- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2021 թվականին Հայաստանի հանրակրթության համակարգում հաստատվեց նոր չափորոշիչ, որը նպատակ ուներ հիմք դնելու կրթության զարգացման նոր դարաշրջանին։ Այս փոփոխությունն ուղղված է ուսուցման բովանդակության վերափոխմանը, որը շեշտադրում է ստեղծագործական մտածողության, գիտելիքի խորացման և նորարարական մոտեցումների կարևորությունը։ Նոր չափորոշիչը նախատեսում է կրթության մեջ ձևավորել միջավայր, որտեղ գիտելիքը փոխանցվում է ոչ միայն որպես փաստերի համախումբ, այլև՝ որպես անհատի հոգևոր և մտավոր աճի գործընթաց:
Եթե նախորդը հիմնված էր գիտելիքների վրա, ապա հանրակրթության պետական նոր չափորոշիչը ելնում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից և ի թիվս այլոց, սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները' ըստ կրթական աստիճանների, ուսումնական բնագավառները, հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսումնական պլանի և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները, սովորողների գնահատման ձևերը, այսինքն այն ամենն, ինչով առաջնորդվելով, կրթության առանցքային դերակատարները, ներառյալ ուսուցիչը, պիտի ուղղորդվի՝ ձևավորելու սովորողի կարողունակությունները:1
Պետության կողմից ակնկալվող սովորողի կարողունակությունները ձևավորելու գործընթացում առանցքային դերակատար է ուսուցիչը, ով շարունակում է մնալ գիտելիքներ և հմտություններ սովորողին փոխանցելու հիմնական խողովակը Հայաստանում։ Սակայն, կարողունա՞կ է արդյոք այսօրվա ուսուցիչը որակյալ և արդյունավետ ուսուցողական գործընթաց կազմակերպելու համար։ Դիտարկենք կոնկրետ օրինակ։ Աշակերտի կարողունակություններից մեկը թվային և մեդիա կարողունակությունն է. «սովորողները տիրապետում են մեդիագրագիտության կանոններին ու հմտություններին. պատկերացնում են մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում, կարողանում են կողմնորոշվել տեղեկատվության հոսքերում, գտնել և տարածել տեղեկություններ, քննադատորեն վերլուծել դրանք, գնահատում են մեդիայի ազդեցությունը սեփական և այլոց արժեքային պատկերացումների, դիրքորոշումների և գործողությունների վրա։ Թվային մեդիայի օգտագործման հնարավորությունների կողքին գիտակցում են նաև դրանց հետ կապված ռիսկերը, ունակ են գնահատելու և վերափոխելու իրենց վարքը թվային աշխարհում՝ անվտանգության, պատասխանատվության և էթիկայի տեսանկյունից։ Տիրապետում են մեդիա արտադրանք ստեղծելու տեխնիկական և ստեղծագործական հմտություններին, ինչպես նաև կարողանում են արդյունավետորեն կիրառել մեդիա գործիքները քաղաքացիական իրավունքների իրացման ու ժողովրդավարական գործընթացների մասնակցության նպատակով»2։
«Աստվածաշնչի մեջ կասկածելի տեղեկատվություն կա, ումից կարող եմ ճշտել որպես 2-րդ աղբյուր»։
«Ինձ WhatsApp-ով նամակ ա գալիս, որ ես շահում ունեմ, ու պետքա իրանց տրամադրեմ քարտիս տվյալները և հեռախոսիս եկած կոդը, որ կարողանան ինձ փոխանցել իմ շահումը, իսկ այդ ամենը տրամադրելուց հետո հասկացա որ քարտիցս դուրս է եկել ողջ գումարը, որը նախատեսված է ամուսնուս ձմեռային անվադողերի համար»
Այսպիսի սովորող կրթելու համար ուսուցիչն ինքը նախ և առաջ պետք է ունենա թվային և մեդիա կարողություններ, լինի մեդիագրագետ, որպեսզի սովորողին կարողանա փոխանցել թվային և մեդիա կարողունակություն ձևավորելու համար անհրաժեշտ գիտելիք և հմտություն։ Իսկ երբ ուսուցիչը սոցիալական հարթակներում չճշտված տեղեկատվություն է տարածում, ինչպե՞ս է դա ազդում իր իսկ հեղինակության և պրոֆեսիոնալիզմի հանդեպ հանրային վստահության վրա: Այսօր սոցիալական մեդիա հարթակներում ուսուցիչների կողմից կատարվող նման բաց գրառումները հազվադեպ չեն.
