ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Տնտեսական աճ, փոխարժեք, ինֆլյացիա. պետական բյուջեի վարքագիծը հրատապ փոխելու հրամայականը

28.06.2022

Դրամի կտրուկ արժևորումը ռիսկ է, որն արտահանողները չէին պլանավորել։ Ընդհանրապես կտրուկ տատանումները դժվար է կանխատեսել, իսկ նման դեպքերում կարևորվում են օպերատիվ մակարդակում ցուցանիշները դիտարկել կարողանալը, իրավիճակը գնահատելը, դրան ադեկվատ արձագանքելը։ Միշտ չէ, որ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները նպաստում են միմյանց. նրանց և՛ արձագանքման ձևերն են տարբեր, և՛ ազդեցության հորիզոնն է տարբեր, և՛ տնտեսական ցիկլերի ժամանակ կարող են տարբեր՝ փոխադարձ չեզոքացնող կամ փոխլրացնող բնույթ ունենալ, երբ մեկը զսպող քաղաքականություն է վարում, մյուսն՝ ընդլայնող։ Հենց այդ ժամանակ է, որ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ներդաշնակեցումը դառնում է կարևոր, և այսօր էլ դա արդիական է ու կարող է դառնալ փրկօղակ։ Սակայն կարևորագույն հարցը մնում է նույնը՝ ի՞նչ ցուցանիշների նայել և ինչպե՞ս գնահատել։ Փորձենք կատարել այդ վարժությունը՝ պնդելով, որ այս պահին հարկաբյուջետային քաղաքականությունը հրատապորեն պետք է զսպող դառնա, երբ բյուջեն ավելցուկային է պահվում՝ չծախսելու հստակ հանձնառությամբ, և այդ հավելյալ զսպված գումարների չափով ԿԲ-ն կարգավորիչ քայլեր է իրականացնում շուկայում՝ առանց լրացուցիչ գնային ճնշումների։ Այլ պարագայում դրամավարկային քաղաքականության անմիջական ազդեցությունը փոխարժեքի կտրուկ տատանման վրա լինելու է ընդլայնողական, ինչը հանգեցնելու է գնաճային ավելի մեծ ճնշումների կամ, միայնակ մնալու դեպքում, դրամավարկային քաղաքականության թելադրանքը լինելու է տոկոսադրույքի առավել բարձրացումը։

Փոխարժեք. շա՞տ, թե՞ քիչ է արժևորված դրամը

Զարգացած երկրներում արժույթները ժամանակի ընթացքում արժևորվում են. հստակ կապ է արձանագրվել արտադրողականության աճի և արժույթի արժևորման միջև։ Սա դանդաղ կամ սողացող երևույթ է։ Զարգացող տնտեսություններում ևս արձանագրվում է նման երևույթ, սակայն աղճատված տեսքով. տնտեսության ոչ արտահանելի հատվածում արտադրողականության աճը զուգորդվում է իրական փոխարժեքի արժևորմամբ, ինչն էլ ծանր հարված է հասցնում արտահանելի հատվածին, քանի որ ոչ մրցակցային հատվածը սկսում է «հետ քաշել» արտահանելի ճյուղի գնային մրցունակությանը։ Այս երևույթը հայտնի է որպես «Սամուելսոն-Բալաշա» էֆեկտ և Հայաստանին շատ ծանոթ է. 2003-2008 թվականներին մեզ մոտ հենց սա տեղի ունեցավ։ Կա նաև երրորդ՝ առավել վտանգավոր արժևորումը՝ «հոլանդական հիվանդությունը», երբ տեղի է ունենում արժույթի արժևորում արտահանելի, սակայն մեկ ճյուղի հաշվին, որն անմրցունակ է դարձնում արտահանելի մյուս ոլորտները։ Սրա մասին մեկ ուրիշ անգամ կխոսենք, հիմա միայն նկատենք, որ քանի դեռ որոշում կայացնողները Հայաստանում ակնդետ հետևում են պղնձի և մոլիբդենի գներին, որպեսզի չափեն բյուջեի եկամուտները, կարող ենք պնդել, որ Հայաստանը նույնպես պետք է մտահոգվի դրամի արժևորման այս տարբերակով։

