ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Սովորել խոսել միմյանց հետ. Գնաճ-աշխատավարձ,գործատու-աշխատող

22.03.2022

«Ամեն ինչ թանկացել է, օրը 5000 դրամով աշխատելու իմաստը ո՞րն է»։ «Այս աշխատավարձով էլ չի լինում ապրել, բարձրացրե՛ք մեր աշխատավարձը»։ «Ամբողջ օրը չարչարվեմ նույն բանը ստանա՞մ, երբ շաքարավազի գինը եսիմ ինչքան է դարձել արդեն»։ «Ավելի լավ է ես գնամ «յանդեքս» քշեմ, քան այդ գումարով ամբողջ օրը արևի տակ մեջքս ջարդեմ»։

Այս և նման արտահայտությունների քաջածանոթ են Հայաստանի շատ գործարարներ, հատկապես նրանք, որոնք սեզոնային գյուղատնտեսական բիզնես են կայացնում՝ ժամանակ առ ժամանակ ներգրավելով ոչ մշտական աշխատուժ։ Հատկանշական է, որ նման դժգոհություններ լինում են միշտ, անգամ, երբ տվյալ ժամանակահատվածում տնտեսության մեջ գնանկում է արձանագրվում։ Թվում է, թե աղքատություն և գործազրկություն ունեցող երկրում քիչ թե շատ մրցունակ ապրանք արտադրելու համար համապատասխան աշխատուժ ներգրավելը պետք է որ խնդիր չլիներ, բայց հողի վրա աշխատող գործարարներն իրականում ձեզ հակառակը կապացուցեն։  

Գնաճ իրական - գնաճ ընկալումներում

Գնաճը գների ընդհանուր մակարդակի բարձրացումն է։ Ամենևին էլ ճիշտ չէ խանութում որևէ ապրանքի գնի ավելացումը ֆիքսելուց հարևանների հետ խոսել «ինֆլյացիա կա»-ի մասին։ Բավականին բարդ բան է գնաճը հաշվելը: Իրականում գնաճը չափվում է սպառողական գների ինդեքսի միջոցով։ Հայաստանում սպառողական զամբյուղի մեջ ներկայում ներառվում են 450 անուն ապրանք և ծառայություն, որոնց գները պարբերաբար գրանցվում են շուկայում և իրենց կշռին համապատասխան ներառվում են սպառողական գների ինդեքսում: Պարենային ապրանքների կշիռը ՀՀ սպառողական զամբյուղում ներկայում կազմում է 45.89%, ոչ պարենային ապրանքներինը' 22.24%, իսկ ծառայություններինը' 31.87%: Սա՝ որպեսզի պարզ լինի, թե մեկ կամ մի քանի ապրանքների գների փոփոխությամբ գնաճի մասին դատողություններ անելը որքան սխալ կարող է լինել։

Բայց ինչպես շատ այլ դեպքերում է լինում, մի բան է իրական գնաճը, այլ բան են գնաճի մասին մարդկանց պատկերացումները։ Մարդիկ շատ ավելի հակված են հավատալ իրենց շրջապատի խոսակցություններին, սեփական աչքով տեսած՝ մի քանի ապրանքների գների բարձրացմանը, քան պետական հաշվետվություններում կամ հայտարարություններում արձանագրված գնաճի ցուցանիշին։ Եվ սա բնական է։ Խնդիրն իրականում, սակայն, այլ տեղ է։ Հաճախ իրականությանը չհամապատասխանող՝ գնաճի մասին մասնավոր պատկերացումները մարդկանց մոտ սպասումներ են առաջացնում, որոնք իրենց հերթին կարող են հանգեցնել արդեն իրական գնաճի։ Եվ «բակային քննարկումների» հիմնական բացասական հետևանքը հենց սա է։

Գնաճի ընկալումներ - աշխատավարձ - գնաճ

Աշխատողները միշտ դժգոհ են իրենց աշխատավարձից, գործատուները՝ արտադրանքի ինքնարժեքն ավելացնող ծախսերից։ Հայաստանի տնտեսության առանձին ոլորտներում, որտեղ աշխատանքը նորմավորված չէ և ունի սեզոնային բնույթ, գործատուները հաճախ են դիմում աշխատուժի ներգրավման օրավարձային ձևին։ Այսպիսին է, օրինակ՝ ողջ գյուղատնտեսական ոլորտը, գյուղմթերքների արտադրության-արտահանման շղթան, ջերմոցային համալիրը, որը բավականին լավ զարգացման տեմպեր է ցուցադրում։ Նման պայմաններում օրավարձի շուրջ «բանակցությունները» գրեթե ամենօրյա թեմա են հանդիսանում, իսկ արգումենտների մեջ գերակշռում են «կյանքի թանկացման» հետ կապված թեզերը։ Արդյունքում հաճախ են լինում դեպքեր, երբ ռեալ աշխատանք առաջարկող գործատուները չեն կարողանում համալրել անհրաժեշտ աշխատատեղերի քանակն այն պայմաններում, երբ երկրում ունենք գործազրկության բավականին բարձր մակարդակ և շատ «պարապ մարդիկ»։