Դժվար չէ կռահել, թե որքանով աշակերտները և ծնողները կվստահեն այսպիսի գրառումներ կատարած ուսուցչին և նրա դասավանդման արդյունքներին։
Ո՞րն է վերոնշյալ ուսուցիչների ընկալումները, արժեքները, դասավանդման մեթոդաբանությունը վերափոխելու գործիքը։ Հիմնական գործիքներից մեկը շարունակում է մնալ ուսուցչի վերապատրաստումը, իր առավելություններով, թերություններով, դժվարություններով։
Իսկ ինչպիսի՞ պահանջներ է ներկայացնում պետությունն ուսուցչին վերապատրաստելու համար։ Այսօրվա դրությամբ ՀՀ-ն առաջարկում է բավականին տպավորիչ կանոնակարգման և ինստիտուցիոնալ շրջանակ՝ սահմանում է ուսուցչի մասնագիտական չափանիշները3, վերապատրաստման կարգը4, ուսուցիչների վերապատրաստումն իրականացնելու համար մշակված մասնագիտական կարիքների գնահատման համակարգը, ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը5, վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը6։
Ուսուցիչներն այսօր վերապատրաստման բազմաթիվ հնարավորություններ ունեն. պարտադիր վերապատրաստում, որն առաջարկում են ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային և տեղական տարբեր կազմակերպությունների կողմից առաջարկվող վերապատրաստումներ, որոնց մասնակցությունը կամավոր է։ Այսպես, ըստ ԿՏԱԿ-ի՝ 2021-2023 թվականներին վերապատրաստվել է 40.000 ուսուցիչ7։ Ամենաշատ թվով մասնակցությունը եղել է 2021 (11219) և 2022 (11576) թվականներին, որը բացատրվում է նրանով, որ դրան նախորդել է ԿՈՎԻԴ-19 համավարակը։ Համավարակով պայմանավորված՝ այն ուսուցիչները, որոնք պետք է վերապատրաստվեին այդ ժամանակահատվածում, վերապատրաստվել են դրան հաջորդող տարիներին։
Թվում է, թե բոլոր կողմերը գոհ պիտի լինեն գործընթացից, մինչդեռ մամուլը պարբերաբար լուսաբանում է ուսուցիչների դժգոհությունները վերապատրաստման գործընթացից, հատկապես դրա որակից և իրենց իրական կարիքներին՝ դրանց անհամապատասխանությունից։
Թվային և մեդիա կարողունակության օրինակը շարունակելով՝ 2023-2024 թթ. ՀՀ մարզերում և Երևանում իրականացվել է մեդիագրագիտության 16 դասընթացների շարք՝ որոնց հիմնական բովանդակությունը ներառում է՝ (ա) մեդիագրագիտության տեսություն, ցույց տալու, թե որքան է նման գրագիտության բարձր մակարդակն անհրաժեշտ ուսուցչի հետագա գրագետ գործունեության համար և (բ) աշխատանքային գործիքներ՝ ինչպես կարելի է մեդիագրագիտության մակարդակը բարձրացնել դասարաններում։ Վերապատրաստումների ընթացքում ուսուցիչները սովորում են կարևոր հմտություններ, օրինակ՝ նորությունների և տեղեկությունների աղբյուրների վերլուծություն, որի արդյունքում կարողանում են տարբերել հավաստի աղբյուրները՝ կեղծ կամ մանիպուլատիվ բովանդակությունից։ Վերապատրաստողները սովորեցնում են ուսուցիչներին կիրառել մի շարք մեթոդներ, որոնք վերջիններս կարող են փոխանցել նաև աշակերտներին, օրինակ՝ (1) աղբյուրի ծագման վերլուծություն՝ գնահատելու՝ արդյո՞ք աղբյուրը հուսալի է, (2) հետադարձ որոնում նկարներով՝ արդյո՞ք տվյալ պատկերը օգտագործվել է այլ համատեքստում և (3) տեղեկատվության խաչաձև ստուգում՝ համեմատելով տարբեր աղբյուրներում ներկայացված փաստերը։
