ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

ԵԱՀԿ. նոր մարտահրավերների ճանապարհին

21.11.2005

Դերակատարումը

Ժողովրդավարությունը սոսկ հռչակագրային հասկացություն չէ. այն նախ և առաջ օրենքի գերակայությունն է, մարդու իրավունքների պաշտպանվածությունը և էլի շատ ու շատ առաջնահերթություններ, որ կոչված են ապահովել մարդկանց բարեկեցիկ և արժանավայել համակեցությունը: Սրանք նաև այն գերակայություններ են, որ դրված են ԵԱՀԿ գործունեության հիմքում:

Հայտնի է, որ ԵԱՀԿ գերխնդիրն անդամ 55 պետությունների խաղաղ գոյատևումն ու նրանց տարածաշրջանային անվտանգությունն ապահովելն է: Աշխարհագրական այն հսկա տարածքում, որն ընդգրկում են ԵԱՀԿ անդամ պետությունները, կազմակերպությունը կոչված է կանխարգելել ու նախազգուշացնել հնարավոր հակամարտությունները, կարգավորել ծագած ճգնաժամերն ու հնարավորինս օժանդակել հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացներին:

Առկա կոնֆլիկներն իրենց բնույթով, ձևերով ու պատմական հիմքերով տարբեր են, սակայն դրանք բոլորն ունեն էական ընդհանրություն/նմանություն, քանզի իրենց արմատներով գալիս ու հետևանքներով կրկին տանում են դեպի մարդու հիմնարար իրավունքների ոտնահարում: Եվրոպական տարածաշրջանում ներդաշնակ հանրային միջավայր կայացնելու տեսլականն այս տեսանկյունից ուղղակիորեն հանգեցնում է ԵԱՀԿ-ի` իբրև ընդլայնված Եվրոպայում խաղաղության և կայունության ապահովման առավել ընդգրկուն կառույցի դերի ու նշանակության մեծացմանը:

Այսօր եվրոպական այդ կառույցի անդամներ են Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի մի շարք պետություններ` անվտանգության ու կայունության իրենց հրատապ խնդիրներով: 1992 թվականին հենց ԵԱՀԽ շրջանակներում ծնունդ առավ Մինսկի համաժողովի գումարման գաղափարը, որտեղ պետք է ընդունվեր արցախյան հիմնահարցի կարգավորման ամենաբարենպաստ առաջարկը: Տարիների ընթացքում այն վերանվանվեց ու միջազգայնորեն ճանաչվեց որպես Մինսկի խումբ, որի եռանախագահությունն այսօր իրականացվում է աշխարհի երեք խոշոր տերությունների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահների հատուկ ներկայացուցիչների կողմից:

Մերօրյա վերափոխումներ

Առանձին փորձագետներ նշում են, որ ԵԱՀԿ-ն այսօր ճգնաժամ է ապրում: Ընդ որում, ըստ վերջինների, դա գալիս է ոչ միայն այդ ինստիտուտի գործունեությունից, այլ հենց այն մեխանիզմներից, որ դրված են ԵԱՀԿ գործունեության հիմքում: Այստեղ ավելի հաճախ մատնանշվում է կոնսենսուսով որոշումների կայացման սկզբունքը, որը շատ հաճախ դանդաղեցնում կամ պարզապես կասեցնում է հիմնավոր թվացող շատ լուծումների կյանքի կոչումը: Այլոք հակադարձում են, թե հենց այդ մեխանիզմները և մասնավորապես որոշումների կայացման կոնսենսուսային տարբերակն է, որ ուժեղացնում է ԵԱՀԿ դերը` բոլոր անդամ–պետություններին տալով սեփական շահերը պաշտպանելու առավելագույն հնարավորություն:

Այսօրինակ քննարկումներն էին թերևս պատճառը, որ ԵԱՀԿ-ն մտավ ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ: Ակնհայտ է, որ այդ բարեփոխուները հաջող ելք կունենան այն դեպքում, եթե դրանք նպատակաուղղված լինեն կազմակերպության արդյունավետության, ինչպես նաև նրա դերի և հեղինակության բարձրացմանը: ԵԱՀԿ ներկա, այսպես կոչված, «ճգնաժամը» հնարավոր է հաղթահարել, եթե հաշվի առնվեն բոլոր մասնակից պետությունների կարիքները, կարծիքները և մտահոգությունները: Այդ համատեքստում հայ փորձագետներն ակնկալում են, որ ԵԱՀԿ-ը կդառնա առավել անկողմնակալ և արդար` հարգելով բոլոր մասնակից պետությունների ինքնիշխանությունը:

ԵԱՀԿ Հայաստան

Եվրոպական և եվրաինտեգրման ուղղությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է: Հայաստանը` 1992թ. ի վեր անդամակցելով ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ին, ձգտում է այս կազմակերպության համապարփակ անվտանգության հայեցակարգի միջոցով նպաստել եվրոպական անվտանգության ամրապնդման գործին` անվտանգության մարդկային, ռազմական, քաղաքական և տնտեսական հարթություններում: ԵԱՀԿ-ը դրական դերակատարում ունի տարածաշրջանում կայունության հաստատման, համապարփակ անվտանգության, հակամարտությունների կանխարգելման և կարգավորման ինչպես նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության տարածման գործընթացներում:

Ակտիվ է նաև ԵԱՀԿ գրասենյակը Երևանում: Գործունեության հիմնական ուղղություններն են օրենսդրական դաշտի կատարելագործումը, մարդու իրավունքների պաշտպանումը, մամուլի ազատության, բնապահպանական/տնտեսական, ռազմաքաղաքական ոլորտի տարածաշրջանային և երկկողմ փոխհամագործակցությունը, ինչպես նաև կրթական և հասարակական իրազեկության ծրագրերի մշակումը, և այլն:

Միաժամանակ գրասենյակը, իր մանդատի շրջանակներում և համաձայն ԵԱՀԿ կենտրոնակայանի որոշումների, ծավալել է նորª տնտեսական և անվտանգության ոլորտի համագործակցություն, քննարկելով ՀՀ Ազգային անվտանգության և Ոստիկանության հետ ներկա և հետագա Հայաստան-ԵԱՀԿ փոխհամագործակցության հարցերը, մասնավորապեսª հակաահաբեկչական, անվտանգության, ոստիկանական ոլորտներում երկարաժամկետ ծրագրերի համատեղ մշակման ու համագործակցության խնդիրները:

Հայաստանի համար էական նշանակություն կարող է ունենալ ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ 2006թ. Տնտեսական ֆորումին, որն այս անգամ նվիրված է տրանսպորտային ուղիներին և դրանց անվտանգությանը: Հաշվի առնելով, որ մեր երկրի համար տրանսպորտային ուղիներն ունեն առանձնահատուկ նշանակություն` հայկական կողմը պետք է ակտիվորեն մասնակցի և կառուցողական առաջարկություններով հանդես գա ինչպես ֆորումի նախապատրաստական աշխատանքների, այնպես էլ բուն ֆորումի ընթացքում:

Ինչպես և նախկինում այսօր հայկական հասարակության համար հատկապես էական նշանակություն ունի ԵԱՀԿ և Մինսկի Խմբի համանախագահողների գործունեությունը Արցախի խնդրի կարգավորման հարցում: Թուրքիայի կողմից շարունակվող` «փակ սահմաններով ճնշելու» քաղաքականության, Ադրբեջանում սաստկացող ռազմատենչ մթնոլորտի առկայության պայմաններում ժամանակն է «որպեսզի եվրոպական կառույցները և հատկապես ԵԱՀԿ-ն կոնկրետ և սկզբունքային դիրքորոշում ցուցաբերի նման կարգի ագրեսիվ մոտեցումների հանդեպ£ Հակառակ դեպքում մենք պետք է հաշտվենք ուժի դիրքերից քաղաքականության իրականացման նոր մարտահրավերի օրինականացման գործընթացի հետ:


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ կողմից 2005 թ-ի նոյեմբերի 21-22-ի ն «ԵԱՀԿ արժեքները, սկզբունքները և պարտավորությունները որպես ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության և համագործակցության երաշխիք. հստակ քայլեր Հայաստանի եվրաինտեգրման ուղղությամբ» թեմայով կազմակերպված միջազգային համաժողովի մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Համաժողովը կազմակերպվել էր ԵԱՀԿ և Եվրախորհրդի երևանյան գրասենյակների աջակցությամբ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։