ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Ենթակառուցվածքներ. հետպատերազմյան Արցախում կյանքի վերակազմակերպման առաջնահերթությունները

18.12.2020

Կորուստները ենթակառուցածքներում

Պատերազմի հետևանքները բազմաշերտ ու բազմամակարդակ են և դեռ ավելի ու ավելի շատ են ի հայտ գալու ժամանակի ընթացքում։ Ներկա իրավիճակում բազմաթիվ հրատապ խնդիրներ են առաջ եկել տնտեսության, պետական և համայնքային կառավարման ոլորտներում:

Առաջնահերթությունների թվում ենթակառուցվածքային խնդիրներն են։ Ջրային և էներգետիկ համակարգերի ավելի քան 90 տոկոսը հայտնվել է հակառակորդի իրավազորության ներքո: Խոսքը այն գետերի մասին է, որոնց վրա կառուցված են եղել ՀԷԿ-երը: Այսօր հիդրոէներգետիկ համակարգեր փաստացի հնարավոր է զարգացնել միայն Թարթառ գետի վրա. դրանք նախագծված էին, սակայն դեռևս իրականացված չէին: Խոսքը Սարսանգի ջրամբարից Մատաղիս հատվածի մասին է, որը փաստացի մեր վերահսկողության տակ է, սակայն խոչընդոտներ են առաջացել Մատաղիսի՝ հակառակորդի վերահսկողության տակ անցնելու հանգամանքով: Մնացած բոլոր տարածքները, որտեղ կային և հնարավոր էր կառուցել ՀԷԿ-եր, այլևս մեր տարածքները չեն: Թարթառ գետով էլ հոսում են հիմնականում մակերևութային ջրեր, որոնց ներուժը մեծապես կախված է տեղումներից:

Ձևավորված նոր աշխարհագրությունը նոր մարտահրավերներ է առաջ բերել գյուղատնտեսության ոլորտում. արցախի ոռոգման համակարգի ենթակառուցվածքների զգալի մասը ևս անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Կորսված հողային ռեսուրսների զուտ բացարձակ թիվն ամբողջությամբ չի արտացոլում գյուղատնտեսական այն պոտենցիալը, որը կորցրել ենք: Կորցրած հողերը եղել են ոռոգվող, դրանցում տարիներ շարունակ մեծ ներդրումներ են արվել։ Արցախը զրկվել է 70-77 տոկոս այգիներից, վարելահողերից և ընդհանուր առմամբ՝ զարգացման հնարավորություններից: Ադրբեջանին անցած տարածքները հիմնականում հարթավայրային գոտում են, այնտեղ սեփականաշնորհված տարածքներ և պետական պահուստային ֆոնդերն էին, որ տրված էին վարձակալության: Մեր վերահսկողության տակ գտնվող հատվածում մասնատված հողակտորներ են, չկա կայուն ոռոգում, ավելին, չկա այն ապահովելու մեծ աղբյուր։

Անասնապահության առումով արոտավայրերի գերակշիռ մասը ևս անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ. 50 տոկոսից ավելին՝ Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում։ Միայն Շահումյանում շուրջ 105 հազար հեկտար արոտավայր ենք կորցրել: Անտառային տնտեսության առումով ևս զգալի կորուստներ ունենք. կարևոր էին հատկապես բարձրարժեք անտառային հատվածները Հադրութի շրջանում: Բարձրլեռնային գոտու բնակիչների զգալի մասն իր եկամուտներն ապահովում էր փայտ մթերելով:

Խմելու ջրի հետ կապված էլ առաջացել են էական խնդիրներ: Ասկերանի վերին ենթաշրջանի համայնքներում և Քաշաթաղի շրջանում՝ հյուսիսային հատվածում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, առկա են խմելու ջրի աղբյուրներ, որոնք ապահովում էին նշանակալի թվով համայնքների բնակչությանը: Այստեղ ոչ թե ռեսուրսն է պակասում, այլև խմելու ջուրն է դառնում վտանգավոր բնակչության առողջության համար: Օրինակ, Թաղավարդ համայնքում բնակիչներն արդեն իսկ հրաժարվել են ադրբեջանի հսկողության տակ գտնվող աղբյուրներից հոսող խմելու ջրից։ Այլ աղբյուրներից են օգտվում: Նման համայնքներ շատ կան, և անհրաժեշտ է խմելու ջրի այլընտրանքային աղբյուրներ ապահովել:

Կապի բնագավառում էլ ունենք մեծ խնդիրներ: Մինչև պատերազմը, աշխարհագրորեն Ադրբեջանի տարածքից հեռու լինելու պատճառով, Արցախում առանց խնդիրների գործում էր տեղական բջջային կապը, հեռուստաալիքները։ Ադրբեջանական կայանն այնքան հեռու էր, որ չէր խոչընդոտում այդ կապի հասանելիությանը: Այսօր իրավիճակն այլ է. Շուշիում Ադրբեջանը կտեղադրի ինտերնետ, բջջային կապի կայաններ և հեռուստաաշտարակներ: Հատկապես սուր խնդիրներ են առաջանալու բջջային կապի ապահովման հարցում, քանի որ Ադրբեջանը Շուշիում և Հադրութում տեղադրելու է 4G կայան և շատ արագ հավակնելու է զբաղեցնել Ղարաբաղ տելեկոմի կողմից չօգտագործվող հաճախականությունները: Ղարաբաղ տելեկոմը լրջագույն խնդիրների առաջ կանգնելու վտանգ ունի։ Հայաստանի հետ կապ ունենալու ամենակարևոր հանգույցը միշտ եղել է Լիսագորի կայանը, որ մեր տարածքում է մնացել:

Ինչ անել

Ակնհայտ է, որ հետպատերազմյան Արցախի տնտեսությունը, ենթակառուցվածքներն ու կյանքն ընդհանրապես հնարավոր չի լինելու վերականգնել նախապատերազմյան իրականության նախատիպով։ Այնքան շատ բան է փոխվել-կորսվել, որ դա անել ուղղակի հնարավոր չի լինի։ Ստեղծված իրավիճակում ամենամեծ սխալը կլիներ շարժվել կորցրածի խղճուկ նմանակի կայացման նպատակադրումներով. իսկ դա այդպես կլինի ինքնահոսով առաջ շարժվելու դեպքում։ Լուծումը, թերևս, եղածի-մնացածի գույքագրմամբ, նոր նպատակադրումներով նոր տնտեսություն կառուցելու ճանապարհով շարժվելն է։ Օրինակ, ակնհայտ է, որ նախկին գյուղատնտեսությունը նույնական կառուցվածքով ունենալ հնարավոր չէ, և ապագայում անհրաժեշտ է լինելու հենվել բարձր տեխնոլոգիաների վրա՝ կայացնելով կաթիլային ոռոգմամբ գերինտենսիվ արտադրություն: Նմանապես, նոր նպատակադրումներով նոր լուծումներ պետք է մշակվեն ենթակառուցվածքների ու տնտեսության մյուս ճյուղերի համար, գտնվեն մասնագիտացման նոր ոլորտներ, ինտեգրացիոն նոր սխեմաներ, նոր՝ սպեցիֆիկ շուկաներ։

Փյունիկի պես մոխրից հառնելու համար Արցախին անհրաժեշտ է նոր տնտեսության «ինժեներների» խումբ, ֆինանսավորման նոր աղբյուրներ հայթայթող բանակցողների թիմ, օրն ու գիշերն իրարից չտարբերող մենեջերների բանակ, և սեփական հողը կրկին անգամ ծաղկեցնելու տրամադրված աշխատասեր ժողովուրդ։ Կա՛ լուծում, և լուծման ճանապարհի վիզուալիզացիան հենց սա է։


Համառոտագիրը մշակվել է 2020թ. դեկտեմբերի 11-ին կայացած' «Կյանքի և կենսագործունեության անվտանգությունը սահմանամերձ համայնքներում» խորագրով առանց հղումների իրավունքի առցանց քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։