Այս վերապատրաստումներից ակնկալիքն այն է, որ փոխանցված գիտելիքն ու հմտություններն ուսուցչին թույլ են տալու ավելի գրագետ և վստահելի տեղեկություններ փոխանցել աշակերտներին, միաժամանակ նրանց սովորեցնելով' լինել ավելի քննադատաբար մտածող մեդիայի սպառողներ:
Նման վերապատրաստումն անշուշտ ուսուցչին տալիս է գիտելիք և գործիքներ, որոնց նա թերևս «տիրապետում է», օրինակ՝ կարող է գործընկերներին պատմել «տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հիմունքների» մասին8։ Իսկ այս ամենից հետո ի՞նչ է նա «կարողանում» անել այն ցանկից, որն առաջարկում է չափորոշիչը։ Այս հարցին բավականին բարդ է հավաստի պատասխան տալ, քանի որ վերապատրաստումն ավարտվում է վերոնշյալ բաղադրիչներով՝ տեսություն և գործիքներ։ Դասընթացներում ներառված չեն հնարավորություններ՝ դասընթացի ավարտից հետո, հետագայում լսելու ուսուցիչների կարծիքներն այդ գործիքների կիրառման մասին և հետադարձ կապով հասկանալու, թե ինչ խնդիրներ են առաջանում դրանց կիրառման ընթացքում, ուսուցիչն ինչպես է արձագանքում այդ խնդիրներին, ինչ աջակցության կարիք ունի, ումից կարող է աջակցություն ստանալ անհրաժեշտության դեպքում։
Այսպիսով, ցանկացած վերապատրաստող կազմակերպություն ուսուցչին տալիս է տեսական գիտելիք և հիմնական մեթոդաբանական գործիքների ցանկ, բայց վերջինս չի կարող այն օգտագործել այնպես, ինչպես հարկն է։ Վերոնշյալ օրինակների հիման վրա կարող ենք եզրակացնել, որ չունենալով փոխանցված գիտելիքն ու հմտության մասին տեղեկությունը գործնականում և հետևողականորեն իր դասարանում կիրառելու, ինչպես նաև կիրառման շուրջ հետադարձ կապի հնարավորություն, խզում է առաջանում տեսության և կիրառման մեջ։ Ուսուցիչն էլ ունենալով դասավանդման արմատավորված սովորույթներ, շարունակում է այնպես, ինչպես անում էր մինչ այդ վերապատրաստումը և նույնիսկ նոր գործիքներն է ադապտացնում և կիրառում հին սովորութների համաձայն։ Իսկ ներկայում մոտ 39,000 ուսուցչից9 մոտավորապես կեսը 50 տ-ից բարձր են, որից մոտ 2000-ն ունի 8 և ավելի տարվա մանկավարժական ստաժ, այսինքն արմատավորված սովորույթներ և մանկավարժական վարք։
Մեկ այլ խնդիր է նաև ուսուցչի մոտիվացիան. արդյո՞ք այն ժամանակն ու ջանքը (օրինակ՝ փոխարինող ուսուցչի բացակայությունը և/կամ աշխատանք-վերապատրաստում համատեղելը), որ նա ներ է դնում մասնագիտական զարգացման համար, համարժե՞ք է նախատեսվող աշխատավարձի փոփոխությանը, թե՞ այն ավելին է, քան աշխատավարձի հավանական բարձրացման չափը։
Սրանք խնդիրներ են, որոնց եթե անդրադարձ չլինի, դժգոհությունները կշարունակվեն թե՛ ուսուցիչների կողմից, թե՛ աշակերտների ու նրանց ծնողների, ամրապնդելով կարծրատիպը, թե՝ «լավ ուսուցիչ այսօր չկա»։
Իսկ ի՞նչ կարելի է անել՝ բարելավելու վերապատրաստման պրակտիկան։ Վերապատրաստումների արդյունավետության տեսական և գործնական հետազոտությունները փաստում են, որ վերապատրաստումն ուսուցչի համար արդյունավետ է լինում միայն ու միայն այն դեպքում, երբ համադրված են հետևյալ 4 բաղադրիչները՝ (1) դասավանդման և սովորելու տեսությունների ըմբռնում, (2) իր դասավանդման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ հենց ուսուցչի կողմից ձևակերպված նպատակ, (3) դասավանդման մեթոդներ, որոնք մատուցվում են առնվազն երեք մեխանիզմներով՝ ա. մեթոդի բացատրություն և դրա կիրարկման օրինակի ներկայացում, բ. քննարկման և արձագանքման հնարավորություն, գ. ուսուցչի կողմից փորձարկելու մեթոդը փորձարկելու հնարավորություն և (4) նոր գիտելիքի և մեթոդների հետևողական կիրառման հնարավորություն՝ հետադարձ կապի մեխանիզմներով10։ Չնայած հայաստանյան իրականությունում վերապատրաստման պրակտիկայում հիմնականում առկա են առաջին 3 բաղադրիչները, գրեթե իսպառ բացակայում է վերջինը՝ պրակտիկայում սովորածի կիրառությունը։ Եղածն էլ դեռևս բավականին անարդյունավետ է, քանի որ հիմնականում նմանվում է իմիտացիայի, ոչ թե իրական սովորելու գործընթացի։ Իսկ եթե չկա վերջին բաղադրիչը, միջազգային փորձը ցույց է տալիս, որ որևէ վերապատրաստում չի կարող փոխել ուսուցչի մոտեցումները և սովորույթները։
Հիմնվելով միջազգային լավագույն փորձի և հետազոտական եզրակացությունների վրա, առաջարկվում է հետևյալ լուծումը․ թեթևացնել վերապատրաստման ծրագրի ծանրաբեռնվածությունը վերոնշյալ առաջին և երրորդ բաղադրիչներում և առավել շատ ժամանակ հատկացնել՝ մոտիվացնելու ուսուցիչին, որպեսզի նա ինքնուրույն սահմանի իր փորձի փոփոխության նպատակը և երկրորդ, համաչափորեն ներդնել նոր գիտելիքի և մեթոդների հետևողական կիրառման հնարավորություն։ Օրինակ՝ 3-րդ բաղադրիչում ծանրաբեռնվածությունը կարելի է թեթևացնել, 5-ի փոխարեն ներառելով ընդամենը 2 նոր մեթոդ, և դասընթացից հետո այդ 2 մեթոդի կիրառումը հետևողականորեն դիտարկել վերապատրաստված ուսուցչի դասարանում։ 4-րդ բաղադրիչի ներդրումը հնարավոր է մի քանի եղանակով՝ մենթորինգ, դասալսում, մեթոդական միավորման հետ տարվող աշխատանքներ, սոցիալական ցանցերում առկա ուսուցչական համայնքներում փորձառու ուսուցիչների, կրթության հետազոտողների և փորձագետների ներգրավում։ Թերևս նշված եղանակներից ամենախնդրահարույցը Հայաստանում դասալսումն է, որովհետև այն պատմականորեն ընկալվում է որպես վերահսկման մեխանիզմ, մինչդեռ դասալսողն ուսուցչի հետ պետք է այնպես աշխատի, որ ուսուցիչն այն դիտարկի որպես սովորելու մեխանիզմ։ Դասալսումը չպետք է վերածվի «հանդեսի», այլ այն պետք է ցույց կտա, թե ինչպես են վերապատրաստման բոլոր 3 բաղադրիչները կիրառվում պրակտիկայում։ Այս ամենն, իհարկե, համապատասխան բյուջեով։
Եվ թեև վերջում, բայց նույնչափ կարևոր է հետևողական վերապատրաստման գործընթացը։ Եթե ուսուցիչը վերապատրաստվել է նոր մեթոդաբանությամբ, և դա ներածական վերապատրաստում է եղել, արդյո՞ք նա հնարավորություն ունի մասնակցել դրան հաջորդող ավելի խորացված վերապատրաստման, որպեսզի իր գիտելիքն ու հմտությունները տվյալ բովանդակությամբ խորանան։