Այդ դեպքում ինչու՞, ավելի մեծ գումար առաջարկելով, գործատուները չեն համալրում անհրաժեշտ աշխատատեղերը։ Այս հարցը մի քանի կողմ ունի իրականում։ Նախ. իհարկե, չի կարելի բացառել, որ կարող են լինել գործարարներ, որոնց նպատակը գերշահույթ ստանալն է և ովքեր բացարձակապես հետաքրքրված չեն աշխատակիցների խնդիրներով։ Բայց շատ ավելի իրական է այն բացատրությունը, որ այս ոլորտների արտադրանքը, հիմնականում արտահանվելով, դրսի շուկաներում ուժեղ մրցակցության մեջ է Միջին Ասիայից ու Թուրքիայից ներկրվող էժան ու որակյալ ապրանքների հետ, հետևաբար ինքնարժեքի ամենափոքր ավելացումն իսկ կարող է շուկաների կորուստ նշանակել։ Խնդիրն այլ կողմից դիտարկելիս տեսանելի է փակ ցիկլ. գների աճի ընկալումներով մոտիվացված աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի ավելացում, բարձրացված աշխատավարձերը հանգեցնում են ապրանքների ինքնարժեքի ավելացման, դա էլ իր հերթին գների աճի՝ գնաճի։ Սա, անշուշտ, տեղի ունեցող ավելի բարդ երևույթների պարզունակեցված մոդելն էր, բայց իրականությունը, մեծ հաշվով, հենց այս շղթայի շուրջ է պտտվում։

Գործատուն ու աշխատակիցները պետք է սովորեն խոսել միմյանց հետ

Ուրեմն ինչ անել, երբ գործատուները դժվարանում են ավելի վճարել, իսկ աշխատակիցներին չի բավարարում վճարվածը։ Խոսել։ Փորձել հասկանալ միմյանց։ Հայաստանում այդպես էլ չեն կայացել աշխատողների շահերի պաշտպանության հիմնական ինստուտիցիոնալ կառույցները՝ արհմիությունները, և մարդիկ տարբեր ձևեր են գտնում իրենց շահերը պաշտպանելու համար։ Տվյալ դեպքում չաշխատելը երբեմն հենց նրանց բողոքի արտահայտությունն է ընդդեմ ցածր վարձատրության։ Կարիք կա, որ գործատուները ժամանակ հատկացնեն և հասկանան, թե փոխշահավետ ուրիշ ինչ միջոցներով կարելի է կոմպենսացնել աշխատակիցների սոցիալական խնդիրների ավելացումը։ Աշխատողներին էլ անհրաժեշտ է հասկանալի ու մանրամասն իրազեկել՝ թե այնպես չէ, որ աշխատավարձի գումարները դրված են մի դարակում ու իրենց չեն բաժանում։ Պետք է ընկալում ձևավորել, որ ապրանքի ինքնարժեքի տրամաբանականից ավելի բարձրացման դեպքում ողջ արտադրությունը կդառնա անմրցունակ, կվտանգվի իրացումն ու դրա հետ մեկտեղ՝ եղած աշխատավարձերն ամբողջությամբ։

Սովորել խոսել միմյանց հետ, հասկանալ իրար, տեսնել փոխադարձ շահերն ու ձևակերպել, թե որտեղ են դրանք համընկնում. այդ դեպքում միայն հնարավոր կլինի համատեղ՝ գործատու-աշխատակից ուժերով գտնել լուծումներ, որոնք չեն վտանգի բիզնեսն ամբողջությամբ և հաշվի կառնեն աշխատակիցների ընթացիկ խնդիրները։

Արհմիություն-գործատու հարաբերությունները Հայաստանում սաղմնային փուլում են։ Գնաճը և դրա հետևանքով աշխատակիցների դժգոհությունները կարող են լավ առիթ հանդիսանալ արհմիություն-գործատու հարաբերությունների մշակույթի ձևավորման համար։ Եթե աշխատողները, օրինակ, լինեին իրենց ընկերությունների փայատեր, հաստատ հեշտությամբ կընկալեին խնդրի հակառակ կողմը։ Ամեն դեպքում, մրցակցային լինելը օրվա հրամայականն է, ու մրցունակ բիզնես նաև նշանակում է այս հարաբերությունների պատշաճ ձևավորում։


Համառոտագիրը մշակվել է «Աջակցություն դրամավարկային ու ֆինանսական հատվածի հաղորդակցության ռազմավարությանը» ծրագրի շրջանակներում 2022թ. հունվար-մարտ ամիսներին իրականացված աշխատանքային քննարկումների ընթացքում արտահայտված կարծիքների և մոտեցումների հիման վրա:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։