ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Միջնորդ դատարանների ինստիտուտի կայացումը Հայաստանում

25.03.2005

Բոլո՞ր ճանապարհներն են տանում դեպի դատարան

«Վեճ ունես` գնա՜ դատարան» պնդումը հիրավի նոր, առավել քաղաքակիրթ գոյաձևի կարգախոսը կարող ենք համարել: Սակայն արդյո՞ք մեկ դուռ ունի այն դարպասը, որից անդին լուծումներն են:

Կայացած անկախ դատական համակարգ ունեցող պետություններում դատարանների հետ մեկտեղ գործում են վեճերի այլընտրանքային լուծումներ առաջարկող մի շարք ինստիտուտներ (այդ թվում նաև արբիտրաժի մարմինները): Վեճերը հնարավոր է կանխել մինչև ի հայտ գալը, դրանց լուծման ճանապարհին միշտ էլ հնարավոր են այլընտրանքային մեթոդներ, որոնք երկու կողմի համար էլ կլինեն շահավետ, նվազ ծախսատար, կապահովեն արագություն, օբյեկտիվություն, անկողմնակալություն և յուրաքանչյուր առանձին խնդիր նկատմամբ անհրաժեշտ յուրահատուկ մոտեցում: Իսկ որո՞նք են շուկայական տնտեսությանը բնորոշ քաղաքացիաիրավական և պայմանագրային նոր բազմաբնույթ հարաբերությունների ներկա առաջանցիկ զարգացումը սպասարկող մեր այլընտրանքները:

Ունենք այն` ինչ ունենք

1999 թվականից ուժի մեջ է մտել «ՀՀ միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին» ՀՀ օրենքը, որից հետո հանրապետությունում ձևավորվել և գործում են մի քանի կազմակերպություններին առընթեր միջնորդ դատարաններ: Դրանց կողմից մատուցվող ծառայությունների հանդեպ առկա է որոշակի, թեկուզ և նվազագույն, պահանջարկ (տարեկան քննվում է 25-ից 30 գործ): Նոր կայացող ինստիտուտի համար ցուցանիշը կարծես թե տեղավորվում է «տրամաբանության» շրջանակներում: Դատական համակարգն էլ, կարծես, չի դժգոհում. այն ինչ-որ չափով նվազեցնում է ծանրաբեռնվածությունն, իսկ իրական մրցակից դառնալուց չափազանց հեռու է: Գործարար հատվածն առավելապես վստահում է վեճերի լուծման «ավանդական» մեթոդներին: Այսինքն հիմնական դերակատարներին առանձնապես չի հուզում իրերի ներկա դրությունը, իսկ հետաքրքրվողներին էլ չի հաջողվում առկա խնդիրները լսելի դարձնել թե՜ հասարական և թե՜ պետական մակարդակներում: 

Առկա է նաև օրենսդրական խառնաշփոթ, երբ գործում է արբիտրաժի բովանդակությամբ օրենք միջնորդություն անվան տակ, որի հետևանքով խաթարվում է թե՜ միջնորդության ինստիտուտի և, թե՜ արբիտրաժի ինստիտուտի հայեցակարգային հասկացություններն ու հետագա զարգացման հեռանկարները: Միջնորդությունը և արբիտրաժը երկու տարբեր, սակայն, միևնույն ժամանակ կարևոր ու փոխլրացնող գործառույթներ ունեն: Խնդիրը պարզապես հասկացողությունները չեն, այլ այն, որ խորհրդային ժամանակներից ժառանգած արբիտրաժ հասկացությունը միջնորդ դատարան հասկա­ցողությամբ փոխարինելու լուծումը վաղուց սպառել է իրեն: Թեման մշակված է, օրենսդրության փոփոխության առաջարկությունները վաղուց նախապատրաստված, խնդիրն առավելագույնս հասունացած է: Ավելին, առկա են նաև միջնորդի` իբրև ինստիտուտի ձևավորման նոր հիմքեր (օրինակ` 2004 թվականին ընդունված ՀՀ Աշխատանքային նոր օրենսգիրքը):

Միանալով “Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին” նյույորքյան կոնվենցիային` բացվել են հանրապետության դռները օտարերկրյա արբիտրաժների առջև, մինչդեռ, ի դեմս միջնորդ դատարանի չունենալով արբիտրաժի դասական համակարգ, չենք բացել ամենակարևորը` մեր ելքի դուռը դեպի արտաքին աշխարհ:

Խնդիրները

Դեռևս 6 տարի առաջ ՀՀ ԱԺ կողմից ընդունված և ներկայում գործող միջնորդ դատարանների (արբիտրաժի) օրենսդրությունը, ինչի վրա պետք է կառուցվեր այդ նոր ինստիտուտը, զգալիորեն զիջում է միջազգային արբիտրաժային օրենսդրությանը, հաշվի չի առնում առկա միջազգային փորձն ու չի պարունակում մի շարք սկզբունքային խնդիրներ կարգավորող դրույթներ:

Չպետք է մոռանալ, որ արբիտրաժն արդարադատության համակարգի մասնիկ է, և, որպես այդպիսին, արդարադատության իրականացման և ապահովման հասարակական կամ «մասնավոր» ծառայություն է մատուցում: Մինչդեռ արդարադատության գործառույթի մենաշնորհը դե ֆակտո մնում է պետության «ձեռքում», իսկ արբիտրաժն ընկալվում է որպես այդ համակարգի «խորթ զավակ»: Խնդիրները չեն սահմանափակվում զուտ օրենսդրության և իշխանական լիազորությունների շրջանակներով: Նույն ինքը` հասարակության գործարար հատվածը, մեծապես ներկայացված լինելով օրենսդիր իշխանության մեջ, չի խթանում նոր համակարգի ձևավորումը: Այնինչ, թվում է, թե հենց այն առաջին շահագրգիռ կողմը պիտի լիներ:

Խնդիրներ իհարկե շատ կան, սակայն կարծես գոյություն ունի մի անտեսանելի խոչընդոտ, որն արգելակում է այս ինստիտուտի զարգացումը` դիտարկելով այն իբրև դատական համակարգին մրցակից, վախենալով մենաշնորհային դիրքի թուլացումից ու, որպես հետևանք, հնարավոր «անկառավարելիությունից» և իրավասությունների վերաբաշխումից:

Ինչ անե՞լ

Խնդիրը երկակի է. լուծումը նույնպես երկակի մոտեցում է պահանջում: Այսօրվա պայմաններում նպատակահարմար է նախ տարանջատել միջնորդությունը արբիտրաժից` յուրաքանչյուրի զարգացումը դիտարկելով առանձին: Իսկ արբիտրաժային դատարանների առումով անհրաժեշտություն կա փոխել օրենսդրության այն դրույթները, որոնք (անհասկանալի պատճառներով) ակնհայտորեն անվստահություն են հայտնում արբիտրաժային (միջնորդ) դատարաններին և գերվստահություն են շնորհում մյուս դատարաններին:

Այսպիսով առկա է օրենսդրության բարեփոխումների կարիք, որն էլ իր հերթին զգում է հասարակության աջակցության անհրաժեշտությունը: Նախ. նորօրյա իրողությունները պահանջում են, որ վեճերի այլընտրանքային լուծման համակարգը դուրս չմնա նաև մեր կրթական համակարգի ուշադրության կենտրոնից: Երկրորդ. այն չպետք է սահմանափակվի միմիայն ժամանակին համահունչ համալսարանական կրթության հարցերով, այլ պետք է ներառի նաև հասարակական իրազեկության և իրավագիտակցության բարձրացման խնդիրները: Երրորդ. գործարար հատվածը պետք է ընկալի, որ ինքն այս ինստիտուտի ուղղակի շահառուն է, ուրեմն պիտի բոլոր միջոցներով, այդ թվում օրենսդիր մարմնում իր ներկայացվածությամբ ներազդելու խնդիրների կարգավորման վրա: Չորրորդ. քաղաքականություն մշակողները կարող են մեծապես նպաստել կարևոր այս ինստիտուտի արագ զարգացմանը` իբրև ևս մեկ քայլ «ավելի քաղաքակիրթ տնտեսավարում և կենսակերպ» ճանապարհին :


Համառոտագիրը մշակվել է 2005թ. մարտի 25-ին «Միջնորդ դատարանի ինստիտուտի զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։