ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Բնակչության եկամուտներ և աղքատություն. հետպատերազմյան Արցախի խնդիրները

23.12.2020

Պատերազմից հետո Արցախ վերադարձած կամ դեռևս Հայաստանում գտնվող արցախցիների խնդիրները բազմաթիվ են ու բազմապիսի։ Շատ շատերը կորցրել են ամեն ինչ' տուն, ունեցվածք, ապրուստի բոլոր միջոցները. բազմաթիվ մեր հայրենակիցներ պատերազմի օրերին իրենց տները ստիպված են եղել լքել այնպիսի շտապողականությամբ, որ անգամ հագուստ ու անձնական իրեր չեն հասցրել վերցնել։ Եվ այսօր՝ հայրենազրկված, հարազատներ կորցրած, վիրավոր ու դեռ չապաքինված մերձավորներ ունեցող մեր շատ հայրենակիցներ ունեն նաև լրջագույն սոցիալական խնդիրներ և դժվարությամբ են պատկերացնում՝ ինչպես շարունակել ապրել։ 

Հումանիտար օգնության ոլորաններում

Եկամուտների մշտական աղբյուրի կորուստը մարդկանց մոտ ամենատարածված սոցիալական խնդիրն է հետպատերազմյան Արցախում։ Ադրբեջանի իրավասության տակ անցած գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մեծ մասը, կորցված գյուղերի ու քաղաքների բնակիչների տնամերձ հողամասերը, փոքր ու միջին բիզնեսի ու հանրային ձեռնարկությունների աշխատատեղերն այլևս դադարել են լինել բնակչության մի ստվար մասի եկամուտի աղբյուր։ Արդյունքում մեկ հարվածով ստացել ենք գործազրկության և աղքատության մակարդակի կտրուկ աճ։ Ակնհայտ է, որ մինչև նոր պայմաններում հնարավոր լինի ինչ-որ մոդելով տնտեսություն կազմավորել, կարիք է լինելու մարդկանց ապրելու պայմաններով ապահովել։ Կարիքը հատկապես սուր կզգացվի ձմեռային ամիսներին։

Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ առաջնային կարևորության հարցը մնալու է օգնություն տրամադրելու գործընթացից դուրս գալը և բնակչության համար սեփական աշխատանքով եկամուտ ստեղծելու հնարավորություններ ապահովելը: Այլապես այս գործընթացը հղի է բազմաթիվ այլ՝ կողմնակի բացասական դրսևորումներով։

Արցախի բնակավայրերում հետպատերազմյան օրերին ամենամարդաշատ վայրերը Արցախփոստի գրասենյակներն էին. մարդիկ երկար հերթերի մեջ օգնություն էին ստանում։ Տարատեսակ օգնությունների բաժանման գործընթացից դժգոհությունների պակաս էլ չկար. համակարգման և կազմակերպման բացակայության պայմաններում «ճարպիկները» նույն օգնությունը մի քանի անգամ են ստանում կամ, իրապես կարիքավորի փոխարեն, օգնությունը հասնում է դրա կարիքն իրականում չունեցողներին։ Համենայն դեպս՝ նման ընկալումների պակաս այսօր չկա արցախցիների մոտ։

Այստեղ պետք է շատ ուշադիր լինել. հումանիտար աջակցություն տրամադրելիս կարևոր է գործընթացը կազմակերպել այնպես, որ երկարաժամկետ հեռանկարում  հասարակության մեջ չխորանա անարդարության զգացումը: Աղքատության մեջ հայտնված մարդը բազմաթիվ վախեր ունի, չափազանց թերհավատ է ինստիտուտների և անձանց նկատմամբ, այդ պատճառով էլ աջակցությունը պետք է տրամադրվի խիստ գրագետ: Շատ կարևոր է ամեն ինչ իրականացնել այնպես, որ անարդարության զգացում չառաջանա այս՝ բավականին զգայուն փուլում: Սա պետք է հաշվի առնեն պատասխանատուները։

