ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Եվրոպական հարեւանության քաղաքականություն. համագործակցության սկզբունքներ եւ հեռանկարներ

19.09.2005

ԵՀՔ. հարաբերությունների խորացման ֆորում, թե՞ լոկ գործիք

ԵՄ ընդլայնումը նոր լիցք հաղորդեց այդ միության հավակնություններին` դառնալու աշխարհի մակարդակով քաղաքական և տնտեսական հզորագույն դերակատար, սակայն յուրաքանչյուր նոր անդամի ընդգրկում (հատկապես արևելյան հարևանի) հակում ունի իր հետ բերել նոր խնդիրներ թե՜ ներքին, թե՜ արտաքին հարաբերությունների ասպարեզում: Սա իր արտացոլումը գտավ ԵՄ ինստիտուցիոնալ հիմքերի ամրագրման վերջին փորձի փաստացի տապալմամբ` ցույց տալով, որ «Ընդլայնված Եվրոպա» հայեցակարգը խմորվելու զգալի ժամանակ է պահանջելու: Ուստի և նշված հայեցակարգից բխող Եվրոպական հարևանության քաղաքականությունը չի կարող բոլոր հարևանների համար միաձև և միևնույն չափսի «շապիկ» հանդիսանալ, այդ թվում նաև` այն երկրների համար, որոնք արդեն իսկ արտահայտել են «դեպի Եվրոպա» իրենց քաղաքական դիրքորոշումը և ինստիտուցիոնացրել իրենց հարաբերությունները «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում: Ուստի այս համատեքստում ԵՀՔ ընկալումը դառնում է չափազանց խրթին. այո՜ մենք դեպի Եվրոպա քաղաքական կուրս ենք վերցրել, սակայն ի՞նչ խնդիր է լուծում Եվրոպական հարևանության քաղաքականությունը:

Որոշ երկրներ հապշտապ որջունեցին նոր նախաձեռնությունն ու հավանության արժանացին ԵՀՔ գործողության ծրագրերը (ԳԾ): Այնուհետև, սակայն, մի պահ դադար առնելով անդրադարձ հայացք նետելով այդ ողջ գործընթացի վրա` պարզեցին, որ այն անորոշությունից բացի, կարծես, ոչինչ չի առաջարկում: Օրինակ` Ուկրաինային և Մոլդովային առաջարկված ԵՀՔ ԳԾ նախագիծը հասարակության բազմակողմանի ներկայացվածությունից զուրկ, նրա սեփականությունը չհանդիսացող և տեղական առանձնահատկությունները հաշվի չառնող մի փաստաթուղթ էր, որը Եվրոպան ուղղակի ներկայացնում է միայն մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների: Նրանք էլ հմայված Եվրոպայի քաղաքավարի ժպիտով` ստորագրում են այն և հետո միայն ձեռնամուխ լինում պարզաբանելու, թե ինչ են դրանք առաջարկում իրենց երկրներին և ժողովուրդներին: Արդյո՞ք ԵՄ անդամակցություն: Պատասխանը չափազանց անորոշ է:

Այսպիսով, այն հույսը, թե ԵՀՔ մի նոր ֆորում է առաջարկելու Եվրոպայի հետ ավելի սերտ հարաբերություններ զարգացնելու համար, այժմ կարծես թե իր տեղը զիջում է այն մտքին, թե ԵՀՔ-ն ընդամենը մի գործիք է` փակելու դեպի Եվրոպա ազատ մուտքը:

Ի՞նչ կտոր ենք ուզում Եվրոպական կարկանդակից

Արդյո՞ք Հայաստանն էլ նույն կերպ է ընկալում ԵՀՔ-ն: Կախված թե, որ կողմից ենք մոտենում հարցինª պատասխանը տարբեր կերպ է հնչում: Համաձայն մոտեցումներից մեկի` ԵՀՔ-ն իսկապես խոստումնալից ֆորում է, որը հնարավորություն է ընձեռելու առավել սերտ հարաբերություններ զարգացնել Եվրոպայի հետ: Բացի քաղաքական և տնտեսական հեռանկարներից, ԵՀՔ-ն հնարավորություն է ընձեռում.

