիստ կարևոր է նաև, որ կառավարության անդամներն ու քաղաքական գործիչներն անձամբ իրենց հրապարակային գործունեության ընթացքում ցուցադրեն քարոզվող ցանկալի վարքագիծը, օրինակ՝ կրեն դիմակներ և պահպանեն սոցիալական հեռավորությունը։ Ընդ որում, դիմակները պետք է լինեն այնպիսին, ինչպիսին հասանելի և մատչելի են նաև քաղաքացիների համար։ Մինչ օրս այս տեսանկյունից մենք ունենք խիստ հակասական պատկեր։

Համաճարակին արձագանքելիս կառավարությունները հաճախ են նայում այլ երկրների փորձին, վերջիններիս կիրառած գործիքներին, մինչդեռ այս կամ այն մեթոդի հաջողությունը մեծապես կախված է տվյալ մշակույթից, տվյալ հանրության վարքագծից և դավանած արժեքներից։ Նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ, թե որ արժեքների վրա կարելի է հիմնվել, որ ուղերձները և գործիքները կարող են լինել նպատակային և հասցեական տվյալ պայմաններում։ Լիտվայի դեպքում կարող է արդյունավետ լինել վաուչերների կիրառման գործիքը, ԱՄՆ-ի դեպքում՝ բուժաշխատողների անհատական պատմությունները ներկայացնելը, իսկ Հայաստանի դեպքում՝ գուցե լրիվ այլ ուղերձներ և գործիքներ։ Պետք է փնտրել ու գտնել այն գործիքները, որոնք առավել ընկալելի կարող են լինել Հայաստանի հանրության դեպքում և ավելի քիչ դիմել այլոց քայլերի պարզ կրկնօրինակմանը։


Համառոտագիրը մշակվել է 2020թ. մայիսի 11-ին կայացած' «Տնտեսություն և առողջապահություն. հանրային վարքագիծը համաճարակի և ճգնաժամի հաղթահարման գործում» խորագրով առանց հղումների իրավունքի առցանց քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

 

Քննարկումը կազմակերպվել է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ և ՄԱԶԾ հետ համագործակցությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։