ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Կենսաթոշակային բարեփոխումներ. ընտրություն ընտրության

11.11.2005

Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ

ՀՀ Կառավարությունն իր կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հայեցակարգում ամրագրում է, որ կենսաթոշակային համակարգը նախկին տեսքով պահպանելը ոչ միայն կարող է խորը ճգնաժամի հանգեցնել, այլև երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը խոչընդոտել:

Այսօր իրավամբ կարող ենք արձանագրել, որ կենսաթոշակային համակարգին մեզանում համակողմանի անդրադարձ, ըստ էության, մինչև այսօր չի կատարվել: Արդյունքում այն շարունակում է դոփել հիմնականում մերժված, իսկ ներկայում նաև կենսաթոշակային «արդարությունը» խաթարող սկզբունքներով:

Հարկային դաշտում ցանկացած, թեկուզ և փոքր փոփոխություն, որպես կանոն, հանգեցնում է լայն արձագանքների, քննարկումների, բողոքների կամ առաջարկությունների: Մինչդեռ երբ բարձր պետական մակարդակով նշվում է, որ կենսաթոշակային բարեփոխումները խիստ հրատապ են և որ այն մնացած ոլորտների բարեփոխումներից էապես հետ է մնում, այս բարեփոխումները, չգիտես ինչու, այդպես էլ չեն հայտնվում քաղաքականության օրակարգի և հանրային քննարկումների կիզակետում:

Որ վաղն ընդվզում չլինի

Խորհրդային տարիներին մարդկանց աշխատավարձերի տարբերությունը մեծ չէր, գործազուրկներն էլ չնչին տոկոս էին կազմում, և կենսաթոշակային համերաշխության վրա հիմնված համակարգը լիովին բավարարում էր «արդարության» ընկալման համար: Նույնիսկ ԽՄ փլուզումից տարիներ անց էլ այսօրվա թոշակառուները չեն բողոքում տարբեր թոշակառուների հանդեպ նույնանման մոտեցում ցուցաբերելուց. հիմնական բողոքը թոշակի ցածր մակարդակն է:

Ներկա ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում մարդիկ էականորեն տարբեր աշխատավարձեր են ստանում, և նրանց աշխատավարձի հաշվարկից ելնելով` կենսաթոշակային ապահովագրական վճարները նույնպես տարբեր են: Արդեն իսկ կան ապագա թոշակառուներ, որոնց ներկա աշխատավարձից վերջին 5 տարում ապահովագրական հիմնադրամ այնքան գումար է փոխանցվել, որը, գործող համակարգի պայմաններում, արդեն իսկ չի կարող փոխհատուցվել նրանց թոշակի անցնելուց հետո մինչև կյանքի վերջ: Որքան գնում, անարդարության սեպն այնքան խորանում է: Տարիներ անց, երբ այսօրվա աշխատողները դառնան թոշակառու և վերափոխված կենսաթոշակային համակարգը շարունակի պարունակել անարդարության տարրեր, կամ մարդիկ տեսնեն, որ չարչարանքով վաստակած իրենց գումարներն ի չիք են եղել, բողոքի լուրջ ալիք կբարձրանա, ինչը հնարավոր է կանխել այսօր: Ճանապարհը մեկն է` բարեփոխումների ճիշտ սցենար ընտրելը:

Բարեփոխումների «գինը» և ընդգրկումը

Մի համակարգից մյուսին անցնելը որոշակի ծախսեր է պահանջում: Խոսքը ներկայում աշխատող սերնդի ուսերին դրվելիք կրկնակի բեռի մասին է, երբ մի կողմից նրանք պետք է «վճարեն» իրենց ապագա թոշակների համար, իսկ մյուս կողմից` ապահովեն այսօրվա թոշակառուների թոշակները: Նշված ծախսերը տարբեր կերպ կարող են արտահայտվել` հանրային ծախսերի կրճատում, հարկերի բարձրացում, այլ աղբյուրներից մուտքերի ապահովում և այլն: Այս հանգամանքը լրջագույնն է կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում, ուստիև պահանջում է լայնամասշտաբ հանրային քննարկում և սերունդների միջև համաձայնության ձեռքբերում: Այսօրվա կենսաթոշակները ցածր են Հայաստանում: Սա ցավալի է, սակայն միևնույն ժամանակ նշանակում է, որ բարեփոխման բեռը նույնպես թեթև կլինի: Այս հանգամանքն է ստիպում մասնագետներին պնդելու, որ Հայաստանում, ի տարբերություն շատ երկրների, կենսաթոշակային բարեփոխումները կանցնեն առանց էական «ցավերի» և միակ խնդիրը մնում է պարզել, թե ինչ ընդգրկվածությամբ կատարել բարեփոխումները և ինչպիսի սցենար ընտրել:

Սցենարներ` սեղանին

Բազմաթիվ գործոններ ու ցուցանիշներ պիտի հաշվի առնել` որոշելու համար, թե ինչպիսի կենսաթոշակային բարեփոխում պիտի անել: Գործոնների այդ բազմազանությունն ստիպում է տարբեր սցենարներ մշակել, որոնցից էլ հենց անհրաժեշտ կլինի ընտրել հետագա բարեփոխումների մոդելը և ընդգրկվածությունը: Ոգևորիչ է, որ նման հաշվարկներ այսօր արվում են: Միջազգային քաղաքականության և հետազոտությունների հայկական խումբը (www.armpolicyresearch.org) պատրաստվում է դեկտեմբերին հանրության ներկայացնել զարգացման երկու սցենար, որոնցից կարելի կլինի ընտրություն կատարել: Սցենարները հնարավորություն են ընձեռելու ոչ միայն գնահատել կենսաթոշակային ապահովագրական ֆոնդի հետագա զարգացումները թվային տեսքով, այլև տեղեկատվության մեծ աղբյուր են հանդիսանալու երկրի հետագա մակրոտնտեսական քաղաքականությունը համապատասխանեցնելու համար:

Ստվերից դուրս գալու ներքին պահանջարկը

Կենսաթոշակային բարեփոխումները, թերևս, դուռ կբացեն նրանց համար, ովքեր աշխատում են ստվերից դուրս, ում աշխատավարձը ձևակերպվում է այնքան, որքան գումար նա իրականում ստանում է: Այս բարեփոխումների առաջնային աջակիցները կլինեն օրինական, ստվերից դուրս դաշտում գտնվող բոլոր սուբյեկտները: Արագ և նպատակային կենսաթոշակային բարեփոխումներ իրականում շատ ավելի դրական հետևանքներ կարող են ունենալ, քան վաղօրոք հնարավոր է պատկերացնել, ինչն ամբողջությամբ փոխհատուցելու է բարեփոխման անցումային ծախքերը: Այն կարող է դառնալ ստվերային տնտեսության վերացման ևս մեկ կարևոր խթան` ավելի արդյունավետ կերպով իրողություն դարձնել այն, ինչ ոչ մի հարկային վարչարարություն ի վիճակի չէ անել:


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2005թ-ի նոյեմբերի 11-ի «Կենսաթոշակային համակարգի բարեփոխումները Հայաստանում» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։