  • իրականացնել ներքին բարեփոխումներ` հիմնվելով ակնկալվող ֆինանսական և տեխնիկական աջակցության վրա,
  • մոբիլիզացնել ներքին ռեսուրսները,
  • ամրագրել Եվրամությանն ինտեգրվելու պրակտիկան Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ,
  • տարածաշրջանային սահմաններից դուրս նայել և քաղաքական երկխոսություն զարգացնել մի շարք կարևոր գործընկերների հետ, ինչը թույլ կտա ձևավորել դրական պրակտիկա միջազգային քաղաքական պարտականությունները կատարելու ասպարեզում:

Մինչդեռ, այդ մոտեցման ընդդիմախոսները վիճարկում են վերոհիշյալ փաստարկները` նշելով, որ Հայաստանը որևէ ծրագիր իրականացնելու համար երբևէ ֆինանսական միջոցների պակաս չի զգացել: Նրանք անվստահություն են հայտնում նաև այն համոզվածությանը, թե ԵՀՔ ներգրավվածությունը կապահովի ներքին ռեսուրսների համախմբում, քանի որ Հայաստանին դա դեռևս չի հաջողվել:

Ավելին, առաջինները գտնում են, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացին, որը կարող է սկսվել ցանկացած պահի, այն բանից հետո, երբ եվրոպական կողմը հետաձգեց սեպտեմբերին կայանալիք գործընթացը: Հայկական կողմը հստակ գիտի, թե ինչպիսի զիջումներ կարելի է անել և որտեղ պետք է զերծ մնալ որևէ զիջումից: Ընդդիմախոսները, սակայն, համոզված են, որ այս հայտարարությունը անհիմն է, քանի որ ուղղակի անընդունելի է բանակցել ժողովրդի անունից, երբ վերջինս մեծ հաշվով անտեղյակ է, թե ինչի մասին է այս ողջ գործընթացը: Որտե՞ղ է հասարակական կարծիքը: Արդյո՞ք այն որևէ կերպ արտացոլված է առաջինների լավատեսական ակնկալիքներում: Այս հարցերը դեռ սպասում են իրենց պատասխաններին:

Այսպիսով, թե ինչ կտոր ենք մենք ուզում «եվրոպական կարկանդակից», դեռևս անորոշ է:

Ակտիվներ և պասիվներ

Եթե Հայաստանը մասնակցելու լիներ Եվրոպային ինտեգրվելու համար հայտարարված մրցույթին, ինչպե՞ս կարելի էր ներկայացնել «ընկերության» ակտիվներն ու պասիվներն այնպես, որ այդ նկարագիրը «դիմորդի» հանդեպ դրական և բարեհաճ վերաբերմունք ձևավորեր:

Ակտիվներ

  • ցանկություն և պատրաստակամություն` ինտեգրելու եվրոպական չափանիշները,
  • իր շահերի սահմանման և ներկայացման գործընթացում ցուցաբերած անկախություն,
  • եվրոպական ինտեգրացման գործընթացում նախկինում արձանագրված դրական պրակտիկա
  • հավասարակշռված և իրատեսական հավակնությունների ներկայացում:

Պասիվներ

  • ԳԾ-ի ձևավորման գործընթացում առավել մասնակցային մոտեցման ապահովում,
  • Եվրոպայի ճիշտ մատուցում հայ հասարակությանը և, ընդհանրապես, Եվրամության մասին հասարակական տեղեկացվածության ապահովում,
  • բանակցային գործընթացի արդյունավետ նախապատրաստում` թիմի և հստակ նպատակների ձևավորում,
  • եվրոպական ինտեգրման խնդիրներով զբաղվող պաշտոնական մարմնի (համակարգի) ստեղծում:

Կշահե՞նք արդյոք մրցույթը` կախված է նրանից, թե մենք որքան խոհեմ կգտնվենք մեր ակտիվներն առավելագույն բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու և մեր պասիվներն ակտիվների վերածելու գործում:


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2005 թ - ի սեպտեմբեր ի 19- ի «Եվրոպական հար և անության քաղաքականություն. համագործակցության սկզբունքներ և հեռանկարներ» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման դեպարտամենտի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։