Թիրախային խմբերի հետ աշխատանքը

Սոցիալական աջակցության գործընթացը կազմակերպելիս թերևս հենց այս փուլից պետք է հասկանալ, թե կեցության, բնակարանային ապահովության և աշխատանքի ինչպիսի ապագայի տեսլական ունենք պատերազմից տարբեր չափով տուժած և տարբեր իրողությունների մեջ հայտնված մարդկանց խմբերի համար։ Բոլորի համար նույն չափանիշներով ու միայն այսօրվա ինչ-որ խնդիր լուծելը բաց թողնված հնարավորություն ու կորսված ժամանակ կարող է համարվել։ Մինչև Արցախի տնտեսության նոր մոդելի մասին պատկերացումների հստակեցումը և անհրաժեշտության դեպքում աշխատուժի վերապրոֆիլավորման գործի նախաձեռնումը՝ այս փուլից սոցիալական աջակցության մեխանիզմների միջոցով առնվազն կարելի է խրախուսել և ազդել տարբեր երկարաժամկետ նպատակների ուղղությամբ մարդկանց որոշումների վրա։

Զավթված Շուշիից, Քարինտակից, Հադրութից ու շրջանի գյուղերից, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերից, Մարտունու շրջանի գյուղերից, Մարտակերտի շրջանի Մատաղիս և Թալիշ գյուղերից Ստեփանակերտ և մյուս բնակավայրեր տեղափոխված մեր հայրենակիցների կոմպակտ վերաբնակեցումը, նախկին համայնքների և սոցիալական միջավայրի շրջանակներում կյանքի կազմակերպումը ապագայում կարող է շատ կարևոր նշանակություն ունենալ բազմաթիվ հարցերում, այդ թվում՝ տեղական ավանդույթներն ու կոլորիտը ժամանակի ընթացքում չկորցնելու առումով։ Այս տեսանկյունից աշխատել է պետք հենց ամենասկզբից՝ օգտագործելով նաև աջակցող ու խրախուսող ծրագրերի մեխանիզմները։

Քարվաճառից, Քաշաթաղից և մյուս տարածքներից տեղափոխված մեր հայրենակիցների խնդիրները կարիք ունեն առանձին դիտարկման։ Նորից հարկավոր կլինի հասկանալ՝ ինչ ապագա ենք պատկերացնում այս մարդկանց համար, ճանապարհն ընդհանուր բնակչության հետ ասիմիլյացիա՞ն է, թե այլ ուղիներ կան, և հենց այսօրվանից ըստ այդմ կազմակերպել աշխատանքը նրանց հետ։

Նույնատիպ խթաններ կարելի է կիրառել նաև գյուղական և քաղաքային բնակչության հարաբերակցության ուղղորդման նպատակով, քանի որ հիմա շատ արագ ուրբանիզացման վտանգ կա։ Գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մեծ մասի կորստից հետո՝ պապականորեն գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսություններում մարդիկ կորցրել են այլևս երբևէ իրենց սիրած զբաղմունքով վաստակելու հնարավորության հույսը և սկսել են Ստեփանակերտում ու մյուս քաղաքներում կյանքը կառուցելու ծրագրեր մշակել։ Եթե ժամանակակից բարձրտեխնոլոգիական գյուղատնտեսությունը դիտարկվում է որպես ապագայում Արցախի տնտեսության կարևոր բաղադրիչ, ապա այսօր արդեն հարկավոր է զբաղվել մասնագիտացված աշխատուժի պահպանման հարցերով։

Նմանատիպ նպատակները պետք է միշտ աչքի տակ ունենալ աջակցության ծրագրեր մշակելիս և իրականացնելիս, որպեսզի դրանցով ոչ միայն օրախնդիր հարցեր լուծվեն, այլև ապագային միտված խթաններ կիրառվեն։


Համառոտագիրը մշակվել է 2020թ. դեկտեմբերի 18-ին կայացած' «Հետպատերազմյան իրականություն. եկամուտներ և աղքատություն» խորագրով առանց հղումների իրավունքի առցանց քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։