RER.jpg

Գծապատկերում կետագծերով իրական արդյունավետ փոխարժեքի միջինացված՝ բավականին լավ հետագիծն է. դրանից շեղումները, հատկապես կտրուկ վերելքների ու վայրէջքների հատվածները մեր մտահոգության առարկան են: Իսկ գծապատկերից երևում է, որ իրական արդյունավետ փոխարժեքով պայմանավորված՝ այս պահին Հայաստանի արտադրողների գնային մրցունակությունն ավելի վատթար վիճակում է, քան եղել է 2008 թվականի պիկին՝ մինչ դրամի կտրուկ արժեզրկումը, երբ ԱՄՆ դոլարի անվանական փոխարժեքը մոտեցել էր 300 դրամի։ Փոխարժեքով պայմանավորված գնային մրցակցային առավելության կորուստը փոխհատուցվում է արտադրողականության աճով. այսպիսին է զարգացած երկրների տնտեսական ուղին։ Մեր դեպքում դրամի իրական արդյունավետ փոխարժեքը տարեկան միջինում արժևորվել է 2.6 տոկոսով, այսինքն այսքան արտադրողականության աճը բավարար է, որպեսզի փոխհատուցի գնային առավելության կորուստը։ Սակայն գրաֆիկից երևում է կտրուկ տատանումների ֆենոմենը, երբ տնտեսության գերտաքացումները չեզոքացվել են փոխարժեքային գործոններով՝ դրամի կտրուկ արժեզրկմամբ։ Իսկ գերտաքացումներն էլ տեղի են ունեցել տնտեսական աճի՝ ոչ արտահանելի ճյուղերի արտադրողականության աճի հաշվին, որը մեկ բառով կարող ենք կոչել այսպահային կամ անմրցունակ աճ։ Ներկայում ունենք նույն միտումը, սակայն արդյո՞ք քաղել ենք հին դասերը, թե՞ կրկնելու ենք հին վարքագիծը։ Եթե քաղաքականություն մշակողներին առկա գիտելիքը հուշում է վարել հակացիկլիկ քաղաքականություն, ապա կոնկրետացնենք այն սխալները, որոնք նախկինում արվել են և՛ պետության, և՛ տնտեսվարողների կողմից։

  • Իրական արդյունավետ փոխարժեքը ներառում է թե՛ ներմուծվող, թե՛ արտահանվող ապրանքների գներն ու համապատասխան երկրների արժույթների փոխարժեքները։ Դրամի արժևորումը մրցակցային առավելություն է տալիս ապրանք ներմուծողներին առանց տարբերակման՝ կապիտալ, հումքային թե սպառման։ Այստեղ հռետորական հարցը հետևյալն է. այն տնտեսվարողները, որոնք «վայելել են» տնտեսական վերելքը, ինչպե՞ս են տնօրինել լրացուցիչ եկամուտը։
  • Գազի ոլորտը թերևս ամենաակնառուն է. նախկին տնտեսական վերելքից ամենաշահող ոլորտը վայելեց փոխարժեքով պայմանավորված «պտուղները», սակայն սակագինը չվերանայվեց և հաջորդող տնտեսական ճգնաժամի ժամանակ այն դարձավ Հայաստանի աքիլեսյան գարշապարը։ Այդպիսին դարձավ նաև շինարարության ոլորտը։ 
  • Նույնը վերաբերում է պետության կառուցվածքային փոփոխություններին։ Տնտեսական վերելքի ժամանակ այն իրագործելու կարիքը վերանում է, պրոցիկլիկ քաղաքականություն վարելիս հեշտանում է առօրյա խնդիրների լուծումը՝ զուտ փող ծախսելով։ Եվ միայն հաջորդող ճգնաժամի ժամանակ են սկսում գիտակցել բաց թողնված հնարավորությունը։

Տնտեսական աճ, ինչքա՞ն է այն

Դրամի կտրուկ արժևորումը պարզապես արտարժույթի ներհոսքի ցուցիչ չէ։ Կտրուկ աճել է նաև տնտեսության պահանջարկը, ինչպես նաև ծառայությունների արտահանումը։ Օպերատիվ վիճակագրությունից արդեն գիտենք, որ հունվար-մայիսի տնտեսական աճը կազմել 10.2 տոկոս։ Տնտեսությունն իրոք աննախադեպ աճ է գրանցել, և այս պարագայում մեզ առավել շատ բան կարող է «պատմել» տնտեսական իրականության համեմատությունը նախակովիդյան՝ 2019 թվականի հետ։ Գրաֆիկում 2021 և 2022 թվականների տնտեսական աճն է 2019 թվականի միջինի համեմատ՝ սեզոնային հարթեցմամբ։ Եվ սա իրոք տնտեսական դրական շոկի մասին է խոսում։ Ցուցանիշը զերծ է 2020 թվականի անկում-2021 թվականի աճ համեմատությունից և տնտեսության սեզոնային տատանումից։ 2021 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատությունը ինքնին խոսուն է. եթե 2021 թվականի մինչև սեպտեմբեր աճը միջին ամսական 2019 թվականի 100 տոկոսից ցածր էր, ապա այս տարի արդեն իսկ սկսել ենք միջին ցուցանիշից էական բարձր տեմպի աճով։ Սա տնտեսության գերտաքացման ցուցիչ է, և եթե նույն դինամիկան պահպանվի, ապա տարին ամփոփելու ենք երկնիշ աճով։

