ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Միգրացիոն տեղեկատվության կառավարման համակարգի բարեփոխումները

08.10.2009

Կառավարման երկվորյակները

Անվիճելի է, որ միգրացիոն քաղաքականության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է միգրացիոն միտումները նկարագրող պատշաճ ու հանգամանալի վիճակագրության առկայությամբ: Միաժամանակ, միգրացիայի կարգավորման ընթացակարգերի արդյունավետությունը և ծառայությունների մատուցման որակը պայմանավորված են միգրացիոն տեղեկատվության հոսքերի և հաշվառման գործառույթների պատշաճ կազմակերպմամբ:

Միգրացիոն հոսքերի հաշվառման ընթացիկ համակարգը

Իմիգրացիոն հոսքերի վարչական հաշվառումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է մի շարք գերատեսչությունների կողմից՝ իրենց գործառույթների շրջանակներում: Այսպես, ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Սահմանային կետերում տեղեկատվության հավաքագրման համակարգը (ՍԿՏՀ) ապահովում է հիմնականում իմիգրացիայի վերաբերյալ տվյալների հավաքագրումը, միաժամանակ գրանցում երկրից դուրս եկողներին: ՀՀ սահմանային կետերում և ՀՀ տարածքում օտարերկրացիներին վիզաների տրամադրման, դրանց ժամկետների երկարաձգման, ինչպես նաև կացության թույլտվությունների վերաբերյալ փաստաթղթերի ընդունման գործառույթներով պայմանավորված տվյալների հավաքագրումն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանությունը: Արտերկրում օտարերկրացիներին Հայաստան մուտքի վիզաների տրամադրման վերաբերյալ տվյալները մասնակիորեն հավաքագրում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը՝ դիվանագիտական առաքելությունների ու հյուպատոսական հիմնարկների միջոցով: Օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ քաղաքացիություն տրամադրելու, ինչպես նաև ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման վերաբերյալ տեղեկությունները տնօրինում է ՀՀ Ոստիկանությունը: ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկը տնօրինում է ԱԱԾ-ն: ՀՀ-ում ապաստան հայցողների և ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների կենտրոնացված հաշվառումը և  տեղեկատվական բանկը,  արտերկրում առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման գործընթացի վերաբերյալ տվյալները տնօրինում է միգրացիոն գործակալությունը և այլն:

Հայաստանում ներկայում գործող էմիգրացիոն հոսքերի վիճակագրության հիմնական աղբյուրը ՀՀ Ոստիկանության անձնագրային ծառայությունների տարածքային ստորաբաժանումներն են, որոնք իրականացնում են բնակչության տվյալների հաշվառումն ու հաշվառումից հանելու գործառույթները: Այնուամենայնիվ, վերջինս չի արտացոլում բնակչության տեղաշարժի իրական ծավալը, քանի որ բնակչության զգալի մասը դուրս է գալիս հանրապետության տարածքից և համեմատաբար երկար ժամկետով բնակություն է հաստատում արտասահմանում` առանց գրանցումից դուրս գալու:

Եվրաչափանիշները

Տրամաբանորեն, միգրացիոն վիճակագրությունը պետք է համապատասխանի Հայաստանում վիճակագրությանը ներկայացվող պահանջներին: Սակայն այն պետք է համապատասխանի նաև անկողմնակալության, հուսալիության, օբյեկտիվության, գիտականորեն հիմնավորվածության, ծախսարդյունավետության և վիճակագրական գաղտնիության միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին:

Եվրոպական չափանիշներին համապատասխան և համադրելի միգրացիոն վիճակագրության ձևավորման համար անհրաժեշտ է ոչ միայն ներդնել վիճակագրական տվյալների հավաքման հուսալի համակարգ, այլև միասնականացնել միգրացիայի ոլորտում հասկացությունների սահմանումները՝ դրանք հնարավորինս համապատասխանեցնելով համաեվրոպական օրենսդրության (acquis) շրջանակներում սահմանված հասկացություններին: Օրինակ՝ Հայաստանում արդեն իսկ օրենսդրորեն սահմանված են ապաստանի, կամավոր վերադարձի, փախստականի, ընտանիքի անդամների, քաղաքացիության և այլ հասկացությունները: Այդուհանդերձ, միգրացիայի հիմնական հասկացությունները, այդ թվում՝ իմիգրացիան և էմիգրացիան սահմանված չեն: Հայաստանում օտարերկրացիների վերաբերյալ անհատական տվյալների պաշտպանությունը ամրագրված է օրենսդրորեն: Այդուհանդերձ, օտարերկրացիների հաշվառման միասնական ռեգիստրի բացակայության պարագայում, առանձին տվյալների բանկերից օգտվելու իրավունք ունեցող մարմինների նեղ շրջանակը սահմանափակում է միգրացիայի կարգավորման ընթացակարգերի արդյունավետությունը՝ մեծացնում է առանձին վարչական վարույթների տևողությունը:

Տեղեկատվական գլուխկոտրուկ

Ընդհանուր առմամբ, չնայած վերը նշված գերատեսչություններում օտարերկրացիների մուտքի/ելքի վերաբերյալ առանձին տվյալների առկայությանը, այդ տվյալների հիման վրա միասնական վիճակագրական վերլուծություն չի իրականացվում: Հայաստան ժամանող և հանրապետությունից մեկնող անձանց ներկայում գործող հաշվառումը ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը հնարավորություն չի տալիս գնահատելու միգրացիոն շարժի կառուցվածքն ու միտումները: Բացակայում են ՀՀ տարածքում գտնվող օտարերկրացիների միգրացիոն կարգավիճակի փոփոխության մասին տեղեկությունները, այդ թվում` համապատասխան թույլտվությունների ուժը կորցրած լինելու հանգամանքը, ՀՀ-ում սովորող օտարերկրացիների գրանցումը և այլն: ԱՎԾ-ի համար անմիջականորեն մատչելի չեն, մասնավորապես, ԱԱԾ-ի ՍԿՏՀ և ՀՀ Ոստիկանության տվյալների շտեմարանները: Չնայած ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է քայլեր ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու և դրա շահագործումը կանոնակարգելու ուղղությամբ, այնուամենայնիվ միգրացիայի վարչական հաշվառման համակարգը արդյունավետ չէ, վերը նշված տվյալների գերատեսչական շտեմարանները ֆիզիկապես փոխկապակցված չեն, բավարար կերպով չեն ապահովում միասնական կերպով ներդաշնակեցված տվյալների կանոնավոր, ժամանակին և արագ տրամադրումը և չեն ընձեռում տվյալների ամբողջական վերլուծություն իրականացնելու հնարավորություն: Ավելի՛ն, առանձին տեղեկատվական բազաների փոխկապակցված չլինելու հանգամանքը, ինչպես նաև ՀՀ տարածքում օտարերկրացիների տեղաշարժի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության բացակայությունը, մարտահրավերներ է ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար:

Երեք խնձոր

Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակման, իրականացման և վերահսկողության, ինչպես նաև միգրացիայի կարգավորման ընթացակարգերի արդյունավետությունը մեծացնելու, միգրացիոն միտումները նկարագրող վիճակագրությունն ամբողջականացնելու նպատակով անհրաժեշտ են երեք հիմնական քայլեր:

Նախ, անհրաժեշտ է ապահովել միգրացիայի վերաբերյալ տվյալների հավաքագրման և վիճակագրության վարման համապատասխանությունը ԵՄ չափանիշներին: Մասնավորապես, հարկ է սահմանել միգրացիայի ոլորտում հասկացությունները, ինչպես նաև միգրացիոն վիճակագրական տեղեկատվությանը և անհատական տվյալների ավտոմատացված վերամշակման առնչությամբ անհատների պաշտպանությանը ներկայացվող միասնական պահանջները՝ ԵՄ օրենսդրության դրույթներին համապատասխան: Հարկ է ստորագրել ներքին և միջազգային տեղաշարժի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման առանձին երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր, ներդնել անհատական տվյալների բիոմետրիկ փաստաթղթերը, ինչպես նաև պատրաստել միգրացիոն վիճակագրության ազգային զեկույցներ ու տարեգրքեր:

Երկրորդ, անհրաժեշտ է ստեղծել միգրացիայի տվյալների կառավարման միասնական էլեկտրոնային համակարգ` միգրացիայի վիճակագրության ցուցանիշների հիման վրա տվյալների հավաքագրման, վերլուծության և փոխանակման մեթոդաբանության և ծրագրային ապահովման մշակման, միգրացիայի վերաբերյալ էլեկտրոնային շտեմարաններ տվյալների մուտքագրման, փոխանակման, համատեղ օգտագործման և տվյալների ծածկագրման ու գաղտնազերծման ավտոմատացված ընթացակարգերի ներդրման, տվյալների շտեմարանները վարելու և առանձին տվյալներից օգտվելու պատասխանատու մարմինների իրավասության շրջանակն ու սահմանափակ հասանելիության ռեժիմը սահմանելու, տվյալների միջգերատեսչական փոխանակման կարգի մշակման, շտեմարանները վարելու և դրանց տվյալներից օգտվելու նկատմամբ պատշաճ վերահսկողության սահմանելու միջոցով:

Ի վերջո, անհրաժեշտ է բարելավել միգրացիայի կառավարման գործընթացում ներգրավված մարմինների կարողությունները. սահմանել  տվյալների կառավարման գործընթացը համակարգող պետական կառավարման մարմնի լիազորությունները, առանձին պետական մարմիններին վերապահել ծածկագրման ու գաղտնազերծման իրավասություններ, իսկ այդ մարմինների աշխատակազմերի գաղտնագրող (ծածկագրող) և սահմանի վրա աշխատող ծառայողների համար կազմակերպել վերապատրաստման դասընթացներ:


Համառոտագիրը մշակվել է «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը» ծրագրի շրջանակներում 2009թ-ի սեպտեմբերի 18-ին կայացած կլոր սեղանի մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։