Որպես ամփոփում կարևոր է նշել, որ նոր չափորոշչի ներդրումը, որը շեշտադրում է ուսուցչի և աշակերտի միջև որակյալ հարաբերությունները, կարողունակությունների վրա հիմնված կրթական գործընթացի կազմակերպումը, պահանջում է շարունակական ուշադրություն, գործնական փոփոխություններ վերապատրաստման մեխանիզմներում և հետադարձ կապի ակտիվ, գործուն մեխանիզմների առկայություն: Նոր պահանջների բավարարման համար անհրաժեշտ է մի կողմից խրախուսել ուսուցչին, օգնել նրան հստակեցնելու իր իսկ դասավանդումը բարելավելու սեփական մոտիվացիան և չհիմնվել միայն արտաքին մոտիվացիա վրա, ինչպիսին է, օրինակ, աշխատավարձի բարձրացումը, մյուս կողմից էլ նրան տրամադրվող աջակցությունը, մասնավորապես վերապատրաստումը, կազմակերպել որպես հետևողական, շարունակական, կարիքների վրա հիմնված, սխալների շտկան հնարավորություն ընձեռող գործընթաց։
1. Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-Ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. https://www.arlis.am/documentview.aspx?docid=149788. Վերջին անգամ դիտվել է 22.10.2024
2. Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-Ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. https://www.arlis.am/documentview.aspx?docid=149788. Վերջին անգամ դիտվել է 22.10.2024
3. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի օգոստոսի 5-ի N 30-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 168-Ն հրաման
4. Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգ. https://www.arlis.am/documentview.aspx?docid=173569. Վերջին անգամ դիտվել է 17.10.2024
5. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանը Հանրակրթական հիմնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին. https://escs.am/files/files/2021-03-17/bb274a81d92a24f1f2c544a4169c92f7.pdf). Վերջին անգամ դիտվել է 22.10.2024
6. https://www.arlis.am/documentview.aspx?docid=150851. Վերջին անգամ դիտվել է 17.10.2024
7. Տվյալները տրամադրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։
8. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանը Հանրակրթական հիմնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին. Էջ 5
9. Տվյալները տրամադրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։
10. Sims, S., Fletcher-Wood, H., O'Mara-Eves, A., Cottingham, S., Stansfield, C., Goodrich, J., Van Herwegen, J., Anders, J. (2022). Effective teacher professional development: new theory and a meta-analytic test? (CEPEO Working Paper No. 22-02). Centre for Education Policy and Equalising Opportunities, UCL. https://EconPapers.repec.org/RePEc:ucl:cepeow:22-02
Visibility requirement: Research papers produced by the alumni of the "Youth Power for Youth Policy" Summer Schools will feature identification of the ACE program, visibly displaying the logos of USAID, PH International and ICHD, of supporters and/or co-sponsors as relevant, and acknowledging the research author/s.
Սույն համառոտագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։