Growth.jpg

Պատճառների շարքում դոմինանտ է Ռուսաստանից Հայաստան տեղափոխված անձանց գործունեությունը, որը և՛ մեծացրել է առաջարկը, և՛ պահանաջարկը, և՛ արտարժութային ներհոսքը։ Ներքին պահանաջարկի աճն առաջին հերթին նպաստել է մանրածախ առևտրին, ռեստորանային և հյուրանոցային բիզնեսին, կեցության ոլորտին, ներքին տուրիզմին՝ ստեղծելով գնաճային ճնշումներ։ Պահանջարկի այսպիսի աճը ոչ արտահանելի ճյուղի արտադրողականության աճ է ցուցադրելու։ Պատկերավոր ասած, Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել տնտեսության մի մաս՝ ապահովելով մի կողմից տնտեսական աճ, իսկ մյուս կողմից շուկան ճշգրտվել է փոխարժեքի տատանման օգնությամբ։ Նույնիսկ նույն տնտեսության ճյուղում՝ ՏՀՏ-ում, տարբեր զարգացումներ կան, առավել արտադրողական հատվածը հեշտ է դիմակայում այս փոխարժեքի տատանմանը, իսկ ահա դրա նվազ մրցունակ հատվածը, որը սովորաբար գտնվում է գնային ցածր գոտում, մեծ դժվարությունների է հանդիպում։

Ինֆլյացիա

Այս տարի ինֆլյացիան նույնպես տարբերվում է նախորդ տարիներից՝ այն համաշխարհային է։ Այսինքն, ինչպես մեզ մոտ կան գնային ճնշումներ, այնպես էլ այլ երկրներում կան։ Մրցակցությունը միայն սեփական երկրի պայմանների փոփոխության արձանագրումը չէ, այլ նաև գործընկեր երկների։ Նույն ՏՀՏ ոլորտում, օրինակ, զարգացած երկրներում էական բարձրացել է ինժեներների աշխատավարձը։ Ծիրանի գինը Ռուսաստանում նույնպես բարձրացել է։ Մրգերի գները Ռուսաստանում բարձրացել են 18 տոկոսով, իսկ արդյո՞ք սա փոխարինում է փոխարժեքով պայմանավորված գնային առավելության կորստին։ Կարելի է իհարկե ճյուղ առ ճյուղ դիտարկել, բացահայտել, որ Ուզբեկստանում գներն աճել են 10.1 տոկոսով, իսկ մեզ մոտ 9 տոկոսով, միչդեռ ուզբեկական սոմը նույնքան չի արժևորվել։ Սա նշանակում է, որ մենք կորցրել եք գնային մրցակցային առավելությունը ծիրանի շուկայում, եթե իհարկե ծիրանի ոլորտը չենք կարողացել դարձնել առավել արտադրողական՝ բրենդավորման շնորհիվ։ Ընդհանրապես այն ոլորտները, որոնց արտադրողականության աճը սահմանափակ է, միշտ հասնելու են իրենց լիմիտին, և միակ քննարկվող թեման մնալու է գնային առավելությունը։ Նման ճյուղերի հաշվին զարգացումը դատապարտված է։

