ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Գունավոր հեղափոխությունների տեսիլքը. Հայաստան, Ադրբեջան

07.06.2005

Մեծ շահերի հորձանուտում

Խորհրդային Միության փլուզումից հետո արևմուտքի երկրները, արևմտյան կապիտալի վրա հիմնված միջազգային ֆինանսական կազմակերպությունները միլիարդներ ծախսեցին, տեխնիկական ու խորհրդատվական օժանդակություն իրականացրին նորանկախ հանրապետությունները զարգացման «արևմտյան» մոդելի հուն մտցնելու համար: Կառուցվածքային բարեփոխումների ավելի քան տասնամյա ժամանակահատվածը մեկ հարց պիտի լուծեր. այն պիտի նախկին ԽՍՀՄ հանրապետությունները կանխատեսելի ու «անվտանգ» ուղու վրա դներ: Որքանով է դա հաջողվել` այլ վերլուծության թեմա է, մինչդեռ ակտիվացող պուտինյան Ռուսաստանը նոր մարտահրավերներ առաջադրեց ավելի քան տասնամյակ առաջ որդեգրված սցենարին: Իրեն «Եվրասիական երկիր» հռչակելով` Ռուսաստանն սկսեց ակնհայտ ծավալապաշտական նկրտումներ ցուցաբերել հարևան երկրներում` վտանգելով Արևմուտքի բազմամիլիոն ներդրումների պտուղները. մի բան, որ արևածաղիկ վաճառողների մակարդակում անգամ սովորաբար չի ներվում:

Թվում է` որոշումն արդեն կայացվել է: ԱՊՀ երկրներում դեպի իրական ժողովրդավարություն և դեպի Արևմուտք կտրուկ շրջադարձը, կամ այն, ինչ վերջերս առավել հաճախ «հեղափոխություն» է ընդունված անվանել, այլևս պարտադիր է, նույնիսկ` պարտադրված:

ԱՊՀ 9 նախագահների կողմից ԵԱՀԿ դեմ ստորագրված հայտնի հայտարարությունն, ըստ էության, Արևմուտքի կողմից ընդունվեց որպես բունտ: Տպավորություն է ստեղծվում, որ դա չի ներվել ու չպիտի ներվի: Արևմուտքն սկսեց ուղղակիորեն «զբաղվել» այդ նույն 9 (+1) նախագահներով: Առաջին «հաջողությունները» լայն արձագանք գտան ողջ աշխարհում: Ավելին, այսօր Վրաստանի և Ուկրաինայի իմիջն արհեստականորեն բարձրացվում է, իրողություններն ու «վարդերի ու նարինջների» բերած բոնուսները ներկայացվում են ավելի վառ գույներով, քան իրականում կան: Նպատակը հստակ է. նույն ճանապարհն ընտրելու ցանկությունը խթանելու նպատակով խանդ առաջացնել հարևան երկրների հասարակությունների մոտ:

Vox populi, vos dei (1)

Միջազգային հանրությունը ցանկացած խնդիր քննարկելիս հակված է Հարավային Կովկասը դիտելու որպես մեկ միասնական, համանման խնդիրներ ու հեռանկարներ ունեցող միավոր: Հավասարության նշան է դրվում գրեթե բոլոր ոլորտների շուրջ գնահատականներում ու մոտեցումներում: Այնուամենայնիվ, վարդերի հեղափոխությունը Վրաստանին հնարավորություն տվեց վեր կանգնել հավասարության այդ նշանից: Արդյունքում այսօր նշանը գործում է միայն Հայաստանի և Ադրբեջանի համար: Օրինակ “Freedom House” միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում Հայաստանն ու Ադրբեջանը ժողովրդավարության տեսանկյունից կրկին հավասար` ցածր մակարդակի վրա են:

Ինչ գնահատական տալ այսօրինակ իրողություններին. ճնշում անուղղակի միջոցներո՞վ, «գունավոր» հեղափոխությունների ներմուծման և տեղայնացման փո՞րձ, թե՞, այնուամենայնիվ, անհրաժեշտ է բացել աչքերն ու համաձայնել, որ համաշխարհային թատերաբեմում մեր համեստ դերով հազիվ թե կարող ենք ակնկալել անչափ մեծ «ուշադրություն»: Անառարկելի է` արևմուտքն առաջարկում է իր կողմից փորձարկված ինչ-որ ճանապարհ: Իսկ վերջին ընտրությունը ժողովրդինն է: 

