- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2006 - 2010
Մեծ թիվ չեն կազմում քաղաքացիական հասարակության այն նախաձեռնությունները, որոնց շրջանակներում հայերն ու ադրբեջանցիները հավաքվում են մեկ սեղանի շուրջ՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության խնդիրները: Հաճախ նման մտահղացումները սահմանափակվում են երրորդ երկրներում տեղի ունեցող հանդիպումներով և համաժողովներով, որոնց վերջնարդյունքը դառնում է հայ և ադրբեջանցի մասնակիցների միջև անձնական հարաբերությունների ձևավորումը: Սակայն, նման հանդիպումների ու փոխգործակցության շրջանակներում, որպես կանոն, հակամարտության ամենախրթին հարցերը լռության են մատնվում և չեն բարձրաձայնվում:
Մինչ որոշում կայացնողները բանակցային սեղանի շուրջ զբաղված են հակամարտության կարգավորման գործով, ժողովուրդը, թվում է, օտարված է իր համար կենսական նշանակություն ունեցող խնդրի կարգավորման գործընթացից: Մինչդեռ երկու երկրների հասարակություններն իրենց ձայնը բանակցային գործընթացի պատասխանատուներին հասանելի դարձնելու արդյունավետ մեխանիզմների հույժ կարիք են զգում:
Ժողովրդի ձայնը որոշում կայացնողներին հասանելի դարձնելու ամենաարդյունավետ մեխանիզմներից մեկը ՄԶՄԿ կողմից ներդրված համահամայնքային քննարկումներն են: 2006-2007թթ. նշված մեխանիզմը ՄԶՄԿ կողմից առաջին անգամ կիրառվել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին ժողովրդի կարծիքն ու ակնկալիքները բացահայտելու նպատակով:
Միացյալ Թագավորության դեսպանատան աջակցությամբ ՄԶՄԿ-ն 2006թ. փետրվար-մարտ ամիսներին Հայաստանի չորս քաղաքներում (Իջևան, Գավառ, Կապան և Մեղրի), իսկ այնուհետև 2007թ. ԼՂՀ երեք քաղաքներում (Ստեփանակերտ, Մարտունի և Մարտակերտ) կազմակերպեց համահամայնքային քննարկումներ: Ավելի քան 430 մասնակիցներ Հայաստանում և 300 ԼՂՀ-ում, նրանց թվում՝ բուժաշխատողներ, երիտասարդներ և ուսանողներ, ինժեներներ, միջնորդներ, քաղծառայողներ և գործարարներ, գործազուրկներ և աշխատողներ, պատերազմի մասնակիցներ, զինվորներ և սպաներ մասնակցեցին այս քննարկումներին, որոնց արդյունքում արտահայտվեցին ավելի քան 3000 մտքեր ու մտահոգություններ, վեր հանվեցին ժողովրդի ակնկալիքները գործընթացից ու իշխանություններից:
Քննարկումներն ընթանում էին ՄԶՄԿ կողմից մշակված 5 սցենարների շուրջ՝ «Ադրբեջանի կազմում. խորհրդային տարիների ադրբեջանական քաղաքականության վերանայում», «Լեռնային Ղարաբաղ. անկախ կամ Հայաստանի կազմում», «Կարգավիճակի հարցը` ապագայում», «Հետաձգված որոշում՝ կոնկրետ երաշխիքներ»:
«Ժողովո՛ւրդ, բաց և անկաշկանդ եղեք: Այս մարդկանց միջոցով մեր կարծիքները կհասնեն Նախագահին», - հորդորեց մասնակիցներից մեկը: Բանավեճի խորացմանը զուգընթաց, մարդիկ ավելի ու ավելի շատ մտքեր էին արտահայտում, ներկայացնում փաստարկներ, կիսվում իրենց վախերով ու անհանգստություններով, յուրաքանչյուր անգամ անդրադարձ կատարում իրենց արժեքներին, կարծրատիպերին և հավատալիքներին և հետզհետե խորանում իրենց շահերի, փաստարկների, դիրքերի ու մտադրութույնների մեջ: Համահամայնքային առաջին յոթ քննարկումների արդյունքներն իրենց արձագանքը գտան Հայաստանում որոշումների կայացման գործընթացում:
2008թ. ՄԶՄԿ-ն ադրբեջանական առաջատար հասարակական կազմակերպություններից մեկի՝ «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» հետ համագործակցությամբ որոշեց կրկին օգտվել համահամայնքային քննարկումերի այս գործիքի հնարավորություններից՝ առաջարկելով դրա օգտագործման նոր եղանակ և ձևաչափ՝ բանավեճ և երկխոսություն ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ:
Գործընկերները, հիմնվելով Հայաստանում 2006-2007թթ. իրականացված հաջողված փորձի վրա, համաձայնվեցին նախաձեռնել «երկխոսություն տարածության մեջ» հայ և ադրբեջանցի հասարակությունների միջև՝ կիրառելով համահամայնքային քննարկումների մեխանիզմը, որը թույլ կտար հակամարտող հասարակությունների անդամներին ներքաշել ԼՂ հիմնախնդրի կարգավորման սցենարների շուրջ բաց և երկու երկրներում զուգահեռաբար ընթացող քննարկումների մեջ:
Ծրագիրը մեկնարկեց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան աջակցությամբ Համընդհանուր հակամարտությունների կանխարգելման հիմնադրամի միջոցներով: Երկամյա ծրագրի շրջանակներում գործընկերները, նախ, պետական իշխանության պատասխանատու մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ խորհրդակցելով, մշակեցին ԼՂ հակամարտության կարգավորման հինգ սցենարներ, որից հետո, տասական համահամայնքային քննարկումներ իրականացրեցին Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև երեք քննարկումներ՝ ԼՂՀ-ում: Ընդհանուր առմամբ քննարկումներին մասնակցեցին շուրջ երկու հազար հինգ հարյուր քաղաքացի:
ՄԶՄԿ առաջարկությամբ ներդրվեց քննարկման արդյունքների վերլուծության ուրույն մեթոդաբանություն: Այն հնարավորություն տվեց երկու երկրներում զուգահեռաբար իրականացվող քննարկումները վերածել մեկ բանավեճ-երկխոսության, այն կերպ՝ կարծես հայերն ու ադրբեջանցիները խնդիրը քննարկում են նույն սեղանի շուրջ: Գործընկերները 2010թ.-ին նախատեսում են իրականացնել ծրագրի արդյունքների ընդգրկուն և ամբողջական վերլուծություն, հրապարակել այն և տրամադրել բոլոր շահագրգիռ կողմերին: Վերլուծությունը հնարավորություն կընձեռի որոշում կայացնողներին ծանոթանալ ժողովրդի իրական կարծիքի և ակնկալիքների հետ, իսկ յուրաքանչյուր երկրի հանրությանը՝ ծանոթանալ խնդրի կարգավորման մասին հարևան երկրի ժողովրդի կարծիքի հետ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>Հայաստանի Հանրապետությունում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու և հասարակությանը հուզող խնդրի քննարկումներին ակտիվորեն ներգրավելու նպատակով, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱԺ, ՄԱԶԾ, ՕքսԵՋեն և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամների հետ համագործակցությամբ, ՀՀ երեք մարզերի համայնքներում 2021թ. փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնեց համահամայնքային քննարկումների շարք: