- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Արցախի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերն այսօր վտանգված են:
Նշանակալի կորուստներ կան հանքարդյունաբերության ոլորտում: Խոշորագույն Կաշենի հանքն այլևս ունի ջրի խնդիր. Հանքը սնող ջրի աղբյուրն անցել է Ադրբեջանի տիրապետության տակ: Ոսկու հանք կար Կովսականում, որը կրկին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Արցախի տնտեսության երկրորդ մեծ ճյուղը էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ոլորտն է: Քաշաթաղի և Շահումյանի շրջանի գրեթե բոլոր փոքր ՀԷԿ-երն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ. Արցախի տարածքում մնացել են չնչին հզորություններ:
Մյուս տուժած ոլորտը գյուղատնտեսությունն է. շուրջ 140 հազար հեկտար վարելահողերից մնացել է 35 հազարը: Նախկին ԼՂԻՄ շրջանի ամենաբերքատու հողերը Մարտունու Ամարասի հովտում և Գեորգավանում են: Գեորգավանն ամբողջությամբ մեր վերահսկողությունից դուրս է, իսկ Ամարասի հովտում մի փոքր մասն է մնացել Արցախի վերահսկողության տակ: Այսինքն, 35 հազար հեկտար ասելով պետք է նկատի ունենալ, որ դրանք հարուստ և բերրի հողերը չեն. արտահանվող հացահատիկն արտադրվում էր հիմնականում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: Կորցրել ենք բազմամյա տնկիներով այգիներ, որոնք մեծածավալ բերք էին տալիս։ Զգալի ներդրումներ էին արվել ոչ միայն այգիների ստեղծման, այլև ոռոգման համակարգերի կառուցման վրա: Ունենք վերամշակող ձեռնարկությունների զգալի կորուստ, իսկ մնացածները հումքի խնդիր ունեն: Վտանգված է մեղվաբուծության ճյուղը, որի համար կարևոր նշանակություն ուներ Քարվաճառի շրջանն իր ընձեռած բնական հնարավորություններով։
Տնտեսության միակ ճյուղը, որտեղ որոշակի աշխուժություն է նկատվում, շինարարությունն է: Դա, թերևս, ժամանակավոր բնույթ ունի, քանի որ ներկա աշխուժացման պատճառը պայմանավորված է մարդկանց վերադարձով, ռմբահարված և վնասված կացարանները վերանորոգելով:
Առևտրի վրա պատերազմի ազդեցությունը մեծ է և երկարաժամկետ բնույթ է կրելու. հետպատերազմական իրավիճակում մարդիկ գնումներն անում են խիստ խնայողաբար՝ գնելով միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ ու սնունդ:
Հյուրանոցային և ռեստորանային բիզնեսն էլ լուրջ խնդիրների առջև է կանգնել. դրանց մեծ մասը զբոսաշրջության վրա էին հիմնվում: Կա մտավախություն, որ զբոսաշրջությունը մոտակա տարիներին էական խնդիրներ է ունենալու՝ նախ, մշակութային հուշարձանների՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցնելու, այնուհետև հետպատերազմյան իրավիճակի անորոշու¬թյուններով պայմանավորված:
Ֆինանսական շուկայում խնդիրները ևս մեծ են. առկա են ներդրումները վերադարձնելու լուրջ խնդիրներ՝ կապված հանձնված տարածքներում մնացած բիզնեսների, արդյունաբերական ձեռնարկությունների և ՀԷԿ-երի հետ: Առևտրային բանկերի վարկային պորտֆելների կորստի խնդիրներն էլ փոքր չեն. առանձին դեպքերում թե՛ վարկավորված բիզնեսը, թե՛ գրավի առարկան անցել են Ադրբեջանի տիրապետության տակ։
Եվ ամենահիմնականը. հետպատերազմյան Արցախում կարգավիճակի ու անվտանգության հետ կապված անորոշությունները մնում են շատ բարձր, չափազանց անհանգստացնող բոլորի համար, ինչը լրջորեն խաթարում է ողջ տնտեսական դաշտը, ներդրումային միջավայրն ու բիզնես նպատակադրումների ցանկությունները։
Նոր իրավիճակում տնտեսական քաղաքականությունն ուրվագծելու համար Արցախն այսօր առաջին հերթին համատարած «բիզնես-գույքագրման» կարիք ունի։ Դեռևս հստակեցված չեն բոլոր «կտրված» բիզնես շղթաները, վերջնականորեն որոշված չեն կորուստների չափերը և, որ ավելի կարևոր է, դեռևս դժվար է պատկերացում կազմել, թե «մնացյալ տնտեություն» ասածն իրենից ինչ է ներկայացնում և ինչ կարելի է կերտել դրանից։
Պարզ է, որ Արցախի տնտեսությունը այլևս երբեք նախկինը լինել չի կարող հատկապես կառուցվածքային առումով։ Պարզ է, որ, օրինակ, ցորեն արտահանող Արցախը հիմա ինքն է ունենալու հացահատիկի կարիք, որ փոխվելու է պարենային ապահովության մոդելը, որ փոխվելու է շատ բան։ Կառաջանան սեփականության իրավունքի պաշտպանության, գործազրկության, հողատարածքների անբավարարության, իրացման շղթաների հետ կապված բազում նոր հարցեր։ Եվ այդ ամենի մասին պետք է սկսել մտածել օր առաջ։
Հիմա շատ կարևոր է ձևավորել ընկալում, որ մենք ոչ թե վերականգնում ենք Արցախի՝ մեզ ծանոթ տնտեսությունը, այլ մնացած հնարավորությունների վրա կառուցում ենք նոր տնտեսություն։ Սա ոչ միայն հնարավորություն կտա խուսափել ամեն քայլում սպասվող հուսահատությունից, այլև թույլ կտա ավելի անկաշկանդ ու լայն մտածել և փորձել օգտվել հնարավոր նոր հեռանկարներից, որոնք կարող են բացվել՝ աշխարհաքաղաքական ներկայության փոփոխված իրականությամբ և խաղաղապահների առկայությամբ պայմանավորված։ Միևնույն ժամանակ, ստեղծված պայմաններում տնտեսության վերականգնմանը միտված անհրաժեշտ միջավայր ձևավորելու համար կարիք կլինի աշխատել Արցախում համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման վրա, հանրային ընկճախտի դրսևորումների դեմ քայլեր ձեռնարկելու, հստակ և մարդկանց հետ հաղորդակցված տեսլականի, նպատակների, դրանց հասնելու ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ։ Հետևաբար, հասարակական-քաղաքական տրանսֆորմացիան պետք է քայլ առաջ լինի կամ առնվազն ներդաշնակ ընթանա տնտեսության, ենթակառուցվածքների և սոցիալական խնդիրների լուծման համալիր ծրագրերի ու գործողությունների հետ։
Համառոտագիրը մշակվել է 2020թ. դեկտեմբերի 14-ին կայացած' «Հետպատերազմյան իրականություն. տնտեսություն և պարենային անվտանգություն» խորագրով առանց հղումների իրավունքի առցանց քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։