Միևնույն ժամանակ նույն ժողովրդին, կարծես, քիչ է մտահոգում իրերի բուն դրությունը: Հայաստանը կամովին զիջեց իր ոչ վաղ անցյալում դժվարությամբ վաստակած «ժողովրդավարության կղզյակի» համբավը, իսկ Ադրբեջանը կարծես չի էլ ձգտում դրան: Չկա մրցակցություն: Մինչդեռ առկա է իներցիա. «Վրաստանում, Ուկրաինայում, Ղրղզստանում կամ այլուր հեղափոխություն է. եկեք մենք էլ անենք»: Մոտեցման կողմնակիցները բերում են հետևյալ փաստարկները. հասարակության շրջանում հասունացել է դժգոհություն ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին միջավայրի հանդեպ, հասարակությունը պատրաստակամ է և դեռ «հրապարակում է», այսինքն հեղափոխությունը վաղուց է սկսվել (օրինակ` որոշ փորձագետների կարծիքով Հայաստանում` 2003 թվականից), այնինչ լիդերները «տուն են ճողոպրել»: Ժողովուրդն այսօր էլ «դեռ փողոցում է»:

Աքիլեսյան գարշապարը

Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում խնդրո առարկան այլ, ավելի նուրբ համատեքստ ու նրբերանգներ ունի: Փորձը ցույց է տվել, որ ո՜չ ընտրությունների կեղծումը, ո՜չ ռեժիմների ավելի ու ավելի կարծրացող գործելաոճը և ո՜չ էլ այլ հասարակական-քաղաքական երևույթներ ո՜չ Ադրբեջանում և ո՜չ էլ Հայաստանում չեն կարող փողոց հանել հասարակության լայն զանգվածների: Միակ խնդիրը, որն իրապես ունակ է երկու երկրներում ժողովրդական ալիք բարձրացնել այսօր, Ղարաբաղի հիմնահարցն է: Իսկ որքանո՞վ է հայ և ադրբեջանական ժողովուրդների շահերից բխում Ղարաբաղի խնդրի օգտագործմամբ պարտադրված հեղափոխության/իշխանափոխության սցենարը:

Օբյեկտիվ իրականության գույները

Ղարաբաղյան հակամարտության ներկա փուլը թե՜ Ադրբեջանում և թե՜ Հայաստանում գրեթե նույնական ազդեցություն ունի քաղաքական կոնյուկտուրայի վրա: Եթե Ղարաբաղի հարցն առժամանակ սառեցված լիներ, ապա դա մեծ խթան կհանդիսանար Հայաստանում և Ադրբեջանում քաղաքական փոփոխությունների համար: Ցանկացած քաղաքական փոփոխություն, առավել ևս հեղաշրջում, որոշ ժամանակով մեծացնում է անկայունությունը և անորոշությունից բխող վտանգը: Նման վտանգներից հասարակությունը վախենում է և գերադասում է զսպել դժգոհությունները, գնալ լճացման ճանապարհով: Սա է, թերևս, պատճառը, որ Հայաստանի և Ադրբեջանի էլիտաներին ձեռնտու է Ղարաբաղի հարցի կիսասառած և կիսատաք վիճակը: Դա միշտ զսպող ուժ է հանդիսանալու ներքաղաքական փոփոխությունների պահանջի ձևավորման համար:

Այդ դեպքում վերոշարադրյալից ակնհայտ մի հարց է առաջանում. իսկ միգուցե թե՜ Հայաստանի, թե՜ Ադրբեջանի հասարակությունների ու իշխանությունների, ինչու չէ, նաև Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հեռանկարի համար լավագույն լուծումն արագ ու անվերապահ ժողովրդավարացման մարտահրավերը ստանձնե՞լն է:

1 Vox populi, vos dei (լատ.) Ձայն բազմաց՝ ձայն Աստծո

Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ հունիսի 7-ի «Գունավոր հեղափոխությունների տեսիլքը» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր անգլիական «Լինքս» կազմակերպու-թյան հետ համատեղ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։