Եթե նայենք ինֆլյացիայի ցուցանիշներին (գրաֆիկը՝ վերջում), տեսնում ենք, որ Հայաստանն էականորեն տարբերվում է Եվրասիական միության երկրներից, և սա այն պարագայում, երբ դրամավարկային քաղաքականությունը հակացիկլիկ չէ։ Պահանջարկի կտրուկ աճը և միջազգային շուկաներում տոկոսադրույքի բարձրացումը ենթադրում է, որ ԿԲ-ը նույնպես պետք է զսպող քաղաքականություն վարի՝ շարունակի տոկոսադրույքի բարձրացումը, որպեսզի չհայտնվենք բացասական իրական տոկոսադրույքի գոտիում։ Այս պահին ինֆլյացիայի հարաբերականորեն ցածր մակարդակն էական գնային առավելություն է տալիս Հայաստանի տնտեսվարողներին։ Թեպետ այժմ խոսում են բարձր գնաճից, սակայն սա այն դեպքն է, երբ բիզնեսի մրցակիցներն այլ երկրներում ունեն նույն գնաճային խնդիրները։ Աշխատավարձերը «կպչուն» են, այսինքն աշխատավարձ վերաբանակցելը միշտ դժվար է, և մեր տնտեսվարողների բնական խնդիրների շարքում սա նույնպես կա, սակայն ինֆլյացիան նաև կարևոր է ինֆլյացիոն սպասումների տեսակետից, և՛ այն երկրները, որոնք սովոր չեն բարձր ինֆլյացիայի, առավել մեծ խնդիրների առաջ են կանգնելու ապագայում։ Հայաստանի տնտեսվարողների պարագայում խնդիրը ճկուն գնային պայմանավորվածություններ ձեռք բերելն է և բանակցել կարողանալը։ Այնտեղ, որտեղ ունես մրցակցային առավելություն, ռացիոնալ չէ փնտրել կամ ապահովել լրացուցիչ գնային առավելություն։ Շուկայի կանոնն է, եթե գին թելադրող չես, անիմաստ է շուկայականից ցածր գնով ապրանք վաճառելը. և՛ ապրանքդ արագ կսպառվի, և՛ մրցակիցներդ կշարունակեն ունենալ առավելություն։

Ինչ անել

Իհարկե կարելի է և՛ պետք է մտնել ճյուղային էկոնոմիկա ու հասկանալ, թե որ ոլորտի ու նույնիսկ տարբեր մասերի վրա այսօրվա տնտեսական աճի շոկն ինչպես է ազդել։ Սա կօգնի կառավարության թիրախավորված քաղաքականություն վարել, ինչպես արվեց ԿՈՎԻԴ-ի ժամանակ։ Պետք է գիտակցել, որ իրական արդյունավետ փոխարժեքի դինամիկան ցույց է տալիս, որ երկար ժամանակահատվածում արտադրողականության հնարավոր բարձրացումը համընկնում է դրամի արժևորման միտումներին. խնդիրը կարճաժամկետ ցնցումներն են։ Կարճաժամկետ ցնցումներ լինում են ինչպես արժևորման, այնպես էլ արժեզրկման դեպքում, իսկ ֆիսկալ և մոնետար հակացիկլիկ քաղաքականությունները հնարավորություն է տալու ապագա ցնցումներից պաշտպանվել։

Այս տարի տնտեսական իրական աճն ավելին է, և հստակ անհրաժեշտ է հայտարարել բյուջեի դեֆիցիտի կրճատման մասին, ինչը հնարավորություն կտա դրամավարկային քաղաքականությունը նույնպես ճշգրտել։ Բյուջետային զսպող քաղաքականությունը, տոկոսադրույքի զսպող քաղաքականությանը համալրելով, հնարավոր կդարձնի կարգավորել գնային և արտարժույթի շուկայի կտրուկ տատանումները։ Եթե այսօրվա իրավիճակը թողնվի միայն դրամավարկային քաղաքականության ուսերին՝ ակնկալելով միաժամանակ փոխարժեքի վրա ազդեցություն, ապա տոկոսադրույքի բարձրացումը կլինի անխուսափելի, ինչը կապիտալ ներդրումների վերջին տարիների ցածր մակարդակի պայմաններում երկարաժամկետ շատ ցավոտ հարված կլինի։ Կամ էլ կարելի է կրկնել նույն սխալները՝ բյուջեն շարունակել պրոցիկլիկ, ապահովել ոչ արտահանելի ոլորտների արտադրողականությունը, սուբսիդավորել ոչ արտադրողական ոլորտների գնային առավելության կորուստը, բարձրացնել հանրային ոլորտի աշխատավարձերը, չիրականացնել բարեփոխումներ և սպասել հաջորդ ցավագին ճգնաժամին՝ գիտակցումով, որ ապահովության բուֆերներ պարտք/ՀՆԱ հարաբերության տեսքով այլևս չկա։ Մենք առաջարկում ենք այս անգամ չուրախանալ տնտեսական աճով, գիտակցել, որ այն էական է, բայց «մեր վաստակածը չէ» ու չտրվել ծախսելու գայթակղությանը։ Եվ կարևոր է ամրագրել ու հայտարարել այդ քաղաքականությունը։

Infl_may_2022.jpg

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

10.11.2023

ԳԱՎԱՌ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

17.10.2024

ԳԱՎԱՌ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։